Այս հոդվածի հեղինակը լրագրող Միքայել Յալանուզյանն է: Հոդվածը վերցրել ենք ankakhutyun.am կայքից: 1989-1990թթ. դեկտեմբեր-հունվար ամիսներին, երբ դեռ ԽՍՀՄ-ը կանգուն էր, Խորհրդային Ադրբեջանում իշխանության ձգտող Ժողճակատի գլխավորությամբ ադրբեջանցիները քանդում էին Նախիջևան-Իրան սահմանի փշալարերն ու ինժեներական այլ կառույցներ: Հայկական պատմագրության մեջ այս թեման քիչ ուսումնասիրվածներից է, և վերահրատարակելով այս հոդվածը, մենք փորձում ենք հետաքրքրություն առաջ բերել:
Քաղաքական և վարչական որոշումներից բացի Բաքվի հայկական ջարդերին նախորդել էր ևս մեկ իրադարձություն, որն էապես տարբերվում էր Ադրբեջանի տարածքում նախկինում տեղի միջադեպերից: Խոսքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Իրանի սահմանի հսկայական մի հատվածի ոչնչացման մասին է, ինչը փաստացի նշանակում էր, որ վտանգվում էր ԽՍՀՄ պետական սահմանը: Սա աննախադեպ գործողություն էր Խորհրդային Միության պատմության մեջ, և ինչպես նշված էր այդ ժամանակվա թեթերից մեկում, ոտնձգություն էր «սրբազան և անձեռնմխելի» համարվող սահմանի նկատմամբ: Խորհրդա-իրանական սահմանի միջադեպի մասին առաջին հրապարակումները սկսում են հայտնվել 1990թ. հունվարի առաջին օրերին, թեև իրադրությունն այնտեղ սրվել էր դեռևս 1989թ. դեկտեմբերի սկզբին:
«1989թ. դեկտեմբերի 31-ից 1990թ. հունվարի 2-ը ծայրահեղականորեն տրամադրված անձանց կողմից Նախիջևանի ԻԽՍՀ-ի տարածքում կատարվել են բարբարոսական աննախադեպ գործողություններ` խորհրդա-իրանական սահմանի Նախիջևանի հատվածում իրադրությունն ապակայունացնելու միտումով: Դրան նախորդել էր անպատասխանատու տարրերի սադրիչ գործողությունը, որի նպատակն է էլ ավելի բարդացնել հանրապետությունում և Անդրկովկասում առանց այն էլ լարված իրադրությունը:
Собеседник, N 3, 1990
Նրանց կողմից կազմակերպված, խմիչքից ու թմրանյութերից մասամբ արբեցած ամբոխի վայրագությունների հետևանքով խորհրդա-իրանական սահմանի ավելի քան 137 կիլոմետրանոց նախիջևանյան հատվածում այրում և ավերում էին ինժեներատեխնիկական կառույցները, կապի և ազդանշանային գծերը, աշտարակները, սահմանային տարբերանշանները, հնչում էին սահմանապահ զորքերի զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ: Հրահրվում էին գրգռիչ գործողություններ, որոնց նպատակը ուժային պատասխան սադրելն էր: Պետությանը հասցված նյութական վնասը միլիոնավոր ռուբլիներ է կազմում» («Կոմունիստ», 4 հունվարի, 1990թ.):
Ահա ՏԱՍՍ գործակալության տարածած հաղորդագրությունից մի հատված է, որտեղ, ինչպես տեսնում ենք, չի հստակեցվում, թե ովքեր էին սահմանային այս միջադեպի կազմակերպիչները: Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում, Խորհրդային պաշտոնական հաղորդագրություններում դեպքերի վերաբերյալ տեղեկությունը նշվում էր ոչ հստակ, լղոզված, առանց ազգային պատկանելության մատնանշման: Հաճախ օգտագործվում էին «ծայրահեղականներ», «անպատասխանատու անձինք» և այլ մակդիրներ, ինչն անտեղյակ մարդկանց շրջանում անհասկանալի էր դարձնում դեպքի մասնակիցների ով լինելը: Իրականում Նախիջևանի սահմանային միջադեպի կազմակերպիչն Ադրբեջանի Ժողճակատն էր:
Собеседник, N 3, 1990
Նախիջևանի ԻԽՍՀ սահմանապահ զորքերի հրամանատարությունը, տեղեկանալով, որ իրադրությունը լարված է, դեկտեմբերի 30-ին հանդիպում է Ժողճակատի նախիջևանյան ներկայացուցիչների հետ: Սակայն հանդիպումն արդյունավետ չի լինում, և ադրբեջանցիները սկսում են անթաքույց պատրաստվել: Հաջորդ օրը` դեկտեմբերի 31-ի առավոտյան, մարդկանց մեծ խմբեր մոտենում են սահմանին և սկսում քանդել պահպանության շինություններն ու անվտանգության համակարգերը: Որոշ հատվածներում ամբոխը մոտենում է Արաքսի ափին: Մարտական պատրաստության են բերվում Իրանի սահմանապահ ուժերը: Նախիջևանում սահմանային միջադեպեր արձանագրվել էին նաև դեկտեմբերի սկզբին, թեև այդ մասին մամուլում տեղեկություններ չէին հայտնվել: ԽՍՀՄ ՊԱԿ սահմանապահ զորքերի անդրկովկասյան օկրուգի ղեկավար Իոկուբաս Պետրովասը «Իզվեստիա» թերթի թղթակից Ռ. Իգնատևին պատմում էր, որ 1989թ. դեկտեմբերի 4-ին մեծ թվով մարդիկ մոտենում են սահմանին, խարույկներ վառում, շղթայաձև շարվում և բարձրախոսներով կոչեր են անում իրանական կողմին:
«Նրանք հարավային և հյուսիսային Ադրբեջանների միավորման կոչ էին անում: Այդ օրն ամեն ինչ համեմատաբար հանգիստ ավարտվեց: Նրանց զգուշացրեցին, որ այդ գործողություններն անօրինական են: Սակայն նույնը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին, իսկ երկու շաբաթ անց Նախիջևանի ԻԽՍՀ Ժողճակատի անդամները վերջնագիր ներկայացրին, որով պահանջում էին մինչև 1989թ. դեկտեմբերի 31-ը վերացնել սահմանային արգելափակոցները` հակառակ դեպքում սպառնալով քանդել դրանք»(«Իզվեստիա», 4 հունվարի, 1990թ.):
Անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով սահմանապահ զորքերի Անդրկովկասյան օկրուգի ղեկավարությունը զիջումներ է անում. թույլատրվում է սահմանամերձ որոշ հատվածներում տնտեսական աշխատանքները, գերեզմանոցների հատվածում հանվում են արգելափակոցները:
Собеседник, N 3, 1990
Սահմանապահ ջոկատի հրամանատար գնդապետ Ժուկովը եկույթ է ունենում հեռուստատեսությամբ և փորձում է հանգստացնել մարդկանց, սակայն ապարդյուն: Ակնհայտ էր, որ Ադրբեջանի Ժողճակատը ցանկացած դեպքում դիմելու էր սադրանքի:
Դեկտեմբերի 31-ին սահմանամերձ հատվածներում արդեն կուտակվել էին բենզինով լցված հարյուրավոր շշեր, սահմանային արգելափակոցները ոչնչացնում էին շուրջ 9 հազար մարդ, որոնցից շատերը զինված էին որսորդական հրացաններով: Իրանական կողմից սահմանին է մոտենում մոտ 800 մարդ:
Ադրբեջանի Ժողճակատի գլխավորությամբ կազմակերպված սադրանքի հետևանքով մոտ 164 կմ երկարությամբ քանդվում են սահմանային համակարգերը: Սակայն դա միայն սկզիբն էր: Նույն հարցազրույցում Պետրովասը նշում էր, որ իրենց տեղեկությունների համաձայն` «անկարգություններ են տեղի ունենում նաև Զանգելանի, Պուշկինի, Լենքորանի շրջաններում»:
Նախիջևանի սահմանային միջադեպի պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվում է քննչական խումբ, որտեղ ընդգրկվում են Ադրբեջանի ՊԱԿ-ի, ՆԳՆ-ի, դատախազության քննիչները: Բաքու են ժամանում կուսակցական բարձրաստիճան աշխատակիցներ` ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Գիրենկոն, ԽՍՀՄ ԳԽ ազգությունների խորհրդի նախագահ Նիշանովը և այլ պաշտոնյաներ: Նրանք հանդիպումներ են անցկացնում Ադրբեջանի կուսակցական առաջնորդների հետ, իսկ հունվարի 5-ին Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Վեզիրովի հետ մեկնում են Նախիջևան: («Իզվեստիա», 6 հունվարի, 1990թ.):
Ադրբեջանի Ժողճակատի ներկայացուցիչներն իրենց պահանջները հիմնավորում էին հազարավոր ադրբեջանցիների` Իրանում հարազատներ ու ազգականներ ունենալով և նրանց հետ հանդիպելու անհրաժեշտությամբ, իսկ դրա համար պետք էր բացել սահմանը: ԽՍՀՄ ՊԱԿ սահմանապահ զորքերի քաղվարչության պետ գեներալ-լեյտենանտ Բրիտվինը պարզաբանում էր, որ «Ադրբեջանի Ժողճակատը սահմանը բացել ասելով նկատի ուներ ազդանշանային համակարգերի վերացում և պարզեցված ընթացակարգով անցագրերի տրամադրում: Սահմանապահ զորքերը չեն կարող համաձայնել նման մոտեցմանը, քանի որ դա խախտում է հակառակ կողմի (Իրանի) հետ ձեռք բերված իրավական պայմանավորվածությունը» («Արգումենտի ի ֆակտի», 6-12 հունվարի, 1990թ.):
ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը Նախիջևանի միջադեպի պատճառների շարքում նշում էր նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ձգձգումը, ինչն, իբր թե, առաջացրել է մարդկանց դժգոհությունը: Մյուս պատճառները վերաբերում էին սահմանամերձ գոտու արոտավայրերն օգտագործելու և Իրանի հետ առևտուր անելու թույլտվությանը: Սակայն, եթե հաշվի առնենք, որ սահմանային անկարգությունները սկսվել էին ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու Հայկական ԽՍՀ ԳԽ որոշումից (1989թ. դեկտեմբերի 1) երկու օր անց, ապա կարելի է հասկանալ Ժողճակատի գլխավոր նպատակը:
1989թ. ընթացքում աստիճանաբար դառնալով ազդեցիկ քաղաքական ուժ` Ադրբեջանի Ժողճակատն ուներ նաև ԽՍՀՄ տարածքում մահմեդականների հետ սերտ համագործակցության և միավորման նպատակ, ինչը պանթուրքիզմի գաղափարախոսության հետ շատ ընդհանրություններ ուներ, որի մասին հայտարարում էին Ժողճակատի գաղափարախոսները:
1989թ. դեկտեմբերի 16-ին «Կոմունիստ» թերթում հրապարակվում է Ադրբեջանի ԳԱ գրականության ինստիտուտի աշխատակից, ժողճակատի գաղափարախոս Համիդ Հերիսչիի զրույցը լիտվական «Արգիմիմաս» («Համաձայնություն») թերթի լրագրողների հետ: Ներկայացնելով իր տեսակետը ԽՍՀՄ-ում ապրող մահմեդականների մասին` Հերիսչին մատնանշում էր նրանց ծանր սոցիալական դրությունը, հետամնացությունն ու ապրուստի վատ պայմանները և այս ամենի համար մեղադրում ռուսներին ու ընդհանրապես` սլավոններին:
«Ես եղել եմ Ֆերգանայի դաշտավայրում, Աշգաբադում, Կազանում, Տաշքենդում և տեսածս նկարագրելու ուժ չունեմ: Նրանք մեր հողերը դժոխքի են վերածել. վատ ձեռնարկություններ, վնասակար պայմաններ: Իսկ նայեք Իվանովոյի գործարանները. մաքրություն, կարգուկանոն, արհմիության հանգստի ուղեգրեր, կանայք` խալաթներով: Մեր վզին են նստած, ուզբեկական բամբակով են աշխատում»,- ասում էր նա («Կոմունիստ», 16 դեկտեմբերի, 1989թ.):
Ինչպես տեսնում ենք, Հերիսչին դժգոհում էր ոչ միայն սոցիալական պայմաններից, այլև ԽՍՀՄ-ի բոլոր մահմեդականներին համարում էր մեկ ընդհանրություն: Ուշադրության արժանի է նաև Հերիսչիի տեսակետը Խորհրդային Միության մասին. նա գտնում էր, որ ԽՍՀՄ-ի գոյությունը ձեռնտու է մահմեդականներին, քանի որ ԽՍՀՄ-ից դուրս գալը «մեզ համար կնշանակի դուրս գալ թյուրքական միությունից»: «Մահմեդականներին ձեռնտու չէ ԽՍՀՄ փլուզումը և դրանով` թյուրքական միության քայքայումը: Ադրբեջանը, Կիրգիզիան, Ղազախստանը, Բաշկիրիան, Պովոլժիեն, Թաթարստանը, Յակուտիան, Թուրքմենիան, Ղրիմը, Հյուսիսային Կովկասը բոլորը թյուրքական հողեր են»,- հայտարարում էր Հերիսչին: Այս հոդվածը մի քանի ամիս անց արտատպվում է նաև «Վեկ XX ի միր» ամսագրում (թիվ 3, 1990թ.):
Հերիսչիի արտահայտած մտքերը 90-ականների սկզբին զգալի տարածում ունեին ԽՍՀՄ մահմեդական հանրապետություններում և հաշվի առնելով Ժողճակատի ծայրահեղ ազգայնական գործելաոճը, կարող ենք եզրակացնել, որ 1989-ի վերջին Նախիջևանի, այնուհետև` Ադրբեջանի մյուս սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած դեպքերը այս գաղափարների իրականացման փորձեր էին:
Հունվարի 5-ին Նախիջևան գործուղված ԽՍՀՄ կուսակցական ղեկավարներն այցելում են Ջուլֆայի, Բաբեկի, Օրդուբադի, Իլյիչևսկի շրջաններ, հանդիպում ձեռնարկությունների, կոլտնտեսությունների աշխատավորների հետ, քննարկում սահմանային միջադեպը: Խոսելով պատճառների մասին ԽՍՀՄ ԳԽ ազգությունների խորհրդի նախագահ Նիշանովը մամուլին հայտնում է, որ «խնդիրներն այստեղ կուտակվել են տասնամյակների ընթացքում» և նշում դրանցից մի քանիսը` ժողովրդական հերոսների հուշարձաններին, նախնիների գերեզմաններին այցելելու դժվարությունը, Արաքսի ափամերձ հողատարածքների մշակումը և այլն: Պաշտոնական հաղորդագրության մեջ արդեն չեն հիշատակվում ԼՂԻՄ-ի խնդրի կարգավորման և Իրանում բնակվող հարազատներին հանդիպելու` նախկինում բարձրացված հարցերը («Իզվեստիա», 8 հունվարի, 1990թ.):
Մինչդեռ լրագրողներն ու վերլուծաբանները մանրամասներ էին հաղորդում դեպքի մասին և մատնանշում վտանգները:
«Ժողճակատի ծրագրի համաձայն, Ադրբեջանական ԽՍՀ-ն պետք է «առանձնահատուկ հարաբերություններ» հաստատի Իրանի, կապեր պահի մյուս մահմեդական երկրների հետ և անդամակցի Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպությանը: Եվ այժմ խոսում են «բաժանված ժողովրդի» մասին: …Ինչ-որ մեկին ձեռնտու է այսօր ԽՍՀՄ-ի դեմ շարունակել «իսլամական խաղերը»: Հիմա դրանք նշմարվում են խորհրդա-իրանական սահմանին: Ավելի ու ավելի հաճախ ենք լսում նոր պայմաններում պանթուրքիզմի հին գաղափարների մասին: …Թուրքիայում խոսեցին խորհրդային ադրբեջանցիների ազատ գոյատևման իրավունքի մասին: Դա արդեն նորություն է: Ահա և մտածում ես` գուցե այս միտքը խորհրդա-իրանական սահմանին անկարգություններ հրահրողներին ակտիվացնելու համա՞ր է»: Իգոր Բելյաև, քաղաքական մեկնաբան, («Լիտերատուրնայա գազետա», 10 հունվարի, 1990թ.):
Միքայել Յալանուզյան
Շարունակելի
http://ankakhutyun.am/archives/8368