Զօրավար «Անդրանիկ»ի հետ՝ Թեհրանում

752

Սեպտեմբերի 21-25 անցկացրի Իրանում, եթէ աւելի ճիշտ ասեմ` Երեւան-Թեհրան-Երեւան օթոպիւսում, իսկ երկու գիշեր ու երեք օր` հարեւան իսլամական հանրապետութեան մայրաքաղաքում` 15 միլիոն բնակչութիւն ունեցող Թեհրանում:

Աւելի քան քսան անգամ եղել եմ հարաւային հարեւան երկրում, լուսաբանել նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ, Հայաստանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի այցեր: Ես լրագրողական ճամբորդութիւնների սիրահար եմ, քանի որ առաջին հերթին անմիջական շփումների, շարքային քաղաքացիների հետ հանդիպումների ու զրոյցների միջոցով է նաեւ հնարաւոր ամբողջական պատկերացում կազմել դրացի երկրի, նրա ժողովրդի, հարեւան պետութիւնների հետ յարաբերութիւնների, ներքաղաքական կեանքի, աւանդութիւնների ու նիստուկացի մասին:

Այս անգամ Թեհրան էի մեկնում իրանահայ մի քանի կազմակերպութիւնների հրաւէրով` ներկայացնելու միանգամից մի քանի գրքեր եւ պատասխանելու շնորհահանդէս-երեկոյին ներկաների հարցերին: Վերջին անգամ օթոպիւսով Թեհրան էի մեկնել ու վերադարձել 1990-ականների կէսերին, երբ նոր էր շահագործման յանձնուել Արաքսի կամուրջը: Դա նաեւ իմ առաջին այցն էր ոչ միայն Իրան, այլ` նախկին Խորհրդային Միութեան սահմաններից դուրս:

Երեւանից Թեհրան հեռաւորութիւնը մօտ 1200 քիլոմեթր է: Աւստրալիայի հայերի հանգանակած գումարներով Արաքս գետի վրայ կառուցուած նոր, ժամանակակից պահանջներին համապատասխանող կամուրջը հայ-իրանական շփումները, առաջին հերթին` մարդկային, աւելի ընդլայնուեցին: Ամէն տարի հազարաւոր իրանցիներ, այդ թւում` իրանահայեր, իրենց արձակուրդն անց են կացնում Հայաստանում: Նրանց մեծագոյն մասը Հայաստան հասնելու համար օգտւում է օթոպիւսներից կամ անձնական ինքնաշարժներից: Շատերը հէնց ցամաքային ուղին են նախընտրում, քանի որ այն մի քանի անգամ էժան է օդանաւից: Երեւան-Թեհրան-Երեւան օթոպիւսի տոմսն արժէ 100 տոլար:

Քսան տարի է անցել օթոպիւսով իմ առաջին եւ վերջին այցելութիւնից, սակայն ճանապարհները չեն փոխուել. Հայաստանում ճանապարհ չկայ բառիս բուն, ուղղակի եւ անուղղակի իմաստներով, Իրանում ճանապարհները գերազանց վիճակում են: Հայաստանի այս իշխանութիւննե՞րը պէտք է Հայաստան-իրան երկաթուղի կառուցեն: Այս իշխանութիւնները համապատասխան գումարների առկայութեան պայմաններում անգամ չեն կարողանում Հիւսիս-հարաւ ճանապարհը կառուցել: Աւելի՞ն. այս իշխանութիւնները չեն կարողանում անգամ Հայաստան-իրան միջպետական ճանապարհի փոսերը լցնել, իսկ ասֆալտը` շնորհքով կարկատել:

Երեւանից Թեհրան օթոպիւսը հասնում է ուղիղ մէկ օրում: Ես հերթական անգամ հիւրընկալուեցի Ճոմհորիյէ Էսլամի պողոտայի հարեւանութեամբ գտնուող Սուրբ Աստուածածին եկեղեցու «Վաչէ Յովսէփեան» հիւրատանը: Եկեղեցու հարեւանութեամբ է գտնւում Քուշեշ-Դաւթեան հայկական յայտնի դպրոցը, այսօր` դպրոցի շէնքը, որը վարձով տրուել է պարսկական մի մասնաւոր դպրոցի, քանի որ քաղաքի այս հատուածում հայեր ու հայ դպրոցականներ գրեթէ չեն մնացել:

Արտագաղթը իրանահայ համայնքի թիւ մէկ խնդիրն է: Իր ամենաբարեկեցիկ շրջանում` 1970-ականների կէսերին, Թեհրանում եւ ողջ Իրանում հայութեան թիւը անցնում էր 200 հազարից: Թեհրանում այն տարիներին հայ աշակերտների թիւը հասնում էր 12-13 հազարի: Այսօր երեք հազարից պակաս է: Բարեբախտաբար Իրանի հայութեան արտագաղթող մի հատուածը ժամանակաւոր կամ մշտապէս հաստատւում է Հայաստանում: Իսկ հիմնական հատուածը արտագաղթում եւ հաստատւում է Կլենտէյլում:

Իրանի հայութիւնը, սակայն, անգամ այսօր, երբ թուաքանակը կրճատուել է չորս անգամ, ապրում է եռուն մշակութային, մարզական ու քաղաքական կեանքով: Ըստ գործող սահմանադրութեան, խորհրդարանի 290 աթոռներից երկուսը պատկանում է հայերին: Այսպիսով, խորհրդարանական ընտրութիւններում իրանահայութիւնը քուէ տալիս է մրցակցող հայ թեկնածուներին: Վերջին ընտրութիւններում խորհրդարանի պատգամաւորներ են ընտրուել Ռոբերտ Բեգլարեանն ու Կարէն Խանլարեանը:

ՀՅԴ-ի անդամ Խանլարեանը սեպտեմբերի 23-ի երեկոյեան միացել էր համայնքի մի քանի տասնեակ ներկայացուցիչներին եւ եկել էր Թեհրանի Հայ բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) կենտրոնատեղի` ունկնդրելու իմ ելոյթը: Դա ոչ այնքան ելոյթ էր կամ դասախօսութիւն, որքան` միանգամից չորս գրքերի շնորհահանդէս, որին յետեւեց հարց ու պատասխան բաժինը:

Միջոցառումը կազմակերպել էին ՀՄՄ «Րաֆֆի» համալիրը, Իրանահայ ազգային եւ մշակութային միութիւնը, Աշխարհատեսների հայկական կենտրոնը եւ «Արաքս» շաբաթաթերթը: Ես ներկայացրեցի վերջերս հրատարակուած Զօրավար «Անդրանիկ» գիրքը, Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանի «Անկախութեան ճանապարհով» յուշագրութիւնը, ինչպէս նաեւ իմ հեղինակած երկու հատորները` «Արցախեան օրագիր. կանաչ ու սեւ», «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը»: Քանի որ իմ հեղինակած գրքերը երկու տարի առաջ եւս, այն ժամանակ` Թեհրանի Հայկական ուսումնասիրութիւնների «Հուսկ» կենտրոնում, ներկայացնելու հնարաւորութիւն էի ստացել, այս անգամ աւելի շատ կանգ առայ «Զօրավար Անդրանիկ»-ի եւ Օսկանեանի յուշագրութեան վրայ: Երկու գրքերն էլ կարդացւում են մէկ շնչով:

Ձեռնարկի երկրորդ` աւելի երկար հատուածում, ես պատասխանեցի ներկաների հարցերին եւ լսեցի նրանց մեկնաբանութիւնները: Ներկաները` թեհրանահայ համայնքի քաղաքական, ազգային, կրօնական ու միութենական տարբեր ներկայացուցիչներ, այդ թւում` Թեմական խորհրդից, ինչպէս նաեւ` համատեղ միջոցառումը կազմակերպած կառոյցների պատասխանատուները, հարցեր էին ուղղում ինչպէս ներկայացուած չորս հատորների մասին, այնպէս էլ, եւ առաջին հերթին, հետաքրքրւում Հայաստանով:

Իմ լրագրողական երկու տասնամեակների գործունէութեան ընթացքում այցելել եմ շուրջ չորս տասնեակ երկրներ, բազմաթիւ դասախօսութիւններ ու ելոյթներ ունեցել հայ համայնքների ներկայացուցիչների համար եւ կարող եմ ասել, որ բոլոր այդ համայնքները մէկ հարցում նման, շատ նման են միմեանց: Նրանք բոլորը ապրում են Հայաստանով ու Արցախով:

ՀԲԸՄ-ի սրահում հաւաքուածների հարցերը վերաբերում էին արցախեան հակամարտութեանն ու Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-սփիւռք յարաբերութիւններին, արտաքին քաղաքականութեանն ընդհանրապէս, ներքին քաղաքականութեանը, սահմանադրական բարեփոխումներին, Հայաստանը արիւնաքամ անող արտագաղթին, անգամ` մարտի 1-ին ու հոկտեմբերի 27-ին:

Հարցերը հետաքրքրական էին: Հարց տալուց իսկ հասկանալի էր դառնում, թէ ինչքան լաւ տեղեակ են նրանք Հայաստանի ներքաղաքական անցուդարձին, որքան լաւ են պատկերացնում հայրենիքի խնդիրներն ու դժուարութիւնները: Քաղաքականապէս եւ մտածողութեան առումով Իրանի հայ համայնքը մեր ամէնից հասուն գաղութներից է եւ կարող է մրցել Լիբանանի հետ:

Ժամանակի սղութեան պատճառով հնարաւորութիւն չունեցայ շփուելու իրանցի լրագրողների, վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների հետ: Այս տարի մեր տարածաշրջանում եւ աշխարհում կարեւորագոյն զարգացումներից մէկը արձանագրուել է հէնց Իրանում կամ Իրանի հետ: Երկար տարիների տնտեսական ու առեւտրային շրջափակումից եւ պատժամիջոցներից յետոյ Իրանը Արեւմուտքի հետ ամիսներ առաջ ստորագրեց համաձայնագիր, որը հնարաւորութիւն է տալիս մեր հարեւան պետութեանը յաղթահարելու երկար տարիներ շարունակուող տնտեսական ճգնաժամն ու քաղաքական մեկուսացումը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 1 Հոկտեմբերի, 2015