1920-ին Հայաստանում ցանվեց 1517,5 դեսյատին բամբակ և 61 դեսյատին ծխախոտ

3435

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գիրքը մաս առ մաս: Այս հատորը պատասխանն է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի՝ նախ ուղղված ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին, ապա և տպագրված առանձին գրքով Բուխարեստում 1923-ին: 

Գյուղատնտեսություն. 1919թ. հուլիսի 29-ին հիմնվեց գլխավոր գյուղատնտեսական վարչությունը, որը հետո վերածվեց գյուղատնտեսության և պետական գույքերի նախարարության՝ երկրագործական, անտառային, ջրային, վիճակագրական, անասնաբուժական և պետական գույքերի բաժիններով: Նույն տարվա սեպտեմբերին Երևանում հիմնվեց երկրագործական գործիքների կենտրոնական պահեստ իր գավառական բաժանմունքներով, որտեղից գյուղացիությունը մատչելի գնով ստանում էր գութան, հնձելու մեքենա, մանգաղ, գերանդի, ծծումբ, պղնձի արջասպ և այլն: Հոկտեմբերին ձեռնարկվեց ընդհանուր վիճակագրություն 13 մասնագետների ղեկավարության տակ:

Ալեքսանդրապոլում հիմնվեց դաշտային մկների դեմ պայքարող կայան և մկնդեղ պատրաստելու գործարան:

Թիֆլիսից գործի կանչվեցին փորձված մասնագետներ: Վերանորոգվեցին մետեորոժիկ կայարանները և հաստատվեցին նորերը: Կազմակերպվեցին շրջանային գյուղատնտեսական և անտառային վարչություններ և նշանակվեցին մասնագետ գյուղատնտեսներ ու անտառաբաններ՝ իբրև տեսուչներ:

Արտասահմանից բերվեցին հնձելու մեքենաներ, հերկելու տրակտորներ, կաթնատնտեսական գործիքներ, կալսելու և քամելու մեքենաներ, մեծ քանակությամբ ծծումբ այգիների համար, 500 փութ բանջարանոցային սերմ և այդ ամենը էժան գներով բաշխվեց գյուղացիներին:

Սևանա լճի եզերքին հիմք դրվեց ձկնաբուծական գիտական կայանի՝ մասնագետի ղեկավարությամբ: Հրատարակվեց անտառային և հողային օրենք՝ հիմք ունենալով հողերի պետականացման և համայնացման սկզբունքը: Կազմակերպվեցին հողային կոմիտեներ, որոնք Նոր Բայազետի, Կոտայքի, Ծաղկաձորի, Էջմիածնի շրջաններում պետականացրին կալվածատիրական, վանքապատկան ու լքյալ հողերը և ձեռնարկեցին հողաբաժանման: Նման կոմիտեներ ստեղծվեցին և մյուս գավառների համար:

Ձեռնարկվեց պետական օրինակելի կաթնատնտեսություն Կարսի շրջանում: Մշակվեցին ծրագրեր բամբակի, բանջարանոցային բույսերի, պտուղների և հացահատիկների փորձնական դաշտերի: Նպաստներ տրվեցին մեղվաբույծներին իրենց մեղվանոցները բարելավելու կամ նորերը հաստատելու համար: 15 միլիոն ռուբլի նպաստ բաժանվեց այգեգործներին: 20 միլիոն ռուբլի սերմացու և ալյուր տրվեց բամբակամշակությունը քաջալերելու նպատակով: Ավելի քան հարյուր աշխատավորական ընկերությունների ու կոոպերատիվների տրամադրվեց սերմացու և սերմ հավաքական երկրագործությունը խրախուսելու համար:

Սուխումի շրջանից բերվեցին հմուտ ծխախոտագործներ և պետական նպաստով հիմք դրին ազնիվ տեսակի ծխախոտի մշակության: Արդահանի և Օլթիի շրջանի թուրքերից ու քրդերից գնվեց մեծ քանակությամբ լծկան ու կով և էժան գներով ծախվեց չունևոր գյուղացիությանը : 1920թ. կատարված ցանքսի և պետական օժանդակության չափը ցույց տալու համար առաջ բերենք հետևյալ թվերը:

Ըստ գյուղատնտեսական նախարարության վիճակագրական բաժնի տեղեկությունների՝ 1920-ի գարնանը կառավարությունը բաժանել է ժողովրդին 322,660 փութ հացահատիկ հետևյալ ձևով. Երևանի գավառ՝ 52,372 փութ, Շիրակի՝ 74,605, Էջմիածին՝ 33,622, Ղարաքիլիսա՝ 46,932, Նոր Բայազետ՝ 19,993, Դիլիջան՝ 22,098, Սուրմալու՝ 5,451, Դարալագյազ՝ 732, Կարս՝ 76, 855 փութ: Բաժանված սերմացուն կազմված էր հետևյալ տեսակներից. գարի՝ 206,580 փութ, ցորեն՝ 65,431, կորեկ՝ 15,225, չալթուկ (բրինձ)՝ 4,026, հաճար՝ 2,677, կտավատ՝ 1,300, գետնախնձոր՝ 24,204, եգիպտացորեն՝12,368, բանջար՝534, գանգար՝ 315, բանջարանոցային սերմեր՝ 500 փութ: Կառավարության տված նպաստով և սերմացուով ցանվեց 1517,5 դեսյատին բամբակ և 61 դեսյատին ծխախոտ:

Կառավարությունը մասնավոր ուշադրություն դարձրեց ոռոգման և հանքային գործի վրա: Խոշոր գումարներ հատկացվեցին և նորոգվեցին Էջմիածնի, Սուրմալուի, Զանգիբասարի, Երևանի և Սարդարապատի շրջանի առուները, վերանորոգվեց 70 առու, որոնցից ջուր էին ստանում հարյուրից ավելի գյուղեր: Ձեռնարկվեց Էջմիածնի կիսատ մնացած առվի շինությունը՝ այն, որ հետո բոլշևիկները լրացրին՝ այնպէ՜ս աղմուկով:

Խորհրդարանի քվեարկած 4 միլիոն ռուբլի վարկով կատարվեցին ուսումնասիրություններ Հայաստանի ջրային ուժի և ոռոգման միջոցների: 70 մասնագետներ Կովկասի ամենաառաջին ջրագետների անմիջական ղեկավարության տակ, հետազոտեցին Հրազդանի, Քասախի, Ապարան գետի, Գառնի գետի, Ախուրյանի և Սևանա լճի ավազանները, այլև գոյություն ունեցող ոռոգման դրությունը: Իբրև արդյունք այս գրեթե մեկ տարի տևող դաշտային աշխատանքների կազմվեցին ծրագրեր մոտ 200,000 դեսյատին նոր ոռոգելիք հողերի և մոտ 225,000 ձիու ուժ էլեկտրակայանների: Այդ ծրագրերն են, որ բոլշևիկներն այսօր օգտագործում են կոնցեսիաներ առաջարկելիս կամ ներքին աշխատանքներ գծելիս: Կառավարությունը ձեռք բերեց նաև Սարդարապատի դաշտի 46,000 դեսյատին հողի ոռոգման գործադրական հատակագիծը՝ ա՛յն, որ բոլշևիկներն այժմ ուզում են իրագործել:

Հայաստանի հանքերի շահագործման համար կառավարությունը ձեռնարկեց մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ հմուտ մասնագետներ Տեր-Միքայելյանի, Տեր-Դավթյանի, Կարապետյանի, Թուրյանի և ուրիշների մասնակցությամբ: Մասնագետների հանձնախմբերը այցելեցին Կաղզվանի աղահանքերը, Փենյակի ածխային շրջանը, Շարուրի արճճա-արծաթային հանքերը: Առանձին հանձնախումբ հետազոտեց Սևանա լճի շրջանը: Հետախուզություններ կատարվեցին Ծաղկաձորի, Կոտայքի, Շիրակի, Ապարանի, Նոր-Բայազետի կողմերը: Կազմվեցին մի շարք գործադրական հատակագծեր: Մշակվեց և խորհրդարան մտցվեց հանքային ընդարձակ օրինագիծ, որ մասնավոր նախաձեռնության լայն տեղ էր տալիս: Աղի արտադրությունն ու բաշխումը պետականացվեց. Կաղզվանի հանքերից ամսական ստացվում էր 70,000 փութ աղ:

Շարունակելի