Երկու Հովհաննիսյաններ, իսկ որտե՞ղ է Արթուրը – WikiLeaks, 2008

1411

WikiLeaks-Armenia No 73

Վիկիլիքսի այս հեռագիրը առաջին անգամ հայերեն ամբողջությամբ թարգմանվել և հրատարակվել է 2011 թվականին սեպտեմբերի 30-ին ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթում:

2008-02-25

C O N F I D E N T I A L SECTION 01 OF 03 YEREVAN 000160

SUBJECT: ARMENIAN DEMOCRACY LOOKING SHABBIER EVERY DAY

Classified By: CDA Joseph Pennington, reasons 1.4 (b,d)

1. ՍեղմագիրՉնայած Հայաստանում կյանքը հունի մեջ է մտնում, այնուհանդերձ Երեւանի բնակչության զգալի մասը, մանավանդ առավել կիրթ հատվածը, շարունակում է կտրականապես անհամաձայն մնալ ընտրությունների արդյունքների հետ: Այդ ամենն ունի իր պատճառը. չնայած անհնար է իմանալ, թե ինչ արդյունք կունենային ընտրությունները, նույնիսկ եթե համեմատաբար մաքուր եւ ազատ անցկացվեին, այնուհանդերձ իշխանություններն իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործեցին (ընդդիմությանը) որեւէ հնարավորություն չթողնելու համար: Իշխանությունները ջանասիրաբար աշխատեցին խախտումները ԵԱՀԿ դիտորդների անմիջական հայացքից հիմնականում հեռու պահելու համար: Նույնիսկ այդ պայմաններում ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարը վստահեցրեց, որ միջազգային դիտորդական առաքելությունը ընտրությունները ստանդարտներով գնահատեց որպես ժողովրդավարական պահանջներին «մասամբ համապատասխան»: Մենք հասկանում ենք, որ մարտի սկզբին ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցը հավանաբար առավել խիստ կլինի՝ կենտրոնանալով քվեների հաշվարկի ու վերահաշվարկի վրա: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմադիր առաջնորդները զգալի աշխատանք կատարեցին ուղղակի բախումները կանխելու առումով, սակայն մենք ականատես ենք ընդդիմության բողոքի հավաքները ճնշելու ավտորիտար միջոցների կիրառման ավելացմանը: Առանձին հեռագրով կմանրամասնեմ հավաստի զեկուցված ընտրախախտումների զանազան տեսակները:

Երկու Հայաստան. ալեկոծվող եւ քնած

2. 24-ժամյա բողոքի ակցիաներ: Փետրվարի 19-ին ընտրություններից հետո վեց օր է, ինչ Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի աջակիցները շարունակում են շուրջօրյա բողոքի ակցիաները: Գիշերվա առավել ցուրտ ժամերին հանրահավաքի մասնակիցների թիվը կրճատվում է հինգհարյուրից մինչեւ երկու հազար, սակայն սովորաբար ցերեկվա ընթացքում 10 հազարից չի նվազում՝ կեսօրվա ժամերին հասնելով 35-45 հազարի, երբ Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները դիմում են ժողովրդին: Տեր-Պետրոսյանը գիշերներն անց է կացնում հրապարակում: Կեսօրվա ժամերին հավաքվածները զարմանալիորեն ներկայացնում են Երեւանի ժողովրդագրական լայն պատկերը: Ցերեկվա ընթացքում Երեւանի կենտրոնական փողոցներում տեղի է ունենում մոտավորապես 10-15 հազարանոց երթ: Երեկոները հրապարակում տիրում է տոնական մթնոլորտ, քանի որ հանրահավաքի կազմակերպիչները մարդկանց ոգեւորելու եւ զբաղեցնելու համար երաժշտություն են միացնում, եւ պարբերաբար հրավառություն է լինում: Այնուհանդերձ, յուրաքանչյուր անցնող օրվա հետ մարդկանց լավատեսական տրամադրությունները նվազում են, եւ նրանք ավելի են լարվում, քանի որ սպասում են հրապարակից իրենց վտարելու համար ոստիկանական գործողությունների: Անցած երեք գիշերների ընթացքում եղել են նմանատիպ շշուկներ, իբր «այս գիշեր ցրելու են», եւ անորոշությունն ազդում է մարդկանց նյարդերի վրա: Փետրվարի 25-ին Տեր-Պետրոսյանն իշխանություններին գրգռելու համար հայտարարեց, որ իրեն կարող են ձերբակալել, եւ որ ինքը պատրաստ է նահատակ դառնալու: Նա ծաղրանքով խայթեց, թե Գորբաչովը բավական համարձակ գտնվեց եւ 1988-ին իրեն ու Ղարաբաղ կոմիտեի անդամներին ձերբակալեց: Փետրվարի 25-ին մի քանի աջակիցներ հացադուլ հայտարարեցին:

Մտավորականությունը պայքարի է ելել

3. Իմ ամենօրյա զրուցակիցներից շատերը՝ մեծ մասամբ երեւանյան մտավորականության ներկայացուցիչներ, նույնիսկ չսիրելով Տեր-Պետրոսյանին, սակայն վրդովված լինելով իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների ճչացող կեղծման փաստից, համակրում են Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին: Նրանցից շատերը ընդհանուր առմամբ դժգոհ են Արեւմուտքից եւ մասնավորապես Միացյալ Նահանգներից՝ Հայաստանի իշխանություններին վստահելի համարելու մեր գիտակցված թերության համար: Նմանատիպ դժգոհության վառ օրինակ է համալսարանի անգլերենի մի պրոֆեսորի երկարաշունչ նամակը՝ ի պատասխան դեսպանատան կողմից հովանավորվող ֆիլմի ցուցադրության համար  ուսանողներին ուղարկված հրավերի: Նախկինում պարզորոշ կերպով ամերիկամետ զգացմունքներ ունեցող համեստ պրոֆեսորը բավական կոպտորեն մեզ մեղադրում էր Ջորջ Վաշինգթոնի, Աբրահամ Լինքոլնի եւ Մարտին Լյութեր Քինգի սկզբունքները դավաճանելու մեջ, «Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների հաղթանակի համար այս ցուրտ եղանակին Ազատության հրապարակից օրերով չհեռացող հերոս կանանց եւ տղամարդկանց քաջալերելու եւ աջակցելու» հարցում ձեռնպահ մնալու համար:

Մամուլի արգելափակում

4. Միաժամանակ, Հայաստանի մյուս շրջանները, ինչպես նաեւ Երեւանի առավել պակաս քաղաքականացված շրջանակները Ազատության հրապարակում շարունակվող քաղաքական դիմակայության նկատմամբ մնում են անտարբեր: Շարունակվող բողոքների վերաբերյալ Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցները գրեթե ամբողջական տեղեկատվական բլոկադա են կիրառում: Տեղական հեռուստակայանները չեն լուսաբանում հանրահավաքները: Ֆրանսիայում պատրաստվող ռուսալեզու «Եվրոնյուզի» հայաստանյան տեղական հեռարձակողը Հայաստանին վերաբերող լուրերի ժամանակ անջատում է «Եվրոնյուզի» ծրագիրն այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ վերջինս Ազատության հրապարակի հանրահավաքների վերաբերյալ մեկ րոպեանոց լրատվություն էր հեռարձակել: Բողոքի ակցիաները լուսաբանում է «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայությունը: Զավեշտալի տեղեկություններ կան, որ Երեւանից դուրս հայաստանցիները տեղյակ էլ չեն ցույցերի մասին: Շաբաթվա վերջում, պետական հովանավորությամբ գործող եւ գերակա դիրք ունեցող «Հ1» հեռուստաալիքը, եթեր հեռարձակելով մեղադրանքների (թերեւս ստահոդ) շարան առ այն, որ 24-ժամյա հավաքները վեր են ածվել հանցանքների, հարբեցողության, թմրանյութերի օջախի, ինչպես նաեւ հակասանիտարական պայմանները, աղմուկն ու հրավառությունը շրջապատին հասարակական անհանգստություն են պատճառում, անդրադարձավ հանրահավաքներին եւ, թվում է, հող նախապատրաստեց իշխանությունների կողմից ցույցերը ցրելու համար:

Բողոքի ակցիաներ, աշխատանքից ազատումներ եւ ձերբակալություններ

5. Իշխանությունները շփոթված են իրենց շարքերից հակաիշխանական կարծիքների արտահոսքից: Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի հանրահավաքին ելույթ ունենալով, անդրադարձավ իշխանությունների կողմից ընտրությունների կեղծմանն ու այլ մեղքերի: Ինչպես եւ սպասվում էր, նա անմիջապես ազատվեց աշխատանքից, եւ հետո էլ իր եղբոր եւ մի քանի ուղեկցողների հետ ձերբակալվեց ոչ միանշանակ մեղադրանքներով: Ջհանգիրյանը եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի սպանությունների գործը քննող դատախազը: Երկար ժամանակ ենթադրվել է, որ նա այդ սպանությունների ծրագրման պատասխանատուի մասին ավելի շատ տեղեկություններ ունի, քանի երբեւէ հայտնի է եղել հանրությանը, ինչի մասին եւ հանրահավաքի ժամանակ ակնարկ արվեց: Ջհանգիրյանն իր եղբոր եւ ուղեկցողների հետ ձերբակալվեց փետրվարի 23-ին՝ շաբաթ երեկոյան, հատուկջոկատայինների ծուղակի արդյունքում, որի ժամանակ վիրավորվեց նրա եղբայրը, ինչպես նաեւ երկու ոստիկան՝ իրենց իսկ ընկերոջ արձակած կրակոցների ժամանակ: Դեսպանատան պաշտոնյան շաբաթ օրն ուշ երեկոյան հետաքրքրվեց ոստիկանությունից` հաստատելու համար` արդյոք Ջհանգիրյանն իսկապես ոստիկանության հսկողության տա՞կ է, թե՞ անօրինական առեւանգում է եղել, ինչպես նախնական տեղեկություններն էին պնդում: Միեւնույն ժամանակ, իշխող կոալիցիայի յոթ պատգամավորներ փետրվարի 22-ին հայտարարեցին Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին:

Երկու Հովհաննիսյաններ, իսկ որտե՞ղ է Արթուրը

6. «Ժառանգություն» կուսակցության հայտնի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր անձնական հեղինակությունը ծառայեցնելով Տեր-Պետրոսյանի շարժմանը, փետրվարի 22-ին ելույթ ունեցավ Ազատության հրապարակում եւ իրեն ու իր կուսակցությանը «ժողովրդական շարժման մի մաս» հայտարարեց: Րաֆֆին փետրվարի 19-ի ընտրությանը նախորդած օրերին ակնհայտորեն բացակայում էր հրապարակում եւ մինչեւ իր հանրահավաքային ելույթը որեւէ հայտարարություն չէր արել: Փետրվարի 25-ին էլ Ազգային ժողովի փոխխոսնակի իր պաշտոնից հրաժարական տվեց նախագահի դաշնակցական թեկնածու Վահան Հովհաննիսյանը:  Վահանը կրկին քննադատեց թե՛ ներկա, թե՛ նախորդ՝ Տեր-Պետրոսյանի իշխանություններին եւ ինքն իրեն առաջարկեց որպես միջնորդ երկու կողմերի միջեւ: Սպասվում էր, որ հրաժարական կտան նաեւ երեք դաշնակցական նախարարները, սակայն թերեւս ներսում դեռ երկմտում են: «Օրինաց երկիր» կուսակցության քարոզչական շտաբի պետ եւ պատգամավոր Հեղինե Բիշարյանը փետրվարի 21-ին ելույթ ունեցավ Տեր-Պետրոսյանի հանրահավաքին եւ պաշտպանեց Տեր-Պետրոսյանի՝ ընտրությունների կեղծման վերաբերյալ հայտարարությունները, սակայն նրան միանալու վերաբերյալ ոչինչ չասաց: Ըստ որոշ տեղեկությունների, Արթուր Բաղդասարյանն իր կուսակցության դիրքորոշումն արտահայտող հայտարարությամբ հանդես կգա փետրվարի 25-ին:

Դիվանագետների դեմարշը

7. Փետրվարի 22-ին փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը երեք այլ բարձրաստիճան դիվանագետների հետ միասին հայտարարություն տարածեց՝ քննադատելով ընտրությունների ընթացքը: Բայբուրդյանի հետ իրենց ստորագրությունն էին դրել նաեւ Ղազախստանում եւ Իտալիայում Հայաստանի դեսպանները, ինչպես նաեւ Ուկրաինայում գործերի ժամանակավոր հավատարմատարը: Բոլոր չորսն էլ անմիջապես պաշտոնանկ արվեցին նախագահ Քոչարյանի կողմից: Շաբաթվա վերջում եւս վեց դիվանագետներ միացան Բայբուրդյանի հայտարարությանը եւ անմիջապես աշխատանքից ազատվեցին նախարար Օսկանյանի կողմից: Նրանց մեջ ամենանշանակալից անձը արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր, մինչդեռ մեզ հետ անմիջական առնչություն ունեցողները ԱՄՆ/Կանադայի եւ ՆԱՏՕ-ի բաժինների վարիչներն էին: ԱԳՆ Ամերիկաների վարչության ղեկավար Արմեն Եգանյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում մանրամասնեց այդ դիվանագետների տարաբնույթ անձնական կապերը Տեր-Պետրոսյանի թիմի հետ. օրինակ, Բայբուրդյանը Տեր-Պետրոսյանի աշխատակազմի խորհրդական է եղել: (Ծանոթագրություն – Այնուամենայնիվ, պետական ծառայողների նման զանգվածային հրաժարականը զարմանալի է, քանի որ այդ դիվանագետներից ոչ մեկն ակնհայտ ակտիվիստ  չի թվում, եւ թերեւս ոչինչ էլ չի շահում Տեր-Պետրոսյանի՝ ըստ երեւույթին տանուլ տրվող գործին միանալով: Նրանցից յուրաքանչյուրը վերջին տասը տարիների ընթացքում բավականին պատասխանատվությամբ եւ լոյալությամբ ծառայել է` Քոչարյանի իշխանության ժամանակ: Շարքերը լքելու նրանց ներկա որոշումը թեեւ կասկածելի է պրոֆեսիոնալ առումով, թվում է` ընդունվել է  խղճի թելադրանքով՝ ելնելով ընտրությունների կեղծման վերաբերյալ իրենց ունեցած հավատից):

Ընդդիմության մեկուսացում 

8. Վերջին օրերին ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սկսել են Տեր-Պետրոսյանի կողմնակից քաղաքական գործիչների` կասկածելի հիմքերով ձերբակալությունները: «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հանրապետություն կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Սմբատ Այվազյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, բոլորն էլ երեք օրվա ընթացքում առանձին իրադարձությունների համատեքստում ձերբակալվեցին: Տեր-Պետրոսյանի կողմնակից օլիգարխ-պատգամավոր Խաչատուր  Սուքիասյանի («Գռզո») ավտոշարասյունը կանգնեցվել է ոստիկանների կողմից: Դեսպանատան պաշտոնյան հետաքրքրվել է արտգործնախարարությունից, ոստիկանությունից եւ դատախազի գրասենյակից` պարզելու մեղադրանքների մանրամասները, որոնց հիման վրա այդ քաղաքական գործիչներին պահում են, սակայն որեւէ հստակ տեղեկություն չի ստացվել: Կարապետյանը 72 ժամ առանց պաշտոնական մեղադրանքի պահվել է ազգային անվտանգությունում, իսկ մյուսներին էլ կոնկրետ մեղադրանքներ չեն առաջադրվել: Ըստ տեղական մամուլի եւ մարդու իրավունքների գծով մեզ հետ պարբերաբար կապ պահպանող ՀԿ-ի տեղեկությունների, բոլորն էլ, այդ թվում Ջհանգիրյանը, զրկված են փաստաբանի հետ հանդիպման հնարավորությունից:

Միջազգային դիտորդների կարծիքներ

9. Բրիտանիայի դեսպանը մեր դեսպանատան  պաշտոնյային ասել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսը վստահեցրել է, որ ընտրությունների դիտորդական միջազգային միացյալ առաքելությունը (ներառյալ երեք պատգամավորական պատվիրակություններ՝ ի հավելումն ԺՀՄԻԳ թիմի) բավականին մոտ է եղել Հայաստանի նախագահական ընտրություններին միջազգային պահանջներին միայն «մասամբ համապատասխան» գնահատական տալու որոշմանը, ինչը ԺՀՄԻԳ եզրաբանությամբ ներսում աշխատողների կողմից հասկացվում է որպես նշանակալիորեն ցածր, ձախողման գնահատական: Փոխարենը, այդ բազմաշերտ առաքելությունը ի վերջո համաձայնության է եկել «հիմնականում համապատասխան» գնահատականի շուրջ: ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը տեղեկացրել է մեզ, որ մարտի սկզբին մեկ այլ միջանկյալ զեկույց կներկայացվի, որը հավանաբար առավել քննադատական կլինի, քան միացյալ նախնական հայտարարությունը:

Մեկնաբանություն

10. Մինչեւ վերջերս Հայաստանի իշխանությունները հետընտրական իրավիճակին հարաբերականորեն լավ էին տիրապետում՝ ջանասիրաբար խուսափելով ցուցարարների հետ առճակատումից, եւ շարունակելով վերահաշվարկը: Վերջին օրերին, սակայն, իշխանությունն ավելի ու ավելի անհամբեր է երեւում ցույցերին վերջ դնելու հարցում եւ ճնշումն ավելացնելու հարցում օգտվում է առավել ավտորիտար միջոցներից: Միաժամանակ, որքան ավելի շատ տեղեկություններ են ի հայտ գալիս ընտրությունների օրվա եւ վերահաշվարկի ընթացքի վերաբերյալ, այնքան վատ լույսի ներքո է պատկերվում Հայաստանը:

Ջոզեֆ Փենինգթոն