Մենք կուզեինք, որ Քաջազնունին մինչև վերջ կանգնած մնար այն բարձր պատվանդանի վրա, ուր դրել էր նրան կյանքը

1019

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի:

—–

Դաշնակցության հուղարկավորությունը կատարելուց հետո՝ Քաջազնունին չափազանց վրդվվում է , որ «մի քանի տասնյակ, առ առավելն մի քանի հարյուրյակ մարդ» կուսակցությունը դարձրել են իրենց համար զբաղումի առարկա, «փեշակ» կամ ամերիկացու բառով ասած՝ «բիզնես», և չեն ուզում պոկ գալ հայ ժողովրդի մարմնից: Կուսակցությունը դարձնելով ինքնանպատակ՝ այդ մարդիկ ճգնում են արհեստական միջոցներով պահել Դաշնակցությունը, մինչդեռ նա արդեն վաղուց սկսել է քայքայվել…

Քաջազնունու այս խոսքերին կարելի է և չպատասխանել: Եթե նա ուզում է ասել, որ «Դաշնակցությունը այլևս մեռած է» և, միևնույնն է, այդ «մի քանի տասնյակ… կամ հարյուրյակ» մարդկանց ճիգերը ոչ մի դրական արդյունքի չպիտի հասնեն. մենք արդեն տեսանք, որ կատարելապես սխալ է: Դաշնակցությունը ապրում է ոչ թե մի քանի տասնյակ կամ հարյուրյակ մարդկանց ճիգերով կամ այդ մարդկանց նպատակների համար, այլ որովհետև կյանքը անհրաճեշտ է դարձնում նրա գոյությունը: Իսկ եթե Քաջազնունին, իր խոսքերով, ինչ որ վիրավորական վերագրումներ է ուզում անել Դաշնակցությունը «փեշակ» դարձնող մարդկանց՝ թո՛ղ ինքը գործ ունենա իր խղճի հետ: Եվ թո՛ղ կյանքը ցույց տա, թե ո՞վ ինչ բանն է արել «փեշակ»…

Եվ, վերջապես, «ամենապերճախոս ապացույցը» Դաշնակցության մահվան՝ «խորհրդաժողովում ընդունված բանաձևը»՝ «հակասական, ոչինչ չասող… զուրկ շիտակությունից ու տղամարդկությունից»…

Այդ բանաձևը հրապարակի վրա չկա և, ուրեմն, անհնար է քննության առնել նրա բոլոր կետերը և ցույց տալ, թե ո՞րքան իրավացի է Քաջազնունու վրդովումը: Սակայն, նրա էությունը ամփոփված է խորհրդաժողովի հրատարակած հայտագրում, և ընթերցողները հնարավորություն ունեն ստուգելու Քաջազնունու մեղադրանքը: Ես այդ բանաձևում անշիտակություն և անտղամարդկություն չեմ տեսնում:

Ի՞նչ է այդ բանաձևի էությունը: Խորհրդաժողովը ասում է նախ, որ «Միացյալ և Անկախ Հայաստանի պահանջը այսուհետև ևս մնում է Հ. Յ. Դաշնակցության քաղաքական գործունեութեան իբր ղեկավար սկզբունքը »: Հետո, համոզված լինելու, որ բոլշևիզմի ճակատագիրը պիտի որոշվի Մոսկվայում և ոչ Երևանում, նա նպատակահարմար չի համարում Հայաստանի խորհրդային ռեժիմի տապալումը բռնի միջոցներով: Այսպես էր մտածում Դաշնակցությունը և [1920թ.] դեկտեմբերի 2-ին, երբ իշխանությունը հանձնում էր բոլշևիկներին: Այն ժամանակ էլ կային մարդիկ, որոնք «տղամարդկությունից զուրկ» էին համարում այդ քայլը և դիմադրության ու քաղաքացիական կռվի կոչ էին անում: Քաջազնունին դրանց մեջ չէր. նա շիտակ և տղամարդու վայել գործ էր համարում մեր արածը և բնավ ինքնասպանության և Դաշնակցության լուծման հարց չէր հարուցանում: Հակառակը, նա բառ չէր գտնում որակելու համար վարմունքը այն մարդկանց, որոնք հայտարարել էին «հին Դաշնակցությունը» մեռած և կարմիր դրոշակ էին պատրաստում՝ դիմավորելու նոր տերերին:

Ի՞նչ պետք է աներ Դաշնակցությունը, որպեսզի Քաջազնունու աչքում չլիներ «զուրկ շիտակությունից ու տղամարդկությունից»: Պետք է լիներ հետևողական, այսինքն՝ կամ պիտի ասեր՝ «ես չկամ, մեռած եմ», կամ պիտի կռվեր բոլշևիկների դեմ: Միջին ճամբա չկա. «կա՛մ մահ, կա՛մ ազատություն»: Հեղափոխական կուսակցությունը չպետք է հարմարվի պայմաններին, չպետք է ոչ մի րոպե ձեռքերը ծալած նստի: Եթե նա այս վայրկյանիս չի կռվում, նշանակում է շիտակ չէ, տղամարդ չէ, անկեղծ չէ, հակասության մեջ է ինքն իր հետ:

Գրականությունից հայտնի են այնպիսի հերոսներ, որոնց համար համակերպում չկա, որոնց կյանքը համակ կռիվ է, կռիվ՝ հողմազանցերի դեմ, կռիվ ոչխարների հոտի դեմ, չար ոգիների դեմ, ավանակների քարավանի դեմ, երևակայական ասպետների դեմ, ամբողջ աշխարհի դեմ: Կռի՛վ մինչև մահ, ամեն գնով և բոլոր պայմաններում: Քաղաքական կուսակցությունները ուրիշ դեր և գործունեության այլ ձևեր ունին: Քաղաքական կուսակցությունը պարտավոր է գիտենալ, թե ե՞րբ է պետք կռվել և երբ ձեռները ծալած նստել: Հանգամանքների ճշգրիտ ըմբռնումը և նրանցից բխող գործելակերպի ընդգրկումը՝ այս է կուսակցության առաջին պարտականությունը: Անվանել այս գործելակերպը տղամարդկությունից զուրկ՝ հասկացողության ու ճաշակի խնդիր է վերջ ի վերջո:

Ես հակառակ համոզումը ունեմ: Իմ հասկացողությամբ մեր վերջին խորհրդաժողովը ևս մի ապացույց է Դաշնակցության կենսունակութան և իրատեսության: Խոսքերը չեն էականը կյանքում. կարող է պատահել, որ նրա որոշումների մեջ կան բառեր ու նախադասություններ, որոնք սրա ու նրա գեղասեր ճաշակին կամ տրամաբանությանը հաճելի չերևան. կարևորը ոգին է, հիմնական գաղափարը, որ մղում էր տալիս ժողովրդին: Այդ տեսակետից, խորհրդաժողովը միաձույլ ամբողջություն էր և ներշնչված էր մեկ գաղափարով: Քաջազնունուն չի տրված այս մասին կարծիք հայտնելը կամ դատ ու դատաստան անելը, որովհետև նա իր վճռական քայլը անելուց առաջ չուզեց նեղություն քաշել անձամբ ներկա լինելու այդ ժողովին և ըմբոստանալու հենց ժողովում, ժողովի դեմ, եթե իր զգասատացնող ձայնը լսող չլիներ: Իսկ այսպես խոսել, ինչպես Քաջազնունին է խոսում՝ ի՞նչ արժեք ունեն այդ խոսքերը:

Քաջազնունին մեզ է մեղադրում, որ մենք «պապանձման կնիք» ենք դրել նրա խեղճ զեկուցագրի վրա, «կողպեք ենք դրել» նրա բերանին, ասել ենք նրան. «Փակի՛ր բերանդ, լռի՛ր», որովհետև մենք «վախկոտներ ենք», «վստահություն չունենք մեր վրա», «վախն ու կասկածը բույն է դրել սրտերի մեջ»: Մի խոսքով՝ այլանդակ մարդիկ ենք մենք:

Այսպես է ասում Քաջազնունին, իսկ ի՞նչ է ասում իրականությունը:

Որոշած լինելով գումարել խորհրդաժողով՝ Հ. Յ. Դ. Արտ. Պատասխանատու մարմինը հանձնել էր մի շարք ընկերների պատրաստել օրակարգի նյութերի մասին զեկուցումներ: «Քաղաքական պահի» մասին զեկուցում ներկայացնելը հանձնվել էր մի քանի հոգու, ի թիվս որոնց և Քաջազնունին: Քաջազնունին  իր զեկուցումը գրել էր, բայց չէր տվել Պատասխանատու մարմնին և մինչև վերջին վայրկյանը բոլորից գաղտնի էր պահել նրա բովանդակությունը:

Խորհրդաժողովին մասնակցելու համար ուրիշ ընկերների շարքում հրավեր էր ստացել և Քաջազնունին: Միաժամանակ նրան հաղորդվել էր, որ թե՛ ճանապարհի, և թե՛ ժողովրդավայրում ապրելու ծախսը կհոգա կուսակցությունը: Ուրեմն, նյութական արգելք չկար, որ նա ներկա գտնվեր ժողովին: Համենայն դեպս, կուսակցությունը ամեն միջոց ձեռք էր առել, որ նա գա, բայց նա չեկավ: Նկատի ունենալով, որ «քաղաքական պահի» պես կարևոր հարցի մասին զեկուցանողներից մեկն էլ ինքն էր, հրավեր կրկնվեց և ժողովավայրից: Նա դարձյալ   չեկավ:

Ինչո՞ւ չեկավ: Պատճառ ունե՞ր չգալու: Կարող էր ունենալ, կարող էր և չունենալ: Մեր գործը չէ այդ: Իրողությունն այն է, որ չեկավ և իր կամքով ներկա չգտնվեց խորհրդաժողովին: Նրա զեկուցումը կարդացվեց, և խորհրդաժողովի մեջ մի հատիկ մարդ չգտնվեց, որ գեթ մոտավոր կերպով յուրացներ նրա հայտնած մտքերը: Խորհրդաժողովը  հավաքվել էր կյանքի գործի համար, Քաջազնունին առաջարկում էր՝ ինքնասպանություն: Նրա զեկուցումը լսվեց և մեկ կողմ դրվեց: Խորհրդաժողովը անցավ հերթական նյութին:

Այս է ամբողջ եղելությունը: Կա՞ այստեղ «ցենզուրայի» կամ վախկոտության նշույլ: Ո՞վ է փորձել Քաջազնունու բերանին կողպեք դնել: Ինչի՞ց է երևում այդ: Այդ բոլորը գոյություն ունի միայն Քաջազնունու երևակայության մեջ: Եթե նա մի քիչ պաղարյուն կերպով մտածեր, այդպիսի ծանր ամբաստանություններ չէր անի իր ընկերների հասցեին, և, մանավանդ, չէր հրապարակի այդպիսի անտեղի խոսքեր: Եթե կա մեկը, որ փակել է Քաջազնունու  բերանը, դա ինքը Քաջազնունին է: Եվ եթե մեկի դեմ պետք է ըմբոստանար, իր դեմ պետք է ըմբոստանար Քաջազնունին: Սեփական հանցանքը թողած ուրիշի օձիքից բռնել՝ Քաջազնունուն չի սազում բնավ:

Քաջազնունին կատարել է իր պարտքը՝ գրել ու հրատարակել է Դաշնակցության դամբանականը: Դամբանականի մեջ մարդիկ, սովորաբար, աշխատում են փնտրել լավ խոսքեր. Քաջազնունին ոչ մի լավ խոսք չի գտել Դաշնակցության մասին: Եվ Դաշնակցության համար պատրաստված դամբանականը դարձել է Քաջազնունու դամբանական՝ Քաջազնունո՛ւ, իբրև քաղաքական գործչի: Ցավալի է այդ: Նա ուրիշ վիճակի էր արժանի: Մենք կուզեինք, որ նա մինչև վերջ կանգնած մնար այն բարձր պատվանդանի վրա, ուր դրել էր նրան կյանքը: Կուզեինք նրա բերանից լսել կյանքի խոսքեր, կուզեինք տեսնել նրան միշտ անկողմնակալ և կուսակցական ճղճիմ հաշիվներից վեր… Այդպես չեղավ: Ախտավոր ժամանակների թույնը նրա հոգին էլ վարակեց: Դրա դեմ մենք ունենք այն մխիթարությունը, որ մեր պատճառով չէ, որ Քաջազնունին իջնում է իր պատվանդանից՝ խառնվելու այն բազմությանը, որը հասարակական տրամադրությունների մակընթացության ժամերին բարձրանում է ալիքների կատարը, որպեսզի ավելի խորը սուզվի ծովի մեջ տեղատության պահին…

Վերջաբան                                                                                                                    

Վերջին խոսքը տանք Քաջազնունուն և փակենք:

1922-ին, աշխատելով պարզել, թե «Ի՞նչ պետք է լինի մեր ուղղին» և պատասխանելով բոլշևիկների ու ռամկավարների հարձակումներին՝ նա հետևյալ մտքերն էր հայտնում Հ. Յ. Դաշնակցության մասին.

«Պե՞տք է արդյոք, որ Հ. Յ. Դաշնակցությունը … ձգտի նորից իր ձեռքն առնելու Հայաստանի պետական ղեկը: Նախադասելի չէ՞, որ մի ուրիշ կուսակցություն փոխարինի նրան:

Փաստ է, որ մոտ անցյալում Դաշնակցությունը չկարողացավ տանել իրան վիճակված ծանր լուծը: Դաշնակցական կառավարությունը չկարողացավ հաստատել ամուր իրավակարգ ու պետական կանոնավոր կյանք, չկարողացավ լուծել ելևմտական ու տնտեսական մեծ տագնապը, չկարողացավ վերացնել քաղաքական մանր ու խոշոր, ներքին ու արտաքին խոչնդոտները և, երկու ու կես տարվա գերմարդկային աշխատանքից հետո, ստիպված եղավ տալ իր տեղը օտար իշխանության:

Սա անհերքելի ճշմարտութիւն է, ուրեմն և միանգամայն օրինավոր այն հարցը, թե լավ չէ՞ր լինի թողնել ասպարեզը ուրիշներին:

Անշուշտ, լավ կլիներ, եթե հայ իրականության մեջ գոյություն ունենար Դաշնակցությունից ավելի կարող ու ավելի ձեռնհաս քաղաքական կազմակերպություն: Դժբախտաբար, այդպիսի կազմակերպված ուժ չկա ասպարեզում և դարձյալ Դաշնակցությոնն է, որ պիտի ճգնի անել իր լավագույնը:

Դաշնակցությունը չարդարացրեց իր կոչումը: Բայց… այսքան էր հայ ժողովրդի կարողությունը, ավելին չուներ ու այսօր էլ չունի:

Եթե մեր նորածին անկախության կորուստը ապիկարություն էր և ոչ պարտություն, անխորտակելի դժվարությունների ու գերազանցորեն մեծ ուժերի հանդեպ, ապա, ուրեմն, ապիկարությունը Դաշնակցությանը չէր, այլ հայ ժողովրդինը: Դաշնակցությունը ամենից մեծ ու ամենից լավ կազմակերպված ուժն է, որ մինչև այսօր կարողացել է ասպարեզ հանել հայ ժողովուրդը, և Դաշնակցության պարտությունը՝ ժողովրդի պարտությունն է:

Ահա մի դառն իրողություն, որի մասին ամենից ավելի ցավում է ինքը՝ Դաշնակցությունը:

Բայց Դաշնակցության հակառակորդներն ու քննադատները չպիտի մոռանան հետևյալը.

Դաշնակցական իշխանությունը իր անփորձություններով ու թուլությունով, իր թերություններով ու պակասություններով, նույնիսկ իր ախտերով հանդերձ՝ ունի մի անփոխարինելի առավելություն. նա երկրի իշխանություն է, կապված է երկրի ու ժողովրդի հետ անքակտելի կապերով, իր բոլոր ճիգերով, իր միս-մարմնով: Նա անջատ մարմին չէ, անջատ ապրումներով, անջատ ցանկություններով ու ձգտումներով: Հայաստանի կյանքը նրա իսկ կյանքն է և մահը՝ նրա մահը: Նա մի անբաժան օրգան է այն հավաքական մարմնի, որի անունն է «հայ ժողովուրդ»՝ միշտ արթուն, միշտ գործուն ու միշտ էլ շատ զգայուն: Նա կարող է չգիտենալ կառավարել, բայց նա երբեք և ոչ մի պայմաններում չի մոռանա ու չի դավաճանի հայ ժողովրդի դարավոր դատին:

Ամեն մի հարված, որ ուղղված է հայ ժողովրդի և հայկական դատի դեմ, որտեղից էլ գա այն՝ դրսից թե ներսից, աջից թե ձախից, Դաշնակցությունը ընդունում է առաջին հերթին իր կրծքի վրա: Եվ եթե, մի սև օր, Դաշնակցության կրծքին հասցրած հարվածը մահացու լինի (ինչպես մարգարեանում են այսօր բոլշևիկները), նա կլինի մահացու, ներկա պատմական շրջանում, նաև հայկական դատի համար:

Չհասկացողներին այս խոսքը կարող է թվալ շատ հանդուգն ու շատ էլ ծիծաղելի: Փորձեմ բացատրել:

Անհատ դաշնակցականներ ու ամբողջ խմբեր կարող են կոտորվել, բանտերը լցվել, աքսորվել, ցրվել աշխարհի չորս կողմը, չեզոքանալ կամ անցնել հակառակ դրոշների տակ: Կուսակցական շարքերը կարող են նոսրանալ, նվազել, այս կամ այն մարմինները կարող են կազմալուծվել, կուսակցական կյանքը, իր ամբողջության մեջ, կարող է խանգարվել, նույնիսկ ընդհատվել ավելի կամ պակաս ժամանակով: Վերջապես կարող է վերանալ ասպարեզից ու մոռացվել իսպառ «Դաշնակցություն» անունն անգամ:

Բայց սա դեռ չի լինի Դաշնակցության մահը:

Մահը կգա այն օրը միայն, երբ հայ ժողովուրդը կորցնի այն հոգեբանությունը, դավաճանի այն սկզբունքներին, մոռանա այն իդեալները, որոնք ծնունդ են տվել Հ. Յ. Դաշնակցության  և ամբողջ երեսուն տարի պահել են նրան հայ մարտնչող բանակի առաջին շարքերում:

Դաշնակցությունը կազմված է ո՛չ միայն այն մի քանի հազար մարդուց, որ արձանագրված են կուսակցական տետրակների մեջ: Դաշնակցության շրջանակները շատ ավելի լայն են ու արմատները շատ ավելի խորը: Դաշնակցությունը հայ բողոքի մարմնացումն է, նրա մարտական ուժը, որ ծառացել է ստրկության դեմ և իր իրավունքն է պահանջում:

Ցուցակագրված դաշնակցականները չեն, որ կազմում են Դաշնակցության ուժը: Ուժը գաղափարի մեջ է, այն առողջ, կենսունակ, հասունացած ու անխորտակելի գաղափարի, որ կազմում է Դաշնակցության էութիւնը և որը սերնդից սերունդ խոր արմատներ է ձգել հայության հավաքական հոգու մեջ:

Ո՞րն է այդ գաղափարը:

Պարզ ու կարճ. առաջին հերթին՝ օտար գերությունից անկախ քաղաքական կյանք:

Այսօր այսքանը միայն: Մնացածը կգա իր ժամանակին ու իր հերթին: Կգա այն ձևերով ու կիրագործվի այն միջոցներով, որ կյանքի ընթացքը կթելադրի մեզ կամ մեր հաջորդներին:

Հիմնականն ու էականը այսօրվա համար այդ «պարզ ու կարճն» է: Մնացածը կարող է ուշանալ ավելի կամ պակաս, բայց այս մեկը պետք է իրականանա անհապաղ:

Այս է պատմության պահանջը, նրա սպառնալիքը. կա՛մ այսօր, կա՛մ երբեք:

Իբրև ազգային միություն, իբրև պատմամշակութային ուրույն դաս, հայությունը վտանգված է մեծապես: Կյանքի ու մահվան հարց է դրված նրա առջև: Միայն անկախ պետության անհապաղ հաստատումն է, որ դեռ կարող է ի մի հավաքել հայ ժողովրդի մնացորդները հայրենի հողի վրա և փրկել նրա ապագան, փրկել մարդկության համար նրա բազմադարյան մշակույթը:

Այսօր դեռ կարելի է անել այդ, վաղը արդեն ուշ կլինի:

Ընդհանուր կազմալուծման ու վերաշինման այս օրերին, երբ հին աշխարհի քաղաքական քարտեզը քննության է առնված ու արմատական փոփոխությունների ենթարկվում, երբ քանդվում են հին պետությունները ու նորերը հաստատվում նրանց փլատակների վրա, երբ զրկված ու ճնշված ազգերը ներկայացնում են մարդկության իրենց պահանջները ու ցուցադրում իրանց կենսունակությունը, պատմական այս մեծ օրերին է, որ հայ ժողովուրդը պետք է գրավի իրան պատկանող անկյունը արեգակի տակ:

Ահռելի զոհաբերություններով, արյան ծովեր անցնելով ու մեր հետևը անհամար դիակներ թողնելով, մենք փորձ արինք վերահաստատելու հայ անկախ պետությունը: Հանդուգն էր այդ քայլը, թերևս մեր ուժերից վեր: Բայց պետք է անեինք, որովհետև ժամը հասել էր ու չէր սպասի մեզ՝ կամ պետք է ինքնահաստատվեինք, պետական պատնեշ կառուցեինք մեր շուրջը ալեկոծող համաշխարհային մեծ կռվի մեջ, կամ ոտի տակ գնայինք, տրորվեինք, բնաջինջ լինեինք:

Պատմությունը իր ընթացքն ունի, որ մենք չենք կարող փոխել, կանգնեցնել կամ դանդաղեցնել ըստ մեր ցանկության: Պետք է քայլենք հետը, ապա թե ոչ, նա մեր դիակների վրայով կանցնի առաջ:

Փորձ ար[եց]ինք մեր անկախ պետությունը հաստատելու: Անհաղթելի դժվարությունների հանդիպեցինք, բախվեցինք հակառակ ուժերի հետ, պարտվեցինք…

Պարտվեցինք, և այսօր մեր կարճատև անկախությունը վտանգված է մեծապես: Անունը մնում է դեռ, բայց հիմքերը քանդվում են, կառուցվածքը տատանում, սպառնական ճեղքեր տալիս վերից վար:

Վերջացա՞վ սրանով մեր դատն ու պայքարը: Սպառե՞լ ենք արդյոք հնարավորությունները, գործածե՞լ ենք բոլոր ուժերը ու սնա՞նկ հանդիսացել… Կարո՞ղ ենք ասել, թե այլևս բան չունենք անելու, թե մեր ինքնահաստատվելու տենչը ու կատարած փորձը մի գեղեցիկ ցնորք էր միայն, որ խորտակվեց անողոք իրականությանը բախվելով, թե քաղաքական անկախությունը մեր ուժերից վեր է և թե մեզ մնում է միայն խոնարհվել ճակատագրի առաջ ու լռելյայն մեռնել…

Ո՛չ, պետությունները չեն կազմվում մի օրվա մեջ ու, մանավանդ, չեն կազմվում հեշտորեն:

Երեխաները միայն կարող էին երազել, թե մի գեղեցիկ օր մեր պետությունը, կազմ ու պատրաստ, ծաղիկներով զարդարված ու շաքարեղենով համեմված, դրվում էր մեր առաջը ու մեր պահապան հրեշտակը ասում էր վերևից՝ վայելե՛ք խաղաղությամբ…

Կռվի ու տանջանքների մեջ են ծնվում ազատությունները: Մեր երկունքը եղավ ավելի երկար ու ծանր, քան իրավունք ունեինք սպասելու, թերևս ա՛յնքան երկար ու այնքան ծանր, որ մեր ուժասպառ կազմը չկարողանա դիմանալ:

Թերևս: Բայց այսօր դեռ վաղաժամ է այդ հոռետեսությունը, ուրեմն և փոքրոգություն զինադուլը:

Հայաստանի այսօրվա կացությունըկարող է հասցնել քաղաքական մահվան: Այդ սպառնալիքը կա և շատ լուրջ է,  բայց ո՛չ անխուսափելի, ո՛չ անհաղթելի: Այսօրվա կացությունը ինքը կարող է դառնալ (գուցե և է՛ արդեն) մի շատ կարևոր աստիճան՝ հետևյալ քայլը անելու համար…

Պայքարը շարունակվում է, շարունակվում է կազմակերպման գործընթացը: Դատը դեռ չի կորցված և ավելի քան երբեք պահանջում է ուժերի լարում:

Փրկել պետությունը, ամուր հիմքերի վրա դնել ու կենսունակ դարձնել այն՝ ահա մեր ամենամեծ հոգսը, միակ մեծ հոգսը:

Հաջողելու համար պետք է կենտրոնացնենք այս մեկ կետի վրա մեր ամբողջ կարողությունը, ամբողջ ուշադրությունն ու ամբողջ աշխատանքը:

Հաջողելու համար պետք է միացնենք մեր ուժերը այն բոլոր կենդանի ուժերին, որոն ք պայքարում են՝ ինչ գույնի և դրոշի տակ էլ լինի, նույն նպատակի համար:

Ով մեզ հետ միասին կանգնած է այս ճանապարհին ու վճռականություն ունի մինչև վերջը գնալու, նա իսկական դաշնակցականն է, ինչ անուն էլ կրելու լինի (բուրժուա թե պրոլետար, ընկերվարական թե կղերական, ռամկավար թե բոլշևիկ), նա մեր բնական ու անբաժանելի դաշնակիցն է:

Եվ թշնամի է նա, գիտակցաբար թե անգիտակից, կամա թե ակամա, հանուն համաշխարհային հեղափոխության թե համաշխարհային հակահեղափոխության, հանուն բուրժուայի թե հանուն պրոլետարի, որ կտրում է մեր ճանապարհը, պատնեշներ կառուցում ու խրամատներ փորում մեր գրոհի առջև:

ՀՈՎՀ.  ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

«Ճակատամարտ», 1922թ., հունիս 4