Նոր Իրանը` Նոր Հնարաւորութիւն Հայաստանի Համար

997

Հոկտեմբերի կէսերին պաշտօնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ճահանկիրիի գլխաւորած պատուիրակութիւնը: Նրան ընդունեցին Հայաստանի վարչապետն ու նախագահը: Այցի ընթացքում կայացաւ հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցում էր 300-ից աւելի գործարար Հայաստանից եւ շուրջ ութ տասնեակ` Իրանից:

Իրանի նախագահի առաջին տեղակալի այցը ուշագրաւ էր նախեւառաջ ժամանակային իմաստով: Թեհրանը յաղթահարում է տասնամեակների մեկուսացումը եւ առաջիկայ ամիսներին ու տարիներին լիովին համարկուելու է համաշխարհային տնտեսութեանը: Արեւմուտքը մէկը միւսի յետեւից վերացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ու սահմանափակումները: Եթէ Հայաստանը կարողանայ ճիշդ օգտուել փոփոխուող իրավիճակից, ապա տնտեսական եւ քաղաքական լուրջ օգուտներ կը քաղի:

Վեցնեակի հետ յուլիսին ստորագրուած պատմական համաձայնագրից յետոյ Իրանի բարձրաստիճան պաշտօնեաներից առաջին արտերկիր այցը կայացաւ հէնց Հայաստան: Սա կարող է նշանակել, որ Իրանի արտաքին քաղաքականութեան օրակարգում Հայաստանը շարունակում է կարեւոր տեղ զբաղեցնել:

Հայաստան-Իրան ապրանքաշրջանառութիւնը կազմում է մօտաւորապէս այնքան, որքան Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառութիւնը, որը, պայմանաւորուած փակ սահմանների իրողութեամբ, իրականացւում է երրորդ երկրներով: Հայաստանի արտաքին առեւտրի մէջ Իրանի մասնաբաժինը կազմում է ընդամէնը 6 տոկոս:

Պայմանաւորուած պատժամիջոցներով` Իրանի` Հայաստանում ներդրումների ծաւալը եղել է աննշան: Այսօր, երբ ֆինանսներ են հոսելու Իրան, երբ Իրանը կարողանալու է օգտագործել արեւմտեան դրամատներում տարիներ արգելափակուած իր տասնեակ միլիառաւոր տոլարները, Հայաստանը պէտք է անի առաւելագոյնը` երկրում իրանական ուղղակի ներդրումները խթանելու համար:

Հայ-իրանական երկկողմ այցերի ընթացքում շատ է խօսւում տնտեսական բաղադրիչը ուժեղացնելու մասին, սակայն, իրականում, բազմաթիւ նախագծեր մնում են լոկ բարի մտադրութիւններ: Հայ-իրանական վերջին մեծ նախագիծը Իրան-Հայաստան կազատարն էր, որ կառուցուեց 2007-ին: Ուշագրաւ էր, որ այս նախագիծը կեանքի կոչուեց այն տարիներին, երբ Իրանի նկատմամբ արեւմտեան պատժամիջոցները աւելանում էին` պայմանաւորուած նաեւ նախկին նախագահ Մահմուտ Ահմատինեժատի քաղաքականութեամբ:

2008-ի աշնանը Սերժ Սարգսեանը յայտարարեց երեք խոշոր նախագծերի մեկնարկի մասին, որոնցից մէկը Իրան-Հայաստան երկաթուղին է: Խոստումից յետոյ անցել է աւելի քան եօթ տարի, սակայն այդ ուղղութեամբ որեւէ նշանակալի քայլ չի կատարուել: Երկաթուղու կառուցումը շարունակում է մնալ մշուշոտ: Եթէ անգամ անհրաժեշտ գումարները հայթայթուեն, ապա միանշանակ չէ այդ նախագծի տնտեսական նպատակայարմարութիւնը`  հաշուի առնելով Իրան-Հայաստան ապրանքաշրջանառութեան ոչ էական ծաւալները: Անշուշտ պէտք է հաշուի առնել, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը նշանակում է նաեւ երկաթուղային կապ Իրանի եւ Վրաստանի, ինչպէս նաեւ` Ծոցի եւ Սեւ ծովի միջեւ` դրանցից բխող հնարաւորութիւններով:

Հայաստանի իշխանութիւնները հնչող քննադատութիւններին, որ երկկողմ համատեղ տնտեսական ծրագրերը ցանկութիւններից այն կողմ չեն անցնում, պատասխանում էին, որ պատճառը Արեւմուտքի կողմից քաղաքական ճնշումներն են ու ֆինանսների պակասը: Այսօր, երբ արդէն Իրանի վրայ չկան արեւմտեան ճնշումներ, երկկողմ տնտեսական նախագծերի իրականացման ձգձգումները այլեւս չեն կարող արդարացուել եւ պատճառաբանուել արտաքին հանգամանքներով:

Հայ-իրանական յարաբերութիւններում հեռանկարային են առաջին հերթին ուժանիւթը եւ զբօսաշրջութիւնը: Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլթ ելեկտրական գծի կառուցումը, ինչպէս յայտարարուեց Իրանի նախագահի առաջին տեղակալի այցի ընթացքում, կ՛աւարտուի երկու տարուայ ընթացքում: Ելեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը հնարաւորութիւն կը տայ Հայաստանին 2018-ից աւելացնել կազ-ելեկտրականութիւն փոխանակման ծաւալը: Իրան-Հայաստան խողովակաշարով Հայաստան մղուող կազը վերածւում է ելեկտրականութեան եւ բարձրավոլթ գծերով ուղարկւում Իրան:

Երրորդ բարձրավոլթ ելեկտրագծի կառուցումը ինքնին բերելու է նրան, որ Հայաստանը աւելի մեծ ծաւալներով է կազ ներմուծելու Իրանից, քանի որ իրանական կազը, Երեւանի ջերմաելեկտրակայանում վերածուելով ելեկտրական հոսանքի, վերադառնում է Իրան: Սակայն ժամանակն է, որպէսզի Իրան-Հայաստան կազատարը օգտագործուի իր ողջ թողունակութեամբ: Գոնէ սահմանամերձ Սիւնիքի մարզում Հայաստանը պէտք է կարողանայ հասնել նրան, որ կենցաղային նպատակներով օգտագործուի իրանական կազը:

Իրան-Հայաստան կազատարի տարեկան թողունակութիւնը շուրջ 2 միլիառ խորանարդ մեթր է, մինչդեռ տարեկան Իրանից Հայաստան մղւում է դրա մէկ հինգերորդ չափով միայն: Եթէ իրաւամբ իրանական կազը կարող է մրցակից լինել ռուսականին, ապա Իրանից Հայաստանի տարածքով կարող է կազ գնել նաեւ Վրաստանը, ինչը արել է ժամանակին, բայց` Ազրպէյճանի տարածքով:

Հայաստանը Իրանի հետ սահմանակից է նաեւ որպէս Եւրասիական տնտեսական միութեան (ԵՏՄ) անդամ պետութիւն: Հայաստանը, այս իմաստով, կարող է լաւ հարթակ լինել ԵՏՄ-Իրան համագործակցութեան համար:

Անհրաժեշտ է յստակութիւն մտցնել այն նախագծերում, որոնք տարիներով մնում են օրակարգում, սակայն առաջ չեն շարժւում: Եթէ Իրան-Հայաստան կազատարի եւ Մեղրիի ջրաելեկտրակայանների կառուցումը անիրատեսական է, ապա պէտք է կենտրոնանալ համատեղ կամ տարածաշրջանային այլ նախագծերի վրայ` նկատի ունենալով այն նոր հնարաւորութիւնները, որոնք բացւում են Իրանի առջեւ:

Հայաստան-Իրան առեւտրատնտեսական համագործակցութիւնը խոչընդոտող գլխաւոր պատճառներից է Հայաստանի տարածքում ճանապարհների խիստ անորակ վիճակը: Հայաստանը նման ճանապարհներով երբեք պէտք չէ ակնկալի, թէ կարող է դառնալ տարանցիկ պետութիւն Իրանի եւ Վրաստանի միջեւ: Հիւսիս-հարաւ մայրուղու կառուցումը, որ ձգձգւում է տարիներով, կարող է էապէս փոխել իրավիճակը` դրականօրէն ազդելով եւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցութեան եւ տարանցման համար:

Իր հերթին, Իրանը պէտք է Հայաստանի քաղաքացիների համար առաւել դիւրացնի ինքնաշարժներով մուտքը իր տարածք, ինչպէս դա անում է հայկական կողմը: Եթէ իրանցիները առանց դժուարութեան կարող են իրենց ինքնաշարժներով այցելել Հայաստան, ինչը տեսանելի է նաեւ շարքային քաղաքացիների համար, ապա նոյնը չեն կարող անել հայաստանցիները, քանի որ Իրան մուտք գործելու համար պէտք է մաքսատանը թողնել երաշխիքային մեծ գումար: Սա լուրջ խոչընդոտ է զբօսաշրջութեան զարգացման եւ երկու ժողովուրդների` փոխադարձ ճանաչողութեան համար:

Փոխնախագահ Ճահանկիրին Երեւանում յայտարարեց, որ Հայաստանը Իրանի համար դժուարին ժամանակների բարեկամն է եղել եւ շարունակում է մնալ բարեկամ, որի հետ Իրանը պատրաստակամ է զարգացնել ոչ մի սահմանափակում չունեցող յարաբերութիւններ, առաջին հերթին` առեւտրատնտեսական ոլորտում:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 26 Հոկտեմբեր, 2015թ.