Աբխազիա չի կարելի, իսկ Թուրքիա՞

1390

Գուցե լավ չէ, երբ պետությունը, տվյալ դեպքում՝ արտգործնախարարությունը, միջամտում է մարզական մի միջոցառման, որի մեջ ներգրավված է «Արարատ» ֆուտբոլային ակումբը: Սակայն սա այն դեպքն է, երբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ճիշտ է վարվել:

Հայաստանի արտգործնախարարությունը հորդորել է «Արարատ»-ին՝ չմեկնել Աբխազիա, որտեղ հունվարի 27-ին պետք է կայանար թիմի ընկերական հանդիպումը ռուսական «Վոլգա» ակումբի հետ: «Մենք Աբխազիան որպես առանձին միավորում չենք ճանաչում, և, հետևաբար, առարկել ենք, որ տեղի ունենա ընկերական ֆուտբոլային հանդիպումը Սուխումիում»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Աբխազիայի արտգործնախարարությունը Հայաստանի քայլը համարել էր «ոչ բարեկամական»: «Մեր ժողովուրդների միջև վաղեմի պատմական կապեր կան, իսկ Աբխազիայում բնակվում է խոշոր հայկական համայնք, որը Աբխազիայի բազմազգ ժողովրդի անբաժանելի մասն է»,- հայտարարել է Աբխազիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:

«Մենք մեր որոշումներում և քայլերում առաջնորդվում ենք միայն մեր ազգային, պետական շահերով»,-ի պատասխան ասել է Բալայանը:

Անշուշտ, շատ ավելի լավ կլիներ, եթե «Արարատ»-ը պայմանավորված չլիներ Աբխազիայում հանդիպում անցկացնելու շուրջ, որպեսզի նաև չլիներ աբխազական կողմի հասկանալի դժգոհությունը: Այդ դժգոհությունը ևս պետք է հաշվի առնել, քանի որ Աբխազիայում ունենք 50 հազարից ավելի հայություն, բազմաթիվ հայկական գյուղեր, հայկական դպրոցներ:

Բայց երբ խոսքը Հայաստան-Վրաստան հարաբերությունների մասին է, ապա պետք է չափազանց նրբանկատ լինել: Վրաստանը Հայաստանի համար ամենից կարևոր գործընկերն է ու հարևանը: Եվ սա հաշվի առնելով, Հայաստանի արտգործնախարարությունը պետք է հետևողական լինի և հետևի, որպեսզի տարբեր քայլերով, այդ թվում՝ մարզական, թյուրըմբռնում և անիմաստ լարվածություն չառաջանա երկկողմ հարաբերություններում: Օրինակ, ինչպես եղավ անցյալ տարի, երբ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը որոշեց, որ պետք է ընդունի Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարին, այդպիսով՝ ստեղծելով հայ-վրացական սկանդալ:

Եթե Հայաստանի արտգործնախարարությունը հորդորում է հայկական ֆուտբոլային ակումբին հրաժարվել Սուխումիում հանդիպում անցկացնելուց, ինչը արդարացված քայլ է, որպեսզի դրա պատճառով Երևան-Թբիլիսի հարաբերությունները չտուժեն, ապա նույնը պետք է անի այն դեպքում, երբ հայկական ֆուտբոլային ակումբները ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Անթալիայում:

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանի բարձագույն խմբի առաջնության 8 թիմերից  5-ը ուսումնամարզական հավաք էին անցկացնում Անթալիայում, այդ թվում՝ ընկերական հանդիպումներ: Այդ թիմերն են Երևանի «Փյունիկը», «Ուլիսը», «Բանանցը», «Ալաշկերտը», ինչպես նաև՝ Գյումրիի «Շիրակը»:

Թուրքիան այն պետությունն է, որ շրջափակման տակ է պահում Հայաստանը, հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ժխտում է Հայոց ցեղասպանության իրողությունը, օժանդակում Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում է թշնամական քաղաքականություն:

Այս գրությունը պատրաստելու ընթացքում Հայաստանի մարզական լրատվամիջոցները հաղորդեցին, որ բարձրագույն խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնող Երևանի«Ալաշկերտ» թիմը փետրվարի 1-ին կմեկնի Թուրքիա՝ Անթալիա, որտեղ տասնօրյա մարզումներին զուգահեռ փետրվարի 6-ին և 10-ին երկու ստուգողական խաղ կանցկացնի Հունգարիայի երկու՝ «Սիոֆոկ» և «Սորոկսար» ակումբների հետ:

Ուշադրությո՛ւն դարձրեք՝ հայկական ֆուտբոլային առաջատար ակումբը ոչ միայն Անթալիա է մեկնում ուսումնամարզական հավաքի, այլ ընկերական հանդիպումներ է անցկացնում հունգարական թիմերի հետ: Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ 2011-ին, երբ Բուդապեշտը Ադրբեջանին վերադարձեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին:

Չպետք է բացառել, որ Հայաստանի ֆուտբոլային այլ ակումբներ ևս այս տարի, ինչպես նախորդ և անցնող տարիներին, ուսումնամարզական հավաք անցկացնեն Թուրքիայում: Մինչև այժմ Հայաստանի արտգործնախարարությունը, գոնե հրապարակավ, չի հորդորել, որպեսզի հայկական ակումբները խուսափեն մի երկրում ուսումնամարզական հավաք անցկացնելուց և հազարավոր դոլարներ գումարներ թողնելուց, երբ այդ երկիրը շարունակում է թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

Եթե Աբխազիա չի կարելի, ապա Թուրքիան պետք է արգելվի: Կա մեկ այլ ընտրություն՝ չմիջամտել և ընդունել, որ սպորտը չի կարելի խառնել քաղաքականությանը: Բայց արդյոք սպորտը քաղաքականություն չէ՞:

Թաթուլ Հակոբյան