Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում տեղի է ունեցել Չինաստանում հայագիտական առաջին կենտրոնի բացումը, որը հնարավոր է եղել իրականացնել Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Դալիանի օտար լեզուների համալսարանի համագործակցության արդյունքում:
Կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գայանե Գասպարյանի գլխավորությամբ, Դալիանի օտար լեզուների համալսարանի ղեկավարությունը, Դալիանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Բացման արարողությունից հետո մասնակիցները համալսարանի ուսանողների հետ այցելել են նորաբաց կենտրոն՝ տարաբնույթ գրքեր, ձեռնարկներ, տպագիր և էլեկտրոնային ուսումնական նյութերի նվիրաբերմամբ առաջին քայլը կատարելով կենտրոնում հայագիտական հարուստ գրադարանի ձևավորման գործում: