Ջամալյան. Քաջազնունին կոնֆլիկտի մեջ է իր խղճի հետ

880

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից:

—–

Գալով խնդրի էությունը, պետք է ասեմ, իհարկե, որ մեր պետական գործիչները շա՜տ անպատրաստ էին իրենց ուսին ընկած բեռը տանելու համար: Եվ որտեղի՞ց պետք է նրանք պետական գործունեության վարժություն ունենային: Ե՞րբ և որտե՞ղ էին նրանք տեսել, թե ինչ բան է վարչապետությունը, կամ նախարարությունը, կամ դեսպանությունը: Ե՞րբ և որտե՞ղ պետք է նրանք յուրացնեին դիվանագիտական հարաբերությունների «նրբությունները», վարչական իշխանության արտաքին մեքենականությունը և ներքին գաղտնածածուկ կողմերը: Ե՞րբ և որտե՞ղ պետք է նրանք հմտանային այն բոլոր խարդախությունների, խորամանկությունների և խաբեբայությունների մեջ, որոնք ժամանակակից պետական գործիչների անհրաժեշտ հատկանիշներն են համարվում ոչ միայն Ռուսաստանում, ուր սուտն ու կեղծիքը բացահայտորեն դավանվում են իբրև պետական իմաստության գերագույն հրամայականներ, այլև մնացած մեծ ու փոքր պետություններում, որոնք դեռևս բավականաչափ «պարկեշտության զգացում» ունեն՝ իրենց խաբեբայությունները թզենու տերևով ծածկելու համար…

Բախտի քմահաճ խաղով, մի օրից մյուսը, Հայաստանը դարձել էր անկախ պետություն, կամ, ինչպես Քաջազնունին է ասում. «Պատմությունը բերել, կանգնեցրել էր մեզ մի որոշ գծի առջև: Պետք է հանդգնություն ունենայինք անցնել վրայից, եթե չէինք ուզում խորտակվել: Պետք է տեր դառնայինք մեր հայրենիքին, ապա թե ոչ՝ կկորցնեինք այն, գուցե՝ անդառնալիորեն: Եթե տատանվեինք, եթե ուշացնեինք մեր հայտարարությունը, Հայաստանը կմնար res nulius (ոչ ոքի չպատկանող իր) ու իբրև այդպիսին, բաժին կդառնար հարևաններին՝ թուրքերին, վրացիներին, ադրբեջանցիներին»:

Նույն բախտի քմահաճույքը, նույն պատմական հարկադրանքը բերել-դրել էին մեզ մի որոշ անհրաժեշտության առջև՝ պետք էր իշխանություն ստեղծել: Դաշնակցությունը իբրև ղեկավարող և պատասխանատու ուժ հայկական կյանքում, պետք է ընդառաջ գնար կյանքի այս վճռական պահանջին և կառավարություն կազմեր: Եվ որովհետև մեր իրականությունը նրան չէր տրամադրում պատրաստի պետական գործիչներ, որպեսզի կարելի լիներ նրանց միջից ընտրություն անել՝ նա ստիպված եղավ վարչապետության կանչել մի ճարտարապետ կամ մի բժիշկ, նախարարության կանչել մի լրագրող, մի քիմիկոս, մի ուսուցիչ կամ մի սոսկ կուսակցական գործիչ և, այսպիսով, լրացնել պատմության հրամայական պահանջը:

Որ այս պայմաններում պաշտոնի կոչված բոլոր վարչապետներն ու նախարարները, դեսպաններն ու կառավարիչները, նահանգապետներն ու գավառապետները պիտի մեկից ավելի պակասություններ ու թերություններ ունենային, դա ինքնըստինքյան հասկանալի, դա միանգամայն բնական մի բան է: Սակայն որպեսզի կարելի լինի մեր պետական գործիչների այս թերություններն ու պակասությունները Դաշնակցության պասսիվին գրել՝ հարկավոր է ապացուցել, թե Դաշնակցությունը իշխանություն կազմելիս պետական շահերը ստորադրել է կուսակցական շահերին, թե նա երկրի կառավարիչներին ընտրելիս զանց է առել այն ձեռնհաս ուժերին, որոնք կարող էին մեր պետությանը օգտակար լինել, որպեսզի բացառապես դաշնակցականների ձեռքում կենտրոնացած լինեին պետական կյանքի ֆունկցիաները:

Այս բանն է ահա, որ չեն կարող ապացուցել ո՛չ Քաջազնունին, և ո՛չ էլ մեր կուսակցության երդվյալ հակառակորդներից ոչ ոք: Եթե մեկը հանրապետության շրջանի պետական պաշտոնյաների ցանկն աչքի առաջ ունենա, կտեսնի, որ մեր բոլոր վարչապետական և նախարարական գրասենյակներում, մեր բոլոր դեպարտամենտներում ու վարչություններում դաշնակցականները ընդհանուր պաշտոնեության չնչին տոկոս են կազմել բոլոր դաշնակցական դահլիճների ժամանակ: Ահա ձեզ վարչապետի գրասենյակը. նրա գրագիրների մեծ մասը՝ ոչ դաշնակցական: Ահա ձեզ զորական նախարարությունը. բարձրագույն զորական պաշտոնյաների մեջ ոչ մի հատ դաշնակցական, ցածրաստիճան պաշտոնյաների մեջ հատ ու կտոր կուսակցական ընկերներ: Ահա ձեզ դատական նախարարությունը. դաշնակցական դատավորների, քննիչների և պաշտոնյաների թիվը մի քանի հոգուց չէր անցնում: Այսպես է եղել և՛ երկրագործության, և՛ ֆինանսների, և՛ հաղորդակցության, և՛ կրթական գործերի, և մնացած բոլոր նախարարություններում: Ամեն տեղ ոչ դաշնակցական ու հակադաշնակցական պաշտոնյաները ջախջախիչ մեծամասնություն են կազմել դաշնակցականների համեմատությամբ:

Այս երևույթը վրդովմունք էր առաջ բերում մեր ընկերներից շատերի մեջ: Նրանցից ոմանք քանի՜-քանի՜ անգամ դառը հեգնանքով ինձ ասել են, թե մեր կառավարական գործերին մասնակցելու համար իրենք այլ հնարավորություն չեն տեսնում, քան Դաշնակցությունից հարժարվելը: Սակայն մեր կուսակցության ղեկավարներն ու նախարարները մի քիչ էլ համառորեն մնում էին անդրդվելի այս բնական տրտունջի հանդեպ, որովհետև, սխալ թե ուղիղ, նրանք այն տեսակետին էին, թե մեր քայքայված երկրի պայմաններում պետք էր մեկդի դնել կուսակցական բոլոր նկատումները և պետական շինարարության գործին լծել ժողովրդի բոլոր ձեռնահաս տարրերին, բոլոր մասնագետ ուժերին և բոլոր փոքրիշատե վարչական փորձառություն ունեցող մարդկանց:

Միակ հաստատությունը, որ բաղկացած է եղել բացառապես դաշնակցականներից, ի բացառյալ մեր պետական անկախության սկզբնական և վերջին շրջանները *, դա եղել է նախարարական խորհուրդը: Այդ հաստատության մեջ Դաշնակցությունը դրել է միմիայն իր անդամներին երկու նկատումով. Նախ, որովհետև Հայաստանի պառլամենտում միակ կուսակցությունը**, որ կանգնած էր Հայաստանի անկախության տեսակետի վրա և վայելում էր երկրի բացարձակ վստահությունը (80 պատգամավորից 72-ը դաշնակցական էին) Դաշնակցությունն էր. և ապա,  որովհետև մեր երկրի այն ժամանակվա պայմաններում անհրաժեշտ էր ունենալ զորեղ և կտրուկ իշխանություն, որ կարող էր ներկայացնել միայն մի տարր, ներսում ամեն տեսակի տարաձայնություններից զերծ կառավարությունը:

Սակայն այս նկատումներն արդյոք արգելք չե՞ն հանդիսացել, որ ձեռնհաս, պիտանի, լրջամիտ և կանխատեսելու ընդունակ մարդիկ մտնեին նախարարական կազմի մեջ և երկրի կենտրոնական կառավարության դիրքը, գործնականությունը, արժեքը բարձրացնեին: Ո՛չ, պիտի պատասխանեմ ես այս հարցին: Որովհետև Հայաստանում գտնված ոչ դաշնակցական գործիչները բոլորն էլ զուրկ էին պետական փորձից, բոլորն էլ ավել կամ պակաս չափով ունեին այն թերությունները, ինչ-որ ունեին և պիտի ունենային դաշնակցական գործիչները: Կար նրանց մեջ մի շատ պատկառելի անձնավորություն՝ հանգուցյալ Ստեփան Մամիկոնյանը, որը չլինելով դաշնակցական և հաճախ քննադատելով մեզ, այնուամենայնիվ, շա՜տ պիտանի և օգտակար պետական գործչի համարում ուներ ամենքիս աչքում: Եվ որքան հիշում եմ, մի քանի անգամ փորձ է եղել նրան նախարարական կազմի մեջ մտցնելու: Սակայն պ. Մամիկոնյանը միշտ պատրաստ լինելով աջակցել էր մեր պետական գործերին և միշտ պատրաստակամորեն կատարելով իր վրա դրված պարտականությունները, ոչ մի պայմանով չէր ուզում նախարարի պաշտոն ստանձնել: Ուրիշ այնպիսի աչքառու քաղաքական-պետական գործիչներ չեմ հիշում, որոնց համար արժենար շեղվել սովորական պառլամենտական կարգով կառավարություն կազմելու ուղղից՝ նրանց մասնակցությունը կենտրոնական կառավարության գործերում ապահովելու համար:

Թերևս հայ իրականության մեջ կային մարդիկ, որոնք դաշնակցականներից ավելի մեծ հմտությամբ կարող էին վարել մեր երկրի պետական գործերը: Թերևս, կային հանճարեղ հայ մարդիկ, որոնք կարող էին կանխատեսել դեպքերի զարգացումը Հայաստանում և Հայաստանի շուրջ և մեր պետական նավը ղեկավարել այնպես, որ նա ստորջրյա ժայռերի չզարնվեր: Սակայն այդ մարդկանց երեսը մենք չենք տեսել մեր երկրում: Ըստ երևույթին, Հայաստանում գործելն այնքա՜ն քիչ հրապույր էր ներկայացնում նրանց համար, որ նրանք, անգամ մեր պետական անկախության բոցավառ օրերին, չէին ուզում իրենց փափուկ կյանքը ենթարկել Հայաստանում ապրելու զրկանքներին: Ո՞վ է մեղավոր սրա մեջ: Ո՞վ է մեղավոր, որ Պողոս փաշաներն ու Նորատունկյան էֆենդիները, որոնց պետական ընդունակությունները շատերին անառարկելի են թվում, համաձայնություն էին տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ նախարար դառնալ միայն այն պայմանով, որ իրենք … նստած մնան Փարիզում և այնտեղից կառավարեն Հայաստանը …

Հապա Ղուլյաննե՞րը, Մ. Աթաբեկյաննե՞րը, Մելիք Կարագյոզյաննե՞րը, Ս. Յարությունյաննե՞րը: Կարո՞ղ է լինել մի ավելի ընդվզեցուցիչ վերաբերմունք դեպի Հայաստանն ու նրա պետական գործերը, քան այն, որ ցույց էին տալիս Ժողովրդական կուսակցության մեջ մտած այս պարոնները: Ղուլյանը, նախարարական տիտղոս ստանալուն պես, չվեց Թիֆլիս, որպեսզի … այլևս չվերադառնա: Նա պիտի այնտեղից կարգի բերեր Հայաստանի ֆինանսները: Մ. Աթաբեկյանի նախարար դառնալն իմացանք միայն, որովհետև նա էլ, կարծեմ դեռ պաշտոնի չանցած, գնաց Թիֆլիս և էլ չվերադարձավ: Ս. Հարությունյանն ու Գ. Մելիք Կարագյոզյանը ճիշտ է, պաշտոնի մտան, սակայն նրանց մի ոտքը Երևանում էր, իսկ մյուսը՝ Թիֆլիսում, կամ, ավելի ճիշտն ասած, մի շաբաթ նրանք Երևանում էին մնում, իսկ երեք շաբաթ Թիֆլիսում: Այդպես և նրանց մյուս պաշտոնակիցները, որոնք եկել էին Ժողովրդական կուսակցությունից, ի բացառյալ պ. Էնֆիաջյանը, որ երկու թե երեք ամիս անընդհատ պաշտոնավարեց Հայաստանում իբրև Ֆինանսների նախարար, մինչև իր կուսակցությունը ստիպեց նրան հրաժարվել իր պաշտոնից:

Սրա՞նց կարոտն է քաշում Քաջազնունին՝ իր քննադատության սլաքները ուղղելիս: Եթե այո, ապա նա թող լավ իմանա, որ հայ ժողովուրդը նրանց կարոտը չի քաշում և երբեք չի քաշել: Հայ ժողովուրդը գիտի, որ տվյալ պայմաններում ինքը ավելի լավ կառավարիչներ ունենալ չէր կարող, քան այն, ինչ որ նրան տրամադրում էր Դաշնակցությունը: Այդ կառավարիչները կարող էին անփորձ լինել, կարող էին շատ թերություններ երևան բերել, բայց և այնպես, գոյություն ունեցող պայմաններում՝ էլի նրանք էին լավագույնը, որովհետև նրանց մեջ համենայն դեպս մի բան կար, որի հետ ոչ ոք մրցել չէր կարող: Դա նրանց անսահման սերն էր դեպի հայ ժողովուրդը և անսահման անձնվիրությունը դեպի հայ ժողովրդի բարօրության համար ստեղծած Հայաստանի Հանրապետությունը:

Հայ ժողովուրդը գիտի նաև մի բան, որ տարաբախտաբար չգիտի Քաջազնունին. Հայաստանի դաշնակցական նախարարներն ու կառավարիչները 1920 թվին այլևս այն չէին, ինչ որ 1918 թվին: Երկու տարվա պետական կյանքի փորձը նրանց համար ապարդյուն չէր անցել: Այն խարխափումները, սայթաքումները և շեղումները, որ նրանց գործունեության մեջ երևան էին գալիս 1918 թվին, 1920 թվին խիստ զգալի չափով վերացել էին արդեն: Այն անկյունավորությունն ու անձևությունը, որ կային նրանց պետական կեցվածքի մեջ իրենց պաշտոնավարության սկզբի շրջանում, արդեն մեծ մասամբ հղկվել և ձևավորվել էին վերջին շրջանում: Եվ եթե, այնուամենայնիվ, 1920թ. ևս թերություններ կային դաշնակցական կառավարիչների մեջ՝ այդ էլ զգալի կերպով հակակշռում էր այն սրտացավ վերաբերմունքով, որ նրանք ունեին դեպի նորաստեղծ պետության ճակատագիրը և այն համառ, տոկուն աշխատանքով, որ նրանք դնում էին իրենց ստանձնած գործի մեջ՝ հաճախ անքուն գիշերներ անցկացնելով ընթացիկ գործերը ավարտելու համար:

Այս ամենը և ուրիշ շատ բաներ էլ գիտի հայ ժողովուրդը: Եվ այդ է պատճառը, որ երբ հայ բոլշևիկները «ժառանգեցին» մեր իշխանությունը, նա այլ բնորոշում չգտավ իշխանության փոփոխության համար քան այն, թե «ուսուցիչները գնացին և աշակերտները եկան»: Այդ է պատճառը, որ անգամ այսօր, երբ ըստ Քաջազնունու, հայ բոլշևիկների առատության եղջյուրից բոլո՜ր բարիքները թափվում են հայ ժողովրդի գլխին, սկսած խաղաղությունից մինչև նավթը, նա՝ այդ ժողովուրդը, էլի իր «հեռավորների» կարոտն է քաշում, էլի նրանց վերադարձը երազում:

Սխալվում է, չարաչար սխալվում Քաջազնունին, երբ նա պնդում է, թե մենք «չենք ունեցել մի ղեկավարող սկզբունք ու տևողական, հետևողական համակարգ, գործել ենք կարծես հանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանվել ենք, պատից-պատ ընկել՝ կես-կուրորեն շոշափելով ոտներիս տակի հողը»:

Այսպես է եղել միայն Քաջազնունու առաջին, կոալիցիոն կառավարությունը: Այդպես է եղել ոչ թե այն պատճառով, որ Քաջազնունին միանգամայն ապիկար է եղել պետական խնդիրներում, այլ որովհետև նա գործել է կատարյալ քաոսի մեջ՝ քաոս երկրի քաղաքական և տնտեսակայն պայմանների մեջ, քաոս և իր ստեղծած կոալիցիոն կառավարության մեջ: Սակայն Քաջազնունուն հաջորդած կառավարությունները այդպես չեն եղել: Նրանք տատանումներ, խարխափումներ ունեցել են միայն երկրորդական կարգի խնդիրներում: Սակայն պետական ընդհանուր քաղաքականության մեջ նրանց ղեկավարող սկզբունքն ու ծրագիրը եղել է պարզ ու որոշ. պատմական Հայաստանի այն մասը, որ գտնվում էր մեր իշխանության տակ, դարձնել իրական Հայաստան, վերաշինել այդ Հայաստանը և նախապատրաստել այն ուժերը, որոնք պետք է շարժման մեջ դրվեին հայ ժողովրդի բաղձանքները իրագործելու, այսինքն՝ երկու Հայաստանները միացնելու համար: Այդ կետերից առաջինը Քաջազնունուն հաջորդող կառավարությունները իրագործել են գրեթե լիովին, որով և, ի միջիայլոց, այսօրվա «մեր ժառանգների» համար խաղաղ կյանքի հնարավորություն է ստեղծվել Հայաստանում, երկրորդ կետը իրագործվել է շատ զգալի չափով, իսկ երրորդ կետը, որի գործադրությանը մենք ձեռնարկել էինք մեծ չափով, կիսակատար մնաց արտաքին փոթորիկների պատճառով:

Եթե այդ արտաքին փոթորիկների պատճառած աղետից է ելնում Քաջազնունին մեր անցյալ պետական գործունեությունը քննադատելու համար, ապա պիտի ասեմ, որ սա քննադատության ձև չէ: Կարկուտը կարող է լավագույն ցանքսն էլ փչացնել. մի՞թե նրա պատճառած ավերը բավական է, որ որպեսզի մենք ասենք, թե երկրագործը «տևողական, հետևողական համակարգ» չի գործադրել իր արտերը մշակելիս…

Ի վերջո, մի երկու խոսք էլ մեր պատասխանատվության , մեր բարեխղճության մասին:

«Քաջություն չունեմ ավելացնելու,- ասում է Քաջազնունին,- որ մենք ոչ միշտ ու ոչ հարկավոր չափով գիտակցել ենք, թե ինչ մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա: Ապա նաև, թե ոչ միշտ ու ոչ հարկավոր չափերով բարեխիղճ ենք եղել մեր պարտականությունների հանդեպ… Քաջություն չունեմ, որովհետև վախենում եմ, թե անարդար լինեմ: Բայց ո՞վ գիտի, գուցե ինձանից ավելի անաչառ մի մարդ այդ էլ անի ու անիրավացի չլինի…»:

Այս տողերից եթե մենք դուրս ձգենք իրավաբանական, մանվածապատ ձևերը և անուղղակի արտահայտության հռետորական եղանակը վերածենք ուղղակի արտահայտության եղանակի՝ պարզ և հստակ կստանանք, որ Քաջազնունին մեղադրում է մեր կուսակցությունը կամ նրա ղեկավարությունը պատասխանատվության  գիտակցություն և բարեխղճություն չունենալու մեջ: Որովհետև ի՞նչ է նշանակում, թե «ոչ միշտ ու ոչ հարկավոր չափով» բարեխիղճ ենք եղել կամ գիտակցել մեր պատասխանատվությունը: Երկրագնդիս վրա այդ ո՞ր մարդն է, մանավանդ, որ պետական մարդը, որ միշտ և հարկավոր չափով բարեխիղճ է և գիտակցում է իր պատասխանատվությունը: Այս տողերը մի բանալ, հանրածանոթ ճշմարտություն արտահայտելու համար չէ հարկավ, որ գրի են առնված, այլ մի որոշ նպատակով: Եվ այդ նպատակն այլ բան չի կարող լինել, քան այն մեղադրանքը, որ ես եմ եզրակացնում Քաջազնունու տողերից:

Սակայն ինչո՞ւ Քաջազնունին իր մեղադրանքը չի արտահայտում շիփ-շիտակ, բացահայտ ձևով: Որովհետև, իմ խորին համոզմամբ, նա կոնֆլիկտի մեջ է իր խղճի հետ: Նրա հիմնական միտումը՝ ամեն գնով վարկաբեկելու Դաշնակցությանը, նսեմացնելու նրա գործը, հրահանգում է նրան այս ծանր մեղադրանքը ևս ներկայացնել մեր կուսակցությունը, այս ծանր հարվածը ևս իջեցնել նրա գլխին: Սակայն նրա խիղճը, մարդկային խիղճը ըմբոստանում է նրա դեմ, ըմբոստանում է այս աղաղակող անարդարության դեմ: Այստեղից էլ նա, չկարողանալով այլևս ուղղակի կերպով ասել իր մեղադրանքի խոսքը, դիմում է արտահայտության մի այնպիսի ձևի, որ ինչպես ինքը կասեր նման դեպքում՝ «զուրկ է շիտակությունից ու տղամարդկությունից…»:

Իսկ խիղճն ըմբոստանում է Քաջազնունու դեմ այն պատճառով, որովհետև նա շատ լավ գիտի, թե ինչ պայմաններում էին ապրում և աշխատում մեր ղեկավարող ընկերները Հայաստանում… Առավոտից մինչև երեկո իրենց պաշտոնատներում, լծված երբեմն այնպիսի սև աշխատանքների, որոնք ոչ մի ներդաշնակության մեջ չէին գտնվում նրանց բարձր պաշտոնի հետ, շարունակ մտահոգված այն մրրկաբեր ամպերով, որոնք երբեք չէին հեռանում մեր բազմատանջ հայրենիքի երկնակամարից, շարունակ առաջին դիրքերում վտանգի պահերին և այս բոլորի դիմաց մի համեստ բնակարան, հաճախ զուրկ կահավորությունից ու ջերմությունից և մի ռոճիկ, որ կարող է բավականանալ քաղցից չմեռնելու համար միայն …

Մի՞թե մեկ ու կես տարվա ճանապարհորդությունը Եվրոպայի և Ամերիկայի պայմաններում կարող էր մոռացնել տալ Քաջազնունիուն իր ընկերների այս վիճակը …

* Սկզբնական շրջանում ինչպես հայտնի է, Հանրապետությունը ուներ կոալիցիոն կառավարություն՝ բաղկացած դաշնակցականներից և ժողովրդականներից, իսկ վերջին շրջանում՝ բաղկացած դաշնակցականներից և սոցիալիստ-հեղափոխականներից:

** Սոցիալիստ-հեղափոխականները, որոնք պառլամենտում ունեին առանձին ֆրակցիա՝ բաղկացած չորս հոգուց, միայն մեր պետական գոյության վերջին ամիսներին հայտարարեցին իրենց կողմնակից Հայաստանի անկախության, որով և Վրացյանը հետագայում հնարավորություն ստացավ իր դահլիճի մեջ ընդունել երկու հոգի նրանց կուսակցությունից: Այլ ֆրակցիաներ չկային պառլամենտում, կային միայն մի քանի հատ ու կտոր ոչ դաշնակցական պատգամավորներ:

Վերջը՝ հաջորդիվ