Մենք ստիպված էինք մեր ուժերը սպառել անընդհատ պայքարի և կռիվների մեջ

885

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից

—–

Մեր պետական շինարարության նախապայմաններն ու արդյունքները ընդհանուր գծերով ներկայացնելուց հետո, դյուրին է այժմ մեր և բոլշևիկների կատարած գործերի միջև համեմատություն անել ավելի անաչառորեն, քան այդ Քաջազնունին է անում:

Մենք սկսեցինք մեր պետական աշխատանքը անհնարին քարուքանդի և տնտեսական փլուզումի մեջ: Բոլշևիկները համեմատաբար նպաստավոր պայմաններում ձեռք առան պետական կյանքի ղեկը: Որովհետև, ճիշտ է, 1920 թվի վերջին մենք պարտվել էինք պատերազմի դաշտում, սակայն մեր երկրի այն մասը, որի վրա տարածվեց բոլշևիկյան իշխանությունը, քարուքանդ չէր եղել և տնտեսական այն անհույս վիճակը չէր ներկայացնում, ինչ որ 1919 թվի  սկզբներին:

1920 թվի վերջին հայ ժողովուրդը հաց ուներ, և նրա երկրագործական աշխատանքները կատարված էին, իսկ սա ամենահիմնական բանն է մեր՝ գերազանցորեն գյուղացիական երկրի պայմաններում:

Մեր իշխանության սկզբներին հայ ժողովուրդը՝ բաժանված զանազան հատվածների ու խմբակցությունների, աններդաշնակ տրամադրությունների մի կոնգլոմերատ (հավաքածու) էր ներկայացնում: Բոլշևիկների գալու ժամանակ հատվածական բաժանումները մեղմացել էին, իրար հասկացողությունը մեծացել և ժողովուրդը կառավարելու գործը՝ անհամեմատ դյուրացել:

Մենք ստիպված էինք մեր ուժերը սպառել անընդհատ պայքարի և կռիվների մեջ՝ մեր երկիրը անբարյացակամ և թշնամի տարերից մաքրելու համար: Բոլշևիկների համար այս ծանր աշխատանքը խնայված էր մեր արյուն քրտինքի գնով: Նրանք գործ ունեին մի երկրի հետ, որ լցված էր գրեթե բացառապես հայ ազգաբնակչությամբ, հետևաբար՝ ազատ էին մեզ կաշկանդող ներքին կռիվների հոգսերից:

Մեր պետական շինարարությունը կարճատև եղավ՝ ընդամենը 18-20 ամիս, բոլշևիկները համեմատաբար ավելի երկար ժամանակ ունեին իրենց տրամադրության տակ: Այն օրերին, երբ Քաջազնունին գրում էր իր գիրքը, նրանք երկու և կես տարի իշխանության վրա էին, ասել է, թե նրանց պետական շինարարության ժամանակամիջոցը մոտ մեկ ու կես անգամ ավելի էր, քան մերը:

Այսքան նպաստավոր պայմաններում սկսելով պետական աշխատանքները՝ ի՞նչ արդյունքի հասան բոլշևիկները կամ՝ ի՞նչ վիճակի հասցրին մեր երկիրը:

Վերաշինության խնդրում բոլշևիկների օրով երկիրը դրվեց մեռած կետի վրա: Բնակարանների անկարգ բռնագրավումը և սեփականատիրոջ իրավունքների անմիտ ոտնահարումը ցրտաշունչ հովի պես չորացրին վերաշինական աշխատանքների բողբոջները, որ 1920 թվին սկսել էին ծայր տալ մեր քաղաքներում և գյուղերում: «Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ բոլշևիկների գալուց ի վեր Հայաստանում 10 տուն կամ արհեստանոց չի վերանորոգվել, իսկ դու ինձ նոր շինությունների մասին ես հարցնում»,- գրում է Երևանի իմ բարեկամներից մեկը 1923 թվի սեպտեմբերին: Որքա՜ն ուրախ կլինեի, եթե Քաջազնունին հակառակն ապացուցել կարողանար …

Ժողովրդական տնտեսության խնդրում ավելի ևս պատուհասալից եղավ բոլշևիկների տիրապետությունը Հայաստանում: Նրանց վայրագ թալանները, մասնավորապես գյուղական շրջաններում, անդամալուծվեցին հայ գյուղացու ձեռքերը: 1921 թվին գարնանացան չեղավ շատ տեղերում: Դրա հետ միասին ամերիկյան հացի ներմուծումը նվազեց և նույն թվի ամռանը մեր հորիզոնների վրա նորից ցցվեց սովի ուրվականը: Աղետը, անկասկած, մեծ չափեր կառներ, եթե հայ գյուղացին մինչև բոլշևիկների գալը, 1920 թվի աշնանը, կատարած չլիներ իր դաշտային աշխատանքները: Ավելի քիչ չեղավ քայքայումը արհեստագործության և առևտրի մեջ՝ այս ասպարեզներում բոլշևիկների որդեգրած տնտեսական քաղաքականության երեսից: Այս բոլորի արդյունքը եղավ այն, որ երկիրը սկսեց հետադիմել դեպի 1919 թվի ծանր տագնապը: Եվ անգամ 1922 և 1923 թվերին, երբ բոլշևիկները արտաքնապես ձեռք էին քաշել իրենց երեխայամիտ տնտեսակայն փորձերից, նա չկարողացավ հասնել այն վիճակին, որի մեջ գտնվում էր 1920 թվի ամառը: Ասում եմ չկարողացավ, որովհետև այն օրերին, երբ Քաջազնունին, չգիտեմ որտեղից, լսում էր, «թե Հայաստանը կշտացել է, համարյա կարիք չունի հացի», մենք նույն այդ օրերին բոլորովին այլ լուրեր էինք լսում երկրից: Մենք լսում էինք, որ Զանգեզուրի գյուղացին գաղթում է դեպի Անդրկասպյան երկիրը և Հյուսիսային Կովկաս՝ հաց ուտելու համար, որ Շիրակի գյուղացին աչքը հառած Ամերիկային՝ նզովք էր կարդում ներգաղթը դժվարացնողների դեմ, որ Թիֆլիսը, Ռոստովը և Ռուսաստանի մեր մյուս գաղթավայրերը նորից սկսել են դեպի իրենց քաշել մեր երկրի աշխատող, ստեղծագործող ձեռքերը, և այլն, և այլն …

Ներքին խաղաղեցման խնդրում բոլշևիկները, փոխանակ օգտագործելու դաշնակցականների ծանր պայքարի գնով հաստատված ապահովությունը՝ ժողովրդական ուժերը դեպի ստեղծագործական աշխատանքներն ուղղելու, աննպատակ քաղաքացիական կռիվների շրջանը բաց[եց]ին: Այդ կռիվները՝ բացահայտ մինչև փետրվարյան ապստամբությունը, խուլ կերպով շարունակվեցին նրանից հետո էլ՝ թունավորելով մեր ամբողջ հասարակական կյանքը և երկրի կենդանի ուժերը՝ չեզոքացնելով պետական շինարար աշխատանքներից:

Վերջապես, հայ ժողովրդի կազմակերպման խնդրում էլ բոլշևիկների տիրապետությունը երևան հանեց իր հոռի կողմերը: Թուրքահայ և ռուսահայ հորջորջումները, որոնք մոռացվելու վրա էին հայ-թուրքական պատերազմի նախօրյակին, նորից արծարծվեցին բուռն թափով: Քաջազնունին գիտի, անշուշտ, որ փետրվարյան ապստամբության օրերին թուրքահայ ժողովուրդն այնքան զզված էր բոլշևիկների հալածանքներից, որ գերադասում էր գնալ Իգդիր և անձնատուր լինել թուրքերին, քան թե նորից տեսնել բոլշևիկների երեսը: Այդ ապստամբությունը խրատ եղավ բոլշևիկների համար՝ իրենց քաղքականությունը, ինչպես շատ ասպարեզներում, նույնպես և այս ասպարեզում, փոխելու, սակայն, դժբախտաբար, այդ փոփոխություններն այնքան մեծ չեն, որ մենք կարողացանք ասել, թե այսօր Հայաստանում մի չափ և մի կշիռ գոյություն ունի բոլոր հայ քաղաքացիների համար՝ անկախ նրանց տեղացիության հանգամանքից:

Բոլշևիկների պետական ապիկարությունը բնորոշող այս տխուր իրականության հանդեպ իր երկու աչքերը գոցելով՝ Քաջազնունին փորձում է շլացնել իր ընթերցողների աչքերը նրանով, որ «բոլշևիկները բաց[եց]ին (երկաթուղու) ճամբաները. Ջուլֆայի վրայով այսօր Երևանը հաղորդակցության մեջ է պարսկական Ատրպատականի հետ, Բաքվի վրայով՝ Արևելյան Ռուսաստանի ու Անդրկասպյան երկրների հետ, Բաթումի վրայով՝ Հարավային Ռուսաստանի և Եվրոպայի հետ»:

Այս դեռ բոլորը չէ: Մինչև բոլշևիկների գալը մեր երկիրը կորա՜ծ էր մթության մեջ, որովհետև լուսավորելու նյութեր չունեինք. «Բոլշևիկները առատ կերոսին բեր[եց]ին Բաքվից և ազատեցին երկիրը խավարի գերությունից»:

Այս հայտարարություններն ըստ արժանվույն գնահատելու համար ընթերցողը պիտի իմանա՝ առաջին.՝որ 1920 թվի ամռանը մենք մեր սեփական ուժերով բացել էինք արդեն Նախիջևանի ճամբան և Ջուլֆայի ճամբան էլ բանալու վրա էինք, երբ բոլշևիկյան դավերով նյութված թուրքական հարձակումը Հայաստանի վրա՝ վերջ տվեց մեր պետական գործունեությանը, երկրորդ՝ մենք Արևելյան ու Հարավային Ռուսաստանի կամ Անդրկասպյան երկրների ավերակներում որոնելու բան չունեինք այն ժամանակ, ինչպես և չունեինք հիմա, այդ երկրները լավագույն դեպքում մեր ժողովրդի կենսական նյութերը պիտի քաշեին՝ առանց նրա դրությունը մազաչափ անգամ թեթևացնելու, երրորդ՝ 1920 թվից սկսած մեր երկիրը Բաթումի վրայով շատ կանոնավոր հարաբերության մեջ էր Եվրոպայի հետ: Բոլշևիկները ոչ թե բաց[եց]ին մեր ճամբան դեպի Եվրոպա, այլ փակեցին այդ ճամբան, ինչպես ամբողջ Ռուսաստանի, նույնպես և մեր երկրի առաջ, վերջապես չորրորդ՝ ճիշտ չէ, թե բոլշևիկները առատ կերոսին են բերել մեր երկիրը և ժողովուրդը հանել խավարի գերությունից: Վերոհիշյալ բարեկամս իր նամակը վերջացնում է հետևյալ տողերով. «Ճրագս մարում է. պիտի վերջացնեմ նամակս, որ հասցնեմ …ին. անիծվածները (խոսքը բոլշևիկների մասին է- Ա. Ջ.) գոնե կարողանային մի քիչ նավթ բերել. եկածը «կոմբիջերն» (բառախաղ՝ «կոմբջիջ» խոսքից, որ նշանակում է կոմունիստական բջիջ- Ա. Ջ.) են զավթում: Արևն իջնելու պես հավերի հետ թառը պիտի բարձրանանք …»: Բաքվի նավթարդյունաբերության քայքայված դրությունը, նավթային մթերքների անասելի թանկությունը, մեր ժողովրդի աղքատությունը և բոլշևիկների ապիկարությունը առևտրական գործերում ինձ համար միանգամայն հասկանալի են դարձնում բարեկամիս նկարագրած վիճակը*. թե որտեղից է առել Քաջազնունին «առատ կերոսին»-ի առասպելը, ես չգիտեմ:

Սակայն անկախ այս բոլոր դիտողություններից, էլ ի՞նչ արժեք են ներկայացնում ճամբաներ բանալն ու նավթ բերելը հայ բոլշևիկների պետական շինարարության հաշվեցույցի մեջ: Մի՞թե դա նրանց շինարարական ճիգերի արդյունքն է: Մի՞թե ճամբաների և նավթի խնդիրները նվազ հաջողությամբ կկարգադրվեին, եթե մեր երկիր եկողները լինեին ոչ թե ռուսական բոլշևիկները, այլ ռուսական ցարը կամ նրա արյունարբու սատրապները: Հարկավ՝ ոչ: Ռուսաստանը ինչ ձևով էլ մեկնելու լիներ իր աշխարհակալական թաթը դեպի մեր երկիրը՝ պիտի ճամբաների և նավթի դյուրություններ ընձեռներ մեզ: Հարցն այն է, թե ի՛նչ գնով են տրվում մեզ այդ դյուրությունները: Մենք ձգտում էինք, և ոչ առանց հաջողության շանսերի, նրանց տիրանալ մեր երկրի անկախությունը պահպանելով հանդերձ. հայ բոլշևիկները նրանց տիրացան մեր երկրի անկախությունը օտար աշխարհակալների ոտքերի տակ նետելով… Ահա դառը իրողությունը:

Անցյալում մեր նախահայրերը «դավաճան» խոսքով էին խարանում այն հայ նախարարներին, որոնք, հանուն ինչ որ առավելությունների, աշխարհակալ հարևանների զորքերին առաջնորդում էին դեպի Հայաստան: Այսօր մենք հասարակական բարքերի այն անկման ենք հասել, որ նույնօրինակ արարքի հեղինակները օրը ցերեկով փառաբանվում են …

O tempora, o mores!