Թուրքիան երկրորդ տարին` առանց Սերժ Սարգսյանի շնորհավորանքի

2285

Այս տարի Սարգսյանը երկու անգամ նամակ, ավելի ճիշտ՝ ցավակացական գիր է ուղարկել Էրդողանին՝ կապված Սուրուչի և Անկարայի ահաբեկչությունների հետ, որոնք խլեցին հարյուրից ավելի կյանք:

Չորս տարի շարունակ` 2010-ին, 2011-ին, 2012-ին և 2013-ին, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղում իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին և շնորհավորում Թուրքիայի Հանրապետության հիմնադրության օրը` հոկտեմբերի 29-ը:

Լրատվամիջոցների ուշադրությունից չվրիպեց 2012-ի շնորհավորանքը: Սարգսյանը կամ, այսպես ասենք՝ Բաղրամյան 26-ը, շնորհավորական ուղերձը հղեց հոկտեմբերի 25-ին, չորս օր առաջ: Հավանաբար պարզ սխալմունք էր. նախագահականում շփոթել էին ամսաթվերը:

Ուշագրավ էր Սարգսյանի առաջին՝ 2010-ի շնորհավորանքի բովանդակության ճոխ բառապաշարը.

«Ձերդ Գերազանցություն, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ հարևան Թուրքիային` առաջընթաց: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Այս տարի, ինչպես և նախորդ տարի՝ 2014-ին, Սարգսյանը նման շնորհավորական ուղերձ չհղեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Պատճառը հավանաբար այն էր, որ ավելի վաղ`2014-ի և 2015-ի սեպտեմբերի 21-ի` Հայաստանի անկախության տոնի առիթով, Էրդողանը շնորհավորական ուղերձ չէր հղել: Միմյանց ազգային տոները շնորհավորելու նախաձեռնությունը գալիս է նախկին նախագահ Գյուլից, ով առաջինը` 2010-ի սեպտեմբերի 21-ին, շնորհավորական ուղերձ հղեց Սարգսյանին և հայ ժողովրդին:

Սարգսյանի և Գյուլի միջև անձնական լավ հարաբերություններ էին հաստատվել, և երկու նախագահները դա չէին թաքցնում: Դրան նպաստել էր նաև Գյուլի այցը Հայաստան և Սարգսյանի այցը Թուրքիա` միասին դիտելու ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումները: Սարգսյանը ակնհայտ հարգանքով էր վերաբերվում Գյուլին: Թուրքիայի նախկին նախագահը, ի տարբերություն Էրդողանի, ոչ միայն փոխադարձում էր հարգանքը, այլ Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին վիրավորական հայտարարություններ թույլ չէր տալիս: Ընդհանուր առմամբ, Գյուլը կրթված էր, համեստ և ինտելեկտուալ, ի հակադրություն Էրդողանի, ով կոպիտ ու ամբարտավան է:

Բազմաթիվ օրինակներից միայն մեկը հիշեցնեմ: 2008-ին, երբ խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը հրապարակավ հայտարարեց, որ Գյուլի մայրը հայ է, Թուրքիայի նախագահը առանց ջղաձգումների հակադարձեց, որ իր ընտանիքը «մուսուլման է և թուրք»: Ապա Գյուլի ընտանիքը հայց ներկայացրեց դատարան՝ ընդդեմ տիկին Արըթմանի: Դատարանը «Թուրքիայի նախագահի էթնիկ ծագման մասին անհիմն հայտարարություններ անելու» մեղադրանքով 1 թուրքական լիրայով (կես դոլարից էլ պակաս) տուգանեց ընդդիմադիր պատգամավորին:

2014-ի օգոստոսին Էրդողանը հեռուստաելույթի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայում ինքնության խնդրին և էր էթնիկ պատկանելիությանը, մասնավորապես՝ իրեն հայ անվանելու դեպքերին, ակնահայտ արհամարհական և զայրացած տոնով գոռգոռաց.

«Արմատներով ես Ռիզեից եմ, ծնվել-մեծացել եմ Ստամբուլում: Բայց ինչե՜ր չեն ասում իմ մասին: Մեկն ասաց, թե Էրդողանը վրացի է: Մեկն էլ տեղից վեր կացավ, կներեք արտահայտությանս, շատ ավելի կեղտոտ ձևով ասաց` Էրդողանը հայ է: Պապիցս ու հորիցս և բոլորից գիտեմ, որ ես թուրք եմ»:

Այսպիսի մարդը չի կարող շնորհավորել Հայաստանի և հայ ժողովրդի ազգային տոնը` սեպտեմբերի 21-ը: Եվ պետք էլ չէ, որ շնորհավորի: Ավելին, քանի դեռ Թուրքիան արդեն քսան տարուց ավելի շրջափակման տակ է պահում Հայաստանը, որպեսզի մեր երկիրը տնտեսապես թուլացնի ու ծնկի բերի, քանի դեռ բացահայտ աջակցում է Ադրբեջանին, քանի դեռ միջազգայնորեն արշավ է տանում Հայոց ցեղասպանությունը հերքելու ուղղությամբ, նրա շնորհավորանքները անկեղծ չեն կարող լինել:

Նույնը վերաբերում է նաև Հայաստանին: Ի՞նչու պետք է շնորհավորել մի երկրի հիմնադրման տոնը, երբ գիտես, որ այդ երկիրը վեր է բարձրացել հայկական հողերի, հայկական ոսկորների, հայկական անցյալի, հայկական երազանքի վրա: Ավելին, 1920-ին քեմալական թուրքերը զավթեցին Հայաստանի Առաջին Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաք Կարսը և ողջ շրջանը, և մինչև օրս Բագրատունյաց չքնաղ Անի մայրաքաղաքը նրանց ձեռքում է: Թուրքերը գրավեցին նաև Իգդիր-Սուրմալուն: Ի դեպ, եթե հոկտեմբերի 29-ը Թուրքիայի հիմնադրման օրն է, ապա հոկտեմբերի 30-ը Կարսի անկման օրն է: 1920-ի այդ օրը առանց կռվի ընկավ քաղաքը: Ցավոք, Հայաստանում և Սփյուռքում այդ օրը գրեթե չի հիշվում: Փոխարենը, թուրքերը ամեն տարի Կարսում կազմակերպում են տոնակատարություն` նշելով «հայերից քաղաքը ազատագրելու» օրը: Այդ տոնակատարություններին երբեմն մասնակցում են նաև երկրի նախագահը և վարչապետը:

Եթե անգամ թուրքերը շնորհավորում են Հայաստանի անկախության տոնը, ապա Հայաստանի որևէ նախագահ պարտավորված չէ փոխադարձաբար շնորհավորել Թուրքիայի հիմնադրությունը: Պետությունները և նրանց ղեկավարները միմյանց ազգային տոները շնորհավորում են, երբ կա հարաբերությունների նվազագույն մակարդակ: Եթե Սարգսյանն ու Գյուլը միմյանց հանդեպ ունեին խորը հարգանք, ապա կարող էին շնորհավորել միմյանց ծննդյան օրերը, ինչը, ի դեպ, չէին անում: Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները կարող են շնորհավորել միմյանց ընտրությունը նախագահի պաշտոնում, ինչը անում են սկսած 1991-ից: Սերժ Սարգսյանը անցյալ տարի շնորհավորեց Էրդողանին` նախագահ ընտրվելու առիթով և երդմնակալությանը մասնակցելու նպատակով Անկարա գործուղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով Էրդողանին փոխանցեց 2015-ի ապրիլի 24-ին Երևան այցելելու Սարգսյանի հրավերը:

Այս տարի Սարգսյանը երկու անգամ նամակ, ավելի ճիշտ՝ ցավակացական գիր է ուղարկել Էրդողանին՝ կապված Սուրուչի և Անկարայի ահաբեկչությունների հետ, որոնք խլեցին հարյուրից ավելի կյանք:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը հրապարակվել է ՍիվիլՆեթ կայքում՝ 2015թ հոկտեմբերի 29-ին