Նախորդ ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին, Փարիզում համակարգված ահաբեկչությունների շարքը խլեց շուրջ 130 մարդու կյանք: Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Ուրբաթ 13-ի մարտահրավերը և Հայաստանը» խորագիրը: Այն ներկայացված է ստորև:
Դեպքը
Նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունների շարքը խլեց շուրջ 130 մարդու կյանք, իսկ 350-ը վիրավորվեցին: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո սա արևմտյան աշխարհին նետված ամենալուրջ մարտահրավերն էր ու սպառնալիքը: Աշխարհը փարիզյան հարձակումներից հետո փոխվում է: Պետությունները, անգամ նրանք, որոնց նախկինում ահաբեկչության վտանգ չի սպառնացել կամ որոնք չեն ունեցել կամ զգացել մոլորակի ամենալուրջ ու հաճախ չերևացող մարտահրավերը, փարիզյան դեպքերից հետո փոխելու են իրենց դիրքորոշումները: Արդեն խոսվում է ահաբեկիչների կողմից քիմիական և կենսաբանական զենք օգտագործելու վտանգի մասին:
Խորապատկերը
Ահաբեկչությունը նոր երևույթ չէ, սակայն վերջին տասնամյակներում այն նոր ծավալ ու չափում է ստացել: Վերջին երեք ահաբեկչությունները՝ Շարմ էշ Շեյխ – Սանկտ-Պետերբուրգ օդանավի կործանումը Սինայի երկնքում, Բեյրութի շիական թաղամասում կրկնակի պայթյունները և Փարիզի համակարգված հարձակումների շարքը մեկ օղակի տարբեր հատվածներ էին, որոնք իրականացվեցին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից: Ընկալման և արձագանքի առումով առաջին պլանում Փարիզն էր:
Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների շարք իրականացրած ահաբեկիչները կռվել էին «Իսլամական պետության» շարքերում: Այսպիսով, Սիրիայի և Իրաքի կենտրոնական իշխանությունների դեմ կամ աշխարհի այլ սև կետերում կռվող ծայրահեղականները, վերադառնալով տուն, չարիք և սպառնալիք են դառնում:
Այսօր «Իսլամական պետության» և ահաբեկչական ու ծայրահեղական այլ խմբավորումների կազմում կռվում են վարձկաններ աշխարհի բազմաթիվ պետություններից, այդ թվում՝ արևմտյան զարգացած երկրներից: Փարիզյան ահաբեկչությունները ստիպելու են նոր տեսանկյունից դիտել վարձկաններ արտադրող և արտահանող երկրներին:
Վերլուծություն
Հայաստանը, թվում է, ահաբեկչության էպիկենտրոնում չէ, թեև աշխարհագրորեն շատ մոտ է էպիկենտրոնին: Այդ չարիքին Հայաստանը բախվել է 1990-ական թթ. կեսերին, երբ հայ-վրացական սահմանային Սադախլո-Բագրատաշեն հատվածում կատարված երկու ահաբեկչությունները խլեցին մեկ տասնյակ մարդու կյանք: Նույն ժամանակահատվածում Հայաստան մտնող երկաթուղին և գազատարը տասնյակ անգամներ պայթեցվեցին Վրաստանի տարածքում: Երևանը ահաբեկչությունների մեջ մեղադրեց Ադրբեջանի հատուկ ծառայություններին:
Այսօր Հայաստանը ահաբեկչության անուղղակի սպառնալիքի տակ է երկու պատճառով:
Առաջին, ռազմական ներգրավվածությունը և «Իսլամական պետության» դեմ հայտարարված պատերազմը Սիրիայում Ռուսաստանին դարձնում է խոցելի: Հայաստանը ռազմական և անվտանգության առումներով ռուսական հովանոցի տակ է: Այսպիսով, անուղղակիորեն, Հայաստանը ևս կարող է դառնալ «Իսլամական պետության» կամ ահաբեկչական այլ խմբավորումների թիրախ:
Երկրորդ, հարևան երկու պետությունների հարյուրավոր քաղաքացիներ կռվում են Սիրիայում: Ըստ փորձագիտական տվյալների՝ Վրաստանից Սիրիայում կռվող կամ կռված քաղաքացիների թիվը հասնում է չորս հարյուրի: Ադրբեջանցիների ներգրավվածության ծավալներն ինչպես «Իսլամական պետության» ու ահաբեկչական ու ծայրահեղական այլ խմբավորումների, այնպես էլ Սիրիայի կառավարական զորքերի կազմում ավելի լայն է: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Սիրիայում վերջին հինգ տարիներին սպանված ադրբեջանցիների թիվը մի քանի հարյուրի է հասնում: Սա նշանակում է, որ ադրբեջանցի վարձկանների թիվը հազարից ավելի պետք է լինի: Նրանք մի օր վերադառնալու են տուն և դառնալու են սպառնալիքի աղբյուր ոչ միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, այլև Ադրբեջանի իշխող վարչակարգի համար:
