Կուսակցությունները կենդանի են միայն գործով ու գործի մեջ՝ երբ գործ չկա, մահն անխուսափելի է

873

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է հատված Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից:

Մեր կուսակցությունը արել է արդեն իր ամբողջ անելիքը ու սպառել է իրեն: Կյանքի նոր պայմանները առաջադրում են հրամայորեն նոր պահանջներ. Այդ նոր պահանջներին մենք անընդունակ ենք պատասխան տալու, ուրեմն՝ պիտի թողնենք ասպարեզը մեզանից ավելի կարողներին:

Հարկ կա՞ արդյոք մեկ անգամ ևս հիշեցնելու, թե որոնք են նոր պայմանները: Ահավասիկ:

Թուրքահայաստան չկա այլևս: Եվրոպական մեծ պետությունները լքել են մեր դատը: Հայ ժողովրդի մի կեսը կոտորված է կամ ցրված աշխարհի չորս կողմը: Մյուս կեսը տնավեր է ու արյունաքամ՝ կարոտ երկար հանգստի: Հայաստանի Հանրապետությունը, իբրև մի ինքնավար նահանգ, կցված է Խորհրդային Ռուսաստանին: բաժանել մեր պետությունը Ռուսաստանից չենք կարող, եթե նույնիսկ ցանկանանք և չպիտի ցանկանանք, եթե նույնիսկ կարողանանք: Կուսակցությունը պարտված է ու կորցրած իր հեղինակությունը, երկրից դուրս է արված, չի կարող վերադառնալ տուն, իսկ գաղութներում գործ չունի անելու:

Այս է այսօրվա կացությունը:

Կուսակցությունը չի կարող ասել, որովհետև՝ կամ, ուրեմն՝ մի գործ պիտի ստեղծեմ ինձ համար, ինչ գործ էլ լինի: Տրամաբանական սխալ է այդ «որովհետևի» և «ուրեմնի» դասավորությունը: Նախադասությունը պետք է կազմել ճիշտ հակառակ ձևով՝ որովհետև բան չունեմ անելու, ուրեմն՝ չպիտի լինեմ: Գործը չէ կուսակցության համար, այլ կուսակցությունն է գործի համար և այնտեղ, ուր չկա կուսակցական գործ, չի կարող լինել կուսակցություն:

Աս[աց]ի, որ Դաշնակցությունը անելիք չունի այլևս: Սխալ արտահայտվեցի, ունի մի վերջին անելիք, մի գերագույն պարտականություն հանդեպ հայ քաղաքական դատի ու հանդեպ իր սեփական անցյալի. պետք է իր իսկ որոշումով՝ գիտակցորեն ու վճռականորեն, վերջ դնի իր գոյությանը:

Ինքնասպանություն է առաջարկածս, այո՛:

Բայց լինում են դրություններ, որոնցից միակ պատվավոր ելքը ինքնասպանությունն է: Մեր կուսակցությունը այդ դրության մեջ է:

Իսկապես, այդ պիտի անեինք սրանից դեռ չորս-հնգ տարի առաջ: Երբ 1918թ. հունիսին ստորագրեցինք Բաթումի դաշնագիրը, որով հրապարակ էր իջնում ու մյուս պետությունների կողքին իր համեստ տեղը գրավում հայ[կական] անկախ պետությունը և երբ նույն թվականի օգոստոսին բաց[եց]ինք հայ[կական] խորհրդարանը, որով նորածին պետությունը իրական ձև ու մարմին էր ստանում: Ահա այն ժամանակ արդեն մենք պիտի կազմալուծվեինք ու տեղ տայինք նոր քաղաքական խմբակցությունների: Մեր քաղաքական առաքելությունը վերջացած էր արդեն: Եվ ի՞նչ գեղեցիկ վախճան կլիներ դա՝ մեր քառորդդարյան կյանքին, մեր երկար ու դժվար աշխատանքին, արյունալի պայքարին ու ահռելի զոհաբերություններին վերջակետ դնելու համար:

Բայց այն օրերին մենք չհասկացանք, թե կուսակցության գործը վերջացած է, թե պատմությունը մտնում է նոր փուլ և թե այդ նոր փուլի համար հարկավոր է ուժերի նոր դասավորում: Չհասկացանք, քաջություն չունեցանք հասկանալու:

Թերևս ներելի է, որ 4-5 տարի առաջ, այն եռուզեռի մեջ, մենք չիմացանք մեր անելիքը: Բայց այսօր դրությունը շատ ավելի պարզ է, կյանքի պահանջը՝ շա՛տ ավելի հրամայական: Չտեսնել իրականությունը այսօր, կնշանակեր կույր լինել երկու աչքով: Եվ եթե այսօր էլ վճռականություն չունենանք, առաջներիս անփառունակ հոգևարք է ու քայքայում:

Կուսակցությունները կենդանի են միայն գործով ու միայն գործի մեջ: Երբ գործ չկա՝ մահը անխուսափելի է:

Հ. Յ. Դաշնակցությունը իր կյանքը փրկելու ու հետագա գոյությունը արդարացնելու համար այսօր մի միջոց ունի միայն՝ պայքար բոլշևիզմի դեմ, գործուն և անողոք պայքար երկրի ներսում, պայքար ամեն կարգի զենքով ու ամեն հնարավոր միջոցներով՝ առանց խտրության: Ուրիշ գործ չկա:

Այս միակ գործը կատարելու համար կուսակցությունը ամենից առաջ պետք է խստորեն մաքրի իր շարքերը, դուրս ձգի բոլոր անվստահելի տարրերը, բոլոր վարակվածներին ու տատանվողներին, թույլերին ու հոգնածներին, թերահավատներին ու հուսահատվածներին, ծույլերին ու անտարբերներին, այսինքն՝ իր ներկա կազմի ինը տասներորդը, գուցե և ավելին: Դուրս պիտի ձգի նաև բոլոր նրանց, որոնք վճռականություն չունեն վերջին քարտի վրա դնել վերջին ունեցածը: Տակը պիտի մնա մի զտված կորիզ՝ հոտով ուժեղ, մտքով անսասան, կուրորեն հավատացյալ, ամեն զոհաբերությունների ընդունակ, ոչնչից չվախեցող ու ոչնչի առաջ կանգ չառնող մարդկանց մի խմբակ, ամենախիստ գաղտնապահության տակ:Սա չի լինի, իարկե, քաղաքական կուսակցություն, այլ պարզապես դավադրական մի կազմակերպություն, այնպես, ինչպես էր Դաշնակցությունը իր գոյության նախնական շրջանում:

Այս ճանապարհով ու միայն այս ճանապարհով թերևս կարողանար կուսակցությունը փրկել իր գոյությունը, նոր կյանք առնել ու պարզած պահել դրոշակը:

Բայց ի՞նչ գնով:

Հաջողության դեպքում՝ հայ քաղաքական դատը ամենալուրջ վտանգի ենթարկելու և հայ ժողովուրդը նորանոր փորձանքների մեջ ձգելու գնով: Եվ սա՛ է, որ պետք է չվախեցնի կուսակցությունը փրկողներին, այս վտանգն է, որի առաջ չպիտի կանգնեն համառողները:

Որքան էլ մենք տարված լինենք կուսակցական մտայնությունով՝ չեմ կարծում, չեմ կարող և չեմ ուզում կարծել, թե մեր մեջ կգտնվի մեկը, որ գիտակցորեն ցանկանար փրկել կուսակցությունը այդպիսի գնով:

Կուսակցությունը ինքնանպատակ չէ ու այլասերված է հիմնովին, վտանգավոր է ու վնասակար, եթե մոռացության է տվել այս հիմնական ճշմարըությունը: Հայաստանն ու հայ ժողովուրդը հում նյութ չեն դաշնակցությանը ապրեցնելու համար: անորակելի ոճիր կլիներ, եթե մեք մի վարկյան անգամ թույլ տայինք մեզ վարվել այնպես, ինչպես կվարվեր՝ գիտակցաբար թե անգիտակից, կուսակցական ֆանատիզմով բռնկված հիվանդը:

Դաշնակցությունը մի սոսկ գործիք էր Վարպետ-պատմության ձեռքում: Երբ գործիքը կատարել է իր քործը ու հանցել կամ երբ գործի շարունակությունը պահանջում է նոր ձևի գործիք, հինը դեն է ձգվում ու պետք է ձգվի: անցյալի գործիքը կարող է մնալ հարգանքի ու երախտագիտության, սիրո ու պաշտամունքի առարկա: Բայց նրա տեղը ազգային թանգարանում է և ոչ արհեստանոցում ուր կոփվում է այսօրվա կյանքը:

Հայ քաղաքական դատը վարելու համար դաշնակցությունը անպետք է այլևս, ուրեմն պիտի հեռանա ասպարեզից:

Շարունակ խոսում եմ հայ քաղաքական դատից, շարունակ վերադառնում եմ նույն խնդրին այն պարզ պատճառով որ չեմ կարողանում դաշնակցությանը բաժանել այդ դատից: Իմ ըմբռնումով, մեր կուսակցության ամբողջ էությունը այդ դատի մեջ է: Բնական է, ուրեմն, որ ուղղելով խոսքս դաշնակցականների համագումարին, չեմ կարող ունենալ ուրիշ ելակետ՝ իմ մտածողությանը ընթացքը տալու և եզրակացություններս հիմնավորելու համար:

Հարցնում եմ՝ մեզ հետ միասին կմեռնի՞ արդյոք մեր կյանքի գործը՝ հայ քաղաքական ազատագրումը:

Ծայրահեղ մեծամտություն կլիներ այդպես մտածել, ոչ միայն մեծամտություն այլև պատմական երևույթների շատ միամիտ հասկացողություն:

Սրանից մեկ տարի առաջ «Ճակատամարտ»-ում ես գրել եմ, թե Հ. Յ. Դաշնակցության մահով մեծապես վտանգված կլինի նաև հայ քաղաքական դատը: Բայց այնտեղ միաժամանակ բացատրել եմ որ Հ. Յ. Դաշնակցության  իսկական սահմանները շատ ավելի լայն են քան մեր կուսակցական կազմակերպությունը. որ մեր կուսակցությունը մարտնչող հայության արտահայտություններից մեկն է միայն, ոչ ավելին. Որ Դաշնակցություն անունը իսկ կարող է վերանա, մոռացվել իսպառ, բայց այն ըմբոստ ոգին, ազատագրվելու այն տենչը, որ ծնուննդ է տվել Դաշնակցությանը և որ իսկական Դաշնակցությունն է, չեն մեռնի, կուսակցությունը, ավելի ճիշտ՝ այսօրվա կազմակերպությունը, կարող է կազմալուծվել, բայց գաղափարն ու գործը կմնան կենդանի:

Ոչ միայն կենդանի կմնա նա, այլև մի նոր կենսունակություն կստանա նա:

Եվ հենց դրա համար է՝ դատը ապահովելու, նրա զարգացման ընթացքը չխանգարելու համար է, որ առաջարկում եմ կուսակցական ինքնասպանություն:

Շարունակելի