«Անիծյալ տարիներ»-ի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը Թեհրանում

2553

Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի նախաձեռնությամբ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարանում, Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի «Սայաթ Նովա» սրահում կայացել է Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը:

Իրանահայ համայնքում աննախադեպ այս միջոցառմանը ներկա էին իրանցի հայտնի դեմքեր, գրում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը:

8583-2

Միջոցառումը, որ ընթացավ պարսկերեն լեզվով, վարում էր «Րաֆֆի» համալիրի վարչության անդամ, իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը, որ Անդրանիկ Խեչումյանի թարգմանած գրքից հատվածներ ընթերցելուց հետո ամբիոնի մոտ հրավիրեց օրվա բանախոսներին՝

– Գրող, թարգմանիչ և լրագրող՝ Ասադոլլահ Ամրայիին,

– Թարգմանիչ, գրաքննադատ, գիտաշխատող և դասախոս՝ դոկտ. Աբդոլհոսեյն Ֆարզադին,

–  Գիտաշխատող, գրող, դրամատուրգ և սցենարիստ՝ Աբբաս Ջահանգիրյանին,

– Գրող, դրամատուրգ, թարգմանիչ և ռեժսոր՝ Ասղար Նուրիին,

– Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Մոհամմադ Ռեզա Դամավանդիին,

– Իսլամական Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնյանին,

– Գրքի թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանին, ով, ցայժմ 23 գիրք թարգմանելով, մեծ ներդրում է ունեցել հայ գրականությունը և մշակույթը պարսիկ ընթերցողին ներկայացնելու գործում:

 «Արաքս»-ը մեջբերել է բանախոսների հատկանշական հայտարարություններ.

8319-2

 Ասադոլլահ Ամրայի. «Հայոց ցեղասպանությունը այսօր ևս շարունակվում է, միայն թե այլ տեսքով՝ մշակութային և պատմական ժառանգությունների ավերումով, հայկական հետքերը մաքրելով»:

 Դոկտ. Աբդոլհոսեյն Ֆարզադ. «Օտյանի հուշերը, հաճախ այնպիսի մի վիճակի են հասցնում գիտակից ընթերցողին, որ ամաչում է իր մարդ լինելուց»: «Օտայնի հուշերը ամբողջության մեջ հայության ապրած ցավերն ու տանջանքներն են, որոնցից յուրաքանչյուրը անհերքելի մի փաստ է օսմանականներին դատապարտելու համար»:

Աբբաս Ջահանգիրյան. «Երբ մի պահ մտածում եմ, որ Ցեղասպանության ենթարկված մեկ ու կես միլիոն հայերից մի քանիսը Անդրանիկ Խեչումյանի նման մարդիկ են եղել, մեծ ցավ է պատում սիրտս: Ու շատ եմ ցավում, որովհետև միշտ մտածում եմ որ բոլոր հայերը Անդրանիկի նման են»:

8570-2

 Ասղար Նուրի. «Ես ծնվել եմ Թավրիզում, ուր իմ ամենամոտ ընկերները եղել են հայերը»: «Օսմանցիները հավատացած էին, որ ով ապրում է իրենց իշխանության ներքո կամ թուրք է, կամ պիտի ընդունի որ թուրք է: Եվ այսօր էլ քրդերի վիճակը Թուրքիայում գրեթե նույնն է, ինչ «Անիծյալ տարիներ» գրքում հիշատակում է Օտյանը հայերի մասին: Այսինքն, երբ ասում են Թուրքիա նկատի ունեն, որ այնտեղ ապրողները, բոլորը անխտիր, թուրք են»:

 Մոհամմադ Ռեզա Դամավանդի. «Երբ ընթերցում էի «Անիծյալ տարիներ» գիրքը, մտածեցի եթե չլիներ Անդրանիկ Խեչումյանը, ուր էր մնալու Երվանդ Օտյանը պարսիկ ընթերցողի համար: Այնպես որ պարտք եմ համարում իմ խորազգաց շնորհակալությունները հայտնել սիրելի թարգմանչին, որովհետև մի արժեքավոր և իրական բովանդակությամբ գիրք է մատուցել մեզ»:

8357-2

 Դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը ևս ամփոփ ներկայացրեց Երվանդ Օտյանին և ապա կենտրոնացավ Խեչումյանի գործունեությանը, հավելելով, որ. «Անդրանիկը միայնակ չէր կարող այս հաջողության հասնել, եթե իր կողքին չունենար մի ազնիվ տիկնոջ, ուստի ես կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել տկն. Վերժինեին»:

 Այնուհետ ամբիոն հրավիրվեց թարգմանիչ, ռեժիսոր և դերասան Անդրանիկ Խեչումյանը, ով շնորհակալություն հայտնեց գրքի մեկենաս Հրաչ Միրզախանյանից, բոլոր ելույթ ունեցողներից, ծրագիրը կազմակերպողներից և հատկապես իր ընտանիքից ու տիկնոջից, որ թիկունք են կանգնում իր աշխատանքներին:

8368-2

Միջոցառման ընթացքում, իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը համառոտ կերպով ներկայացրեց իրանահայ հասարակական գործիչ Արամայիս Միրզախանյանի կենսագրականը, ում հիշատակին էր հրատարակվել գիրքը:

Ծրագրի ավարտին հյուրերը ստորագրեցին օրվան նվիրված հատուկ պաստառը:

8400-2

 Հ.Գ. – Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմինը կյանքի է կոչվել և հովանավորվում է Թեհրանի Հայ մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Աշխարհատեսների հայկական կենտրոնի, անկախ մտավորականների, «Իրանահայեր» լրատվական կայքէջի եւ «Արաքս» շաբաթաթերթի կողմից:

8482-2