Այսօր Ադրբեջանում քաղաքական ընդդիմությունը բանտում է, ջախջախված կամ անկյունված: Շատ փորձագետներ կարծում են, որ Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակարգի հիմնական վտանգը գլուխ բարձրացնող քաղաքական իսլամն է: Սիրիայից վերադարձող վարձկանները լուրջ սպառնալիք կարող են դառնալ Ալիևի համար: Ահա նաև այդ մտահոգությունն է, որ ստիպում է Բաքվի իշխանություններին որս սկսել այն խմբավորումների դեմ, որոնք զբաղվում են վարձկաններ հավաքագրելու և Սիրիա ուղարկելու գործով:
Մեծ քսանյակի գագաթաժողովին որպես ընդունող երկրի՝ Թուրքիայի նախագահի հյուր մասնակցում էր նաև Իլհամ Ալիևը, ով առիթը օգտագործեց և մեկ անգամ ևս Հայաստանին մեղադրեց ահաբեկչության մեջ: Պաշտոնական Երևանը համապատասխան արձագանք տվեց Ալիևի հայտարարությանը:
Այս ընթացում Մոսկվա այցելեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և հավանաբար ոչ պատահականորեն անդրադարձավ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է տրամադրվել ահաբեկչության դեմ պայքարի նպատակներով: Տարիներ շարունակ պարապուրդի մատնված նորակառույց այս օդանավակայանը քաղաքացիական նպատակներով չի օգտագործվում, քանի որ Ադրբեջանը սպառնում է խոցել հայկական օդանավերը և խնդիրներ է հարուցում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO):
Այսպիսով, Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ փորձում է Հայաստանին դնել ահաբեկչություն իրականացնողների ճամբարում: Մյուս կողմից, հայ-ռուսական սերտ կապերն ու Ստեփանակերտի օդանավակայանը ահաբեկչության դեմ պայքարի նպատակով օգտագործելու առաջարկը Հայաստանին դարձնում է հնարավոր թիրախ ահաբեկիչների համար:
Հեռանկար
Փարիզյան ահաբեկչությունների շարքը և դրան նախորդած ռուսական օդանավի կործանումը ստիպեց Արևմուտքին և առաջին հերթին Ֆրանսիային, վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այնուամենայնիվ պետք չէ ունենալ ակնկալիքներ, որ կարճ ժամանակահատվածում կբարելավվեն Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները և Մոսկվայի հանդեպ իրականացվող պատժամիջոցները կվերացվեն: Սակայն միանշանակ է, որ ընդհանուր թշնամին ստիպելու է նրանց գտնել համագործակցության եզրեր:
Սա ինքնին լավ նորություն է Հայաստանի համար, քանի որ Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը և Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները ուղղակիորեն հարվածում են Հայաստանի տնտեսությանը:
Վերջին ահաբեկչությունները ստիպեցին, որ Արևմուտքը Սիրիայի կենտրոնական իշխանություններին ու նախագահ Բաշար Ասադին վերաբերվեն այլ տեսանկյունից: Ակնհայտ է, որ «Իսլամական պետության» վերացումը առանց Ասադի ու նրա կառավարական ուժերի հետ համագործակցության, գրեթե բացառվում է: Հաշվի առնելով Սիրիայի հայության, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի լուծման և Ասադի ճակատագրի հարցերում, Սիրիայի իշխանությունների հանդեպ արևմտյան ընկալման փոփոխությունը ևս բարենպաստ է Հայաստանի և հայության համար: Պաշարված Հալեպում այսօր միակ հյուպատոսությունը հայկականն է: Հայաստանի դեսպանությունը Դամասկոսում իր գործունեությունը բնականորեն շարունակեց, երբ տասնյակ երկրներ հեռացան:
Լուծումներ
Անկախ նրանից, թե որքան իրական է Հայաստանի կամ Հայաստանում այլ երկրների թիրախների նկատմամբ ահաբեկչության վտանգը, պաշտոնական Երևանը պետք է ուժեղացնի անվտանգությունը բոլոր օդանավակայաններում, սահմանային հսկիչ-անցագրային կետերում, դիվանագիտական առաքելությունների տարածքներում:
Հայաստանը պետք է աջակցություն ցուցաբերի ահաբեկչության դեմ միջազգային պայքարին, բայց զգուշավոր ձևով, որպեսզի չդառնա ահաբեկչության թիրախ: Սա այն տեղն է, որ Հայաստանը կարող է իրականացնել «և-և»-ի քաղաքականությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ:
Հայաստանը պարբերաբար պատասխանում է Ադրբեջանի կողմից հնչեցվող ամբաստանություններին: Դրա հետ մեկտեղ պետք է տանել կուլիսային աշխատանք ու միջազգային հանրությանը հասցնել իրականությունը, այն է՝ Ադրբեջանի անուղղակի մասնակցությունը ահաբեկիչներ ու վարձկաններ արտահանելու հարցում: