Սույն ուսումնասիրությունը նախապատրաստական փուլում էր տարիներ շարունակ: Ընթացիկ տարվա հուլիսի 1-ին Երևանի «Ականաթ» սրճարան-պատկերասրահում այս թեմայով կարդացած դասախոսությունից հետո սա իմ տեսակետները տպագիր արտահայտելու առաջին փորձն է: Կփորձեմ տեսականորեն համակարգել անցած երեսուն տարիներին կուտակած իմ անձնական փորձառությունը` Բեյրութում, Երևանում (Միխայիլ Գորբաչովի այսպես կոչված վերակառուցման տարիներին), Լոնդոնում ու Դիրբորնում (Միչիգան, ԱՄՆ)` որպես սփյուռքահայ անհատ, որպես պատմության մեջ մասնագիտացող ուսանող, որպես նույն առարկայի դասախոս և որպես տարբեր ժամանակներում երկու տարբեր երկրներում հայագիտական երկու տարբեր կենտրոնների վարիչ:
Հետևաբար, սույն հոդվածն անդրադառնում է իրավիճակին այնպես, ինչպես որ ես այն տեսնում եմ մերօրյա Սփյուռքում: Հոդվածի վերջնամասում հպանցիկորեն անդրադարձ է կատարվում նաև խորհրդային ու հետխորհրդային Հայաստանի զուգահեռ հանգամանքներին: Ավելին, սա դեռևս հընթացս աշխատանք է, և եզրակացությունները կլրամշակվեն այլ պատմաբանների, հայագիտության այլ գիտակարգերի փորձագետների ու ժամանակակից հայկական հիմնախնդիրներով հետաքրքրված հանրույթի հետ մտքերի հետագա փոխանակման շնորհիվ:
Հայերի մեծամասնությունը հպարտանում է իր ազգի պատմությամբ: Պատմությունը, որ նրանք սովորում են, ընդգծում է իրենց ազգի անցյալի դրականն ու հերոսականը: Ըստ էության, հայոց պատմության ներկա մեծ պատումը (grand récit; metanarrative) շատ չի տարբերվում հետգաղութային շատ պետություններում կամ իրենց սեփական ազգային պետությունն ստեղծելու ձգտող ազգային-ազատագրական շարժումների կողմից քարոզվող ազգային պատմություններից: Այն ընդգծում է ազգի փառավոր անցյալը, ինչն ընդհատվել է արտաքին ներխուժումների, նվաճումների և նախկինում բացառապես հայաբնակ տարածքներում օտարների բնակեցման պատճառով: Հայերի ազգային զարթոնքը տեղի է ունեցել տասնիններորդ դարում և շարունակվում է մինչ օրս: Այնուամենայնիվ, հայերի համար իրենց երկրի անկախության ձեռքբերումը օտարների դեմ պայքարի հաջող եզրափակումը չէ: Ներկա անկախ հայկական պետության սահմանները շատ ավելի փոքր են, քան տենչած պատմական հայրենիքինը, և պատմական արդարության հաղթանակի դեպքում այս սահմանները ապագայում պետք է ընդլայնվեն: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը այդ ճանապարհին ժամանակավոր հետընթաց էր միայն, և դրա հետևանքները ժամանակի ընթացքում պետք է հաղթահարվեն: Հայկական սփյուռքում ազդեցիկ վերնախավերի (էլիտա) շրջանում գերիշխող է այն տեսակետը, որ հայոց պատմությունը դրական ոսպնյակով ներկայացնելը անհրաժեշտ է դաստիարակելու համար հայերի նոր, հայրենասեր սերունդներ, որոնք որպես էթնիկական փոքրամասնության ներկայացուցիչներ հասակ են առնում Սփյուռքի հայագաղութները հյուրընկալող տարբեր պետություններում: Այս վերնախավերի նպատակն է մոտ ապագայում հայ երիտասարդությանը հեռու պահել ուծացումից, որպեսզի նրանք կամ նրանց սերունդները հետագայում կարողանան վերջնականապես վերադառնալ ու իրենց պատմական հայրենիքի ամբողջական տարածքում ստեղծեն հայկական միացյալ պետություն:
Բոլոր հավաքականությունների (ներառյալ` ազգերի) պատմություններում կան դրվագներ, որոնց մասին այդ խմբի մեծամասնությունը նախընտրում է չբարձրաձայնել։ Այս հոդվածում, սակայն, ես կենտրոնանալու եմ բացառապես հայոց պատմության վրա: Ես դեռևս ամբողջությամբ չեմ որոշել ինչպես կոչել այն թեմաները, որոնցից սփյուռքահայ պատմաբանները գիտակցաբար խուսափում են: Անցած մի քանի տարիների ընթացքում ծանոթներիս ու գործընկերներիս հետ ունեցած մասնավոր քննարկումների ընթացքում բազմաթիվ եզրույթներ են առաջարկվել` «դժվարին», «չխրախուսվող», «անցանկալի»։ Ճշգրիտ եզրույթի մասին վերջնական համաձայնության հարցը թողնելով ապագայի համար, այստեղ ես կփորձեմ դրա ուրվագծերը սահմանել որքան հնարավոր է նեղ իմաստով: Վստահաբար, ներկայումս հայ պատմագրության բոլոր բացերը չէ, որ կարելի է բացատրել նրանց թեժ քննարկումների դուռ բանալու վտանգի առկայությամբ կամ նրանց հայ հասարակության ազդեցիկ խմբերի համար «անցանկալի» լինելու հետևանքով: Այս ճեղքերից մի քանիսը պարզապես այն պատճառով են, որ անհրաժեշտ սկզբնաղբյուրները չեն պահպանվել: Նվազ համոզիչ կլինի, եթե բոլոր թեմաները նույն խորությամբ ուսումնասիրել չկարողանալու իրողությունը վերագրվի միայն ժամանակի կամ ֆինանսավորման անբավարարությանը: Ի վերջո, կարելի է հեշտությամբ հակառակը պնդել, թե որոշ թեմաներին հաստատությունների կամ անհատ հովանավորողների կողմից նախապատվություն տրվելը հաճախ պայմանավորված է համայնքում իշխող քաղաքական, կրոնական, գործարար կամ մտավոր վերնախավերի նախընտրություններով: Այս հոդվածում ես կբացահայտեմ այն թեմաները, որոնցից գերիշխող վերնախավերը խուսափում ենգիտակցաբար, անգամ եթե բոլոր անհրաժեշտ սկզբնաղբյուրները և հետազոտական գործիքները հասանելի են, և երբ նրանցից խուսափում են միա՛յն այն պատճառով, որ կարծում են, թե այս թեմաները հանրայնացնելը կարող է հայության կամ տվյալ համայնքի վրա լայն իմաստով բացասական ազդեցություն թողնել: Սա այն է, ինչը ես այս հոդվածում կոչում եմ «անցանկալի թեմաներ», և փորձնականորեն դա հետևյալ կերպ եմ սահմանում. «անցանկալի» թեման այն աստիճան վիճահարույց է, որ հասարակության մեջ գերակշռող տարրերը նախընտրում են այդ մասին քննարկումներ չունենալ` պատճառաբանելով, որ այդ մասին լռելը նպաստում է ավելի գերակա ինչ որ մի նպատակի իրագործմանը: Այստեղ չեմ անդրադառնալու նաև այն խնդիրներին, որոնց շուրջ հայերի շրջանում երկու կամ ավելի իրարամերժ, բայց ամրագրված կարծիքներ կան, բայց և դրանք շարունակաբար և ազատորեն արտահայտվում են տարբեր շրջանակների կողմից:
«Անցանկալի» թեմաների խնդրի սփյուռքյան տեսանկյունը շատ հետաքրքիր է, քանի որ այդ համայնքներին հյուրընկալող երկրների համապատասխան պետական վարչակարգերը անմիջականորեն շատ փոքր դեր ունեն որոշակի թեմաներ «անցանկալի» դարձնելու հարցում: Դրանց «անցանկալիությունը» գլխավորապես առաջանում է հայկական մտահոգություններից:
Սփյուռքում ներկայումս գերիշխող վերնախավերի շրջանում «անցանկալի» համարվող թեմաների երկար ցուցակ կազմելու փոխարեն՝ ես ավելի նպատակահարմար եմ գտնում ներկայացնել հայոց պատմագրության մեջ որոշակի թեմաներ «անցանկալի» դարձնող համոզմունքներն ու մտահոգությունները` դրանք դասակարգելով չորս խմբերում:
«Անցանկալի» թեմաների որոշակի քանակություն ստեղծող ամենատարածված սկզբունքն այն առկա ցանկությունն է, որ սփյուռքահայ պատմագրությունը հայերին պետք է ներկայացնի դրական, նույնիսկ համարյա կատարյալ կերպարով: Շատ քիչ են այն թերությունները, որ սփյուռքահայ պատմաբանների աշխատանքներում բացեիբաց խոստովանվել են, որովհետև կամ՝ դրանք լավ օրինակներ չեն համարվում հայ երիտասարդությանը հետևելու համար, կամ էլ՝ վախի պատճառով, թե Հայաստանի թշնամիները կարող են դրանք օգտագործել (հայերին միամիտ համարելը երկիմաստ տեղ ունի «անցանկալի» թերությունների այս ցուցակում)։ Ընդհակառակը, թերություն համարվող հատկանիշները, կամ այն անհատներն ու դրվագները, որոնք կարող են հայերին բացասական լույսի ներքո ներկայացնել, սովորաբար անտեսվում են կամ հնարավորինս մաքրաջրված են ներկայացվում: Ըստ իս, սեռական այլասերման և ընտանեկան բռնության հարցերը ևս այս կատեգորիային են պատկանում, քանի որ հայ ավանդական ինքնությունը շարունակում է իդեալականացնել ու բացարձակացնել ընտանեկան բարոյականության տասնիններորդ դարում կազմավորված ըմբռնումները: Ժամանակին հայտնի և արգասաբեր հայկական որոշ հաստատությունների հետագա անկման հետևում ընկած գործոնների վերլուծությունը ևս սովորաբար շրջանցվում է:
Այլ էթնիկական խմբերի և ազգություններ հետ հայերի հարաբերությունները պետք է դասակարգել առանձին: Քրիստոնեությունն այժմ համարվում է հայկական ինքնության հենասյուներից: Հայերը` Մերձավոր Արևելքի այլ քրիստոնյաների նման, մշակութային առումով իրենց մոտ են համարում ժամանակակից Եվրոպային և գերադաս` տարածաշրջանի ոչ քրիստոնյա ժողովուրդներից։ Մանրամասնել այն դեպքերն ու հանգամանքները, երբ հայերը սովորել են այլ քրիստոնյա, մասնավորապես` եվրոպական մշակույթներից, ընդունված մոտեցում է սփյուռքահայ ժամանակակից պատմագրության մեջ: Միաժամանակ, սփյուռքահայ պատմագրությունը հայերին պատկերում է գերադաս իրենց պատմական հայրենիքին հարևան հինգ ազգությունների նկատմամբ` կյանքի համարյա բոլոր բնագավառներում։ Հավաքական բռնության պարագայում սովորաբար մեղավոր են համարվում հարևաններիը, և այն դրվագները, որտեղ հայերը զոհերն են, սովորաբար լավ են ուսումնասիրված: Գլխավորաբար անցած մի քանի դարերի ընթացքում, հայկական պետականության բացակայության հետևանքով, հայերի կողմից նախաձեռնված զինված գործողություններն ավելի հազվադեպ են: Այնուամենայնիվ, այս հատուկենտ օրինակներն անգամ սովորաբար մեկնաբանվում են որպես ինքնապաշտպանություն: Հայոց պատմության այսպիսի մեկնաբանությունների եզրակացությունն այն է, որ հայերը մշտապես եղել են արդար ու խաղաղ (ինչպես նշվեց վերևում` առաջին կատեգորիայի ներքո), սակայն, դժբախտաբար, գրեթե բոլոր կողմերից շրջապատված են եղել նվազ զարգացած ու վտանգավոր հարևաններով: Արևմուտքից փոխառությունների մասին հատուկ թեմաները սփյուռքահայ պատմաբանների համար պակաս հետաքրքիր են դառնում, երբ նրանք հնարավորություն չունեն պնդելու, թե այդ նորությունն ընդունելու հարցում հայերը առաջինն են եղել տարածաշրջանում: Միաժամանակ, հայերի կողմից իրականացված բռնության ցանկացած գործողություն, եթե այն չի կարելի արդարացնել որպես ինքնապաշտպանություն, շրջանցվում է:
Այս երկու հիմնական համոզմունքները ճիշտ են հայրենիքում ստեղծագործող հայ պատմաբանների հիմնական մասի դեպքում ևս: Սակայն դասակարգման մնացյալ երկու կատեգորիաները, որ պետք է ներկայացվեն, ըստ երևույթին, ավելի բնորոշ են ժամանակակից Սփյուռքին: Երրորդ կատեգորիան, որ ես առաջարկում եմ, Հայկական սփյուռքի բազմաթիվ համայնքների կողմից իրենց հյուրընկալող համապատասխան հասարակություններին ցույց տրվող այն հետևողական փորձերն են, որ նրանց ու հայերի շահերը միշտ ներդաշնակ են եղել պատմության ընթացքում: Այս մոդելի մեջ չտեղավորվող անցյալի ցանկացած օրինակ սովորաբար մի կողմ է դրվում: Ինչպես և սպասվում էր, այս կատեգորիայում դասակարգվող «անցանկալի» թեմաները փոխվում են սփյուռքահայ մի համայնքից մյուսին անցնելիս, հաշվի առնելով այն փաստը, որ հայերը ապրում են ամբողջ երկրագնդով մեկ սփռված տարբեր երկրներում, ներառյալ այնպիսի պետություններում, որոնք կարող են միմյանց թշնամի լինել: Լավ օրինակ է այն, որ հայերն Արևմուտքում փորձում են Առաջին համաշխարհային պատերազմի ցեղասպանությունը բացատրել Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների Ողջակիզման (Հոլոքոստ) հետ համեմատության մեջ: Արաբական աշխարհում ապրող հայերը, սակայն, որքան հնարավոր է խուսափում են այս համեմատությունից, հայերի ու հրեաների միջև հեռավորություն պահպանելու նպատակով: Դրա փոխարեն նույնիսկ համեստ ջանքեր են գործադրվել Հայոց ցեղասպանությունը համեմատելու 1948-ին և դրանից հետո կատարված պաղեստինցի արաբների հայրենազրկման հետ:
Չորրորդ և վերջին կատեգորիան Հայկական սփյուռքում վերջին տասնամյակներին, հատկապես`1960-ականներից սկսած միջհամայնքային ու միջկուսակցական զարգացումների արդյունքն է: Հայերին ազգային միասնականության հրավիրող կոչերը եղել են հայոց ժամանակակից ազգային գաղափարախոսության հաստատուն բաղադրիչներից: Հաճախ են պնդում, որ հայերը հաղթանակած կլինեին, եթե միայն մասնատված չլինեին: Այնուամենայնիվ, հայկական երեք հարանվանությունների, ինչպես նաև հայկական դասական երեք կուսակցությունների միջև տարբերությունները և մրցակցությունը ակնհայտ են եղել մինչև որ, հարաբերականորեն վերջերս, երկու դեպքում էլ, նախապես մրցակցող վերնախավերի ներսում որոշակի փոխհամաձայնություն գոյացնելու տրամադրություն ի հայտ եկավ: Թեև հնից եկած տարբերությունները պահպանվում են, սակայն դրանք սքողելու ընդհանուր ցանկություն է առաջացել: Այսպիսով, անցյալում կրոնահամայնքային կառույցների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների միջև տարատեսակ հակամարտությունների բազմաթիվ դրվագներ դարձել են «անցանկալի» թեմաներ, որովհետև դրանք հիշեցնում են ներհայկական լարվածության հին ժամանակները և կարող են հին, բայց ակնհայտորեն չսպիացած վերքեր վերաբացել: Ավելին, յուրաքանչյուր կրոնական կառույցի կամ քաղաքական խմբակցության առանձին հերոսներին և պատմության աստեղային դրվագները քննարկելը դարձել է «մասնավորեցված»: Նախապես մրցակից համարվող դավանանքներն ու կուսակցությունները ներկայումս դադարեցրել են բացեիբաց վիճարկել իրենց համար սիրելի համարվող անհատների ու պատմական փառավոր դրվագների վերաբերյալ «հակառակ կողմի» մեկնաբանությունները, անգամ եթե նրանք դեռևս թերահավատ են մնում «հակառակ կողմից» հանրայնորեն ասվածի կամ գրվածի մասին: Նման թեմաները համարյա բոլորի համար փաստացի դարձել են «արգելված տարածքներ», բացառությամբ այն դավանական կամ քաղաքական հավաքականության, որը այդ անհատին կամ պատմական դրվագը համարում է իր «սեփականությունը»:
Սփյուռքի վերնախավերի կողմից հայոց պատմության մեջ որոշ թեմաներ «անցանկալի» դարձնելը շատ ավելի նշանակալից է, որովհետև նրանք չեն օգտվում կառավարական մեքենայի ծառայություններից և հրապարակումներն ու մեդիան պաշտոնապես գրաքննելու՝ վերջինիս մենաշնորհից: Հետևաբար, «անցանկալի» թեմաները Հայկական սփյուռքում կպահպանվեն այնքան ժամանակ, որքան որ առկա փոխհամաձայնությունը կշարունակվի դավանական, քաղաքական ու գործարար վերնախավերի միջև: Քանի դեռ այսպիսի համընկնում գոյություն ունի, իշխանության մեջ գտնվող մարդիկ «անցանկալի» թեմաներ չեն քննարկի, դրանց քննարկումը չեն խրախուսի և այդպիսի թեմաների հետազոտության համար ֆինանսավորում չեն տրամադրի: Նույնիսկ երբ սփյուռքահայ մի պատմաբան աշխատանքի անցնի ոչ հայկական հաստատությունում, ինչպես, օրինակ, հյուսիսամերիկյան կամ եվրոպական համալսարանում, և հետևաբար ֆինանսապես անկախ դառնա հայկական համայնքից, համայնքային այս հաստատությունները դեռևս կարող են նրա հետազոտություններին խոչընդոտել` նյութեր չտրամադրելով, ինչպես, օրինակ, իրենց հաստատության արխիվները փակ պահելով կամ խոչընդոտելով հարցումներ իրականացնել այն անձանց կամ խմբերի հետ, որոնց վրա իրենք ազդեցություն ունեն: Անգամ եթե ի հեճուկս բոլոր արգելքների՝ մի «անցանկալի թեմա» ուսումնասիրվում է, նույն հայկական հաստատությունները դեռևս կարող են կանխել դրա արդյունքների լայն տարածումը հայերի շրջանում`մերժելով դահլիճներ տրամադրել հանրային դասախոսությունների համար կամ մերժելով հետազոտության եզրակացություններին անդրադառնալ իրենց ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ներում: Ամենածայրահեղ դեպքը կարող է լինել «անցանկալի թեմաների» հետ աշխատող գիտնականներին կազմակերպված ձևով հրապարակային անվանարկելը: Նշված սահմանափակումների ներքո «անցանկալի» թեմաների քննարկումը հնարավոր է դառնում միայն մասնավոր ձևաչափերում, որի շրջանակները հարաբերականորեն նեղ են:
Սույն հոդվածի նախնական մի տարբերակի շուրջ իմ հետ մտքերի մասնավոր փոխանակման ժամանակ Վեսլեյան համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Թյոլյոլյանը նկատեց, որ իմ կողմից առանձնացված բոլոր կատեգորիաները այսպես թե այնպես 19-րդ դարում սկսված ժամանակակից ազգակերտման գործընթացի արդյունք են: Սա համոզիչ բացատրություն է թվում: Ցավոք սրտի, 18-րդ դարի վերջից սկիզբ առած ժամանակակից հայ պատմագրության զարգացմանը նվիրված, ինչպես նաև այդ պատմագրությանը նախորդած 5-18-րդ դարերի, միջնադարյան հեղինակների ժառանգության հետ համեմատական լուրջ վերլուծություններ առ այսօր շատ քիչ են իրականացվել: Հայ պատմագրության հանդեպ նմանատիպ մի նոր մոտեցում հնարավոր կդարձնի պարզել, թե երբ և ինչ հանգամանքներում են որոշ թեմաներ դառնում «անցանկալի», մինչ ուրիշներ, որ նախապես տաբու էին համարվում, դառնում են հետազոտության միանգամայն ընդունելի թեմաներ։ Ի վերջո, ներկայումս «անցանկալի» համարվող թեմաներից շատերը պայմանավորվում են հայ հասարակությունում առկա քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային իրավիճակներով: Հենց որ այս իրավիճակները փոխվեն, հայ հասարակության ներսում ներկայումս գերիշխող տարբեր գաղափարախոսությունները ևս կենթարկվեն փոփոխության, իսկ «անցանկալի» թեմաների ցանկը որոշ խմբագրումներ կկրի: Ավելին, հայագետ պաշտոնակիցներից (կոլեգա) լսել եմ, որ համացանցի միջոցով հաղորդակցման տարածման և համաշխարհայնացման ավելի լայն գործընթացների արդյունքում «անցանկալի» թեմաների հարատևման խնդիրն ապագայում առավել դժվար է լինելու, քան որ հիմա է:
Միաժամանակ, Թյոլյոլյանը նշում է, որ հայ պատմագրական ժամանակակից ավանդույթը դժվարանում է բացատրել «պատերի ներսում պարփակված հարատև հակամարտության» (eternal intramural conflict) «մարդկության առանցքային շարժիչ» (the core dynamic of peoplehood) լինելու հանգամանքը: Հետևաբար, ըստ նրա, «այն, ինչ պետք է լիներ հայոց պատմության ընթացքում, և հատկապես ազգային վերնախավերի ներսում, հարատևող և միայն հազվադեպորեն ամբողջական լուծում ստացող հակամարտությունների պատում, վերածվում է հերոսների ու դավաճանների մասին մի պարզունակ պատմության» (“what should be a narrative of conflicts that are rarely fully resolved and persist through Armenian history, especially within national elites, becomes a simplistic story of heroes and traitors”. տե՛ս էլեկտրոնային հաղորդակցություն, 5 հուլիս, 2015):
Ես չեմ կարող ինձ գիտակ համարել Հայաստանի խորհրդային և հետխորհրդային իրավիճակի, ինչպես նաև Սփյուռքում առկա դրության վերաբերյալ խորը համեմատական քննություն կատարելու համար: Ես կսահմանափակվեմ մի քանի դիտարկումներով, որոնք հետագայում Հայաստանում ապրող մասնագետը կարող է ավելի խորությամբ վերլուծել: Նախ, պետական ապարատի գոյությունը, վերջին տասնամյակներում Հայաստանում իշխանություն հաստատած իրար հաջորդող վարչակարգերի օրինակարգության նկատմամբ մշտական կասկածները և գործող իշխանությունների կողմից տպագիր մամուլով, հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող նյութի կառավարումը ավելի բարդ է դարձնում պարզելը, թե ինչ չափերով են լայն շրջանառություն ստացած տեսակետները տարածված նաև երկրի տնտեսական ու մշակութային վերնախավերի շրջանում: Այնուամենայնիվ, անգամ խորհրդային իշխանության ժամանակ եղել են մի քանի օրինակներ, երբ հեղինակներն իրենց ստեղծած գրականության պատճառով (որ տարբերվել է իշխող կուսակցությունից և կառավարությունից) դարձել են անարգանքի թիրախներ ընթերցող հասարակության զգալի մասի կողմից:
Ժամանակակից Հայաստանում ոմանք դեռևս կիրառում են այս մարտավարությունը՝ երբ պատմագիտական որոշ մեկնաբանություններ ազգային անվտանգության հարց են հայտարարում, այլընտրանքային մեկնաբանությունների շուրջ որևէ քննարկում կանխելու համար: Երկրորդ, հայաստանաբնակ հայերն ապրում են իրենց հայրենիքում, ինչը պետք է ինքնըստինքյան բացառեր այս հոդվածում տեղ գտած երրորդ կատեգորիայի հետ համեմատություն անցկացնելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, մի քանի հայաստանցի գործընկերներ անձնական զրույցների ընթացքում կարծիք են հայտնել,որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանում հաճախ մեկնաբանվում են այնպես, ինչպես ես եմ նկարագրում Սփյուռքի տարբեր վերնախավերի մոտեցումը իրենց հյուրընկալող հասարակությունների ազգային պատմությանը: Երրորդ, հետխորհրդային Հայաստանում ոչ մի միջվերնախավային փոխհամաձայնություն չի առաջացել, և դա է պատճառը, որ իմ չորրորդ կատեգորիայում ներառված «անցանկալի» թեմաները շատ սահմանափակ են Հայաստանում: Հայոց նորագույն պատմության առանցքային դեպքերին առնչվող և հաճախ կտրուկ տարբերվող մեկնաբանությունները ներկայումս կողք կողքի շրջանառվում են երկրի ներսում, բայց միայն քաղաքականապես գերակշիռ վերնախավերին հաճելի մեկնաբանություններն են արտացոլվում դպրոցական դասագրքերում և հեռուստատեսային ծրագրերում: Վերջապես, քանի որ 1991-ից սկսած ազգակերտման համար գործադրված ջանքերը կանխատեսվածից ավելի քիչ արդյունավետ են եղել, հավանական է, որ հայոց պատմության մեջ բոլոր անհաջողությունների համար օտարներին մեղադրող մեկնաբանությունը հայրենիքում ավելի շուտ վիճարկվի, քան Սփյուռքում:
Արա ՍԱՆՋՅԱՆ
Միչիգան, ԱՄՆ
* Արա Սանջյանը Միչիգանի համալսարանի Դիրբորն քաղաքի մասնաճյուղում պատմության դոցենտ է և նույն համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչը:
ԱՆԱԼԻՏԻԿՈՆ, նոյեմբեր, 2015, թիվ 11
http://theanalyticon.com/?p=7069