Մինչ Երևանը և ողջ հայ ժողովուրդը տոնում էին Սևրի դիվանագիտական հաղթանակը, քեմալականներն ու բոլշևիկները նախապատրաստում էին հարձակումը Հայաստանի վրա: Արդեն 1920թ. սեպտեմբերի կեսերին թուրքական զորքերը վերագրավեցին այն տարածքները, որոնք հայկական զորքերի վերահսկողության տակ էին անցել հունիսին` Օլթիի շրջանն իր ածխահանքերով: Բանակի հրամանատարությունը դիմում է վարչապետ Օհանջանյանին` առաջարկելով թուրքերի գործողությունների դեմ բողոքել դաշնակիցներ Անգլիայի և Ֆրանսիայի Թիֆլիսի ներկայացուցիչներին:
Սեպտեմբերի 14-ին կառավարությունը քննարկում է Կարսի մարզում տիրող վիճակը և որոշում ռազմական դրություն հայտարարել, զինվորական ու քաղաքացիական իշխանությունը կենտրոնացնել զորավար Դանիել Բեկ-Փիրումյանի ձեռքում: Օլթիի դեպքերը քննելու և մեղավորներին պատժելու պահանջով կառավարությանը դիմում է Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը: Նա պնդում էր, որ Օլթիում պարտության պատճառը բանակում տիրող անբարեհույս վիճակն է. հունիսին Օլթին գրավելուց հետո հայկական զորաջոկատները և հատկապես սպաները զբաղված են եղել թալանով ու առևտրով: Նահանգապետ Ղորղանյանի զեկուցագրերը և ահազանգերը մնում են անհետևանք:
Բանակի հրամանատարությանը հղած զեկուցագրերում գեներալ Արտյոմ Հովսեփյանը, (ով, պատմաբան Կտրիճ Սարդարյանի կարծիքով առաջին պատասխանատուն էր), հայկական զորքերի անփառունակ պարտությունը բացատրում էր հարձակման հանկարծակիությամբ: Հայկական զորքերը գեներալ Հովսեփյանի հրամանատարությամբ ցուցադրեցին, թե ինչպես կարելի է չպաշտպանել հայրենիքը: Ռազմական տեղեկագրերը և ամփոփագրերը փաստում են, որ հայկական բանակը պատերազմի այս փուլում չի կռվել և անընդհատ ՙավելի հարմար դիրքեր գրավելու՚ պատճառաբանությամբ խուճապահար նահանջել է: Զորքը փախչում էր ու խուճապ տարածում ամբողջ նահանգում: Սեպտեմբերի 30-ին, առանց կրակոցի, Կաղզվանը ևս հանձնվում է թշնամուն:
Սեպտեմբերի 27-30-ը թուրքերը գրավում են նաև Արդահանի հայկական մասը (հյուսիսային մասը գտնվում էր վրացիների իշխանության տակ) և Մերդենեկը: Կարսի նահանգի հայ բնակչությունը զորքերի հետ փախչում է դեպի Կարսի ամրոցը: Սեպտեմբերի 28-ին Երևանում գումարվեց նախարարների խորհրդի նիստ, զեկուցում է ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը: Ռազմաճակատում տիրող դրությունը քննարկելուց հետո կառավարությունը որոշում է ՙզորավար Սիլիկյանին նշանակել Կարսի ճակատի հրամանատար սպարապետի իրավունքներով՚, ՙԿարսի զինվորական գործողության ամբողջ ընթացքում կառավարումը ժամանակավորապես իր ամբողջ կազմով հանձնել զինվորական նախարարությանը՚:
Կառավարության անդամներից Սիմոն Վրացյանը, ով մեկ այլ նախարար` Արտաշես Բաբալյանի հետ ուղարկվել էր Կարսի ճակատ, համաձայն չէ տարածված կարծիքի հետ, որ թուրքերը, առանց որևէ արգելքի հանդիպելու, հաղթեցին հայերին, և որ հայկական բանակը ոչ մի դիմադրություն ցույց չտվեց: ՙԱյս կարծիքը արդյունք է բացարձակ տգիտության: Եթե հայ բանակի մի մասը չգտնվեց իր բարձրության վրա, մյուս մասը ցույց տվեց անձնազոհության, անվեհերության և հայրենասիրության սքանչելի օրինակներ: Մասնավորապես, արյունահեղ կռիվներ տեղի ունեցան Սուրմալուի ճակատում, որի ընդհանուր հրամանատարը Դրոն էր: Տեղ-տեղ Կուռո Թարխանյանի զինվորների հիսուն տոկոսը սպանվեց կամ վիրավորվեց, բայց չնահանջեց՚:
Վրացյանը Կարսում հայկական զորքերի պարտության հիմնական պատճառ է համարում հոգեկան այն վիճակը, որ ստեղծվել էր բոլշևիկ-թուրքական բարեկամությամբ: ՙՄի կողմից` ծայր աստիճանի հոգնած, քայքայված և խաղաղության կարոտ հայ ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշևիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից` հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են և’ թուրքերը, և’ ռուսները, և ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման՚:
Բաբալյանը, ով Կարսում գերի ընկավ, հետագայում գրեց. ՙՄեր բարձր հրամանատարությունն ու սպայակույտը ռուսական կողմնորոշում ունեցող մարդկանց ձեռքում էր: Զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանը, Հախվերդյանը և այլք մի՞թե նվիրված էին մեր անկախությանը: Նրանցից շատերը շատ լավ հայեր էին, բայց անկախ Հայաստանը համարում էին ժամանակավոր մի երևույթ, որը պիտի չքանար ռուսական ազդեցության տակ: Անկարան գործում էր Մոսկվայի համաձայնությամբ: Բոլշևիկյան զորքը, օգտվելով մեր պարտությունից, կարողացավ ներս խուժել մեր երկիրը և վերջնականապես քանդել մեր այնքան դժվարությամբ կառուցած Անկախության շենքը՚:
1920թ. մայիսյան բոլշևիկյան խռովության օրերին հայկական կառավարության դեմ ապստամբած շրջաններից էր Կարսը, այդ թվում նաև` նրա ռուսախոս հայ զինվորականությունը: Այս իրադարձությունը ևս բարոյալքել էր հայկական բանակը: Անկախության հռչակման երկրորդ տարեդարձի առիթով Կարս մեկնած Ռուբեն Դարբինյանը, ով Ալեքսանդրյան փողոցի վրա կառավարության անունից ողջունել էր ՙմի քանի օր առաջ հերոսական ճիգով բոլշևիկյան դավադրությունը ճնշած Կարսի ժողովրդին՚, գրում է. ՙԵրբ խոսքս վերջացրի, քաղաքագլուխ Համազասպ Նորհատյանը մոտեցավ ինձ և ականջիս փսփսաց, որ զորավար Փիրումյանը և սպաները դժգոհ են, որ ոչինչ չասի զորքի մասին: Թեև դա արել էի դիտմամբ, որովհետև զորքը բոլշևիկյան ապստամբության ժամանակ վարանումներ էր ունեցել, երկրորդ ճառ ունեցա` ուղղված զորքին, որի մեջ էր նաև 300 զինված սասունցիների ձիավոր խումբը՚:
Ներգաղթի գործով Կարսում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Վահե Արծրունին ամերիկացի միսիոներների հետ քաղաքում մնաց մինչև 1921թ. հունվարի 15-ը: Նրա խոսքերով` ՙԿարսի ճակատի ձախորդության խոշորագույն պատճառներից մեկը թալանի անզուսպ հակումն էր, որի կախարդիչ մագիլներից ազատ չմնացին շատերը` ամենաբարձր զինվորականից մինչև ամենահասարակ զինվորը: Մեր կամավորները բուն կռվի պահին գերադասում էին թիկունքը թալանելով զբաղվել, քան իրենց պարտականությունը կատարել՚: Արծրունին ևս պնդում է, որ Կարսի ճակատում եղել են դիմադրության օրինակելի պահեր, ինչպես Սարիղամիշի հատվածում, երբ չորրորդ գունդը հրամանատարությամբ Միրիմանյանի ու Նեստերովսկու ցույց տվեց հրաշալի դիմադրություն, բայց ստիպված եղավ նահանջել մինչև Բեգլի Ահմեդ գյուղը:
Սրանք միայն օրինակելի դրվագներ էին, իսկ ընդհանուր իրավիճակը դարձել էր քաոսային ու անկառավարելի: Սեպտեմբերի 29-ին Կարսում տեղի ունեցած հավաքում զորավար Բեկ-Փիրումյանը իր կիսատ-պռատ հայերենով քաղաքական և զինվորական գործիչներին բացատրում էր, որ ՙթշնամին մոտ է, լի հպարտ տրամադրությամբ՚, հայկական զորքի թիվը պակաս չէ, ՙբայց մորալը անհամապատասխան ցածր է՚: Նրա խոսքերով` ռազմական տեսակետից եղել է նախապատրաստություն, բայց զորքը շարունակ նահանջում է, գյուղացիությունը` խուճապային վիճակում է, ՙտարերային գաղթը և մեր զորամասերի մեջ մղված կարմիր պրոպագանդան՚ ընդհանուր հուսալքություն են առաջ բերել:
Արծրունին ներկայացնում է մի դրվագ այն խոսակցությունից, որ զորավարի հետ սեպտեմբերի 30-ին կայացել էր Կարսի հեռագրատանը: Բեկ-Փիրումյանը այնտեղից անմիջական կապ էր պահում Երևանի, Ալեքսանդրապոլի հետ, որտեղ զորավար Սիլիկյանի սպայակույտն էր, և ճակատի հետ: Արծրունին ու նրա մի քանի համախոհները` ներկայացնելով քաղաքում տիրող վիճակը, Բեկ-Փիրումյանից պահանջում են կազմակերպել Կարսի ինքնապաշտպանությունը:
ՙ- Քաղաքը դատարկված է: Ժողովուրդը հեռացել է առանց ունեցած-չունեցածն իր հետ վերցնելու: Շատերը բաց են թողել իրենց դռները: Չորս կողմերից հայ ավազակները օրը ցերեկով կողոպտում են անտեր, անգամ տեր ունեցող բնակարանները:
– Ես հնարավորություն չունեմ, ես ոչ զորք ունեմ, ոչ զենք, փրկելու միջոց չունեմ,- պատասխանում է զորավարը:
– Գոնե կարգ հաստատեք քաղաքում և արգելեք կողոպուտը: Մի քանի օրից հազարավորներ կվերադառնան և իրենց բնակարանները կգտնեն ավերակ:
– Անկարող եմ այդ ուղղությամբ մտածել, քանի որ իբրև զինվորական ես չունեմ անհրաժեշտ բաները: Այս պահին ես միայն մտահոգված եմ մեր ճակատի վիճակով: Մեկ անակնկալ հարձակում, և թշնամին կարող է հասնել քաղաք,- պատասխանում է Բեկ-Փիրումյանը:
Իզուր էր ավելի երկարացնել այս խոսակցությունը: Զորավար Բեկ-Փիրումյանը կենդանի մեռած մարդ էր` զուրկ պահի արժեքը ըմբռնելու կարողությունից, զուրկ զինվորականին հատուկ անսպասելի և անսպառ նախաձեռնությունից ու վճռականությունից: Զորավար Բեկ-Փիրումյանի տրամադրելի ուժ չունենալ ասելը պարզ կեղծիք էր: Այն օրերին մենք զենքի պակասություն չունեինք: Նահանգային ոստիկանապետ Հրաչ Ավետիսյանն ուներ 1700 ոստիկան, որոնցից 800-ը` ձիավոր՚:
Հայկական սահմանների վրա հարձակվում էին արևելքից, հարավ-արևելքից, հարավ-արևմուտքից ու արևմուտքից: Միայն հյուսիսում էր խաղաղ. Վրաստանը հայ-թուրքական պատերազմի շրջանում համաձայնվեց պահպանել չեզոքություն: Թիֆլիսում գաղտնի պայմանագիր կնքվեց Քյազըմ բեյի և Վրաստանի կառավարության միջև: Հայաստանում միայն հոկտեմբերի 2-ին տեղեկացան, որ վրացիները գաղտնի պայմանագիր են ստորագրել քեմալականների հետ:
Այդուհանդերձ, վրացիներից օգնության ակնկալիքով հոկտեմբերի կեսերից հետո Թիֆլիս է ուղևորվում ռազմական նախարար Տեր-Մինասյանը, Խատիսյանի խոսքերով` ՙհամոզելու վրաց կառավարությանը միացյալ ուժերով կռվելու Հայաստանին ու Վրաստանին սպառնացող վտանգների դեմ՚: ՙՀայկական կառավարությունը հանձն էր առնում պահել թուրքական ճակատը, իսկ վրացիները պետք է հետ մղեին բոլշևիկյան վտանգը: Այդ բանակցություններին մասնակցում էր անգլիական կոմիսար Ստոկսը: Վրացիները չէին համարձակվում դուրս գալ չեզոքությունից: Վրացիները չընդունեցին մեր կառավարության առաջարկը, Տեր-Մինասյանի առաքելությունը հաջողություն չունեցավ: Վրացիները թուրքերի կողմից հարձակում չէին սպասում, իսկ բոլշևիկների հետ կնքած դաշնագիրը համարում էին վստահելի՚:
Հայաստանի անկախության կորստից հետո հերթը գալու էր Վրաստանին: Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Բեկզադյանը հոկտեմբերի 26-ին Հայաստանի արտգործնախարարին ուղարկած գաղտնի գրությունում այսպես է բացատրում Վրաստանի կեցվածքը. ՙՌուսական վտանգը մեր դեմ նրանք լուրջ չեն համարում, ուստի չեն վախենում, որ մենք կարող ենք շուտով ընկնել նրանց ազդեցության շրջանի մեջ և դառնալ խորհրդային: Քեմալից վրացիներն իրենց վտանգված չեն համարում: Վրացիները մեզ հետ չեն կռվելու և այլևս նրանց վրա որևէ հույս դնելու չէ: Եթե նրանք չխանգարեն մեր մոբիլիզացիային և տրանզիտին և տան իսկապես դյուրություններ որոշ կարևոր ապրանքներ արտահանելու այստեղից և Բաթումից` դա ամենամեծ աջակցությունը պիտի համարել՚:
Հայաստանի եվրոպական դաշնակիցների ՙօգնությունը՚ սահմանափակվում էր համակրանքի խոսքերով: ՙՀայաստանը բառիս բուն իմաստով մնացել էր մենակ՚,- դառնացած գրում է Վրացյանը: Սեպտեմբերի 30-ի նիստում որոշվեց արտակարգ լիազորություններով Կարսի ճակատ ուղարկել նախարարներ Սիմոն Վրացյանին և Արտաշես Բաբալյանին, Ղազախի ճակատ` նախարար Աբրահամ Գյուլխանդանյանին, Իգդիրի ճակատ` նախարար Սարգիս Արարատյանին, Ալեքսանդրապոլ` նախարարներ Արշակ Ջամալյանին և Գևորգ Ղազարյանին, Նոր Բայազետի շրջան` խորհրդարանի անդամներ Հ. Տեր-Հակոբյանին և Համբարձում Տերտերյանին:
Նույն օրը վարչապետ Օհանջանյանը հեռագրում է Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Բեկզադյանին. ՙԹշնամու ճնշման տակ մենք թողեցինք Սարիղամիշն ու Կաղզվանը: Կարսը վտանգի մեջ է: 700 վերստ ռազմաճակատը պաշտպանում ենք սեփական ուժերով: Այս ամենի մասին հայտնեք դաշնակիցներին, պահանջեք շուտափույթ և որոշակի օգնություն: Վրացիներից նավթ խնդրեք գոնե տրանսպորտի կարգավորման համար՚: Հոկտեմբերի 1-ին Օհանջանյանը Բեկզադյանին հեռագրում է. ՙՄեր ուժերը կենտրոնացած են Կարսի ու Բեգլի Ահմեդի շրջանում: Ամբողջ ազգաբնակչությունը ոտքի է կանգնել: Բոլոր նախարարները մեկնել են ռազմաճակատ ու ժողովրդի մեջ: Դաշնակիցներից պահանջեք շտապ օգնություն: Պարզվում է թուրք-բոլշևիկյան համագործակցությունը՚:
Դաշնակցությունը դիմում է կուսակցական ընկերներին. ՙԹշնամին նորից ծեծում է մեր դռները: Սարիղամիշի շրջանում տեղի են ունենում արյունոտ դեպքեր: Թուրք փաշաները ուզում են արյան մեջ խեղդել Հայաստանը և բնաջնջել հայ աշխատավոր ժողովուրդը: Ամեն ընկեր պարտական է իրեն դնել կուսակցության տրամադրության տակ և անմիջապես կատարել տրված հրահանգը: Ընկերնե’ր, դեպի գործ, դեպի ճակատ: Կարսի շրջանի վրա սև ամպեր են կուտակվում՚:
Հատուկ կոչով ժողովրդին դիմում է նաև վարչապետ Օհանջանյանը` հիշեցնելով 1918-ի հերոսական օրերը Սարդարապատում. ՙԹշնամին արշավանք է սկսել դեպի մեր հայրենիքի սիրտը. մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս և կանոնավորապես նահանջում դեպի ավելի ամուր դիրքեր: Քաղաքացինե’ր, օրերը պատմական են: Ես հիշեցնում եմ ձեր պարտքը և հրավիրում սրբազան կռվի՚:
Անելանելի վիճակում գտնվող Բյուրո-կառավարությունը կոչով դիմում է ժողովրդին. ՙՔաղաքացինե’ր, որքան և աննպաստ լինեն պայմանները, թողեք ձեր անձնական գործերը: Ոչ մի երիտասարդ չպիտի նստի տանը: Գյուղացի, բանվոր, մտավորական, պաշտոնյա, արհեստավոր, ուսանող, կանայք` բոլորդ պետք է նպաստեք մեր բանակին: Թուրքական զորքի առաջ մեկ անելիք է միայն մնում մեզ` հաղթել կամ մեռնել: Մենք պետք է հաղթենք Ոտքի’, ժողովուրդ՚:
Մինչև նոյեմբերի առաջին շաբաթը ՙՅառաջը՚ ամեն օր առաջին էջում խոշոր տառերով գրում էր` ՙԴԵՊԻ ՖՐՈՆՏ, ԴԵՊԻ ԿՌԻՎ՚: ՙՊատրա’ստ, հա’յ ժողովուրդ, թուրքական վտանգն է գալիս: Պատրա’ստ, հայ աշխատավոր: Ով մեզ հետ չէ, մեր թշնամին է: Ով փախչում է, դավաճան է: Դաշնակցական ընկերներ, մեր ժողովրդի դարավոր ոսոխն է գալիս՚:
Ամիսներ շարունակ հրամանատար Հովսեփյանին Կարսի ճակատից հեռացնելու պահանջ էր դնում նահանգապետ Ղորղանյանը: Հոկտեմբերի սկզբին Նազարբեկյանը Ղորղանյանին պատասխանում է. ՙՁեր հաղորդագրությունները միանգամայն տարբեր են զորահրամանատարության տվյալներից և շփոթում են թե կառավարության և թե հասարակության կարծիքը ու ջղայնություն առաջ բերում՚, հետևաբար` ՙկառավարությունը արգելում է Ձեզ որևէ տեղեկություն ուղարկել Երևան՚:
Հասնելով Կարս և ուսումնասիրելով ռազմաճակատի դրությունը` Հովսեփյանին հեռացնելու Ղորղանյանի պահանջին միացան նաև նախարարներ Վրացյանն ու Բաբալյանը: Հոկտեմբերի 27-ին ռազմական նախարար Տեր-Մինասյանը Հովսեփյանին ազատեց Կարսի ճակատի զորքերի հրամանատարի պարտականությունից, իսկ պատերազմի ավարտից հետո նրա հրամանով ձերբակալվեց և ուղարկվեց Երևանի բանտ:
Վրացյանը և Բաբալյանը իրենց տեղեկագրերում կառավարությունից պահանջում էին Դրոյին Սուրմալուից տեղափոխել Կարսի ճակատ: Երբ Կարս է այցելում Սիլիկյանը, Վրացյանն ու Բաբալյանը կրկնում են պահանջը, որին ի պատասխան Կարսի ռազմաճակատի գլխավոր հրամանատարը հարցնում է. ՙՈւզում եք Դրոյին բերել այստեղ: Ես էլ եմ ուզում, բայց ո՞վ պիտի բռնի նրա տեղը: Եթե Երևանը անցնի թշնամու ձեռքը, ի՞նչ արժեք կունենա Կարսի ճակատը: Ասում եք` պաշոնից հեռացրեք Դանիել Բեկին կամ Հովսեփյանին: Շատ բարի, նրանց տեղը ո՞ւմ դնենք: Աստված մեզ պետք է խնայեր և այս պատերազմից հեռու պահեր: Մեր ո՞ր մեղքերի համար է Աստված պատժում մեզ՚:
Բաբալյանը գրում է, որ Կարսը խուճապի էր մատնված, շատերը գիշերվա հագուստով էին դիմում փախուստի, մեծ թալան ու անկարգություններ էր տեղի ունենում: ՙՓախչողների առաջին խմբում էր զորավար Հովսեփյանի ընտանիքը, նրա եղբայրը` հարյուրավոր կովերով: Մեր առաջին գործը եղավ հեռագրել զինվորական նախարարին` պահանջելով հեռացնել Կարսի ճակատից Հովսեփյանին: Սպարապետ Նազարբեկյանը պատասխանեց, թե անկարելի է գործողությունների ընթացքում բարձր հրամանատարների փոփոխություն կատարել: Մենք պնդեցինք նաև, որ գլխավոր հրամանատար Սիլիկյանը Ալեքսանդրապոլից տեղափոխվի Կարս: Նահանգապետը զեկուցում էր, որ թալանն ու բռնությունը խրախուսում է զինվորական իշխանությունը, որ Հովսեփյանն ու Մազմանյանը հազարավոր գլուխ անասուններ են ծախում Վրաստանին: Հոկտեմբերի երրորդ տասնօրյակում Հովսեփյանին փոխարինեց Ղազարյանը: Տարօրինակ էր, որ Երևանը այդքան ուշ միջամտեց և ապիկար, ստախոս ու վախկոտ Հովսեփյանին փոխարինեց վերջին ժամին` փրկելով կարծես նրա կյանքը վերահաս վտանգից, որովհետև Ղազարյանը երկու օր հետո իր սպաներով գերի ընկավ՚:
Հայկական քաղաքացիական իշխանությունն ու հայ զինվորականությունը չէին հասկանում միմյանց լեզուները: Ոչ միայն այն պատճառով, որ հայ զինվորականությունը ռուսախոս էր ու հայերենին քիչ ծանոթ, այլ որովհետև տեղային իշխանության համար պայքարը ստեղծել էր բարոյահոգեբանական մի վիճակ, որի պայմաններում հնարավոր էր միայն պարտվել: Վահե Արծրունին գրում է, որ պայքարը Կարսի քաղաքային և զինվորական իշխանությունների միջև հին էր. ՙՊայքարը, խտացված ձևով, նահանգապետ Ղորղանյանի ու զորավարներ Բեկ-Փիրումյանի ու Հովսեփյանի միջև էր՚:
Շիրակի նահանգապետ Կարո Սասունին մանրամասնում է. ՙԲարձր զինվորականությունը Նազարբեկյանի գլխավորությամբ չէին տանում Սեպուհի և Դրոյի նման ոչ կանոնավոր և ոչ ուսյալ զինվորականներին, մինչդեռ միջին զինվորականությունը և քաղաքացիական վարչությունները մեծ հավատ ունեին և ցանկանում էին նրանց տեսնել հրամանատարության պատասխանատու պաշտոններում: Սեպուհը կարողացավ խոշոր դեր կատարել մայիսյան խռովությունները զսպելու և մանավանդ Ղազախի ճակատի վրա` անկարելի դարձնելով կարմիրների ներխուժումը Հայաստան: Սուրմալուի ճակատի հրամանատար Դրոն մայիսյան խռովության ժամանակ կարմիր բանակի ճնշման տակ, առանց դիմադրության հեռացել էր Ղարաբաղից ու Զանգեզուրից, այդ պատճառով` նրա ազդեցությունն ընկել էր: Երբ սկսվեց հայ-թուրքական պատերազմը, հոկտեմբերի վերջին շաբաթը Դրոն իր երեք հազար կանոնավոր և հազար ժողովրդական ուժերով թշնամուց մաքրեց Մարգարա-Իգդիրի շրջանը, թուրքերը նահանջեցին դեպի Մասիսի լանջերը՚:
Հոկտեմբերի 5-ին Կարս են ժամանում Անդրկովկասում Մեծ Բրիտանիայի գերագույն կոմիսար գնդապետ Ստոքսը և Երևանում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Գրեյսը: Կայարանում նրանց հանդիսավոր ընդունելություն են ցույց տալիս զինվորական և քաղաքացիական իշխանությունները և տեղի բազմահազար բնակչությունը: Ստոքսին ու Գրեյսին դիմավորողների մեջ էին նախարարներ Վրացյանն ու Բաբալյանը, նահանգապետ Ղորղանյանը, Կարսի ռազմաճակատի հրամանատար Փիրումյանը:
Անգլիացի գնդապետը, ով անձամբ էր եկել ծանոթանալու ճակատի վիճակին, այցելում է Բեգլի Ահմեդի զորամասերը, ճառ ասում զինվորների համար` չմոռանալով հիշել, որ հայերն առաջին քրիստոնյա ազգն են աշխարհում: Նույն օրը, մերժելով ճաշի հրավերը, Ստոկսը հեռանում է Կարսից: ՙՄի ուրիշ անգամ կճաշենք: Տեսնում եմ, որ ձեր վիճակը ծանր է: Աստված ձեզ պահապան՚,- հրաժեշտից առաջ իր ոչ սահուն ֆրանսերենով մաղթում է անգլիացի զինվորականը:
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Բեկզադյանը հոկտեմբերի 6-ին Թիֆլիսից հաղորդում է, որ մոտ 10 հազար հայ ցուցարարներ բողոքի երթ են անցկացրել դաշնակից պետությունների առաքելությունների մոտ: Խորհրդային առաքելության առաջ ցույցը խիստ, բայց քաղաքավարի բնույթ ընդունեց: Ուշագրավ էր խորհրդային ներկայացուցիչ Ստորկի պատասխանը: Ցուցարարներին նա հաղորդեց, որ եթե Հայաստանի կառավարությունը համաձայներ ընդունել Մուստաֆա Քեմալի առաջարկը, այն է` նրա կողմից եղած պայմանների բանակցությունները բոլշևիկների միջնորդությամբ կատարվելը, այդ դեպքում հավանաբար թուրքերի այս հարձակումը տեղի չէր ունենա:
Հայաստանի Առաջին հանրապետության ճակատագիրը վճռված էր: Հոկտեմբերի 2-ին հայ ժողովրդին կրկին դիմել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ն. ՙԵրկու տարվա կյանքը մեզ սովորեցրեց, որ մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, օտարը մեզ չօգնեց ու չի օգնելու: Գնացեք կռվեցեք քաջաբար և Ձեր սրերով մաքրեցեք Ձեր ճանապարհը դեպի Ձեր մոխրացյալ հայրենիքը` Մուշն ու Սասունը, Սուրբ Կարապետն ու Աղթամարը: Իսկ Դուք, Արարատյան աշխարհի հայորդիներ, Վաղարշապատի, Օշականի, Աշտարակի, Սարդարապատի, Ապարանի, Շիրակի, Ծաղկաձորի ու Գեղարքունյաց զավակներ, թողեք ձեր տները և թռեք դեպի սահմանները, ձեր ազատությանը վտանգ է սպառնում, հիշեցեք Զեյթունն ու Սարդարապատը: Հաղթեք թշնամուն, որպեսզի Մասիսի գլխին տնկված հայկական դրոշը անսասան մնա՚:
Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը` Սարդարապատի Ղևոնդ Երեցը (որ 1945-1952 թթ. բազմեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գահին) թողել էր Մայր Աթոռ Էջմիածինը և խաչը ձեռքին շրջում էր դիրքից դիրք, զորանոցից զորանոց, զրուցում զինվորների հետ, հաղորդություն տալիս ու ոգի ներշնչում: Իսկ հոկտեմբերի 12-ին Գարեգին սրբազանը Կարսի պատմական Առաքելոց վանքում հայկական զորքի հաղթության համար կարդում էր Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը: Սրբազանը, ով հետո դարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Երևանի կառավարությանը փոխանցում է Կարսում տիրող վիճակը. ՙԶորքը և քաղաքացիները հանձնարարեցին հայտնել, թե պատրաստ են մինչև վերջին շունչը դիմադրել անօրեն թշնամուն և վռնդել մեր սրբազան հայրենիքի սահմաններից՚:
Սակայն ընդամենը երկուսուկես շաբաթ անց քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ մտան Կարս` գրեթե չհանդիպելով դիմադրության: Նահանգապետ Ստեփան Ղորղանյանը ասել է. ՙԿարսը ընկավ ոչ պարտված, նա մեր ոճրագործ անհոգության զոհը դարձավ՚:
1920 թվականի աշունը Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքի վերջին անկումն էր: Հայաստանի Առաջին Հանրապետության խոշորագույն քաղաքներից երրորդն արդեն ավելի քան իննսուն տարի թուրքական գերության մեջ է:
Կարսի անկման առիթով հոկտեմբերի 31-ին կառավարությունը տարածեց պաշտոնական կոչ. ՙՄեր զորքերն անկարող դիմադրելու թշնամու գրոհին, կռվից հետո մեծ մասով նահանջել են: Կարսում մնացած փոքրաթիվ զորամասերն անձնատուր են եղել: Քաղաքը և ամրություններն անցել են թուրքերի ձեռքը: Այս ահավոր իրողության առաջ կառավարությունը հարց է տալիս ձեզ, քաղաքացինե’ր, ուզո±ւմ եք դուք կռվել արշավող թշնամու դեմ, կամենո±ւմ եք պաշտպանել ձեր հայրենիքի անկախությունը, ժողովրդի կյանքը, ձեր պատիվը: Կառավարության համար այս հարցին երկու պատասխան չկա. նա վճռել է կռվել մինչև վերջին հնարավորությունը, մինչև մահ՚:
Նոյեմբերի 1-ին Բաբալյանը, ով Կարսի անկման օրը գերի էր ընկել, Հայաստանի կառավարությանը գրում է. ՙՕր առաջ պետք է վերջ տալ պատերազմական գործողություններին և շտապ կերպով սկսել հաշտության բանակցությունները և համաձայնության գալ Անատոլիայի կառավարության հետ: Տարիներ տևող արյունահեղությունը պետք է վերջապես դադար տալ, որ քայքայում է մեր ժողովրդին: Այս առաջարկի հետ համաձայն են գեներալներ Փիրումյանը, Արարատյանը, Ղազարյանը և գնդապետ Վեքիլովը՚:
Այս բոլոր չորս բարձրաստիճան զինվորականներն էլ գերի ընկան Կարսում: Կարո Սասունին գրում է, որ թեև զինադադար կնքելու առաջարկը որոշված էր, բայց ՙմարդ չկար, որ այդ քայլը հանձն առներ՚:
Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից
Լուսանկարում՝ Առաքելոց վանքը և շրջակայքը, լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի