Սիմոն Վրացյան. 1918-ին միակ կազմակերպված ազգային ուժը ՀՅԴ-ն էր

1318

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի՝ նախ ուղղված ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին, ապա և տպագրված առանձին գրքով Բուխարեստում 1923-ին: 

Ենթադրենք մի րոպե, որ Քաջազնունու երևակայությունները իրականանային և Դաշնակցությունը լուծվեր 1918թ. հունիս-օգոստոս ամիսներին, ի՞նչ կլիներ հետևանքը:

Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է վերհիշել 1918 թվի դեպքերը և Հայաստանի վիճակը, որը Քաջազնունին բնորոշել էր «քաոս ու ավերածություն»: Քաոս ու ավերածություն ոչ միայն նյութական տեսակետից,  այլև հոգեկան-բարոյական կողմերով: Հայ ժողովրդի ու, մասնավորապես, մտավորականության ինքնազգացումն այնպես էր, որ ոչ միայն «նոր քաղաքական խմբակցություններ» չէին կարող առաջ գալ, այլ եղածների մեծ մասն էլ հազիվ շունչ էր քաշում: Մի կուսակցություն կար այդ ժամանակ Հայաստանում, որ մասսայական բնույթ ուներ և, համեմատաբար, չէր կորցրել հոգեկան հավասարակշռությունը՝ Հ. Յ. Դաշնակցությունն էր այդ, որ գրեթե նույնացած էր ժողովրդի հետ: Երևանում և գավառական մի-երկու վայրերում գոյություն ունեին Հայ ժողովրդական ու Սոցիալիստ-հեղափոխական խմբակներ: Ալեքսանդրապոլում կազմվել էր «անկախ» սոցիալիստների խումբը: Կային փոքրաթիվ Սահմանադիր-ռամկավարներ և հատ ու կենտ բոլշևիկներ: Ուրիշ կազմակերպված քաղաքական ուժ գոյություն չուներ Հայաստանում:

Դրությունը ավելի փայլուն չէր և Թիֆլիսում: Այստեղ ևս Դաշնակցությունից զատ լայն կազմակերպված կուսակցություն չկար: Ճիշտ է, Թիֆլիսում բավական թիվ էին կազմում ոչ դաշնակցական մտավորականները, բայց նրանց մեծ մասը գտնւում էր ռուսական կուսակցություններում՝ Սոցիալ-դեմոկրատներ, Սոցիալիստ-հեղափոխականներ, և օրգանական կապ չուներ հայ իրականության հետ: Հայկական բուրժուազիան էր, որ համեմատաբար ավելի էր հետաքրքրություն ցույց տալիս դեպի ազգային գործերը, բայց նա էլ կազմակերպված չէր. նորածին հայ ժողովրդական կուսակցությունը սահմանափակ շրջանից դուրս չէր գալիս: Դաշնակցությունն էր ազգային կյանքին բովանդակություն և ընթացք տվողը: Եթե չհաշվենք Մ. Պապաջանյանին և հայ ժողովրդական կուսակցության անդամներից մի քանիսին, որոնք հունիսի 4-ից հետո սկսել էին կակազելով խոսել իրենցից կառավարություն կազմելու մասին, Դաշնակցության հետ մրցող չկար հրապարակի վրա: Հետագա դեպքերը ցույց տվ[եց]ին, որ այդ պարոններն էլ լուրջ նպատակներ չունեին, որովհետև հենց որ Ազգային խորհուրդը Երևան փոխադրելու հարց  ծագեց, նրանք բոլորն էլ շտապեցին հետ քաշվել:

Լավ էր, թե վատ, 1918-ին հայ իրականության միակ կազմակերպված ազգային ուժը և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, Հ. Յ. Դաշնակցությունն էր:

1918թ. հունիսի 4-ին ստորագրվեց հայ-թուրքկական [օսմանյան] հաշտության դաշինքը, և հազար դժվարություններով կազմված կառավարությունը մեկնեց Երևան (Թիֆլիսի մտավորականությունը խուսափում էր Երևան գնալուց): Օգոստոսի 1-ին բացվեց Հայաստանի Խորհուրդը: Հունիս-օգոստոս և հետագա ամիսներին Հայաստանի Հանրապետության կեսից ավելին բռնված էր թուրքական զորքերով, մնացյալ մասը խճողված ու խռովահույզ վիճակի մեջ էր: 7 վերստ հեռու՝ թուրքական առաջավոր դրիքերից, Երևանի վրա էին ուղղված թշնամու թնդանոթները: Հայ ժողովուրդը ապրում էր գերագույն տագնապի օրեր: Մտավորականությունը կծկվել ու խեղճացել էր: Հոգեկան հավասարակշռությունն ու կորովը պահած գործիչները մատների վրա էին համարվում՝ մի Արամ, մի Դրո, մի Կարճիկյան… Դաշնակցությունն էր, որի վրա էին հառած ամենքի հայացքները…

