Քաջազնունին ամեն գնով փորձում է նսեմացնել Դաշնակցության կատարած պետական գործը

1159

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից

—-

Քաջազնունին մեր մոտիկ անցյալի քաղաքական և պետական գործունեության ընդհանուր գնահատությունը եզրափակում է հետևյալ տողերով. «Եթե ուզենանք մեր կատարած շատ ծանր աշխատանքի ու ձեռք բերած արդյունքների մի ընդհանուր գնահատում անել՝ հանրապետության անկախությունը հռչակելուց հետո, պետք է ասենք, որ պարծենալու շատ բան չունենք: Պետք է ասենք, որ մեզ վիճակված բեռը՝ պետություն կազմելու ու պետական կյանքը ղեկավարելու գործը, մեր ուժերից շատ վեր է եղել:

«Պարծենալու շատ բան չունենք» արտահայտությունը ինքնըստինքյան վերցրած, ոչինչ չի ասում, կամ, ավելի ճիշտն ասած, հարաբերական հասկացողության բնույթ է կրում: Այն, ինչ որ Քաջազնունուն իբրև արդյունք քիչ է թվում մեր երկու տարվա ծանր աշխատանքի համար, կարող է մի ուրիշին թվալ միջակ, իսկ երրորդին՝ մինչև անգամ շատ: Եվ ես կարևոր չէի համարի այս գնահատության վրա կանգ առնել, եթե Քաջազնունին իր գրքում մեր և հայ բոլշևիկների պետական գործունեության արդյունքները համեմատության դնելով՝ մի անգամ ևս երևան չբերեր իր հիմնական միտումը՝ ամեն գնով նսեմացնելու Դաշնակցության կատարած պետական գործը:

Մեր կատարած աշխատանքն ու ձեռք բերած արդյունքն ըստ արժանագույն գնահատելու համար, պետք է ներկայացնել այն վիճակները, որոնց մեջ գտնվում էին Հայաստանն ու հայ ժողովուրդը մեր պետական շինարարության սկզբի և վախճանի օրերին: Առանց այս երկու բևեռների ցուցադրության, չի կարելի չափել այն տարածությունը, որ կտրել-անցել է Դաշնակցությունը պետական գործունեության ընթացքում, հետևաբար, և չի կարելի ո՛չ անաչառ համեմատություն անել մեր և բոլշևիկների ձեռք բերած արդյունքների միջև, և ո՛չ էլ առարկայորեն գնահատել մեր կատարած գործը:

Դաշնակցության պետական շինարարությունն սկսում է, փաստորեն, 1919 թվի առաջին ամիսներից, երբ թուրքերը, ընդհանուր զինադադարի հետևանքով, քաշվում են ռուսահայկական գավառներից, և տևում մինչև 1920 թվի սեպտեմբերը, երբ հայ-թուրքական պատերազմը, փաստորեն, անհնարին է դարձնում որևէ ստեղծագործական աշխատանք:

Զինադադարից առաջ մեր երկրի պայմաններն այնքա՜ն դժոխային էին, որ ոչ միայն Դաշնակցությունը, այլև աշխարհիս վրա գտնված որևէ կուսակցություն, պետական լուրջ շինարարության մասին մտածել իսկ չէր կարող:

Մինչև թուրքերի հետ քաշվելը նախկին Երևանյան նահանգի սահմաններից՝ Հայաստանը նմանում էր բլոկադայի (նավապաշարման) ենթարկված մի կղզու: Մի կողմից՝ Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, երրորդ կողմից՝ Վրաստանը, բռնած պահում էին մեր երկրի հաղորդակցության ճանապարհները այնպես, որ առանց նրանց հաճության, անկարելի էր որևէ հարաբերություն դրսի աշխարհի հետ: Այս դրության ծանրությունը պատկերացնելու համար բավական է հիշել միայն, որ 1918թ. հուլիսին Հայոց Ազգային խորհրդի կազմած մեր անդրանիկ կառավարությունը (Քաջազնունու վարչապետությամբ) օրերով ու շաբաթներով ճամբա որոնելուց հետո Թիֆլիսից երկիր գնալու համար գերադասեց ահագին պտույտ կատարել և Աղստաֆա-Երևան խճուղին բռնել, քան թե Թիֆլիս-Երևան երկաթուղին, որ սովորական պայմաններում 15 ժամում նրան հանգիստ կերպով կհասցներ մեր մայրաքաղաքը:

Սակայն ցավը միայն այս չէր, այլև այն, որ այս ժամանակամիջոցում Հայաստանի բոլոր հայ գործիչների մտքի ու սրտի վրա մղջավանջի պես ծանրացած էր մի մահազդու երկյուղ, թե մեր ժողովրդի օրերը հաշված են, թե թուրքերը, Բաքուն գրավելուց հետո, թաթը պիտի դնեն մեր երկրի այս վերջին մնացորդի վրա ևս՝ իրենց հայաջինջ քաղաքականությունն իր տրամաբանական վախճանին հասցնելու համար: Իսկ այս բանն անելու համար նրանք կարիք չունեին թեկուզ մի հատ զինվոր ուղարկել Հայկաստան: Նրանց պահակները կանգնած էին Երևանից ընդամենը վեց վերստ հեռավորության վրա՝ Նորագավիթ գյուղի մոտերքը: Բավական էր, որ այդտեղից թուրքերն իրենց թնդանոթները բանային դեպի Երևան՝ որպեսզի Հայաստանի օրհասական ժամը հնչեր: Որովհետև թուրքական թնդանոթի առաջին իսկ որոտն ազդանշան պիտի լիներ Շարուրի, Նախիջևանի, Ղարաբաղի, Ղազախի, Զանգիբասարի, Վեդիբասարի, Զոդի, Կարակոյունլու ձորի և մեր երկրի շուրջ ու ներսը գտնվող այլ մահմեդական շրջանների թաթարական հորդաների համար՝ ամեն կողմից ընկնելու մեր ժողովրդի վրա և նրան ծվիկ-ծվիկ անելու: Բայց դեռ ավելին կասեմ: Թուրքերը կարիք չունեին մի գնդակ իսկ զոհելու Հայաստանը ոչնչացնելու համար: Նրանք եթե հանիստ կանգնած մնային իրենց տեղը մի քանի ամիս ևս՝ հայ ժողովուրդը ինքն իրեն կմեռներ կամ ցաք ու ցրիվ կլիներ, որովհետև մեր շրջափակված երկիրը իր պարենի վերջին փշրանքներն էր սպառում, որից հետո սովը պիտի կատարեր թուրքական յաթաղանի գործը…

Թող անաչառ ընթերցողն ինքը դատի, թե այս պայմաններում ի՛նչ շինարարական աշխատանք կարելի էր սպասել որևե երկրում, որևէ կուսակցությունից: Սրանով ես չեմ ուզում ասել, թե այս ժամանակ Դաշնակցությունը ձեռքերը ծալած մի կողմ էր քաշվել մեր կյանքից: Ո՛չ: Դաշնակցությունը Դաշնակցություն չէր լինի, եթե այդպես վարվեր, եթե նա այդ տագնապալի օրերին կողմնակի հանդիսատեսի դերում մնար հանդեպ այն ահավոր փոթորիկների, որոնք սպառնում էին պայթել հայ ժողովրդի գլխին և նրան վերջնականապես ջախջախել: Այս օրերին ևս գործում էին երկրում գտնված մեր մարմիններն ու ընկերները ամենայն եռանդով ու անձնվիրությամբ: Սակայն նրանց գլխավոր հոգսը ոչ թե պետական շինարարությունն էր, այլ հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը: Վերականգնել մեր քայքայված ժողովրդական-մարտական ուժերը, պարենի և ռազմամթերքի պատրաստություններ տեսնել այն լեռնային շրջաններում, ուր պիտի ապաստաներ Երևանի և շրջակա գյուղերի հայ ազգաբնակչությունը թուրքական առաջխաղացման դեպքում, մաքրել հայ ժողովրդի նահանջի ճանապարհները թշնամի տարերից՝ ահա սրանք էին մեր մարմիններին և ընկերներին զբաղեցնող խնդիրները, որոնց վերջնական նպատակն էր պաշտպանել հայ ժողովրդին սրածությունից, ինչքան հնարավոր է, իսկ եթե դա միանգամայն անհնարին դառնար, գեթ պատվով մեռնել…

Բուն պետական աշխատանքներում մեր կուսակցությունը, որպես այդպիսին, այդ ժամանակ կրավորական դեր էր կատարում: Նա [կուսակցությունը] տվել էր Քաջազնունուն իր ձեռնհաս ընկերներից մի քանիսին, որպեսզի սա կարողանար կառավարություն կազմել, մի շարք այլ կարևոր ընկերների տրամադրել էր պառլամենտական, դիվանգիտական և վարչական աշխատանքների համար, իսկ իրեն, որպես կուսակցություն, վերապահել միայն ձեռքի տակից աջակցողի և բարյացակամ քննադատի դերը:

Պետական աշխատանքներին անմիջականորեն լծված մեր այս ընկերներն իրենց լավագույնն էին անում, իհարկե, երկրում որոշ չափով կարգ-կանոն հաստատելու, պարենավորման և ֆինանսակայն ճգնաժամը մեղմելու, որբերի և գաղթականների խնամատարության գործը բարելավելու, ավազակաբարո տարրերին զսպելու և այլն: Սակայն այն ժամանակվա առարկայական և հոգեբանական պայմաններում այս բոլոր ճիգերը ավելի շատ ինքնապահպանման բնույթ ունեին, քան թե լուրջ, սիստեմատիկ պետական շինարարության: Դրա համար էլ պնդում եմ, որ Դաշնակցության պետական շինարարության շրջանն սկսում է ոչ թե 1918թ. մայիսից, երբ Հանրապետությունը կազմվեց, այլ 1919թ. առաջին ամիսներից, երբ թուրքերը՝ պարտված համաշխարհային պատերազմի ճակատում, հետ քաշվեցին ռուսահայկական գավառներից, որով ինքնապաշտպանութայն և ինքնապահպանման հոգսերը մի  պահ կորցրին իրենց սրությունը, և մեր առաջ ազատ ու անկախ պետական կյանքի հեռանկարներ բացվեցին: