Սա Սահմանադրություն չէ, սա միակուսակցական չարիք է

1438

Հայաստանը վերջին 20 տարիներին չորրորդ անգամ է անցկացնելու Սահմանադրության ընդունման կամ Մայր օրենքը փոփոխելու հանրաքվե:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշմանը, որը ներկայացրել էր Սերժ Սարգսյանը:

Հայաստանում Սահմանադրությունը ընդունվել է 1995-ի ամռանը: Հանրաքվեն անցկացվեց Ազգային ժողովի առաջին ընտրությունների հետ միաժամանակ, և Հայաստանում արմատավորված է հանրային խորը ընկալում, որ և՛ հանրաքվեն, և՛ ընտրությունները կեղծվել են: Այդ Սահմանադրության հիմնական քննադատները՝ այն օրվա ընդդիմությունը՝ ԱԺՄ-ն ու կասեցված ՀՅԴ-ն պնդում էին, որ դա «բռնապետ» Լևոն Տեր-Պետրոսյանի Սահմանադրությունն է, գրվել ու կարվել է նրա համար: 1998-ի փետրվարին, երբ «բռնապետը» իշխանության հայտնի ուժերի ճնշման տակ հրաժարական տվեց, շատերը ընդունեցին, որ Սահմանադրությունը աշխատել է:

2003-ին, կրկին Ազգային ժողովի ընտրությունների հետ միաժամանակ, տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի կողմից հավանության արժանացած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը չանցավ՝ ստանալով շուրջ 560 հազար կողմ և 552 հազար դեմ քվե:

Երկու տարի անց Քոչարյանը և օրվա իշխանական կոալիցիան, որոշ փոփոխություններով, կրկին հանրաքվեի դրեցին փաթեթը, որն ընդունվեց անհավատալի՝ 1.4 միլիոն կողմ և 82 հազար դեմ ձայներով: Այդ քվեարկությունը, որն անցնում էր ընտրատեղամասերում ընտրողների դատարկության պայմաններում, ստացավ “ուրվականների հանրաքվե” անունը:

Անկասկած, Սերժ Սարգսյանը և նրա թիմը, ևս կեղծելու են հանրաքվեն: Բայց դա կլիներ չարյաց փոքրագույնը, եթե քվեարկության դրվող սահմանադրական փոփոխությունների փաթեթը այնքան վտանգավոր չլիներ Հայաստանի ապագայի համար:

Սերժ Սարգսյանը այս փոփոխություններով սպանում է Հայաստանի ժողովրդավարական երկիր, իրավական պետություն դառնալու բոլոր հնարավորությունները, քանի որ այդ փոփոխությունները ուղղված են մեկ նպատակի՝ ամրագրել այսօրվա իշխող ՀՀԿ-ի մենաշնորհը, այն է՝ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության շարունակականությունը:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մենաշնորհը ամրագրվում է սահմանադրորեն:

Սերժ Սարգսյանի ձեռքը բռնելու հնարավորություն, թվում է, չկա: Նախագահության յոթ տարիների ընթացքում նա իր ձեռքում է կենտրոնացրել բոլոր լծակները՝ տնտեսական, ֆինանսական, ուժային, քաղաքական, որոնք նրան թույլ են տալու քվեարկության օրը “տպավորիչ թվեր” ստանալ:

Որևէ իշխանություն հավերժ չէ: Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունից հեռացումից հետո այս՝ առաջիկայում ընդունվելիք Սահմանադրությունը շուտափույթ դրվելու է փոփոխության, քանի որ իրեն ժողովրդավարական համարող երկիրը չի կարող ունենալ խորհրդային սահմանադրություն:

1990-ի օգոստոսին, երբ ընդունվեց Անկախության Հռչակագիրը, իրավամբ այդ պատմական փաստաթղթի գլխավոր կետը Հայաստանում միակուսակցական համակարգը բազմակուսակցականով փոխարինելն էր:

Սերժ Սարգսյանը շրջում է պատմության այդ էջը և հանուն իր և իր ընտանիքի, Հայաստանը կրկին դնում է միակուսակցական ռելսերի վրա:

Ավելի մեծ չարիք դժվար էր պատկերացնել:

Թաթուլ Հակոբյան