Էնվեր փաշային մահից փրկողը Սարիղամիշում օսմանյան հայ զինվոր էր. Թաներ Աքչամ

7238

Պրոֆեսոր Թաներ Աքչամ. «1915 թ. հայկական ապստամբությունների վերաբերյալ պնդումը սուտ է», 

«1915 թ. գաղթի ճանապարհին մեղքը քրդերի վրա են բարդում, լավ, իսկ Սիրիայում վերաբնակեցված հայերին ինչու՞ սպանեցին»:

Հայկական կոտորածներից մեկ դար է անցել

Ապրիլքսանչորսյան քննարկումներն սկսվեցին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այն արտահայտությամբ, որով կոտորածները որակում է «ընդհանրապես անցյալ դարաշրջանի առաջին ցեղասպանություն»: Վատիկանը Հռոմի պապի խոսքը մեկնաբանեց որպես մեջբերում, սակայն անգամ այս պարզաբանումը չխանգարեց, որպեսզի Հռոմի պապը չդառնա Թուրքիայի որոշ քաղաքական գործիչների թիրախը: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոտորածի վերաբերալ ցավակցական ուղերձում ասաց. «Մեր մարդկային և պատմական պարտքն է տեր կանգնել հայերի հիշողությանը», սակայն բողոքի հրապարակներում 1915 թ. վատ հիշողությունները «ցեղասպանություն» որակողներին թիրախ ընտրեց, իսկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հիշեցրեց 13-րդ դարում Իսպանիայում գործած ինկվիզիցիայի դատարանների մասին:

Այն դեպքում, երբ 100-րդ տարելիցին Գերմանիան, Ավստրիան, Չեխիայի Հանրապետությունը, Ռուսաստանն ու Եւրոխորհրդարանը տեղի ունեցած զանգվածային ջարդերը որակում են «ցեղասպանություն», ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին հիշեցրեց «Մեծ եղեռն» արտահայտությունը:

Թուրքիայի հասարակությունը դարձյալ օրակարգ բերեց նույն քննարկումը՝ «ցեղասպանությու՞ն է, թե՞ ոչ», և «ցեղասպանութուն չէ» որակողների ճամբարի գլխավոր փաստարկը եղավ «հայկական ապստամբությունը»:

ԱՄՆ-ի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆ. դոկտոր Թաներ Աքչամն այս «տեղեկությունը» հարցականի տակ է դնում և ասում, որ «համակարգված հայկական ապստամբություն հետագայում է եղել: Եթե նման բան լիներ, փաստաթղթեր կլինեին»: Աքչամը շարունակում է. «Մարդուն անգամ ցավ է պատճառում այն, որ այս ամենը կեղծիք են որակում: Եթե նայեք ապստամբություն որակված դեպքերին մեկ առ մեկ, կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ: Այս փաստաթղթերը հրատարակվել են Գլխավոր շտաբի 8 հատորից բաղկացած աշխատություններում: Սակայն հավանաբար ոչ ոք չի կարդացել… Օրինակ՝ Զեյթունի դեպքը, որը հայկական ապստամբություն է որակվում, լոկ զինվորական ծառայությունից խուսափած երիտասարդների ընդվզում է… Զեյթունի բնակչությունը ևս հավանություն չէր տալիս երիտասարդների դիրքորոշմանը: Բիթլիսում դաշնակցական ներկայացուցիչը գործում էր զինվորական հրամանատարի հետ միասին: Այս ամենի մասին կարելի է կարդալ շրջանի զինվորականների զեկույցներում»:

Հարցին, թե ցեղասպանոթյան վերաբերյալ բարձրաձայն քննակումների ժամանակ մոռանում են, թե «1915 թ. ինչ է կատարվելը», Աքչամը պատասխանում է.

– Ինչպե՞ս որակել 1915 թ. դեպքերը` ցեղասպանություն, տեղահանություն, թե՞ կոտորած:

– Նշված բոլոր տարբերակները ճիշտ են: Սա ցեղասպանություն է: Շատ պարզ պատճառով ցեղասպանություն է: Որովհետև Ռաֆայել Լեմկինը, ով գործածության մեջ է դրել «ցեղասպանություն» եզրը, այն կիառել է հայերի հանդեպ կատարվածի համար: Հիմա՝ երբ պենիցիլին հայտնագործած մարդն  ասում է, թե այս հիվանդության համար դեղ եմ հայտնագործել ու անունն էլ պենիցիլին եմ դրել, իմաստ ունի՞ ասել, թե ա՛յ մարդ, այս դեղի անունը պենիցիլին չէ: Դա լրիվ հիմարություն կլինի:

Երբ Ռ. Լեմկինը 1921 թ. ուսանող եղած ժամանակ լսում է Թալեաթ փաշայի սպանության վերաբերյալ դատավարության մասին, բավականին ազդվում է և մի բան չհասկանալով` դիմում է իր ուսուցչին. «Մեկը մեղադրվում է մեկ միլիոն մարդու սպանության մեջ, սակայն ազատության մեջ է (Թալեաթ փաշա), միչդեռ մյուսին, ով մեղադրվում է մեկի սպանության մեջ, ուզում են բանտարկել: Սա ի՞նչ է»: Ուսուցիչը պատասխանում է. «Պատկերացրու՝ մի հողագործ հավեր ունի: Եթե իր հավերին սպանում է, դա իր գործն է, հավերն իրեն են պատկանում: Թե ինչ կանի` քեզ չի վերաբերում»: Այն, ինչ փորձում էր բացատրել Լեմկինի ուսուցը, միջազգային գերիշխանության սահմանումն է: Որևէ պետության ներքին գործերին չի կարելի խառնվել. պետական պաշտոնյաները կարող են սեփական քաղաքացիների հետ կատարել այն ամենն, ինչ ցանկանում են: Լեմկինը պատասխանում է. «Բայց մարդիկ հավ չեն»: Այնուհետև թողնում է ուսումնասիրության դաշտն ու որոշում իրավագիտություն ուսումնասիրել: Նա նպատակ է հետապնդում մշակել այնպիսի օրենք, որը թույլ կտար պետական պաշտոնյաներին իրավական պատասխանատվության ենթարկել իրենց կատարած հանցագործության համար: Նրան հաջողում է նման օրենք մշակել:

Առաջին անգամ «ցեղասպանություն» բառն օգտագործում է 1944 թ. մի գրքում: Երկար պայքարից հետո 1948 թ. Միացյալ ազգերի կազմակերպությունն ընդունում է այն` որպես կոնվենցիա: Այդ թվականից առաջ և հետո տված բոլոր հարցազրույցներում, բոլոր հոդվածներում անընդհատ գրում է. «Ես այս եզրը հայերի նկատմամբ կատարվածի համար եմ կիրառում»: Պարզ ասեմ՝ հիմա մեր ծավալած քննարկումը, թե «այս եզրը ճիշտ չէ», անտեղին է: Այլևս Թուրքիան պետք է ազատվի այս պրիմիտիվությունից:

«Ժխտողները գեթ մի հիմնավոր փաստարկ չունեն»

– Գենոցիդ եզրը կիրառում են Հոլոքոստի համար: Եվ խոսքը գնում է համակարգվածության մասին: Հայկական կոտորածների վերաբերյալ կարելի՞ է նույնն ասել:

– Եթե համակարգված գաղափար չլիներ, ապա 1915 թ. մայիսից մինչև 1917 թ. 1.3 միլիոն մարդու աքսորելով` 1 միլիոնի չէիք կարող բնաջնջել: Պարզ իրականությունը, որին չեն կարողանում պատասխանել նրանք, ովքեր պնդում են, թե այսքան մարդկանց սպանությունը Ստամբուլում չի պլանավորվել, այս է. «Ուրեմն՝ չնայած այս մահերին՝ հարկ չեն համարել դադարեցնել աքսորը: Նախընտրել են այսչափ մարդկանց այսքան երկար ժամանակահատվածում սպանել, ոչնչացնել, քան թե թողել իրենց տեղերում»: Չնայած դրա դեմ եղած հարյուր հազարավոր փաստաթղթերի, եթե անգամ ընդունենք, որ մահվան հրամանն ինքը չի արձակել, փաստ է, որ հող է նախապատրաստել մահերի համար, մահացությունների մասին իմանալով հանդերձ՝ մարդկանց շարունակել է աքսորել: Այսինքն՝ որ տեսանկյունից էլ ուզում եք՝ նայեք, մեկ է` ժխտողներն անգամ մի հիմնավոր փաստարկ չունեն:

«Քաղաքներում, ուր աքսորել էին հայերին, սահմանել էին քվոտա՝ հայերը չպետք է կազմեին բնակչության 10 տոկոսից ավելին»

Օսմանյան կառավարությունը, ավելի ճիշտ` Միություն և առաջադիմություն կուսակցությունը Օսմանյան կայսրության սահմաններում բնակվող հայ քաղաքացիներին իրենց բնակավայրերից աքսորելով` ոչնչացման էր դատապարտել, և սա իրականացրել էր համակարգված ձևով: Յուրաքանչյուրը պետք է պատասխանի հետևյալ հարցին. համաձայն 1918 թ. սկզբի՝ Թալեաթ փաշայի պաշտոնական տվյալների՝ աքսորված հայերի թիվը մոտ 1.3 միլիոն էր: Այսքան հայի հանել էին իրենց ծնված-մեծացած գավառներից և աքսորել Սիրիա ու Իրաք: 1918 թ., երբ դաշնակից ուժերը զավթում են Իրաքն ու Սիրիան, ենթադրվում է, որ այստեղ եղել է 150 հազարի չափ հայ: Մինչ այդ 1918 թ. Օսմանյան կայսրության տարածք ոչ ոք չի մտել: Աքսորված հայերի թիվը 1.3 միլիոն է, ողջ է մնացել 200 հազար հայ: Լա’վ, իսկ մնացածն ու՞ր են: Հօ՞դս են ցնդել, թե՞ թռել են:

Մեկ այլ տեղեկություն ձեզ հաղորդեմ՝ օսմանյան կառավարության գաղտնի շրջաբերականներում Ներքին գործերի նախարարությունից բոլոր շրջաններ՝ հատկապես Հալեպ, Մոսուլ, Բեյրութ և Երուսաղեմ ուղարկված շրջաբերականներում հրամայվում է, որ աքսորված հայերը վերաբնակության վայրերում չգերազանցեն մուսուլմաններին. կազմեն բնակչության 10 տոկոսից ոչ ավելին: Լա’վ, իսկ այնտեղի մուսուլման բնակչությունը որքա՞ն է: 1.8 միլիոն, ուրեմն` հայերի թիվն էլ 10 տոկոսի չափով է, այսինքն՝ 180 է: Լավ, իսկ աքսորված 1.3 միլիոն հայերի թիվն ինչպե՞ս ես 180 000 հասցնելու: Հիմա հասկացա՞ք, թե ինչու և թե որքան հայ է կենդանի մնացել, ահա սա էլ ցույց է տալիս, որ բնաջնջումը եղել է շատ համակարգված:

«Աքսորի ճանապարհի մեղքը բարդում են քրդերի վրա, իսկ քաղաքների հայերին ո՞վ սպանեց»

Լա՜վ, մի պահ եկեք մտածենք, որ ոչ ոք չի հավատում համակարգված լինելու փաստին. ձեզ մեկ այլ հարց ուղղեմ՝ աքսորը տևել է 1915 թ. մայիսից մինչև 1915 թ. հոկտեմբեր-նոյեմբերը: Հունիսից-հոկտեմբեր աքսորից կենդանի մնալ հաջողած, այսինքն՝ Սիրիա հասած հայերին վերաբնակցնում են այստեղ: Լա՜վ, իսկ այս վերաբնակեցված հայերին ինչու՞ են սպանում: Ենթադրենք, թե Քրդստանի լեռներում գործընթացն իրենց հսկողությունից դուրս էր: Հսկայական 4-րդ բանակային կորպուսի հսկողության տակ գտնված հարթ հողատարածքի վրա 1916 թ. մայիսից մինչև 1917 թ. սկիզբը 250 000 հայ ինչու՞ է սպանվում: Գաղթի ժամանակ սպանության մեղքն ուզում են քրդերի վրա բարդել: Լա’վ, իսկ այստեղ մեղքն ու՞մ վրա եք բարդելու:

1915 թ. հոկտեմբերից սկսած և հիմնականում 1916 թ. Հալեպը և շրջակա Ռես-ու-լայնի և Ռաքքայի պես ավանների, Մունջուբի, Մամուրեի, Իսլահիեի, Քաթմայի, Բաբի, Մեսքենեի և Դիփսի նման բոլոր համակենտրոնացման ճամբարները և բնակավայրերը դատարկում և հայերին կրկին աքսորում են Դեր Զորի անապատները՝ բնաջնջելով մինչև 1917 թ. սկիզբը: Այս տեղեկությունները հենվում են փաստաթղթերի վրա, որոնք գոյություն ունեն: Դե, ենթադրենք, թե Անատոլիան հայերից դատարկելիս պատճառ բերեցիք, թե «կառավարությունը չէր կարողանում հսկել», լա’վ, իսկ Սիրիայում բնակեցված հայերին, որոնք 1916 թ. մոտ 500 հազարի էին հասնում, ինչու՞ տնից-տեղից կտրեցիք: Չէ՞ որ ձեր նպատակը վերաբնակեցումն էր, այդ դեպքում ինչու՞ վերաբնակեցված հայերին բռնի տեղահանեցիք: Ինչու՞ 1916 թ. մարտից սկսած` ժանդարմերիայի միջոցով բնաջնջեցիք նրանց: Լեռնային շրջան չէ, հարթավայր է, և ողջ տարածքը 4-րդ բանակային կորպուսի հսկողության տակ է…

Կարծում եմ` ընդհանրապես կարիք չկա շարունակելու այս ժխտողականություն կոչված հիմարությունը: Գերմանիայի, Ավստրիայի, Անգլիայի, Ամերիկայի և օսմանյան բոլոր արխիվները մեզ դրա մասին են վկայում: Վերջ ի վերջո Միություն և առաջադիմություն կուսակցությունը պատերազմի տարիներին օրակարգ էր բերել Անատոլիայի հայկական բնակչությունը ոչնչացնելու ծրագիրը և երկու տարի շարունակ համակարգված կյանքի կոչեց այն:

Նպատակը քրիստոնեական բնակչությունը նվազեցնելն էր. հույներին աքսորեցին, հայերին բնաջնջեցին

– Լա՜վ, իսկ դա պատմական զարգացում ունե՞ր: Դա պատերազմի ընթացքում պահի թելադրանքով կայացված որոշո՞ւմ էր, թե՞ տարիներ առաջ էին որոշել:

– Հայտնի է, որ Միություն և առաջադիմություն կուսակցությունը, երբ 1913 թ. սկսում է տանուլ տալ Բալկանյան պատերազմում, ցանկանում է մուսուլան թուրքերի մեծամասնության առանցքով Անատոլիան միատարր դարձնել: Այս նպատակով հատկապես ամբողջ 1914 թ. ընթացքում Էգեյան շրջանի՝ հատկապես ծովամերձ հատվածի հույներին աքսորել է Հունաստան: Նպատակն այս շրջանի քրիստոնեական բնակչությունը նվազեցնելն էր: Հայերին էլ են այս նպատակից դրդված ոչնչացրել, քանի որ չկար մի երկիր, ուր չուղարկեին:

Այն հարցի վերաբերյալ, թե հայերին բնաջնջելու որոշումը երբ և ինչպես են կայացրել, մեր ձեռքում որոշ փաստաթղթեր կան, համաձայն որոնց՝ բնաջնջման վերաբերյալ վերջնական որոշումը մեծ հավանականությամբ կայացվել է 1915 թ. մարտի վերջերին: Սրա մասին տարբեր ապցույցներ կան: Սակայն չգիտենք, թե դրանից առաջ, օրինակ` նախքան պատերազմը բնաջնջման վերաբերյալ որևէ որոշում կայացված եղել է, թե ոչ: Ցանկանում եմ հիշեցնել 1942 թ. Վենզեի համաժողովում հրեաներին ոչնչացնելու նացիստների որոշման մասին: Ըստ էության այս ժողովի նպատակն էր նախկինում կայացված որոշումը համակարգել: Հրեաների բնաջնջումն այս թվականից շատ ավելի շուտ էր սկսվել:

«Իթթիհադականները 1914 թ. փետրվարի բարեփոխումներն ընկալեցին որպես Արևելյան Անատոլիայի կորուստ»

Հիմա չգիտենք՝ 1915 թ. մարտի վերջին կայացված որոշումն այդ պահին է կայացվել, թե Վենզեի համաժողովի նման` նախապես կայացված որոշումը գործադրելու ուղղությամբ է եղել: Կարծում եմ, որ պատերազմից առաջ նման որոշում չի եղել: Ինչի՞ վրա հենվելով եմ ասում. հենվելով Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի՝ 1915 թ. մայիսի 26-ին վարչապետին ներկայացրած երկար զեկույցի վրա… Այստեղ Թալեաթ փաշան ասում է. «Ստորագրելով 1914 թ. փետրվարի բարենորոգումների մասին ծրագիրը՝ Արևելյան Անատոլիայի որոշ վիլայեթներ օտարների հսկողության տակ անցնելու վտանգ առաջացավ, ինչպես որ Եւրոպայում, այստեղ ևս կորցնելու էինք մեր հողերը»: Այսինք՝ 1914 թ. փետրվարի բարեփոխումների համաձայնագիրն իթթիհադականների համար հավասարազոր էր Արևելյան Անատոլիայի կորստին: Եվ իր այդ նամակում Թալեաթ փաշան շարունակաբար ասում է, որ «Մեր երկրի գլխին պատուհաս դարձած այս հայկական բարենորոգումների խնդիրը վերջնականապես լուծելու համար որոշ բաներ էինք մտածում, երբ պատերազմը ծագեց»: Այսինքն՝ պատերազմից առաջ իթթիհադականները մտադրված էին Հայկական հարցն արմատականորեն լուծելու խնդրով և իրար մեջ քննարկում էին այն:

Մեր ձեռքում այլ հետաքրքիր փաստաթղթեր ևս կան, որոնք հրատարակել եմ իմ գրքերում: Օրինակ՝ 1914 թ. նոյեմբերին Էրզրումի և Վանի վիլայեթներ ուղարկված հեռագրերում հրամայվում է. «Շարժվեք համաձայն տեղական անհրաժեշտության, մինչև որ հայերի վերաբերյալ վերջնական որոշում ստանաք»:

Ելնելով այս ամենից՝ կարծում եմ, որ իթթիհադականների համար երկու կարևոր բեկումնային պահ է եղել. առաջինը 1914 թ. փետրվարի բարենորոգումների համաձայնագիրը (հնարավոր է, որ այս համաձայնագրի հետ մեկտեղ, այսինքն՝ պատերազմից առաջ ձևավորված լինի հայերին բնաջնջելու գաղափարը), երկրորդ՝ ամենայն հավանականությամբ պատերազմի ընթացքով պայմանավորված՝ հատկապես Դարդանելի օպերացիայի հետևանքով գրանցված մահացություններն ու Սարիղամիշի պարտությունը ստիպել են երիտթուրքերին մտածել, որ անգամ Ստամբուլը չեն կարողանալու պաշտպանել և պահի թելադրանքով հայերին բնաջնջելու որոշում են կայացրել:

«Իթթիհադականները մինչև 1912 թ. ամառը գործում էին Դաշնակցություն կուսակցության հետ միասին»

– Լա’վ, իսկ հայերն իրո՞ք վտանգ էին ներկայացնում, կարո՞ղ էր քաղաքացիական պատերազմ ծագել:

– Համաձայն մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի՝ ոչ: Սակայն օսմանցիներն օգտագործեցին հայերի՝ «քաղաքացիական պատերազմի սպառնալիք լինելու» թեզը: Ինչու՞ չէին վտանգ ներկայացնում, որովհետև Միություն և առաջադիմություն կուսակցությունը մինչև 1912 թ. ամառը գործում էր Դաշնակցություն կուսակցության հետ միասին: Անգամ պատերազմն սկսելու ժամանակ մեծամասշտաբ գործողություն չկար, որն ապստամբության հանգեցներ: Տասնյակ հեռագրեր կան` ուղղված Ստամբուլ, որտեղ նահանգապետերը գրում են, որ շրջաններում ամեն ինչ հանգիստ է:

Բացի այդ՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ երբ 1914 թ. օգոստոսի 2-ին համընդհանուր զորահավաք հայտարարեցին, 18-45 տարեկան բոլոր հայ տղամարդկանց բանակ զորակոչեցին: Այս հայ զինվորներն սկզբում կանոնավոր գումարտակներում էին, հետագայում կամաց-կամաց նրանցից բանվորական գումարտակներ կազմեցին: Բանվորական գումարտակների հայերին ոչնչացնելու էին: Մեզ հայտնի չէ, թե օսմանյան բանակում որքան հայ զինվոր է եղել, և թե որքան հայ է ներգրավված եղել այս բանվորական գումարտակներում: Ամենայն հավանականությամբ սրա վերաբերյալ վիճակագրություն կա, սակայն այն գաղտնի է պահվում Գլխավոր շտաբի արխիվում:

«1915 թ. սկզբին Օսմանյան կայսրության համար կռվող հայ զինվորներ կային»

1915 թ. հունվար-փետրվար ամիսներին օսմանյան գումարտակներում կռվող հայ զինվորներ կային: Ռուսների կողմից գերեվարված հայերի թիվը 150-ից ավելի էր` չհաշված սպանվածները: Սարիղամիշում Էնվեր փաշային մահից փրկողը հայ զինվոր էր: Օսմանյան հայ զինվոր: Նրան մի քանի կիլոմետր շալակած տարել է: Սրա համար Էնվեր փաշան շնորհակալական նամակ է գրում հայ եպիսկոպոսին: Եվ այս նամակը 1916 թ. մամուլում է հրապարակվում: Զենք բռնելու ունակ օսմանյան հայերի հիմնական մասը բանակ էր զորակոչվել և հետագայում ոչնչացվել: Ահա սա է պատմության հակիրճ շարադրանքը:

Համակարգված և կանոնավոր հայկական ապստամբություն հետագայում է տեղի ունեցել: Եթե նման բան լիներ, փաստաթղթեր էլ կլինեին: Մարդուն անգամ ցավ է պատճառում այն, որ այս ամենը կեղծիք են որակում: Եթե նայեք ապստամբություն որակված դեպքերին մեկ առ մեկ, կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ: Այս փաստաթղթերը հրատարակվել են Գլխավոր շտաբի՝ 8 հատորից բաղկացած աշխատություններում: Սակայն հավանաբար ոչ ոք չի կարդացել… Օրինակ՝ Զեյթունի դեպքը, որը հայկական ապստամբություն է որակվում, լոկ զինորական ծառայությունից խուսափած երիտասարդների ընդվզում է… Զեյթունի բնակչությունը ևս հավանություն չէր տալիս երիտասարդների դիրքորոշմանը: Բիթլիսում դաշնակցական ներկայացուցիչը գործում էր զինվորական հրամանատարի հետ միասին: Այս ամենի մասին կարելի է կարդալ շրջանի զինվորականների զեկույցներում:

Եթե հակիրճ ներկայացնելու լինենք, ապա այն, ինչ տեղի է ունեցել հատկապես 1915 թ. փետրվար-մարտ ամիսներին, որը կոչում են «ապստամբություն» և փորձում են ուժով խցկել մեր երիտասարդ մտայնության, մեր երիտասարդների գլխի մեջ, ըստ էության դասալիքների հետ որոշ բախումներ են:

«Սարիղամիշի պարտությունից հետո հրապարակ եկավ ապստամբություն կոչվածը»

Այս ամենը Սարիղամիշի պարտությունից հետո մի մեծ ապստամբության մասին անհիմն խոսակցության վերածվեց, որը ցայսօր շարունակվում է:

Մեկ այլ օրինակ բերեմ. Թուրքիայում շատ տարածված մեկ այլ քարոզչություն կա, այնպես չէ՞, թե իբր հայերը բանակից փախել են, ռազմաճակատի հեռագրալարերը կտրել են, հարձակվել են փոստի մեքենաների վրա և այլն… Այո՛, փախել են, սակայն բոլորն են փախել՝ հայը, հույնը, քուրդը, թուրքը, մուսուլմանը… Օրինակ՝ մի տեղ փոստի մեքենայի վրա հարձակում են գործում, Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան հարցնում է, թե հարձակում գործածներից քանի հոգին է թուրք, քանիսը չերքեզ, քանիսը հայ և քանիսը հույն… Պատասխանում էլ ասվում է, թե այսքանը հույն, այսքանը մուսուլման են և այլն, որովհետև սրանք դասալիքներ են… ուտելիք հայթայթելու խնդիր ունեին, այդ իսկ պատճառով էլ աջ ու ձախ հարձակվում էին:

«Բնաջնջման մասին լսած կառավարության անդամները հետագայում ցանկացան գլուխներն ազատել՝ ասելով թե «Մենք տեղյակ չենք եղել»»

– Թալեաթ փաշայից բացի` կառավարության անդամները տեղյա՞կ էին: Ասում են, թե կառավարության որոշ անդամներ կատարվածի մասին հետագայում են լսել: Անգամ հետագայում իմացածների և դեպքերի մասին տեղյակ եղածների միջև վիճաբանություններ են եղել:

– Ճիշտ եք լսել, այս մասին այդ մարդիկ հետագայում են ասում: Ցեղասպանությունն, ըստ էության, Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի հրամանով է կատարվել: Խոսք չի կարող լինել կառավարության անդամների՝ բնաջնջման մասին որոշմանը մասնակցելուց, սակայն այս ոչնչացման մասին լսել են ու ձայն չեն հանել: Հետո էլ փորձել են գլուխներն ազատել` ասելով, թե «տեղյակ չենք եղել»: Բնականաբար տեղյակ են եղել, հակառակը լինել չի կարող, քանի որ այս լուրերը հասնում էին Ստամբուլ, բացի այդ` Գերմանիան և Ամերիկան կանոնավոր կերպով կառավարության անդամներից բացատրություն էին պահանջում և այլն: Այս առումով Սայիդ Հալիմ փաշան շատ հետաքրքիր օրինակ է. «Մեզ ասացին, որ տեղահանության համար զինվորներ են անհրաժեշտ, մենք, որպես ռազմական նախազգուշական միջոց, որոշում կայացրեցինք, սակայն երբ բնաջնջման մասին լուրեր սկսեցին պտտվել, ես այդ մասին հարցրեցի Թալեաթին: Թալեաթն էլ ինձ պատասխանեց, որ ոչ մի բան չկա»: Իրեն պաշտպանելու համար ասում է. «Շրջաններ պատվիրակություններ ենք ուղարկել, սակայն նրանց զեկույցները Թալեաթը մեզանից թաքցրել է»:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ կառավարության ղեկավարը դեկորատիվ ծաղիկի պես է, ոչ ոք լուրջ չի վերաբերվում … Սակայն գիտի, թե ինչ է եղել, բայց անգամ չի մտածում խոստովանել: Իսկ 1918 թ. հետո փորձում են իրենց արդարացնել:

Գերմանացի պատմաբան Գյունտեր Լյուին ասում է, որ 620-640 հազար հայ է սպանվել: Ինձ Գ. Լյուի վերաբերյալ հարց ուղղելն է անգամ սխալ: Թող ինձ ների, սակայն շարքային տգետի մեկն է: Ասենք, թե թուրքերեն չիմանալը խնդիր չէ, սակայն գրում է, թե 1916 թ. Դիարբեքիրը բռնազավթել են, և կարծում, թե 1919-1921 թթ. դատավարություններից Տրապիզոնի և Յոզղատի դատավարությունները տեղի են ունեցել Տրապիզոնում և Յոզղատում… Իսկ Ստամբուլի դատավարությունների վերաբերյալ օգտագործել է ժամանակին գերմաներեն հրապարակած փաստաթղթերը, որոնք խնդրել էր ինձանից, ես էլ տվել էի: Մի կողմ թողենք Լյուիին:

Պաշտոնական վիճակագրությունը հետևյալն է՝ 1918 թ. նոյեմբերին օսմանյան նոր կառավարությունը պատերազմական կորուստները քննող հանձնաժողով է ստեղծում, որը վիճակագրությունը ներկայացնում է 1919 թ. մայիսին: Համաձայն այդ տվյալների՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանված հայերի թիվը 800 հազար է: 1928 թ. թուրքական Գլխավոր շտաբի հրամանատարությունը Առաջին համաշխարհային պատերազմի կորուստների վերաբերյալ գիրք է հրապարակել, որտեղ 800 հազար թիվն է նշված: Գրքում Գլխավոր շտաբը տողատակում նշում է՝ «մեզ մոտ եղած թվերը հետևյալն են»: Սա միայն մինչև 1918 թ. գրանցված մահացությունների թիվն է: Եթե սրան գումարեք նաև հետագայում Կովկասում մահացած հայերին, ապա մեկ միլիոն կստանաք:

1918-1920 թթ. մշտապես այս թվերն էին շրջանառվում: Մուստաթա Քեմալը ևս բազմիցս այս թիվն է օգտագործել: Օրինակ՝ ամերիկացի գեներալ Հարբորը 1918 թ. սեպտեմբերին իր զեկույցում ևս այս թիվն է նշում: Հետևաբար, ասել, թե պարոն Գ. Լյուին այս թիվն է նշում, Բրիտանիկա հանրագիտարանը այս թիվը, Ք. Գյուրյունը, Հալաչօղլուն` այս, պարապ խոսքեր են:

Վրեժխնդրության հողի վրա հարձակումներ եղե՞լ են

– Այս դեպքերից հետո հայերը փորձե՞լ են վրեժխնդիր լինել:

– Երկու տեսակ վրեժխնդրության դեպք է եղել: Առաջին՝ արդարություն փնտրող հին հունական աստվածուհի Նեմեսիսի անվամբ ստեղծված կազմակերպության վրեժխնդրության գործողությունները: Որոշումը կայացվել է 1919 թ. Դաշնակցության համագումարում: 4 կարևոր իթթիհադական առաջնորդ է սպանվել: 1921 թ. մարտին Թալեաթ փաշան սպանվել է Բեռլինում, Սայիդ Հալիմ փաշան՝ 1921 թ. Հռոմում, Բեհաեդդին Շաքիրը և Ջեմալ Ազմին (Տրապիզոնի վալին)՝ 1922 թ. ապրիլին և Ջեմալ փաշան՝ 1922 թ. հուլիսին Թիֆլիսում: Այս խմբի կողմից սպանված որոշ հայեր ևս կան:

Երկրորդ՝ 1918 թ. հունվարի վերջին վրեժխնդրության գործողություններ են կատարվել: Բոլշևիկյան հեղաշրջումից հետո ռուսական զինվորները լքում են Արևելյան Հայաստանը: Այնտեղ Անդրանիկի հրամատարությամբ հայկական բանակ կար: Հայկական բանակը, որը հետ էր մղել Վեհիբ փաշայի հրամանատարության տակ եղած երրորդ բանակի բռնազավթման նպատակով առաջխաղացումը դեպի Երզնկա և Էրզրում, որոշ վայրերում մուսուլմաններին կոտորում է: Թեմայի վերաբերյալ հրապարակած մեր Գլխավոր շտաբի բոլոր փաստաթղթերը մեկ առ մեկ կարդացել եմ՝ հավաքելով թվերը: Համաձայն այս թվերի՝ սպանվել է 5000-ից ավելի մուսուլման, սակայն սրան պետք է գումարենք Կովկասում 1919-1920 թթ. սպանված մուսուլմանների թիվը ևս: Դժվար կարողանամ հստակ թիվ նշել, սակայն կարծում եմ` սխալ չի լինի ենթադրել, որ այդ թիվը մոտավորապես 10 000-ի չափ է:

«Հայերը 20-ականներից սկսած խոսում են: ԱՍԱԼԱ-ից հետո հարցը Թուրքիայի օրակարգ մտավ»

– Երբվանի՞ց են Թուրքիայում արծարծում հայկական խնդիրը կամ էլ Հայոց ցեղասպանությունը: 1921 թ. սկսա՞ծ, թե՞ երբ առաջին անգամ ցեղասպանություն եզրը ի հայտ եկավ: Թե՞ ԱՍԱԼԱ-ից հետո սկսեցին խոսել:

– Գոյություն ունեն տարբեր փուլեր: Բնականաբար, բնաջնջումը հայերի համար միշտ էլ եղել է թեմա, որի մասին իմացել, խոսել և գրել են: Դեռևս 1920-30-ական թթ. անընդհատ գրել, խոսել և գրքեր են հրապարակել: Այս ամենը հայերեն լեզվով կա: Երբ 1948 թ. ցեղասպանություն եզրը գործածության մեջ դրվեց, անմիջապես սկսեցին օգտագործել: Ըստ էության Լեմկինը մի հայ ընկեր ուներ, որն օգնում էր իրեն: Լեմկինը հայտարարություն է տալիս հայկական թերթերին, հոդված գրում: Իսկ հայերը միջազգային ոգեկոչման միջոցառումներ սկսել են  կատարել 1965 թվականից: Ե՛վ Բեյրությում, և՛ Հայաստանում Ցեղասպանության 50-րդ տարելիցին սկսեցին ոգեկոչման միջոցառումներ կազմակերպել: Եվ հենց այդ ժամանակ էլ հայերը շարունակաբար գործածում էին ցեղասպանություն բառը: Այսինքն՝ 1965 թ. շրջադարձային նշանակություն ուներ:

Մյուս շրջադարձային պահն էլ, ինչպես իրավամբ նշեցիք, ԱՍԱԼԱ-ն էր: ԱՍԱԼԱ-ի գործողություններով այս թեման մտավ օրակարգ և դարձավ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության կարևոր խնդիրներից մեկը: Եթե չհաշվենք 1950-ականններին լույս տեսած Էսադ Ուրասի գիրքը, ապա պատահական չէ, որ Թուրքիայում ցեղասպանության վերաբերյալ առաջին գրքերը հենց դիվանագետներն են սկսում գրել: Երանի թե այս ոճրագործությունները չլինեին, և խնդիրը օրակարգ բարձրանար առանց այս ոճրագործությունների կարիքն զգալու:

Մեկ այլ կարևոր թվական էլ 1991 թ. էր: Այս թվականին Հայաստանը դարձավ անկախ երկիր, և Թուրքիան ստիպված եղավ հետաքրքրվել այս թեմայով: Այս թվականից սկսած` ցեղասպանության հարցը սկսում է դառնալ կարևոր միջազգային խնդիր: Հավելելու արժանի այլ փուլեր ևս կան: Կարծում եմ` այս թեման գնալով օրակարգում հաստատվեց այնպիսի արտաքին պատճառներով, ինչպիսիք են մեր՝ գիտնականներիս կողմից հրատարակված թուրքերեն գրքերը, Հրանտ Դինքի լույս ընծայած «Ակօս» շաբաթաթերթը, համացանցային հեռուստատեսությունը, Ամերիկայի և Ֆրանսիայի սենատների` ցեղասպանության վերաբերյալ որոշումներ կայացնելու նախաձեռնությունները, Ֆրանսիայում օրենք ընդունումը և այլն: Այսուհետ այս պատճառներն էլ ավելի շատ են լինելու… Այդպես է երևում, քանզի այլևս Թուրքիայում թվով մեծացող քաղաքացիական հասարակություն կա, և այդ մարդիկ հասկանում են, որ այս հարցի հետ անհրաժեշտ է առերեսվել:

«Եթե կառավարությունը մի կողմ թողնի ուղեղների լվացումը, ապա ամենաուշը 6 ամսվա ընթացքում լուծում կգտնվի»

– Ինչպե՞ս պետք է այս հարցը բացատրել նրանց, ովքեր մեծացել են «Ի~նչ երջանիկ է նա, ով ասում է` թուրք եմ», «Թուրքիան երեք կողմից շրջապատված է ծովերով, չորս կողմից՝ թշնամիներով» կարգախոսներով:

– Աստված վկա, դա բնականաբար հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ կառավարությունը վերացնի հարցը բացատրելու, պատմելու առջև ծառացած խոչընդոտները: Մի օրինակ բերեմ, որը ցույց կտա, թե ինչ դժվար է գործը: Այսօր դեռևս թուրքական դասագրքերում հայը համարվում է մեր ազգային անվտանգության համար սպառնալիք. այդպես են սովորեցնում:

Մի երկրում, որտեղ հային ներկայացնում են որպես ազգային անվտանգությանը սպառնալիք և այդպես կրթում երեխաներին, բնականաբար հարցի կարգավորման ուղղությամբ դրական քայլ չի կարող կատարվել: Առաջինը գործը, որ պետք է անել, կառավարության` ատելությամբ լեցուն և ռասիստական մոտեցմամբ այս գրքերը պետք է կիրառությունից հանել: Ես հավատում եմ, որ եթե համապատասխան մթնոլորտ ստեղծվի, Թուրքիան իր մարդկանց կարող է հեշտությամբ պատմել անցյալում կատարված ոճրագործությունների մասին: Արևը տիղմով չես կարող ծածկել… Քրդական շրջաններում քրդերը շատ լավ գիտեն, թե իրենց շրջանում ինչ է կատարվել: Եթե այսօր կառավարությունը վերջ դնի  ուղեղի միակողմանի լվացմանը, ապա 6 ամսում իրական լուծում կարելի է գտնել:

Կարծում եմ՝ իրականում մարդիկ գիտեն, թե ինչ է կատարվել: Հրանտի մահվանից հետո այլևս այս երկրում նրանք, ովքեր ասում են «Հավանաբար այս երկրում վատ բաներ են կատարվել», մեծամասնություն են դարձել: Խոսում եմ մեծամասնությունից, ով ասում է. «Դեհ եթե այս պետությունը չկարողացավ դիմանալ մի լրագրողի, սպանեց նրան, Աստված գիտի, թե պատմության ընթացքում ինչեր են կատարվել»: Հրանտի սպանությունից հետո թուրք մարդու սիրտն այլևս մեզ պես մտածող մարդկանց կողմնակից է: Այլևս սրտերը լի են մտքերով, որ 1915 թ. վատ, շատ վատ բաներ են կատարվել: Ժխտողականները կորցրել են սրտերի պատերազմը: Պաշտպանվողներն այլևս նրանք են: Տեսե՜ք, անցյալ շաբաթ անգամ Թայիփ Էրդողանն էր գոռում, թե՝ «Ինչու՞ ենք մենք պաշտպանվողները»:

Թայիփ Էրդողանը դեռ զարմանալու է, որ այս երկրում իրենց թուրք, ազգայնական համարող շատ մարդիկ ևս միանալու են այս մեծամասնությանը: Որովհետև հարցը կապված չէ աջակողմյան, ձախակողմյան, ազգայնական, կրոնական կամ աշխարհիկ լինելու հետ: Նաև ալևիական, քրդական, թուրքական հարց էլ չէ: Ողջ հարցը կայանում է նրանում, որ ազգայնականը, աջակողմյանը, ձախակողմյանը, կրոնականն ու աշխարհիկը, ալևին, քուրդը, թուրքն ու չերքեզը` բոլորս, մեր պատմության վրաբերյալ ունեցած կարծիքի հետ նորից ենք ծանոթանալու:

Հետևաբար` կարծում եմ, որ Թուրքիայում գլխավոր խնդիրն այն չէ, թե մարդիկ դեռևս չգիտեն, այլ այն, որ պետությունը դեռևս այս հարցին դիմադրում է: Եւ դրա համար էլ, իրոք, ինչպես քրդերը, ալևիներն ու ձախակողմյանները կարողացան պայքարել և իրենց մասին կեղծիքներն ու ստերը հօդս ցնդեցնել, այնպես էլ պետք է գործել Հայոց ցեղասպանության շուրջ եղած ստի ու կեղծիքի դեպքում: Այս երկրում պայքարելու համար բավականաչափ հայ չկա այլևս: Եվ սա նրանց նկատմամբ մեր պարտքն ու պարտականությունն է:

http://m.t24.com.tr/haber/prof-taner-akcam-1915te-ermeni-ayaklanmalari-oldugu-iddiasi-yalan,294643

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net, http://akunq.net/am/?p=48244

Լուսանկարը՝ http://armeniangenocide100.org/taner-akcam-the-turkish-argument-on-1915-armenian-revolt-is-false/

 

Հ. Գ. http://armeniangenocide100.org-ը, Akunq.net-ից արտատպելով այս հարցազրույցը, մի շարք վերապահություններ է արել Թաներ Աքչամի արտահայտած պնդումների վերաբերյալ: Այդ պատճառով, հարկ համարեցինք ներկայացնել դրանք, ինչպես նաև՝ http://armeniangenocide100.org-ի նախաբանը:

 Հայտնի թուրք պատմաբան, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչ Թաներ Աքչամը կեղծիք է համարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականության ամենատարածված թեզերից մեկը՝ թե իբր, 1915-ին հայերի տեղահանությունների ու մարդկային անխուսափելի կորուստների պատճառը հենց հայերի կազմակերպած ապստամբությունն էր Օսմանյան կայսրության դեմ: Այս և թեմային առնչվող այլ հարցերին Աքչամն անդրադարձել է  թուրքական t24.com.tr կայքին տված ծավալուն հարցազրույցում՝ միևնույն ժամանակ, սակայն, առաջ քաշելով Ցեղասպանության և հատկապես դրա իրագործման վերաբերյալ որոշ խնդրահարույց պնդումներ և ոչ ստույգ տվյալներ: Ներկայացնում ենք հարցազրուցի՝  akunq.net-ի կողմից կատարված թարգմանությունը՝ որոշակի խմբագրությամբ և համապատասխան մեկնաբանություններով:

«Նպատակը քրիստոնեական բնակչությունը նվազեցնելն էր. հույներին աքսորեցին, հայերին բնաջնջեցին»

– Լավ, իսկ դա պատմական զարգացում ունե՞ր: Դա պատերազմի ընթացքում պահի թելադրանքով կայացված որոշո՞ւմ էր, թե՞ տարիներ առաջ էին որոշել:

– Հայտնի է, որ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը 1913 թ.՝ Բալկանյան պատերազմը տանուլ տալուց հետո, ցանկանում է Օսմանյան կայսրության տարածքում մահմեդական բնակչության միատարրություն հաստատել: Այս ուղղությամբ ամբողջ 1914 թ. ընթացքում Էգեյան շրջանի՝ հատկապես ծովամերձ հատվածի հույներին աքսորել է Հունաստան: Նպատակը այս շրջանի քրիստոնեական բնակչությունը նվազեցնելն էր: Հայերին էլ են այս նպատակից դրդված ոչնչացրել: Այն հարցի վերաբերյալ, թե հայերին բնաջնջելու որոշումը երբ և ինչպես են կայացրել, մեր ձեռքում որոշ փաստաթղթեր կան, համաձայն որոնց՝ բնաջնջման վերաբերյալ վերջնական որոշումը մեծ հավանականությամբ կայացվել է 1915 թ. մարտի վերջերին: Սրա մասին տարբեր ապացույցներ կան: Սակայն չգիտենք, թե դրանից առաջ, օրինակ` նախքան պատերազմը, բնաջնջման վերաբերյալ որևէ որոշում կայացված եղել է, թե ոչ: Ցանկանում եմ հիշեցնել 1942 թ. Վանզեի համաժողովում հրեաներին ոչնչացնելու նացիստների որոշման մասին: Ըստ էության, այս ժողովի նպատակն էր նախկինում կայացված որոշումը համակարգել: Հրեաների բնաջնջումը այս թվականից շատ ավելի շուտ էր սկսվել:

[Հայերի ոչնչացման որոշումն ընդունելու ժամանակի վերաբերյալ Թ. Աքչամի թեական պնդումը և հրեաների Հոլոքոսթի հետ նրա բերած համեմատությունն անտեղի է: Հաշվի չառնելով դեռևս Աբդուլ Համիդի կողմից հայերի նկատմամբ վարած ցեղասպանական քաղաքականությունը՝ հայտնի է, որ հայերին բնաջնջելու ծրագիրը երիտթուրքական կուսակցության կողմից մշակվել էր արդեն 1911 թ. օգոստոս-սեպտեմբերին Սալոնիկում կայացած գաղտնի ժողովի ընթացքում: Այդ ժողովներում ընդունված ծրագրով նախատեսվում էր հայերի ֆիզիկական ոչնչացման ու հայրենազրկամն միջոցով վերջ դնել Հայկական հարցին, Օսմանյան կայսրությունում հաստատել թուրքերի միատարրություն և վերացնել հայկական գործոնը՝ որպես պանթուրքականության իրագործման հիմնական խոչընդոտ, սակայն երիտթուրքերն իրենց այդ նպատակն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը: Բացի այդ, դեռևս 1915թ. փետրվարին ռազմական նախարար Էնվերը հրաման արձակեց օսմանյան բանակ զորակոչված հայերի ոչնչացման մասին՝ դրանով իսկ հայությանը զրկելով կարող ուժի միջոցով ինքնապաշտպանվելու հնարավորությունից – ArmenianGenocide100.org]:

«Իթթիհատականները 1914 թ. բարենորոգումների մասին համաձայնագիրը ընկալեցին որպես «Արևելյան Անատոլիայի» կորուստ»

Հիմա չգիտենք՝ 1915 թ. մարտի վերջին կայացված որոշումը այդ պահին է կայացվել, թե Վանզեի համաժողովի նման` նախապես կայացված որոշումը գործադրելու ուղղությամբ է եղել (Տես ArmenianGenocide100.org-ի վերը նշված մեկնաբանությունը): Կարծում եմ, որ պատերազմից առաջ նման որոշում չի եղել՝ հիմք ընդունելով ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի՝ 1915 թ. մայիսի 26-ին վարչապետին ներկայացրած երկար զեկույցը… Այստեղ Թալեաթ փաշան ասում է. «Ստորագրելով 1914 թ. փետրվարի բարենորոգումների մասին համաձայնագիրը՝ Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի և «Հայկական լեռնաշխարհ» պատմաաշխարհագրական տարածքի անվանումները քաղաքական դրդապատճառներով թուրքական և համաշխարհային այլ աղբյուրներում գրեթե բացառապես փոխարինված են «Արևելյան Անատոլիա» կամ «Անատոլիա» եզրերով, ինչը սխալ է. Անատոլիան (բռցի՝ «արևելք») համընկնում է միայն Փոքր Ասիա թերակղզին ընդգրկող պատմաաշխարհագրական տարածաշրջանի հետ՝ Հայկական լեռնաշխարհի սահմաններից դեպի արևմուտք, իսկ «Արևելյան Անատոլիան» արհեստական եզր է, որի նպատակն է Անատոլիայի «շարունակականությունը» տարածել ժամանակակից Թուրքիայի ողջ ասիական մասի վրա՝ ներառյալ Արևմտյան Հայաստանի տարածքը – ծնթ.՝  ArmenianGenocide100.org) որոշ վիլայեթներ օտարների հսկողության տակ անցնելու վտանգ առաջացավ, ինչպես որ Եվրոպայում, այստեղ ևս կորցնելու էինք մեր հողերը»: Այսինք՝ 1914 թ. փետրվարի բարենորոգումների համաձայնագիրն (1914թ. հունվարի 26-ին (փետվարի 8-ին) Կ. Պոլսում ստորագրված՝ հայկական վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիր – ArmenianGenocide100.org) իթթիհատականների համար հավասարազոր էր այդ տարածքների կորստի հետ:

«1915 թ. սկզբին Օսմանյան կայսրության համար կռվող հայ զինվորներ կային»

1915 թ. հունվար-փետրվար ամիսներին օսմանյան գումարտակներում կռվող հայ զինվորներն կային: Ռուսների կողմից գերեվարված հայերի թիվը 150-ից ավելի էր` չհաշված սպանվածները: Սարիղամիշում Էնվեր փաշային մահից փրկողը հայ զինվոր էր: Օսմանյան հայ զինվոր: Կիլոմետրերով շալակած` տարել է նրան: Սրա համար Էնվեր փաշան շնորհակալական նամակ է գրում [Կոնիայի – ArmenianGenocide100.org] հայ արքեպիսկոպոսին: Եվ այս նամակը 1916 թ. մամուլում է հրապարակվում: Զենք բռնելու ունակ օսմանյան հայերի հիմնական մասը բանակ էր զորակոչվել և հետագայում ոչնչացվել: Ահա սա է պատմության հակիրճ շարադրանքը: Համակարգված և կանոնավոր հայկական ապստամբություն հետագայում է տեղի ունեցել (Թ. Աքչամի այս պնդումը միանշանակ սխալ է. նման ապստամբություն երբեք տեղի չի ունեցել: Հեղինակը, թերևս, նկատի ունի Վանի ինքնապաշտպանությունը, որը Օսմանյան կայսրության դեմ նախապես ծրագրված ու «համակարգված» ապստամբություն չէր, ինչպես փորձում է ներկայացնել թուրքական պատմագիտությունը, այլ նպատակ ուներ տեղի հայությանը զինված դիմադրության միջոցով փրկելու Վանի նահանգի բազմաթիվ գյուղերում արդեն իսկ սկսված կոտորածների ու բռնի տեղահանության ալիքից – ArmenianGenocide100.org): Եթե նման բան լիներ, փաստաթղթեր էլ կլինեին: Մարդուն անգամ ցավ է պատճառում այն, որ այս ամենը կեղծիք են որակում:

«Բնաջնջման մասին լսած կառավարության անդամները հետագայում ցանկացան գլուխներն ազատել՝ ասելով, թե «Մենք տեղյակ չենք եղել»»

– Թալեաթ փաշայից բացի` կառավարության անդամները տեղյա՞կ էին: Ասում են, թե կառավարության որոշ անդամներ կատարվածի մասին հետագայում են լսել: Անգամ հետագայում իմացածների և դեպքերի մասին տեղյակ եղածների միջև վիճաբանություններ են եղել:

– Ճիշտ եք լսել, այս մասին այդ մարդիկ հետագայում են ասում: Ցեղասպանությունն, ըստ էության, «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի հրամանով է կատարվել: Խոսք չի կարող լինել կառավարության անդամների՝ բնաջնջման մասին որոշմանը մասնակցելու վերաբերյալ, սակայն այս ոչնչացման մասին լսել են ու ձայն չեն հանել: Հետո էլ փորձել են գլուխներն ազատել` ասելով, թե «տեղյակ չենք եղել»: (Թերևս այս հարցում ևս, Թ. Աքչամը փորձում է նվազեցնել Ցեղասպանության իրագործման պատասխանատվության մակարդակը. հայերի բնաջնջման ծրագիրն իր գործողության մեջ արդեն կուսակցական պատասխանատվության հարց չէր միայն: Թեև, ինչպես արդեն նշվել է, ոչնչացման ծրագիրը մշակվել էր կուսակցական մակարդակով դեռևս նախքան պատերազմը, սակայն օսմանյան կառավարության անդամ հանդիսացող՝ Ցեղասպանության իրագործման անմիջական պատասխանատուների, ինչպես նաև մեղսակից մյուս պատասխանատու պաշտոնյաների կողմից այն իրագործվում էր ամենաբարձր՝ պետական մակարդակով՝ օգտագործելով պետական բոլոր օղակների, այդ թվում՝ բանակի և ոստիկանական ուժերի ներուժն ու հնարավորությունները – ArmenianGenocide100.org):

Պաշտոնական վիճակագրությունը հետևյալն է՝ 1918 թ. նոյեմբերին օսմանյան նոր կառավարությունը պատերազմական կորուստները քննող հանձնաժողով է ստեղծում, որը վիճակագրությունը ներկայացնում է 1919 թ. մայիսին: Համաձայն այդ տվյալների՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանված հայերի թիվը 800 հազար է: 1928 թ. թուրքական Գլխավոր շտաբի հրամանատարությունը Առաջին համաշխարհային պատերազմի կորուստների վերաբերյալ գիրք է հրապարակել, որտեղ 800 հազար թիվն է նշված: Գրքում Գլխավոր շտաբը տողատակում նշում է՝ «մեզ մոտ եղած թվերը հետևյալն են»: Սա միայն մինչև 1918 թ. գրանցված մահացությունների թիվն է: Եթե սրան գումարեք նաև հետագայում Կովկասում մահացած հայերին, ապա մեկ միլիոն կստանաք:
1918-19-20 թթ. մշտապես այս թվերն էին շրջանառվում: Մուստաթա Քեմալը ևս բազմիցս այս թիվն է օգտագործել: Օրինակ՝ ամերիկացի գեներալ Հարբորը 1918 թ. սեպտեմբերին իր զեկույցում ևս այս թիվն է նշում: Հետևաբար, ասել, թե պարոն Գ. Լեվին այս թիվն է նշում, Բրիտանիկա հանրագիտարանը՝ այս թիվը, Ք. Գյուրյունը, Հալաչօղլուն` այս, պարապ խոսքեր են: (Թաներ Աքչամի կողմից Ցեղասպանության զոհերի թիվը նվազեցնելու միտում է դրսևորվում. Հայոց ցեղասպանության թեմայի մասնագետ պատմագետների ու ցեղասպանագետների ճնշող մեծամասնության գնահատականով, որը հիմնված է բազմաթիվ աղբյուրների ու փաստաթղթերի քննության վրա, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ մինչև 1923 թ., տարբեր եղանակներով սպանության կամ անխուսափելի մահվան դատապարտվելու հետևանքով հայերի մարդկային կորուստները կազմում են ավելի քան 1.5 միլիոն` չհաշված բռնի կրոնափոխ եղածները, ինչպես նաև մանուկ հասակում թուրքացված հայ երեխաները – ArmenianGenocide100.org):

Երկրորդ՝ 1918 թ. հունվարի վերջին վրեժխնդրության գործողություններ են կատարվել: Բոլշևիկյան հեղաշրջումից հետո ռուսական զինվորները լքում են Արևելյան Հայաստանը: Այնտեղ Անդրանիկի հրամանատարությամբ հայկական բանակ կար: Հայկական բանակը, որը հետ էր մղել Վեհիբ փաշայի հրամանատարության տակ եղած երրորդ բանակի՝ բռնազավթման նպատակով առաջխաղացումը դեպի Երզնկա և Էրզրում, որոշ վայրերում մուսուլմաններին կոտորում են: Թեմայի վերաբերյալ հրապարակված՝ մեր Գլխավոր շտաբի բոլոր փաստաթղթերը մեկ առ մեկ կարդացել եմ՝ հավաքելով թվերը: Համաձայն այս թվերի՝ սպանվել է 5 հազարից ավելի մուսուլման, սակայն սրան պետք է գումարենք Կովկասում 1919-1920 թթ. սպանված մուսուլմանների թիվը ևս: Դժվար կարողանամ հստակ թիվ նշել, սակայն կարծում եմ` սխալ չի լինի ենթադրել, որ այդ թիվը մոտավորապես 10 000-ի չափ է: (Չբացառելով թուրք պատմաբանի նշած ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանում և Հայաստանի առաջին Հանրապետությունում հայերի և մահմեդականների միջև որոշ վայրերում եղած բախումների հետևանքով նաև մահմեդականների կրած հավանական կորուստները՝ այնուամենայնիվ, նշենք, որ ըստ էության զոհերի թվի վերաբերյալ Աքչամի գնահատականները չափազանցված են: Արևմտյան Հայաստանում Անդրանիկի «բանակի» կողմից սպանված մահմեդակաների թվի հարցում հեղինակը հենվում է միայն թուրքական բանակի գլխավոր շտաբի փաստաթղթերի տվյալների վրա, որոնց անաչառությունը խիստ կասկածելի է, իսկ Արևելյան Հայաստանում մահմեդականների զոհերի թվի վերաբերյալ, չմեջբերելով որևէ աղբյուր, Աքչամը սահմանափակվում է թեական ենթադրությամբ – ArmenianGenocide100.org):