Հիմա Քաջազնունին ցավում է, որ ա՛յն ժամանակ, այդպիսի պայմանների մեջ, Դաշնակցությունը չէր հայտարարել իրեն կազմալուծված ու հրապարակից չէր քաշվել. «Ի՜նչ գեղեցիկ վախճան կլիներ»: Բարի: Դաշնակցությունը լուծվեց, չկա՛: Հետո՞, ի՞նչ պիտի լիներ հետևանքը: Ո՞րն էր այն ուժը, որ պիտի փոխարիներ նրան: Ո՞րն էր այն տարրը, որից դուրս պիտի գային «նոր քաղաքական խմբակցությունները», որոնք պիտի բռնեին Դաշնակցության տեղը:

Անշուշտ, այդ «նոր քաղաքական խմբակցությունները» չպիտի կազմվեին դաշնակցական գործիչներից. այդ բոլոր Արամները, Ռուբենները, Դրոներն ու Կարճիկյանները, Քաջազնունիներն ու Սահակյանները նոր պայմանների համար այլևս անպետք չէին. չէ՞ որ «նոր գինին չի կարելի լցնել հին տիկերի մեջ»: Ապա, ուրեմն, ո՞վքեր էին նրանք, որոնց պիտի ժառանգություն թողներ Դաշնակցությունը իր կյանքի գործը՝ ինքնասպանություն գործելուց առաջ:

Քաջազնունուն այդ հարցը շատ չի զբաղեցնում: Նա համոզված է, որ 1918թ. հունիս-օգոստոսյան օրերին «հեղափոխական Դաշնակցության» փոխարեն կկազմվեր «պետական Դաշնակցությունը» և չի նկատում, որ դա լոկ խոսք է և որ Դաշնակցության լուծումից հետո, եթե նույնիսկ ենթադրենք, որ հնարավոր լիներ այդպիսի լուծում, ո՛չ մի գործուն կազմակերություն չէր կարող ստեղծվել այն օրերի «քաոսի ու ավերածության» մեջ: Այսպես կարող են մտածել միայն ուտոպիստները՝ մարդիկ, որոնք կյանքի երևույթները չափում-կշռում են իրենց երևակայության մեջ գոյություն ունեցող տվյալներով: Լուրջ, պետական գործիչը այդպիսի ցնորքներով չի տարվի: Իրատես մարդը  հասկանում է, որ կարելի չէ երեսնամյա բեղուն գործունեություն ունեցող ժողովրդական մի կազմակերպություն մի ակնթարթում փոխարինել նորով՝ [այն էլ] պատերազմի ընթացքում: Նույնիսկ հեքիաթներում այդպիսի հրաշքներ սակավ են պատահում:

Քաջազնունու մտքի ամենամեծ հերքումը հենց այն է, որ 1918թ. հունիս-օգոստոս ամիսներին Հայաստանում մի հատիկ մարդ չգտնվեց, նույնիսկ հակադաշնակցականներից, որ մտածեր Դաշնակցության մահվան մասին: Հակառակը, բոլոր  հոսանքներն ու խմբակները անխտիր համախմբվել էին Դաշնակցության շուրջը և երկրի փրկության հույսը կապել նրա հետ: Եթե մեզանից մեկը այն օրերին առաջարկեր Դաշնակցությունը լուծված հայտարարել, նրան խելագար կամ ոճրագործ կհամարեին: Եվ իրավունք էլ կունենային: Դաշնակցությունը այն ժամանակ հարկավոր էր ժողովրդին, ինչպես հարկավոր է և այժմ:

Այդպես էր համոզված և ինքը՝ Քաջազնունին, ո՛չ միայն 1918-ի հունիսին, այլև 1922թ. հունիսին, երբ «Ճակատամարտ»-ում գրում էր. «Ամեն մի հարված, որ ուղղված է հայ ժողովրդի ու հայկական դատի դեմ, որտեղից էլ գա այն՝ դրսից թե ներսից, աջից թե ձախից, Դաշնակցությունը ընդունում է առաջին հերթին իր կրծքի վրա: Եվ եթե մի սև օր Դաշնակցության կրծքին հասցրած հարվածը մահացու լինի, ինչպես մարգարեանում են այսօր բոլշևիկները, նա կլինի մահացու, ներկա պատմական շրջանում նաև հայկական դատի համար»*: *Տե՛ս,»Ճակատամարտ», 1922թ., հունիս 4, Հ. Քաջազնունի, «Ի՞նչ պիտի լինի մեր քաղաքականությունը»: Ուրեմն, դեռ մի տարի առաջ Քաջազնունին ոչ միայն ըմբռնում էր, որ Դաշնակցությունը1918-ին չպիտի ինքնասպանություն գործեր, այլև գիտեր, որ նրա դեմ ուղղված ամեն մի մահացու հարված կլինէր մահացու նաև հայկական դատի համար: Այժմ Քաջազնունին ափսոսում է , թե ինչո՞ւ Դաշնակցությունը ձեռքից փախցրեց այնպէ՜ս «գեղեցիկ» մեռնելու առիթը: Ժամանակները փոխվում են, փոխվում են և մարդիկ…

Բայց թողնենք այս հակասությունները. Տեսնենք, իրո՞ք Դաշնակցությունը 1918-ին պե՞տք է լուծված լիներ: Ի՞նչը պիտի հարկադրեր նրան այդպես վարվելու:

Քաջազնունին պատասխանում է. «Որովհետև մեր պատմական միսիան վերջացած էր արդեն»: Բայց ո՞րն է Դաշնակցության «պատմական միսիան»: Քաջազնունին ասում է և քանիցս կրկնում, թե Դաշնակցության «պատմական միսիան» «հայ քաղաքական դատի» լուծումն է, ուրիշ խոսքով՝ Հայաստանի անկախության իրագործումը: Հասե՞լ է Դաշնակցությունը իր այդ նպատակին, անկա՞խ է Հայաստանը: Քաջազնունին այս հարցին էլ բացասաբար է պատասխանում. ո՛չ, չի՛ հասել: Հայաստանը անկախ չէ և լավագույն դեպքում, Ռուսաստանի մեկ ինքնավար նահանգն է: Արդ, ինչպե՞ս կարելի է խոսել «պատմական միսիան» վերջացնելու մասին: Եվ քիչ հետո, Քաջազնունին ինքն էլ է զգում իր կարծիքի հիմք չունենալը, բայց գտնում է իրեն համար ընդունելի բացատրությունը, որ մի որոշ շրջանի համար է, որ մեր «պատմական միսիան» վերջացած է. հաջորդ շրջանը պատկանում է բոլշևիկներին:

Անկախ այս բանից, Քաջազնունին գործում է մի հիմնական սխալ, որից բխում է և նրա եզրակացությունների սխալը: Նա մեկից ավելի անգամներ կրկնում է և ընդգծում, որ «Հ. Յ. Դաշնակցությունը… միշտ եղել է ու միշտ մնացել… հայ քաղաքական ազատագրման մարտիկը». «Իմ ըմբռնումով մեր կուսակցության ամբողջությունը հայ քաղաքական դատի մեջ է»: Եվ որովհետև Քաջազնունին համոզված է, որ «հայ քաղաքական դատը» մի որոշ ժամանակի համար փակված է, ապա և առանց տատանվելու հայտարարում է, որ Դաշնակցությունն այլևս «անպետք գործիք» է: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Քաջազնունին չարաչար սխալվում է: «Հայ-քաղաքական դատը» երբեք չի եղել ու ներկայումս էլ չէ Դաշնակցության միակ նպատակը: Դաշնակցության ծրագիրն ու գործունեությունը իրավունք չեն տալիս այդպես մտածելու:

Ճիշտը այն է, որ Դաշնակցությունը միշտ գիտակցել է, թե քաղաքական ազատագրությունը նախապայման է կազմում իր մյուս նույնքան կարևոր նպատակների հետապնդման համար և այդ է պատճառը, որ նրա գործունեության ընթացքում գլխավոր տեղը բռնում է ազգային-քաղաքական կռիվը: Հենց իր հիմնադրության առաջին օրերից սկսած Հայաստանի քաղաքական ազատության հարցի հետ միասին Դաշնակցությունը դրել է և ընկերային-տնտեսական նպատակներ:

Այն էլ պետք է ասել, որ Քաջազնունին բացառություն չի կազմում. մեր կուսակցության գրկում միշտ, բայց հաջողության օրերին մանավանդ, գոյություն են ունեցել մարդիկ, որոնց հետաքրքրել են բացառապես ազգային -քաղաքական խնդիրները: Այդպիսիները Դաշնակցության մեջ մնացել ու գործել են միայն «հայ քաղաքական դատի» համար, ընկերային ու ընկերվարական հարցերը օտար են եղել նրանց հոգուն ու մտքին: Գտնվել են և այնպիսիներ, ինչպես հիմա Քաջազնունին, որոնք չեն էլ նկատել այդ ուրիշ հարցերը: Սրանք ամբողջովին դաշնակցականներ չեն եղել ու չեն: Եթե Հայասատանի քաղաքական ազատագրությունը հաջողվեր, նրանք, անշուշտ, պիտի հեռնային մեր շարքերից՝ երթալու համար իրենց էությանը ավելի համապատասխան միջավայր:

Տարօրինակն այդ չէ: Տարօրինակն այն է, որ Քաջազնունին, երկար տարիներ մասնակցելով հանդերձ Դաշնակցության կյանքի բազմապիսի արտահայտություններին, նկատել և ընդունել է միայն «քաղաքական դատը»: Դաշնակցության գործունեության սոցիալ-տնտեսական ու մշակութային կողմերի վրա նա աչք է գոցում, իսկ պետական գործունեությունից էլ տեսել է միայն բացասական փաստերը: Ամենագլխավորը նա մոռացել է:

Շարունակելի