1915-ը չտանել դատարան

852

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ԳՐՎԵԼ Է 2015-ի ՀՈՒՆՎԱՐԻՆ

Աշխարհի ամենաարդար դատարանն անգամ կայացնում է քաղաքական վճիռ, եթե այդպես են պահանջում միջազգային հարաբերություններում եղանակ ստեղծող և թելադրող ուժերը: Այս իրականությունը հաշվի առնելով` պետք է չափազանց զգույշ լինել և Հայաստանի ու համայն հայության համար գլխավոր երկու օրակարգային հարցերը` Արցախյան հակամարտության կարգավորումն ու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չտանել իրավական դաշտ, ավելին` չտանել միջազգային դատարան: Երբ որևէ խնդիր կամ վեճ տարվում է դատարան, ապա դու ստիպված ես ընդունել այդ դատարանի որոշումը, անկախ նրանից, որ դու չես հայցի նախաձեռնողը:

Այսօր Հայաստանն ու հայկական աշխարհը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, կանգնած են անկյունադարձային վիճակում: Խոսքը թուրք ազգայնական, «Աշխատանքային կուսակցության» առաջնորդ և ահաբեկչական «Էրգենեքոնի» գործով դատապարտված ու վերջերիս բանտից ազատված Դողու Փերինչեքի գործի մասին է: Այս գործը, թեև ուղղակիորեն չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը, սակայն այնպիսի կարևորություն ունի, որ հրապարակավ միջամտում են Շվեյցարիան, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, միջազգային համբավ վայելող ցեղասպանագետները:

Գրեթե տասը տարի առաջ Փերինչեքը Լոզանում թուրքական մի հավաքում ունեցած իր ելույթում Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ», որի պատճառով 2007թ. մարտին Վո կանտոնի դատարանը նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: Փերինչեքը դիմել էր դատարան` բողոքարկելով վճիռը: Վո կանտոնի և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին բողոքը: Ապա Փերինչեքը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2013թ. դեկտեմբերի 17-ին կայացրեց վճիռ,  ըստ որի՝ շվեյցարական դատարանը խախտվել էր Փերինչեքի ազատ արտահայտվելու ազատությունը: Այսպիսով, Փերինչեքը դատարանում հաղթեց Շվեյցարիային:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում մասնավորապես ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը թուրքական մամուլը  որակեց պատմական` այն որակելով Թուրքիայի հաղթանակ, քանի որ եվրոպական դատարանը թույլատրում է Հայոց ցեղասպանության ժխտումը` դրա դեմ դատական գործ հարուցելը համարելով խոսքի ազատության սահմանափակում:

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, արդարացնելով Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտող թուրք ազգայնականին, անուղղակի կերպով կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության եղելությունը: Երբ Փերինչեքը արդարացվեց, նա շարունակում էր թուրքական բանտում մնալ «Էրգենեքոնի» գործով:

Եվ ահա մարտի 10-ին Ստամբուլի քրեական դատարանը վճիռ կայացրեց «Էրգենեքոնի» գործով մի շարք կասկածյալների, այդ թվում`Փերինչեքի ազատ արձակման մասին: Զուգադիպություն էր, թե պատահականություն, սակայն ուշագրավ է, որ հաջորդ իսկ օրը` մարտի 11-ին, Շվեյցարիայի Արդարադատության դաշնային գրասենյակը հայտարարեց, որ մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Փերինչեքի գործը Մեծ պալատի կողմից վերանայելու պահանջով: Հայաստանի արտգործնախարարությունը ողջունեց Շվեյցարիայի որոշումը:

Հունիսի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը Մեծ պալատ ընդունելու մասին որոշում: Անմիջապես արձագանքեց Թուրքիայի արտգործնախարարությունը. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ ամրագրվում է «արտահայտման ազատության պաշտպանությունը, որը ազատությանը, ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը հավատարիմ հասարակությունների հիմնարար տարրն է», մինչդեռ Շվեյցարիան հարցը ներկայացրել է Մեծ պալատ բացարձակապես քաղաքական դրդապատճառներով: Համոզված ենք, որ Մեծ պալատը գործը քննելիս կառաջնորդվի միմիայն իրավական նկատառումներով: Անհնար է պատկերացնել արդյունք, որը կտարբերվի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշումից: Այսպիսով՝ դա մեկ անգամ ևս կլինի համարժեք պատասխան այն նախաձեռնություններին, որոնք միտված են պատմության և օրենքի քաղաքականացմանը և կամրագրի, որ ժողովրդավար հասարակությունների հիմնաքարը հանդիսացող արտահայտման ազատությունը պաշտպանված է»:

Եթե Մեծ պալատը անփոփոխ թողի նախկին որոշումը, ապա դա կլինի մեծ հարված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին 100-ամյա տարելիցի նախօրեին, թեև, կրկնենք, վճիռը չի վերաբերելու նրան` Հայոց ցեղապանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Անկախ դատարանի վճռից` Փերինչեքի գործը ցույց է տալիս, թե ինչքան վտանգներ կան, երբ Հայոց ցեղասպանության և կամ դրան առնչվող հարցերը տեղափոխվում են դատարան:

Հայոց ցեղասպանությունը իրավական գործընթացում հայտնվել է նաև 2001 թվականին, երբ «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» հայ և թուրք անդամները դիմել էին Նյու Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնին, որպեսզի վերջինս անցկացնի անկախ ուսումնասիրություն և պարզի` ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիան կիրառելի է՞ Հայոց ցեղասպանության նկատմամբ: Ուսումնասիրությունը եզրակացնում էր, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդն ու տեղահանումը համապատասխանում են Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սահմանած չորս հիմնական չափանիշներին: Մյուս կողմից, կենտրոնը եզրակացնում էր, որ կոնվենցիան չունի հետադարձ կիրառություն, և հայերը չեն կարող «որևէ իրավական, ֆինանսական կամ տարածքային պահանջ» առաջ քաշել:

Շվեյցարիան Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից է: Սակայն մյուս կողմից հենց Շվեյցարիան էր, որի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունը», որը բերեց Ցյուրիխում Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունների ստորագրմանը: Արձանագրություններով հստակ ճանաչվում էին ժամանակակից Թուրքիայի սահմանները, իսկ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նպատակով առաջարկվում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով: Այդ արձանագրությունները մինչև այսօր չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց նախապայմաններ:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