Քաջազնունի. Պատերազմ՝ Վրաստանի, բախումներ՝ Ադրբեջանի հետ

1040

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից:

—- 

Նոյեմբերին ընդհանուր զինադադար հայտարարվեց. Գերմանիան ու իր զինակիցները պարտված էին, ջարդված՝ հաղթանակը դաշնակիցներինն էր:

Գերմանական զորքերը հապճեպ հեռացան Վրաստանից, սկսեցին քաշվել դեպի իրենց նախկին սահմանները նաև թուրքերը: Ամսի վերջին Բաթումում ափ իջան առաջին անգլիական զորքերը՝ մեր դաշնակիցների զորքերը:

Հույսերի նոր դուռ էր բացվում մեր առջև: Թվում էր, թե մեր դրությունը Անդրկովկասում պիտի փոխվի արմատապես՝ փոխվի դեպի լավը. չէ՞ որ մենք էլ կռվել էինք իրենց շարքերում ընդհանուր թշնամիներից մեկի՝ Թուրքիայի դեմ: Բնական էր հուսալ, թե մենք պիտի վայելենք անգլիացիների առանձին բարյացակամությունը ու որոշակի տարբերվենք վրացիներից, որ այնքան սիրախաղ էին արել գերմանացիների հետ ու մանավանդ ադրբեջանցիներից, որոնք պարզապես անցել էին թուրքերի կողմը:

Դարձյալ սխալվել էինք. անգլիացիները չարեցին այդ տարբերությունը: Կարծես չգիտեին կամ մոռացել էին, թե մենք իրենց դաշնակիցներն ենք, իսկ վրացիների ու ադրբեջանցիների հանդեպ ցույց տվին այնպիսի մեծահոգություն, որ միանգամայն անսպասելի, մասամբ իսկ անհասկանալի էր մեզ համար:

Իհարկե, անգլիացիներին գանգատեցինք դառնորեն, աս[աց]ինք՝ ապերախտ են այդ մարդիկ: Դա ամենահեշտ միջոցն էր՝ մեզ անհասկանալի երևույթները բացատելու համար: Ապերախտ են, աս[աց]ինք ու սրտերս թեթևացրինք, այլևս չորոնեցինք այդ ապերախտության աղբյուրները:

Դեկտեմբերի սկզբներին ծագեց կարևատև հայ-վրացական պատերազմը:

Երբ թուրքական բանակը, Ալեքսանդրապոլի վրայով անցնելով հասավ մինչև Փամբակ ու գրավեց Ղարաքիլիսան, վրացիները օգտվեցին հանգամանքից և զորք մտցրին հայկական Լոռի: Պատրվակն այն էր, թե ուզում են կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս: Բայց թուրքերի հեռանալուց հետո էլ վրացիները չուզեցին դատարկել Լոռին. հակառակը, եռանդաբար աշխատում էին ամրացնել ու հավերժացնել իրենց տիրապետությունը, իսկ տեղացիների դժգոհության արտահայտությունները խեղդում էին դաժանորեն:

Լոռին կռվածաղիկ էր Հայաստանի և Վրաստանի միջև՝ ամենից ցավոտը հայ-վրացական սահմանային վեճերի մեջ:

Մեզ վրա ճնշում գործ դնելու նպատակով Վրաստանը, փաստորեն, կտրել էր մեր հաղորդակցությունը դրսի աշխարհի հետ, փակել էր մեր նեղ սահմաններում: Նույնիսկ այն հացը, որ ուղարկվում էր դրսից մեր սովամահ գաղթականությանը կերակրելու համար, այդ հացն էր Վրաստանում հանդիպում բազմազան արգելքների և ուշանում էր, լրիվ չէր հասնում տեղ:

Վրաստանը գրավել էր Լոռին, փակել երկաթուղին ու պաշարել մեզ՝ այս էր պատերազմի հիմնական պատճառը:

Իսկ անմիջական առիթը Լոռվա մի քանի հայ գյուղերի ապստամբությունն էր և վրաց կառավարության գործադրած անհամապատասխան խիստ միջոցները: Կարծես կառավարությունը առիթ էր որոնում (ու նույնիսկ ինքը ստեղծում), որպեսզի կոտորի ու ահաբեկի հայ ազգաբնակչությանը:

Անհավանական չէ, որ որոշ դեր կատարել է նաև մեր բանակի մեջ գտնվող ռուս սպաների սադրանքը: Վրաստանում կառավարությունը կիրառել էր մի քաղաքականություն, որի նպատակն էր օր առաջ թուլացնել ռուսական տարրը (որ բավականին զորեղ էր Թիֆլիսում), չեզոքացնել նրա ազդեցությունը և ազգայնացնել պետական մեխանիզմը: Այդ նպատակով նա ոչ միայն պաշտոնազուրկ էր անում ռուս պաշտոնյաներին ու զինվորականներին, այլև զանգվածներով արտաքսում էր երկրից դուրս: Մեր բանակում կային բավական մեծ թվով ռուս սպաներ, որոնք կապեր ունեին Թիֆլիսում (գուցե և զորավար Դենիկինի բանակի հետ): Անհավանական չէ, ասում եմ, որ սրանք գրգռում էին մեր զինվորական շրջանները Վրաստանի դեմ, ստեղծում էին թշնամական մթնոլորտ, որ շատ նպաստավոր էր ռազմական գործողություններ սկսելու համար:

Պատերազմը տևեց երեք շաբաթ միայն: Դեկտեմբերի 31-ին՝ անգլիացիների միջամտությամբ, խաղաղությունը վերականգնված էր արդեն: Լոռին հայտարարվեց ժամանակավորապես չեզոք գոտի, վրաց իշխանությունը փոխարինվեց հայ-վրացական իշխանությունով՝ անգլիական կոմիսարի հսկողության տակ:

Այսպիսով, պատերազմի ելքը անբարեհաջող չէր մեզ համար, մեր նպատակին հասել էինք կես չափով (մանավանդ, որ երկաթուղային հաղորդակցությունն էլ, գլխավորապես շնորհիվ անգլիացիների ներկայության, վերաբացվեց մասամբ): Բայց և այնպես, ծանր մտահոգությունների դուռ էր բաց անում պատերազմի փաստը ինքնըստինքյան:

Հազիվ 4-5 ամսվա պետական կյանք ունեինք ու արդեն բռնված էինք պատերազմի, մինչդեռ երկիրը հազար ու մի ցավ ուներ բուժելու: Եվ պատերազմեցինք այն հարևանի դեմ, որի հետ սերտորեն դաշնակցելու ամենից մեծ կարիքն ունեինք: Չէ՞ որ Վրաստանն էր մեր միակ ճանապարհը քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցվելու համար:

Մենք հասկանում էինք այդ և անկեղծորեն ուզում էինքհաշտ ապրել վրացիների հետ: Բայց փաստն այն է, որ չկարողացանք: Եվ, անկախ Վրաստանի բռնած դիրքից, որ անվիճելիորեն դատապարտելի էր, քիչ դեր չի խաղացել նաև մեր սեփական ապիկարությունը, մեր քաղաքական տհասությունը և պետական կյանքը վարելու անպատրաստությունը:

Ի դեպ է արձանագրել այստեղ նաև այն անընդհատ կռիվները, որ ունեցել ենք հյուսիս-արևելյան սահմանների վրա ու երկրի ներսը:

Պաշտոնապես, Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չենք եղել մենք, բայց, փաստորեն, կռվել ենք Ղարաբաղում ու հաճախակի ընդհարումներ ենք ունեցել Ղազախում: Ապա, երկրի ներսը, մի շարք արյունահեղ կռիվներ ենք ունեցել տեղական թուրք ազգաբնակչության հետ Աղբաբայում, Զոդում, Զանգիբասարում, Վեդիբասարում, Շարուր-Նախիջևանում, Զանգեզուրում…

Եվ դարձյալ՝ անհերքելի է, որ Ադրբեջանի դիրքը մեր հանդեպ եղել է բացահայտորեն թշնամական, անհերքելի է նաև, որ Հայաստանի մեհմեդական ազգաբնակչությունը, խրարուսված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, հակապետական ընթացք է բռնած եղել: Բայց կարևորն այն է, որ մենք չեն կարողացել գտնել նպատակահարմար միջոցներ մեր դրությունը դրսից ու ներսից ապահովելու համար, չենք կարողացել գտնել մի քիչ տանելի modus vivendi Ադրբեջանի հետ, չեն կարողացել վարչական միջոցներով կարգի մեջ պահել մահմեդական գավառակները, հարկադրված ենք եղել զենքի դիմելու, զորքեր շարժելու, ավերելու ու կոտորելու և, որ կրկնակի վարկաբեկիչ էր կառավարության համար՝ խոշոր անհաջողությունների հանդիպելու այնպիսի կարևոր վայրերում, ինչպիսին էին Վեդիբասարը, Շարուրն ու Նախիջևանը: Մենք չկարողացանք հաստատել մեր իշխանությունը նույնիսկ զենքի ուժով, պարտվեցինք ու նահանջեցինք: