Որտե՞ղ է սատանան. վիրավորել են եզդիներին

3445

Հայաստանի եզդիների «Սինջար» միության ղեկավար Բորիս Մուրազին ասում է, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներից մեկը qahana.am կայքում խտրական հոդված է հրապարակել եզդիների կրոնի մասին (հոդվածն ավելի ուշ հանվել էր կայքից)՝ օգտագործելով «սատանա» բառը: Մուրազին Թաթուլ Հակոբյանին պատմել է, թե ինչպես է արտահայտվում իրենց նկատմամբ խտրականությունը:

Ահա թե ինչպես էր պատասխանել Տ. Եսայի քահանա Արթենյանը քաղաքացիներից մեկի՝ “Ի՞նչ հավատի են դավանում եզդիները: Արդյո՞ք հայ աղջիկը կարող է ամուսնանալ եզդի տղայի հետ” հարցին:

– Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արևն է: Աղոթում են արևին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ: Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան

Բորիս Մուրազիի հայտարարություններից հետո քահանան սրբագրումներ էր արել իր ասածների մեջ՝ համապատասխան փոփոխություններ կատարելով նաև qahana.am կայքում

– Եզդի ազգի կրոնը միաստվածական դավանական համակարգ է: Իրենց կրոնը կոչվում է Շարֆադին: Իրենց կրոնի մեջ, Աստծուց հետո առկա է Տաուսե Մալաքի կերպարը, որը Շարֆադին կրոնում հանդես է գալիս որպես հրեշտակապետ: Արևն իրենց կրոնական համակարգի սիմվոլներից մեկն է, որը խորհրդանշում է Շամս հրեշտակին: Շարֆադին կրոնում չկա չար հրեշտակ, բարին ու չարը գալիս են մարդուց և չկա Աստծուց ավելի բարձր զորություն:
Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ: Այլ ազգի ներկայացուցիչը չի կարող ընդունել Շարֆադին կրոնը, այն միայն ազգությամբ եզդիների համար է: Եզդի ազգի կրոնն էլ արգելում է, որպեսզի եզդին ամուսնանա այլ ազգի ներկայացուցչի հետ: Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան