Հայաստանի Հանրապետության վերջին ժամերը. 2 դեկտեմբերի, 1920թ.

2604

1920թ. դեկտեմբերի 2-ին, մի կողմից Դրոյի ու Տերտերյանի, մյուս կողմից` Լեգրանի միջև, կնքվում է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիր: Հայաստանը հայտարարվում է անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն, որի կազմ էին մտնում Երևանի նահանգը իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, Գանձակի  նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի մի մասը, Թիֆլիս նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:

Հայաստանի խորհրդայնացման օրերին Ալեքսանդրապոլում շարունակվում էին հայ-թուրքական բանակցությունները: Կասյանը Դիլիջանից Կարաբեքիրին հեռագրով հաղորդում է Հայաստանի խորհրդայնացման լուրը: Վրացյանն իր հերթին հեռագրով հայկական պատվիրակությանը տեղեկացնում է կառավարության հրաժարականի մասին` հասկացնել տալիս, որ պետք է ընդունել թուրքերի պայմանները և ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը:

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, երբ արդեն Հայաստանը խորհրդայնացվել էր, ստորագրվում է հայ-թուրքական դաշնագիրը:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանում հաստատվում է նոր վարչակարգ: Խատիսյանը սպասում էր հրահանգների` ստորագրե՞լ Ալեքսանդրապոլի դաշնագիրը, թե՞ ոչ: Երեկոյան ժամը 6-ին Խատիսյանին հեռագրաթելի մոտ է հրավիրում Դրոն. ՙՀեղափոխական կառավարության անունից հայտնում եմ ձեզ, որ դուք ազատ եք ստորագրել դաշնագիրը կամ ոչ՚: Խատիսյանը հարցնում է. ՙԱրդյոք կառավարությունը ստորագրելո՞ւ կողմն է, թե՞ մերժելու: Մենք որոշակի և պարզ հրահանգներ ենք սպասում ՚: Դրոն պատասխանում է. ՙԳործե՛ք համաձայն ձեր հասկացողության: Ես խոսում եմ ընկեր Սիլինի և իմ անունից՚:

Երեկոյան ժամը 8-ին կայանում է Ալեքսանդրապոլի բանակցությունների չորրորդ և վերջին նիստը: Հայկական պատվիրակությունը հայտարարում է, որ ընդունում է դաշնագիրը, որից հետո սկսվում է դրա ընթերցումը հոդված առ հոդված: ՙՔննության ընթացքում հաջողվեց մասնակի մանր փոփոխություններ մտցնել հօգուտ մեզ, ինչպես օրինակ Աղբաբայի մի մասը (Կարսի նահանգ) Հայաստանի սահմանների մեջ մտցնելը, զորքերի քանակը 1200-ից մինչև 1500 բարձրացնելը: Երկար վիճաբանություններ եղան Անիի, Նախիջևանի, Սուրմալուի մասին, բայց թուրքերը ոչ մի զիջում չարեցին: Գիշերվա ժամը 2-ին (դեկտեմբերի 2-ի լույս 3-ի) երկու պատվիրակությունները ստորագրեցին դաշնագիրը՚,- գրում է Խատիսյանը:

1920թ. դեկտեմբերի 2-ին համաձայնագիր էր կնքվել ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության (Լեգրան) և Հայաստանի (Դրո, Համբարձում Տերտերյան) միջև, որի առաջին կետով Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն: Կազմվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե: Իշխանությունը ժամանակավոր կերպով, մինչև հեղափոխական կոմիտեի գալը, անցնում է զորահրամանատարությանը, որի գլուխ է կանգնում Դրոն, իսկ ՌԽՖՍՀ-ից Հայաստանի զորահրամանատարության կից կոմիսար է նշանակվում Սիլինը:

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամը 5-ին Վրացյանը և նրա նախարարները փակում են իրենց գրասենյակների դռները և լքում կառավարության շենքը: Հետագայում Վրացյանը այդ երեկոն այսպես է հիշել. ՙՄենք հանգիստ ցրվեցինք մեր տներով: Հանգիստ ու խաղաղ էր նաև քաղաքը: Խաղաղ էր նաև Արարատը՝ փաթաթված հաստ ամպերով՝ մտորելով աշխարհի դատարկության վրա: Այդ երեկոյան եկան Հայր Աբրահամն (Ավետիք Սահակյան) ու Պապաշան (Լևոն Թադևոսյան): Նրանք անասելի տխուր էին: Նստեցին, առանց բառ ասելու: Նստած իմ գրասեղանի մոտ, ես էլ լուռ էի: Իմ ձախ կողմում, պատին կախված նկարիչ Երկանյանի նվիրած կտավը՝ սուր աչքերով, սիրունատես Տրապիզոնի աղջիկը, մեզ էր զննում: Լայն պատուհանից՝ մայրամուտին Արարատի սիլուետն էր գծագրվում: Լռությունը պարուրել էր սենյակը, ինչպես մեր հոգիները՚:

Հայկական բանակի հրամանատարական կազմը, ըստ համաձայնագրի, չպիտի ենթարկվեր պատասխանատվության: Ռազմահեղափոխական կոմիտեի յոթ անդամներից հինգը նշանակվում են կոմունիստական կուսակցությունից` Կասյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան, Բեկզադյան և Նուրիջանյան, երկուսը` ձախ դաշնակցականներից` Դրո և Տերտերյան: Նոր իշխանությունը Հայաստանում ընդունվում է գրեթե առանց դիմադրության, բացառությամբ Զանգեզուրի, որտեղ զինված ուժերի հրամանատար Նժդեհը մի քանի ամիս պայքարում և պահպանում էր անկախությունը:

Վրացյանի խոսքերով` դեկտեմբերի 2-ը հասարակության վրա առանձնապես ազդեցություն չէր թողել. ՙՇատ հուզված էին միայն թուրքահայերը, որոնք դառն կերպով սգում էին անկախության խորտակումը: Գավառները, հաղորդակցության միջոցների դժվարության պատճառով, մեծ մասամբ հանկարծակիի էին եկել, բայց այնտեղ էլ առանձնապես ափսոսանք չէր նկատվում: Ոմանք նույնիսկ ուրախ էին. վերջապես ռուսը կգա ու կփրկի մեզ, թուրքերից էլ կապահովվենք, հաց էլ կունենանք, նավթ էլ կգա, կյանքը կդառնա ավելի դյուրին: Այս էր ընդհանուր մտայնությունը՚:

Դաշնակցական նախկին նախարարների և խորհրդարանի անդամների մի մասը հանրապետությունից հեռացավ հենց դեկտեմբերի 2-ին և լեռներով ուղևորվեց Վրաստան, բայց ճանապարհին ձերբակալվեց և բերվեց Երևան և բանտարկվեց: Մյուս մասն ուղևորվեց դեպի Զանգեզուր: Նախկին նախարարներից բաց էին ապրում միայն Վրացյանը, Քաջազնունին, Խատիսյանը, Տիգրանյանը, Գյուլխանդանյանը: Խորհրդարանի դաշնակցական անդամների մի մասն իրեն հայտարարեց ձախ դաշնակցական և փորձեց խումբ կազմել, սակայն հաջողություն չունեցավ: Մի մասը մտավ կոմունիստական կուսակցության մեջ, մյուս մասը երկու-երեք ամիս հետո, հեռացավ Հայաստանից:

Դեկտեմբերի 4-ին Երևան է գալիս նոր կառավարությունը` Կասյանի նախագահությամբ:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից