Հող չեք զիջում. իսկ ի՞նչ եք բանակցում

1098

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, օգոստոս 10, 2014թ.:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցից հետո ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվեց հոդված, որ ղարաբաղյան բանակցություններում քննարկվում է կարգավորման մի տարբերակ, ըստ որի՝ հայկական կողմը պետք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, բացառությամբ Լաչինի և գուցե՝ մեկ այլ շրջանի, որից հետո շրջանում կտեղակայվեն ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ:

Այս տեղեկատվությունը անսպասելի չէր, և չպետք է անակնկալ լինի, քանի որ ղարաբաղյան կարգավորման բանակցային ողջ գործընթացի տարիներին քննարկվել է տարածքներ զիջելու տարբերակը: Ավելի հստակ՝ տարածքների հարցը եղել է կարգավորման չորս հիմնական սկզբունքներից մեկը: Մյուս երեքն են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այդ թվում՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող շրջանի կամ միջանցքի կարգավիճակը, փախստականների ու անվտանգության խնդիրները:

Որևէ գաղտնիք չկա: Կարդացեք 1997թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության երեք կողմերին ներկայացված փաթեթային, ապա փուլային, 1998թ. ընդհանուր պետության առաջարկները և կտեսնեք, որ Երևանն ու Ստեփանակերտը, բանակցել են նաև տարածքներ զիջելու շուրջ: Բոլոր երեք առաջարկներով նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ին հարակից, պատերազմի տարիներին զբաղեցված յոթ շրջաններից վեցը, բացառությամբ Լաչինի:

Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքները, ինչպես նաև դրանից առաջ բանակցված Քի Վեսթի փաստաթուղթը, ևս ենթադրում են տարածքների վերադարձ:

Այնպես որ, «Կոմերսանտի» հրապարակման մեջ որևէ նորություն չկա: Նրանք, ովքեր դատապարտում են ռուսական թերթին, Ռուսաստանի արտգործնախարարին կամ միջնորդներին ընդհանրապես, ազնիվ լինելու դեպքում նախևառաջ պետք է դատապարտեն Հայաստանի երեք նախագահներին և առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանին, քանի որ նա գործող է, մյուս երկուսը՝ նախկին ու պատմություն:

Հայաստանի բոլոր երեք նախագահները տարբեր առիթներով հայտարարել են, որ ղարաբաղյան կարգավորումը ենթադրում է նաև տարածքային զիջումներ:

Այդ մասին հրապարակավ խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի մամուլի ասուլիսում (26 սեպտեմբեր, 1997թ.) և շատ ավելի հայտնի հոդվածում («Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը», 1 նոյեմբեր, 1997թ.):

Իրական անակնկալը կլինի այն, եթե առանց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման ստատուս քվոյի ամենաչնչին փոփոխություն իսկ տեղի ունենա:

Ռոբերտ Քոչարյանը 2006թ. սեպտեմբերի 28-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է.

«Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

Եվ, վերջապես, Սերժ Սարգսյանը 2010թ. մարտի 22-ին սիրիական «Ալ Վաթան» թերթի հետ զրույցում ասել է.

«Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Հակառակ Ադրբեջանի պնդումներին՝ այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»:

Անշուշտ, կարելի է նմանօրինակ բազմաթիվ այլ մեջբերումներ ևս ներկայացնել: «Կոմերսանտի» հրապարակումը ընդամենը կրկնությունն է ղարաբաղյան կարգավորման հրապարակված կամ չհրապարակված առաջարկությունների, որոնք հակամարտության կողմերին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Կոմերսանտի» հրապարակումը կրկնությունն է այն հայտարարությունների, որոնք հնչել են Հայաստանի երեք նախագահների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների շուրթերից: Եվ ոչ ավելին:

Պետք չէ զարմանալ կամ անակնկալի գալ, եթե Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի կողմից ճանաչելու դեպքում (ինչը քիչ հավանական է այսօր) հայկական կողմերը գնան տարածքային զիջումների:

Իսկ իրական անակնկալը կլինի այն, եթե առանց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման ստատուս քվոյի ամենաչնչին փոփոխություն իսկ տեղի ունենա:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, օգոստոս 10, 2014թ

Այս գրությունը հրապարակվել է ՍիվիլՆեթի կայաքում՝ 2015թ նոյեմբերի 18-ին