Ալեքսանդրապոլ, Կարս ու Ցյուրիխ. հայ-թուրքական բանակցություններ

2116

Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը, որ հայկական պատվիրակության կազմում 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերին մասնակցել է Ալեքսանդրապոլի հայ-քեմալական բանակցություններին, իր հուշերում (դրանք չեն տպագրվել, սակայն անխնամ վիճակով պահպանվում են արխիվում) ներկայացնում է պատվիրակության անդամների հոգեվիճակը, երբ Քյազիմ Կարաբեքիրը վերջնագիր է ներկայացնում՝ կից քարտեզով, պահանջելով, որ պատասխան տրվի մինչև առավոտ:

Սառը սենյակում, որտեղ կեսգիշերին հավաքվել էին հայկական պատվիրակության անդամները՝ Ալեքսանդր Խատիսյան, Աբրահամ Գյուլխանդանյան և Ստեփան Ղորղանյան, դժոխային լռություն էր: Ոչ մեկը սիրտ չուներ խոսելու: Գյուլխանդանյանը, անընդհատ ծխելով, սենյակի այս կողմից այն կողմ էր քայլում ու քթի տակ հուսահատ խոսում ինքն իր հետ. «Իսկ Առաքելոց վա˜նքը: Իսկ Վա˜նը: Իսկ Վարագա վա˜նքը…»:

Գյուլխանդանյանի մենախոսությունն ու սենյակի լռությունը խախտում է Խատիսյանը՝ իրեն բնորոշ սառնասրտությամբ. «Աբրահա´մ, պարտված ենք, պարտվա´ծ»:

Ալեքսանդրապոլի հայ-քեմալական պայմանագիրը կնքվեց 1920թ.  դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, հետևաբար՝ ճիշտ թվականը 3-ն է, այլ ոչ՝ 2-ը, ինչպես անարդարացի կերպով ընդունված է հայկական պատմագրության մեջ: Հայաստանի անունից այն ստորագրել է Ալեքսանդր Խատիսյանը, քեմալականներից՝ Քյազիմ Կարաբեքիրը: Փաստորեն, պայմանագիրը կնքվել է Հայաստանի խորհրդայնացումից կես օր հետո, երբ արդեն ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնել էր բոլշևիկներին, երբ Հայաստանը խորհրդայնացվել էր:

Պայմանագրի թուրքերեն (օսմաներեն) տեքստը ունի 18 կետ, որի տակ դրված է Խատիսյանի ստորագրությունը: Պայմանագրի հայերեն տարբերակը ունի 15 կետ: Այն ժամանակին պաշտոնապես չի հրատարակվել, հանձնվել է Հայհեղկոմի նախագահ Սարգիս Կասյանին: Դժվար է հասկանակ միանշանակ, թե ինչու հայերեն և օսմաներեն բնագրերի միջև կա այդքան տարբերություն:

Տասնամյակներ շարունակ և այսօր, որպես վերջին ճշմարտություն ասվում է, թե ՀՅԴ-ն ստորագրել է ստորացուցիչ, խայտառակ պայմանագիր: Որևէ պայմանագրի ստորացուցիչ լինելը ավելի ակնհայտ դարձնելու համար պետք է այն համեմատել հայ-թուրքական այլ փաստաթղթերի հետ: Այս տեսանկյունից, Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը ստորագրվել է մի կողմից քեմալականների, մյուս կողմից՝ ռուս բոլշևիկների ներխուժման՝ հայ ժողովրդի համար ծանրագույն պայմաններում, ավելի հայանպաստ է, քան 1921թ. Կարսում և կամ 2009թ. Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը:

Ալեքսանդրապոլի պայմանագրում ասվում էր, որ «Կարսի նահանգը և Սուրմալուն համարվում են վիճելի մինչև երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե՝ որոշելու այդ նահանգների վերջնական բախտը»: Կարսն ու Սուրմալուն հայ ժողովուրդը կորցրեց 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով, և այդ կորուստը վերահաստատվեց 2009թ. Ցյուրիխում՝ առանց անուններ տալու: Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանը վավերացրել է 1922թ. սեպտեմբերին, իսկ Ցյուրխյան արձանագրությունները, որոնք պայմանագրեր են, չեն վավերացվել:

«Շարուրը և Նախիջևանը ժամանակավորապես օժտվում են ինքնավորությամբ՝ գտնվելով Թուրքիայի հովանավորության տակ, մինչև որոշվի նրանց բախտը»,- ասվում էր Ալեքսանդրապոլի պայմանագրում, ինչպես նաև՝ «Հայերը հրաժարվում են Սևրի դաշնագրից»:

Ալեքսանդրապոլի պայմանագիրը իրավական ուժ չի կարող ունենալ մի քանի պատճառներով: Նախ, այն ստորագրվել է արդեն այն ժամանակ, երբ ստորագրող կողմերից մեկը՝ ՀՅԴ-ն, իշխանություն չուներ: Երկրորդ, այդ պայմանագիրը, ըստ 14-րդ կետի՝ «պետք է ենթարկվի վավերացման Հայաստանի խորհրդարանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից մեկ ամսվա ընթացքում»: Ո՛չ հայկական, ո՛չ թուրքական խորհրդարանում վավերացման չի ենթարկվել: Երրորդ, երբ կողմերը կնքում են նոր պայմանագիրը, ավելի վաղ կնքվածը, ըստ էության, կորցնում է ուժը, թեև միջազգային իրավունքի տեսանկյունից պայմանագրերն իրենց ուժը կորցնում են, երբ ստորագրող կողմերը հայտարարում են այդ մասին:

Պայմանագիրը ստորագրելուց և Հայաստանի խորհրդայնացումից հետո քեմալականները շարունակեցին Ալքեսանդրապոլում մնալ: Դա տևեց մինչև 1921թ. ապրիլի 21-ը, երբ ռուսները ուղղակի ստիպեցին նրանց հեռանալ Խորհրդային Հայաստանից: Այդ չորս-հինգ ամիսների ընթացքում քեմալականները ասպատակեցին երկիրն ու կոտորեցին նրա սովահար ժողովրդին:

Թաթուլ Հակոբյան