Բքերքե. խաչքար, հիշողություն ու երախտիք

1966

Քույր խմբավար Մարանա Սաադին շրջվեց դեպի լսարանը, խոնարհվեց ծափերի տարափի տակ, ապա մոտենալով առաջին շարքում նստած հոգևոր առաջնորդիներին՝ մարոնի Բշարա Ռայի պատրիարքին ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, կրկին խոնարհվեց ու  սեղմեց նրանց աջը: Կիսով չափ ժայռափոր եկեղեցու պատերը արձագանքում էին ծափահարություններն ու տարբեր տեղերից լսվող “բրավոները”. հավաքվածները ոտքի էին կանգնել և իրենց հիացմունքն էին  հայտնում “Սրբուհի Ռաֆքա” երգչախմբի ու նվագախմբի «Կիլիկիա» երգի կատարմանը:

Bkerke, 15

Նոյեմբերի աշնանային զով երեկոյան Բքերքեում՝ Անտիոքի Ասորական մարոնի եկեղեցու պատրիարքության շրջափակից ներս, հավաքվել էին Լիբանանի քրիստոնյա համայնքների պետեր ու ներկայացուցիչներ՝ կարդինալ Բշարա Ռայի, Արամ Ա կաթողիկոս, պապական նվիրակ, պետական և զինվորական մարմիններ, հոգևոր պետեր, կուսակցությունների ներկայացուցիչներ, լիբանանցի և սփյուռքահայ մտավորականություն և հոծ բազմություն: Մերձավոր Արևելքի Վատիկանում՝ կաթոլիկ եկեղեցու տարածաշրջանային կենտրոնում, նրանց մեկտեղել էր գործարար, բարերար Սարգիս Պուտագեանի նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամեակին նվիրված խաչքարի բացման արարողությունը և համաքրիստոնեական հավաքը:

juli

Առաջինը ելույթի համար խոսք տրվեց Ժիւլի Խէյր ԱլլաՊուտագեանին` բարերարի տիկնոջը: Արաբերենով իր խոսքում նա ասաց, որ 1915-ի ջարդերից փրկված հայերը հյուրընկալվեցին Լիբանանում, ապա տքնաջան աշխատանքով մեծ դեր ունեցան Լիբանանի բարգավաճման ու զարգացման մեջ: Նա ընդգծեց, որ ամուսնու փափագն էր խաչքար զետեղել պատրիարքության շրջափակից ներս` իբրև շնորհակալության երախտիք լիբանանցի ժողովրդին: «Այս սուրբ երեկույթը Լիբանանի ժողովրդի խաղաղ և սիրո համակեցության լավագույն վկան է. խաչքարը վկայությունն է հավատքի տոկունության և ինքնին ականատես վկան է հարության»,- ասաց նա:

Bkerke3_110515

Ապա ֆրանսերենով խոսք առավ Արամ Ա կաթողիկոսը: Նա ասաց, որ խաչքարը խորհրդանշում է հայությունը, արտացոլում հայի կամքը և հաղթանակը: Վեհափառը բարձր գնահատեց խաչքարի զետեղումը այս պատմական վայրում և շնորհակալություն հայտնեց մարոնի եկեղեցու պատրիարքությանը այս աննախընթաց իրադարձության համար:

Bkerke, 11

Անտիոքի մարոնի եկեղեցու պետ Բշարա Ռայի պատրիարքը արաբերենով իր ելույթում ասաց, որ խաչքարը խորհրդանշում է երեք ուղղություններ` հավատքի, եկեղեցական ու հայրենասիրական: Նա շնորհակալություն հայտնեց բարերար Սարգիս Պուտագեանին և նրա ընտանիքին` խաչքարի զետեղումն իրագործելու համար: Պատրիարքը գովեստի խոսքեր ուղղեց լիբանանահայությանը և հայերին ընդհանրապես, ովքեր իրենց աշխատանքով և խիզախությամբ կարողացան վերականգնել իրենց պետությունը` Հայաստանի Հանրապետությունը:

Bkerke, 13

Ելույթներն ընդմիջվում էին “Սրբուհի Ռաֆքա” երգչախմբի ու նվագախմբի հոգևոր և հայրենասիրական կատարումներով: Արաբ գործիչ Աբդո Լաբաքին իր խոսքում շեշտեց, որ խաչքարը խորհրդանշում է հայի տոկունությունը և անխախտելի հավատը: Խաչքարը գալիս է հաստատելու, որ կյանքը միշտ հաղթում է մահվան: Նա անդրադարձավ նաև Նախիջևանում իրականացված մշակութային ցեղասպանությանը, հայկական խաչքարերի արվեստին, դրանց պատրաստման բծախնդիր աշխատանքին, նախշերին ու գծերին: Նա ընդգծեց, որ խաչքարը հայ ժողովրդի պայքարի, հաղթանակների, մշակույթի և պատմության վկան է:

Bkerke, 10

Մոհամեդ Ալի Շամսեդդինը նշեց, որ Բքերքե է հասել Լիբանանի հարավից` իր հետ շալակած բերելով խաչը: Իր ելույթի վերջում նա արտասանեց Պարույր Սևակի ստեղծագործություններից մեկը՝ արաբերենով: Մեկ այլ արաբ մտավորական՝ Ղալեբ Աբդալլա Ղանեմը նշեց, որ խաչքարը հայ նահատակների արդարության կանչն է, իսկ պատրիարքության շրջափակից ներս զետեղված խաչքարը նոր արժեք է ավելացնում Բքերքեի ժառանգությանն ու հարստությանը:

Bkerke8_110515

Ելույթ ունեցավ նաև Լիբանանի հայոց թեմի նախկին առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերեանը: Ապա հավաքի մասնակիցները՝ առաջնորդությամբ Արամ Ա կաթողիկոսի ու Ռայի պատրիարքի, ուղղվեցին դեպի խաչքարը: Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպիսկոպոս Փանոսեանը կատարեց հատուկ աղոթք` հայերենով, հայր Գէորգ Ծ. վրդ. Եղիայեանը` արաբերենով:

Bkerke, 7

Նախաձեռնության հովանավոր Սարգիս Պուտագեանը այս տարվա մարտին մեկ այլ խաչքար էր զետեղել Լիբանանի «Էն. Տի. Եու.» համալսարանում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով խաչքարեր զետեղելու քայլը գալիս է Պուտագեանի գաղափարական և քրիստոնեական դաստիարակությունից: Բարերարի համար խաչքար զետեղելը հայ ազգի կողմից երախտագիտության հավաստիք է Լիբանանի ժողովրդի հանդեպ, որ 1915-ից հետո  գրկաբաց ընդունեց, գուրգուրաց ու ձեռք երկարեց գաղթական, անտուն հայորդիներին:

Bkerke, 6

Թաթուլ Հակոբյան

Ջունի, Լիբանան