Ջամալյան. Ո՞ւմ դեմ է վիճում Քաջազնունին

1502

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից, որը պատասխան է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի: 

—-

Ո՞ւմ դեմ է վիճում Քաջազնունին: Ո՞վքեր են այդ երևակայական դաշնակցականները, որոնք կուսակցությունը բարձր են դասում հայ ժողովրդից և «մի բան անելու» մղումից տարված՝ կուրորեն «դավաճանում» են իրենց կուսակցության անցյալին, նրա նվիրական ավանդություններին:

Եվ ի՞նչ են ներկայացնում այս արտահայտությունները, եթե ոչ մի ավելորդ ապացույց այն բանի, որ Քաջազնունու մեջ Դաշնակցությունը տապալելու, իսկ բոլշևիկներին երկինք հանելու ձգտումը զորեղ է այն աստիճանի, որ նա երբեմն մինչև անգամ կրքի բնույթ է առնում…

Իր գրքույկի այն էջերում, ուր Քաջւազնունին, իրեն կաշկանդող միտումներից զերծ, մեր իրականության առարկայական ուսումնասիրությամբ է զբաղվում՝ նա հանդես է բերում մի այլ կարգի հակում, որ նույնպես բացասաբար է անդրադառնում նրա գործի վրա: Այդ հակումն է կյանքը վերածել տրամաբանական ֆորմուլների, կյանքի բազմապիսի և բարդ երևույթները լոկ տրամաբանական օրենքներով ըմբռնել:

Քաջազնունին առաջ է բերում իր երկի մեջ մի խոսակցություն, որ ինքը տարիներ առաջ ունեցել է Ռոստոմի հետ և որի ժամանակ Ռոստոմը կատակի ձևով նրան ասել է, թե քանի որ Ռուսաստանում գործելու հնարավորություն, իսկ Թուրքիայում՝ պատեհություն չկա հեղափոխական ձեռնարկներ անելու, ապա Դաշնակցությունը, անգործ չմնալու համար, պետք է մասնակցի պարսկական հեղափոխությանը:

Չեմ կասկածում, իհարկե, որ Ռոստոմը այսպիսի խոսակցություն կարող է ունեցած լինել Քաջազնունու հետ: Սական անկեղծորեն ցավել միայն կարող եմ, որ Քաջազնունին, չկարողանալով նկատել, թե ի՛նչ նուրբ հեգնանք կա թաքնված այդ կատակի տակ իր այն խոսքերի դեմ, թե Դաշնակցության մասնակցությունը պարսկական հեղափոխությանը արկածախնդրություն է, այնպիսի մի «հոգեբանական  իմաստ»  է ենթադրում Ռոստոմի խոսքերի մեջ, որ խորապես վիրավորական է ոչ միայն այս մեծ պատմական անձնավորության, այլև ամեն մի սովորական հասարակական գործչի համար: Ով իր կյանքում բախտ է ունեցել ճանաչելու Ռոստոմին, զգալու նրա անհուն և անվերապահ սերը դեպի հայ ժողովուրդը, երբեք չի կարող հաշտվել այն մտքի հետ, թե կարող էր երբևիցե հայ ժողովրդի շահը ստորադասել կուսակցական շահերին և այն էլ այդքա՜ն տգեղ ձևով…

Թող ներվի ինձ այս առթիվ առաջ բերելու մի ուրիշ խոսակցություն, որ տարիներ առաջ ես եմ ունեցել նույն Ռոստոմի հետ: 1913թ. ամռանը Էրզրում էի գնացել Դաշնակցության Ընդհանուր ժողովի համար: Քաջազնունին ևս այդ ժամանակ Էրզրում էր, սական, ինքզինքը դուրս համարելով Դաշնակցության շարքերից, չէր մասնակցում Ընդհանուր ժողովին:

Ընկերական մի հավաքույթի ժամանակ խոսք բացվեց Քաջազնունու մասին, և ես, անտեղյակ նրա տրամադրություններին, հարց տվի, թե ինչո՞ւ նա չի մասնակցում մեր ժողովի աշխատանքներին: Ռոստոմը, միշտ իրեն հատուկ հումորով, պատասխանեց. «Քաջազնունին իր մասնակցությունը Ընդհանուր ժողովին անտրամաբանական է համարում: Իսկ դու պիտի իմանաս, որ նա Հայաստանն էլ կկործանի, եթե իմանա, որ նրա կառուցման հիմքում մի տրամաբանական սխալ կա»:

Իհարկե, ինչպես ամենքս գիտենք, նույնպես և Ռոստոմը լավ գիտեր, որ Քաջազնունին Հայաստանը կործանողներից չէ: Նա իր սուր արտահայտությամբ ուզում էր միայն վեր հանել Քաջազնունու, եթե կարելի է այսպես ասել, տրամաբանամոլությունը:

Տրամաբանելը, իհարկե, անհրաժեշտ նախապայմանն է երևույթներն ըմբռնելու համար: Սական նա չպետք է այնպիսի ձև առնի, որ իրականության ըմբռնողությունը խեղաթյուրվի: Իսկ այդ խեղաթյուրումը դառնում է անխուսափելի, երբ մարդ կյանքի, մանավանդ հոգեկան կյանքի բազմապիսի երևույթները ուզում է պարփակել տրամաբանական սիլլոգիզմների (հավաքաբանություն) մեջ:

Այսպիսի «խեղաթյուրման» ամենահոյակապ օրինակը տալիս է փիլիսոփա Սպինոզան, որ մի քանի «անվիճելի» նախադրյալնեից (սուբստանց և ատրիբուտ) տրամաբանական օրենքներով և մաթեմատիկական կամ ավելի ևս որոշ ասած երկրաչափական ձևերով, ածանցում է ամբողջ տիեզերքը իր բազմապիսի ֆիզիկական և հոգեկան երևույթներով: Քաջազնունու տրամաբանությունը երբեմն անհեթեթ արդյունք է տալիս առանձնապես այն պատճառով, որ նա իր նախադրյալները լավ չէ հասկանում և գնահատում:

Չերկարացնելու համար այստեղ միայն մի օրինակով պարզեմ միտքս, թողնելով մյուսները իմ այս քննադատության հետագա էջերին:

Իր գրքի մեջ մի տեղ Քաջազնունին խոսում է գաղտնի գրականությամբ բոլշևիկների դեմ պայքարելու հնարավորության մասին: Անցյալում, ցարական և սուլթանական ռեժիմների տակ, մենք մտցնում էինք երկիր «Դրօշակ»-ը և ուրիշ հրատարակություններ և չենք կարող ասել, թե արդյունքից դժգոհ էինք: Այդ հրատարակությունները մեծ զարկ տվ[եց]ին մեր ժողովրդի հեղափոխականացման գործին:

Թերևս կարելի է այժմ ևս նույն միջոցին դիմել ժողովրդին բոլշևիկների դեմ հանելու համար՝ կարող են մտածել ոմանք: «Բայց,- ասում է Քաջազնունին,- հաշվի առնելով մեր իրականությունն ու մեր կարողությունը, հարց եմ տալիս. ի՞նչ նշանակություն պիտի ունենան մեր թերթիկները, որ գաղտագողի պիտի կարդա մի քանի հարյուր մարդ՝ հանդեպ այն հսկա գրականության, որով բոլշևիկները հեղեղում են երկիրը»:

Սա ևս տրամաբանություն է: Վերածած իր տարերքին՝ նա ներկայացնում է հետևյալ սիլլոգիզմը (հավաքաբանությունը). շատը ավելի զորեղ է, քան քիչը (առաջին նախադրյալ), բոլշևիկների գրականությունը ավելի շատ է, քան մերը (երկրորդ նախադրյալ), հետևաբար՝ նրանց գրականությունը ավելի զորեղ է, քան մերը (եզրակացություն):

Բայց որ այս տրամաբանությունը իրականության խեղաթյուրումն է, այդ պարզ է առողջ դատողություն ունեցող ամեն մարդու համար, անգամ եթե նա ոչ թե մի գաղափար չունենա տրամաբանական օրենքների մասին: Չէ՞ որ նա գիտի, որ ցարերն ու սուլթանները ևս հեղեղում էին երկիրը իրենց գրականությամբ, բայց և այնպես չէին կարողանում պայքարել այն թերթիկների դեմ, որոնք կարդացվում էին գաղտագողի մի քանի հարյուր կամ հազար մարդկանց կողմից:

Քաջազնունու տրամաբանությունը արդարացում կունենար միայն այն ժամանակ, եթե նա բոլշևիկյան տիրապետությունը ներկայացներ ժողովրդի համար իբրև մի ընդունելի իշխանություն: Բայց երբ այդպես չէ, երբ, նրա իսկ վկայությամբ, այդ իշխանությունը լավագույն դեպքում հանդիսանում է իբրև մի անհրաժեշտ չարիք, ապա հասկանալի է, որ նրա տրամաբանությունը փլում է իր հիմունքների մեջ:

Այսպիսի օրինակներ շատ կան Քաջազնունու գործի մեջ, և ես անքննադատ վերաբերմունքի արդյունք եմ համարում մեր ընկեր N. N.-այն կարծիքը, թե Քաջազնունին իր մտքերն արտահայտում է «ա՜յնքան տրամաբանական հիմնավորումներով»:

Ես վերջացրի իմ նախնական նկատողությունները Քաջազնունու և նրա գործի մասին՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե որպիսի զգուշավորությամբ պետք է մոտենալ նրա գրքույկին՝ վերջինիս երևութապես առարկայական և անկողմնակալ կառուցվածքից չմոլորվելու համար:

Այժմ անցնենք մեր առջև դրված գրքի քննութեանը ըստ էության:

Իր եզրակացությունները «լայնորեն հիմնավորելու համար» Քաջազնունին, մի տեսակ առաջաբանի ձևով տալիս է մեր քաղաքական իրադարձությունների տեսությունը համաշխարհային պատերազմի սկզբի ամիսներից մինչև Լոզանի կոնֆերանսը՝ առանձնապես վեր հանելով Դաշնակցության կատարած դերը այդ ժամանակամիջոցում:

Այս պատմական տեսությունը, որ Քաջազնունու բուն զեկուցման երկու երրորդից ավելին է կազմում, գրեթե ամբողջովին մի ամբաստանագիր է Հ. Յ. Դաշնակցության դեմ: Ուրիշ իմաստ այդ ընդարձակ առաջաբանում ես չեմ կարողանում գտնել, որովհետև՝ եթե ինչպես պնդում է հեղինակը, այս առաջաբանի իմաստն ու նպատակը գրքի եզրակացությունները հիմնավորելը միայն լիներ, ապահովաբար նրա երեք քառորդը կարող էր ամենևին էլ չգրվել…

Ճիշտ է, այս ամբաստանագիրը Քաջազնունին ցանկանում է մեզ ներկայացնել ոչ թե իբրև մի «անբարյացկամ մարդու չարախնդություն», այլ իբրև «մի պարզ ինքնագնահատում»: Քաջազնունին չի ժխտում իր բաժին պատասխանատությունը այն բոլոր գործերում, որոնք նրան վնասակար, դատապարտելի կամ պակասավոր են երևում, բայց և այնպես, ինձ թվում է, որ մեր անբարյացկամ հակառակորդն էլ հազիվ թե կարողանար ավելի բան ասել Դաշնակցության մոտիկ անցեալի դեմ, եթե նա, իհարկե, չցանկանար լրջության և պարկեշտ արտահայտությունների սահմանն անցնել:

Ինքնագնահատումը ինչպես անհատների, նույնպես և հասարակական կազմակերպությունների համար լավ, շատ անհրաժեշտ մի բան է: Սակայն որպեսզի ինքնագնահատումը իրապես ինքնագնահատում լինի և ոչ թե մի այլ բան, նա պետք է կատարվի համաձայն երեք պայմանի:

Առաջին, նա պետք է զերծ լինի չափազանցություններից, այսինքն՝ սեփական գործերն ու արժանիքները գերագնահատելու կամ ստորագնահատելու միտումներից (տենդենց): Միջնադարյան ճգնավորների ու վանականների աղոթքները ևս մեծ մասամբ «ինքնագնահատումն» են ներկայացնում. «Ես խավարի բույն եմ, Տե՛ր», «Ես պղծության շտեմարանն եմ», «Ես դևերի ժամադրավայր եմ», «Ես մեղքի պատսպարան եմ» և այլ այսպիսի խոսքերով են որակում իրենց այդ մենակյացները: Սական ի՞նչ արժեք ունեն այս որակումններն ու գնահատումները այդ թշվառ մարդկանց կյանքը առարկայորեն հասկանալու տեսակետից: Ոչինչ, կամ գրեթե ոչինչ:

Երկրորդ, ամեն մի ինքնագնահատում պետք է կատարվի միջավայրի պայմանների և դրսի ուժերի փոխհարաբերության նկատառությամբ, որպեսզի նա առարկայական արժեք ունենա: Ըստ այս պայմանի, կատարված գործի կամ երևան եկած առաքինությունների ու արատների գնահատության համար բավական չէ միայն ասել, թե այսինչ բանը լավ է կամ վատ, այլ դրա հետ միասին պիտի պարզել այն խնդիրը, թե արդյոք տվյալ պայմաններում, այդ բանը կարո՞ղ էր այլ կերպ լինել. կամ, եթե խոսքը վերաբերում է գործի հեղինակ անձնավորություններին, ուրիշները նույն այդ պայմաններում ավելի՞, թե նվազ հաջողությամբ կկատարեին այդ գործը: Օրինակի համար, լավագույն կառավարության իդեալն աչքի առաջ ունենալով, մենք միշտ կարող ենք ասել, թե Հայաստանի այսինչ կառավարությունը վատ էր: Բայց սա կլինի ոչ թե գնահատումն այդ կառավարության, այլ փաստի հասարակ ճշտումը (Konstatierung): Գնահատումը, որ պետք է մեզ համար դրսևորի այդ կառավարության կարող թե անկար, պիտանի թե անպիտան լինելը, տեղի կունենա միայն այն ժամանանկ, երբ մենք պարզած կլինենք, թե արդյոք տվյալ պայմաններում Հայաստանը կարո՞ղ էր այլ կառավարություն ունենալ: Կամ, եթե Հայաստանի կառավարությունը բաղկացած լիներ ուրիշ հայ գործիչներից, նա ավելի՞ հաջողությամբ կվարեր երկրի գործերը:

Երրորդ, ինքնագնահատումը ինքնադատափետում չի նշանակում. հետևաբար՝ նա, ով հանձն է առնում այդ գործը, չպետք է բավականանա երևույթների մեջ միայն վատը, բացասականը մատնաշելով, այլև լավն ու դրականը: Ասում են «արեգակն էլ բծեր ունի», որ առօրյա լեզվով նշանակում է, թե չկա մի գործ, մի հաստատություն, մի մարդ, որ իր պակասավոր կողմերը չունենա: Այդ պատճառով էլ, շատ քիչ բան քննադատության կդիմանա, եթե մենք միայն նրա հոռի կողմերն աչքի առաջ ունենանք: Իսկական գնահատում կամ ինքնագնահատում կարող է ստացվել միմիայն այն ժամանակ, երբ մենք գնահատելիք գործի, հաստատության կամ անձի լավ և վատ կողմերը զուգադրենք, պարզենք այդ կողմերից յուրաքանչյուրի արժեքը և ապա հաշվեկշիռ կազմենք: Այս է երրորդ պայմանի իմաստը:

Այդ, ցավելով պետք է ասեմ, որ Քաջազնունին ավել կամ նվազ չափով մեղանչում է և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ պայմանի դեմ: Այդ պատճառով էլ, նրա պատմական տեսությունը հաճախ այնպիսի ձևեր է առնում, որ մարդ դժվարանում է իմանալ, թե որտեղ է վերջանում «անբարյացկամ մարդու չարախնդությունը», և որտեղ սկսվում գործի ընկերոջ կամ հայրենասերի «պարզ ինքնագնահատումը»…

Իմ այս եզրակացությունը հիմնավորելու համար անհրաժեշտ եմ համարում վեր հանել Քաջազնունու պատմական տեսությունից մի քանի կետեր, որոնք առանձնապես սերտ առնչություն ունեն մեր կուսակցության հետ: