Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Աղոթարան» գրքի շնորհանդեսին

799

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր՝ մարտի 4-ին, Հայաստանի Ազգային գրադարանում մասնակցեց Հունահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանին նվիրված բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսին:

Շնորհանդեսը կազմակերպել էին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, Հայաստանի Գրողների միությունը և Հայաստանի Ազգային գրադարանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

Նախարարը շնորհավորեց Հունահայոց թեմի Առաջնորդին՝ Ծննդյան տարեդարձի առթիվ և կարևորեց Հունաստանի հայ համայնքում հայապահպանությանն ուղղված, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման գործում Սրբազանի ջանքերը:

«Համոզված եմ, որ այս ամենածաղկուն և բեղմնավոր տարիքում նորանոր ձեռնարկներով և բազմաթիվ գործերով Դուք նոր լիցքեր կհաղորդեք Հայոց թեմին, և մենք ականատեսը կլինենք Ձեր հայանպաստ նոր ծրագրերի իրակացմանը»,-ընդգծեց նա:

Այնուհետև նախարարն անդրադարձավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքին՝ նշելով. «Հովհաննես Ղազարյանը  պոեզիայի միջոցով յուրովի է մեկնաբանել Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի հոգևոր և ազգային գործունեությունը՝ այն անմահացնելու համարձակ նախաձեռնությամբ»:

Սփյուռքում հայագիտության զարգացման, Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման գործում ունեցած ծառայությունների համար նախարար Հրանուշ Հակոբյանը Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան Միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալով:

Ն,Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը ներկաներին փոխանցեց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հովհաննես Ղազարյանի գրչակից ընկերները, ազգային գործիչներ, մտավորականներ:

Տեր Խորեն արքեպիսկոպոսի հոգևոր և համայնքային գործունեության մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ Հունաստանի Հայոց թեմի առաջնորդին պարգևատրելով ՀՀ ԿԳՆ հուշամեդալով:

Հովհաննես Ղազարյանի նախաձեռնությունը կարևորեցին և զեկուցումներով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծի գրչակից ընկերները և գրականագետներ:

http://hayernaysor.am/