Սահմանը փակ է, բայց Հայաստանը կեղեքվում է ներսից

1992

Հայաստանը ունի անմիջական չորս հարևան, որոնցից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ փակ սահմաններ: Հայաստանի սահմանների շուրջ 80 տոկոսը շրջափակման մեջ է:

Հայաստանի Հանրապետության սահմանը Թուրքիայի հետ ավելի քան 300 կմ է, որը շրջափակման տակ է 1993-ի ապրիլից: Ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ՝ Անկարան շրջափակում իրականացնելով փորձում է տնտեսապես ծնկի բերել և քաղաքականապես մեկուսացնել Հայաստանին: Թուրք-հայկական սահմանի մեծագույն մասն անցնում է Արաքս և Ախուրյան գետերի երկայնքով և փոքր հատված՝ Ամասիայի լեռներով Շիրակի մարզում: Թուրքիա-Հայաստան հատվածում, երբ Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ի, գործել է երկու սահմանային անցակետ՝ Ալիջան-Մարգարա՝ Արաքսի վրա (այսօրվա Արմավիրի մարզ), և Դողուքափը-Ախուրիկ՝ Շիրակի հատվածում, որտեղով անցնում է դեռ ցարական ժամանակներում կառուցված և այսօր պարապուրդի մատնված Կարս-Գյումրի երկաթգիծը:

Ենթադրելի է, որ եթե Անկարան վերջ տա շրջափակմանը և Երևանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, ինչը առաջիկա տարիներին քիչ հավանական է, ապա Հայաստանից այսօրվա Թուրքիա և հակառակ ուղղությամբ հնարավոր կլինի անցնել Ալիջան-Մարգարա և Դողուքափը-Ախուրիկ անցակետերով:

Անշուշտ, անկախ նրանից, թե ով է հարևանդ, ավելի լավ է ունենալ բաց սահման, քան փակ: Բայց մյուս կողմից, չպետք է հույսեր տածել, թե թուրք-հայկական սահմանի բացումով մեր խնդիրները կլուծվեն: Թուրքիայի հետ բաց սահման ունենալու դեպքում, ենթադրելի է, որ Վրաստանը ստիպված կլինի իջեցնել տարանցման գները: Այսօր Հայաստան մտնող և դուրս եկող ապրանքաշրջանառության 70 տոկոսը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ գերազանցապես վրացական երկաթծով և Փոթիի ու Բաթումի նավահանգիստներով: Եթե Թուրքիայի հետ սահմանը բաց լինի, ապա տարանցման գները այլևս չեն լինի մենաշնորհային, իսկ հայկական ապրանքները Եվրոպա և հակառակ ուղղությամբ կգնան նաև Թուրքիայի տարածքով, թուրքական նավահանգիստներով ու երկաթուղիներով:

Կարելի է բերել բազմաթիվ այլ օրինակներ և ցույց տալ, թե որքան լավ է բաց սահման ունենալը: Կարելի է բերել նաև բազմաթիվ օրինակներ և ցույց տալ, թե որքան վատ է բաց սահման ունենալը Թուրքիայի հետ՝ թուրքական ապրանքների և կապիտալի ներխուժում և այլն: Բայց այստեղ կարևոր է մեկ այլ իրողություն, որի մասին մենք քիչ ենք խոսում: Այսպես, հայերս հաճախ բողոքում ենք, որ վրացիները, հաշվի առնելով հայ-թուրքական փակ սահմանը, Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքը, տարանցման համար բարձր գներ են սահմանում: Գուցե սա արդարացի բողոք է, բայց ինչո՞ւ ենք լռում, երբ հայկական երկաթուղին, որը հավատարմագրային կառավարման է տրված ռուսներին, նույնպես բարձր գներ է սահմանել: Կամ՝ հայ-վրացական բաց սահմաններով Հայաստան ապրանքներ են ներկրում հիմնականում այն օլիգարխները, որոնք վայելում են երկրի իշխանությունների հովանավորությունը: Կասկած չկա, որ թուրք-հայկական բաց սահմանի դեպքում էլ առաջին հերթին նույն այդ օլիգարխներն են օգտվելու և ոչ սովորական քաղաքացիները: Այսպիսով, խնդիրները նախ և առաջ երկրի ներսում են՝ իշխանամերձ օլիգարխիա, տնտեսական մենաշնորհներ, ընկերային անարդարություն, արհեստական բարձր գներ և այլն:

Հայաստան-Ադրբեջան սահմանը փաստացի փակ է 1989-ից, երբ երկու երկրները դեռ մաս էին կազմում ԽՍՀՄ-ի: Ես հաճախ եմ լինում սահմանամերձ գյուղերում և զրուցում մարդկանց հետ: Նրանցից շատերն ասում են, որ լավ կլինի Արցախյան հարցին լուծում գտնվի, որպեսզի սահմանները բացվեն: Նրանց թվում է, որ եթե հարցը լուծվի (ի դեպ, մեծ մասը չի էլ հավատում, որ առաջիկա տասնամյակներում հնարավոր է լուծում), ապա հայ-ադրբեջանական սահմանները լինելու են այնպիսին, ինչպիսին էին ԽՍՀՄ տարիներին, երբ չկային երևացող սահմաններ, և ամեն մի հայ գյուղացի կարող էր առանց որևէ փաստաթղթի օրվա ցանկացած ժամի անցնել հարևան ադրբեջանական գյուղ, և նույնը կարող էր անել ամեն մի ադրբեջանցի՝ անցնելով Խորհրդային Հայաստան:

Այդպես չի լինելու: Հայաստան-Ադրբեջան սահմանին կլինեն երկու-երեք սահմանադռներ, ինչպես հայ-վրացական սահմանին: Այդ սահմանադռներից առաջին հերթին կօգտվեն իշխանամերձ օլիգարխները:

Կրկնենք, որ բաց սահմանները ավելի լավ են, քան փակ սահմանները: Բայց պետք չէ բացարձականացնել: Այո՛, Ադրբեջանը սպառնալիք է: Այո՛, Թուրքիան, ոչ այն չափի, ինչպես Ադրբեջանը, բայց ևս սպառնալիք է Հայաստանի համար: Ցանկալի կլիներ, որ նրանց հետ ունենայինք բաց սահմաններ և բնականոն հարաբերություններ: Աշխարհագրությունը ընտրության հնարավորություն չի տալիս, ուզենք-չուզենք՝ թուրքերն ու ադրբեջանցիները մեր հարևաններն են ու լինելու են: Բայց մեր դժվարությունները, մեր խնդիրները առաջին հերթին պետք է գտնենք և լուծենք մեր տան ներսում:

Հայաստանը արյունաքամ անող արտագաղթը, կաշառակերությունը, քաղաքական և տնտեսական մենաշնորհները, իշխող Հանրապետական կուսակցության ամբողջատիրական հակումները, ընկերային անարդարությունները, իշխանական բեսպրեդելը, դատարանների կախվածությունը իշխանություններից և Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրներն ու դժվարությունները չպետք է պայմանավորել աշխարագրական դիրքով, վատ հարևաններով ու փակ սահմաններով:

Երբ իշխանությունները կեղեքում են սեփական ժողովրդին, ի՞նչ տարբերություն, սահմանները փակ են, թե բաց: