Արշակ Ջամալյանի պատասխանը Հովհաննես Քաջազնունուն

904

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունը, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի: Մինչև տարեվերջ, ԱՆԻ-ն մեկ հատորում ընթերցողի սեղանին կդնի ինչպես վերոնշյալ երկու գործերը, այնպես էլ նույն թեմայով Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ աշխատությունը:

—-

Առաջին տպավորությունը, որ ես ստացա Քաջազնունու զեկուցումից Վիեննայում, ներկա լինելով նրա ընթերցմանը, այն էր, որ նա, չնայած իր առարկայական կառուցվածքին, սուբյեկտիվ մի գործ է, այսինքն՝ կրում է իր վրա հեղինակի մտահայեցողության, նախասիրությունների և տրամադրությունների շատ նկատելի կնիքը: Նրա գրքույկի ուշադիր ընթերցումը, դժբախտաբար, ոչ թե ցրեց այս տպավորությունը, այլ համոզում դարձրեց այն իմ մեջ:

Սուբյեկտիվիզմը, իհարկե, մի առանձին արատ չէր լինի Քաջազնունու գործի համար, եթե որոշ սահմանների մեջ մնար, որովհետև պատմական, քաղաքական, հասարակական և առհասարակ մարդկաին գործերի քննության ու գնահատության մեջ սուբյեկտիվ մոմենտը (ենթակայական պարագան) միշտ մի որոշ դեր կատարում է: Բայց Քաջազնունու գործում այս պարագան այնքա՜ն տիրականորեն է հանդես գալիս, որ իրականության ճշգրիտ ըմբռնողությունը բազմաթիվ դեպքերում նրա համար դառնում է դժվարին, իսկ այդ իրականության վերլուծությունն ու պարզաբանությունը հաճախ այնպիսի բռնազբոսիկ ձևեր են ընդունում, որ միշտ կարելի չի լինում վերագրել հասարակ տրամաբանական սխալնների…

Անկեղծ կերպով ասած՝ ես Քաջազնունու գրվածքից այն կարծիքն եմ կազմել, որ նա ոչ թե իրականության տվյալների համադրությունից է տրամաբանական եզրակացություններ հանում, այլ իր պատրաստի, կանխակալ «եզրակացությունների» համար փաստեր է դասավորում և տրամաբանական սիլլոգիզմներ (հավաքաբանություն) կազմում:

Մասնավորապես, իր հիմնական խնդրում, ինձ այնպես է թվում, որ Քաջազնունին ոչ թե մեր իրականության պայմաններից է հետևեցնում, թե Դաշնակցությունն այլևս անելիք չունի մեր կյանքում, այլ նա այդ վճիռը, ինչ-ինչ հանգամանքների բերմամբ, որոնք անհրաժեշտ չեն, որ անպատճառ ad hominem ծագում ունենան, իր հոգու մեջ կայացնելուց հետո, աշխատում է մեր իրականության պայմաններն այնպես դասավորել, որ նրանք հարմարեն իր կանխակալ վճռին:

Թե որքան արդարացի է իմ կարծիքը, դա կերևա, երբ ես կանցնեմ Քաջազնունու գրքույկի վերլուծությանը ըստ էության: Այստեղ նրա գրքի այս կողմը փոքր ինչ բնորոշելու համար անցողակի պիտի ասեմ հետևյալը:

Քաջազնունու ուղեղում բևեռվել են երկու հիմնական մտքեր.

առաջին՝ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս»,

երկրորդ՝ «Հայ բոլշևիկները պետք են Հայաստանին»:

Ամեն մի հարց, որ կարող է որևէ կերպով արժեք հաղորդել Դաշնակցությանը կամ նսեմացնել հայ բոլշևիկների արժեքը՝ մերժվում է նրա կողմից կրքոտության հասնող վճռականությամբ կամ լռության մատնվում: Իսկ ամեն մի չնչին բան, որ կարող է նսեմացնել Դաշնակցության արժեքը կամ բարձրացնել հայ բոլշևիկների կշիռը՝ ցուցադրվում է ամենայն խնամքով:

Օրինակի համար՝ նա, գնահատության ենթարկելով Դաշնակցության ծանր աշխատանքը Հանարպետության անկախությունը հռչակելուց հետո և ձեռք բերած արդյունքը, գալիս է այն եզրակացության, որ Դաշնակցությունը այդտեղ պարծենալու շատ բան չունի: Լավ, շատ բան չկա պարծենալու:

Բայց թող գոնե մի հատիկ ակնարկ աներ Քաջազնունին այն քիչ բաների մասին, որոնցով Դաշնակցությունը, այնուամենայնիվ, կարող է թեկուզ որոշ չափով պարծենալ: Զո՜ւր ցանկություն. այդ մասին մի տող չեք գտնի Քաջազնունու գրքում:

Բայց, իսկապես, մի՞թե այդ քիչ բաների մեջ գոնե մեկը չկա, որ արժանի լինի հիշատակության: Հապա այն Հայաստանը, որ «այսօր հայ քաղաքական մտքի անմիջական հոգատարության առարկան պիտի լինի» ինչպես իրավամբ հրահանգում է Քաջազնունին, այդ Հայաստանը ո՞ւմ ստեղծածն է: Ո՞ւմ ենք պարտական մենք, որ այդ Հայաստանն այսօր ոչ թե բառիս աշխարհագրական իմաստով, այլ բառիս բուն իմաստով Հայաստան է:

Չգիտի՞ արդյոք Քաջազնունին, թե ի՛նչ ազգագրական կազմ ուներ այդ երկիրը Հանրապետության հաստատումից առաջ և հետո: Չի՞ լսել արդյոք նա, որ այդ երկրի ազգաբնակչությունն այսօր 95-97 տոկոսով հայ է… Անշուշտ, գիտի և լսել է: Ապա ինչո՞ւ այդ մասին որևէ հիշատակություն չի անում իր գրքույկում:

Չի անում, պատասխանում եմ ես, որովհետև նա շատ լավ գիտի, որ այդ մի հատիկ փաստի հիշատակությունը բավական է՝ ի չիք դարձնելու այն բազմապիսի մանր-մունր արատները, որ վերագրում է Դաշնակցությանը:

Անցնենք բոլշևիկներին:

Մի ամբողջ երեսի վրա Քաջազնունին շարում է նրանց «պարծենալու բաները» և առաջին հերթին վեր հանում այն, որ բոլշևիկները ո՛չ արտաքին պատերազմներ են ունեցել, և ո՛չ էլ ներքին կռիվներ: Մարդ ակամայից մտածում է. այս ի՜նչ հրաշք է, որ բոլշևիկները, որոնք չեղած տեղն էլ կռիվ են ստեղծում, այսքա՜ն խաղաղասեր գառներ են դարձել: Բայց առայժմ մի կողմ թողնենք արտաքին պատերազմները, որոնց մասին Քաջազնունու տված տեղեկությունները լիովին չեն համապատասխանում իրականությանը, և կանգ առնենք մի փոքր ներքին կռիվների վրա:

Մի՞թե իսկապես Քաջազնունին բոլշևիկների պետական իմաստությանն է վերագրում, որ այլևս կռիվներ չկան ոչ Զանգիբասարում, ոչ Վեդիբասարում, ոչ Զոդում, ոչ Կարակոյունլուի ձորում և ոչ էլ այն մնացած վայրերում, որոնք առաջ որևէ հայկական իշխանության մասին լսել անգամ չէին ուզում: Մի՞թե Քաջազնունին չգիտի, թե ո՛ւմ պետք է երախտապարտ լինին հայ բոլշևիկները, եթե նրանք այսօր կարողանում են Հայաստանում հանգիստ նստել… Անշուշտ, գիտի: Բայց ինչո՞ւ այդ մասին լռում է նա:

Լռում է, պատասխանում եմ ես, որովհետև այլապես բոլշևիկների պետական իմաստությունից այս դեպքում գոնե բան չի մնա մեջտեղը…

Մի ուրիշ օրինակ ևս բերեմ:

Նախորդ գլխում մենք տեսանք, որ մեր ընկերները երկրից ստացած տեղեկությունների և օտարների վկայությունների հիման վրա, ջանացել են համոզել Քաջազնունին, որ նա սխալվում է ենթադրելով, թե Հայաստանում Դաշնակցությունը մեռել է: Զուր ջանք: Քաջազնունին դյուրավ հավատացողներից չէ. նա չի բավականանում ո՛չ ընկերների հավաստիացումներով, և ո՛չ էլ նրանց բերած տեղեկություններով:

Հավատալու համար, որ կուսակցությունը կա, գոյություն ունի Հայաստանում «ես փաստ պիտի ունենամ, դրական ու շօշափելի», բացականչում է նա, հիշեցնելով մեզ այն դատախազին, որ ասում է դատարանում մեղադրյալին. «Պարո՛ն, դուք անազնիվ եք. ապացուցեք, որ դուք ազնիվ եք»…

Մի կողմ եմ թողնում այն հարցը, թե որքա՛ն հարմար բան է Քաջազնունու համար, որ նա հրապարակ[ավ] փաստեր է պահանջում մեզնից, այն էլ դրական ու շոշափելի փաստեր, լավ իմանալով, որ մենք, անլեգալ կուսակցական կյանքի պայմաններում, այդ փաստերը հրապարակ[ավ]  տալ չենք կարող: Ինձ զբաղեցնողն այստեղ այն է միայն, որ ցույց տամ, թե ինչքա՜ն թերահավատ մարդ է Քաջազնունին և ինչքա՜ն  զգուշությամբ և հոռետեսորեն է մոտենում նա իրերի գնահատությանը, երբ խնդիրը վերաբերում է Դաշնակցությանը:

Բայց երբ խնդիրը վերաբերում է հայ բոլշևիկներին՝ նրա տրամադրությունը միանգամայն փոխվում է:

Ահա ձեզ մի պերճախոս փաստ: Քաջազնունին, ինչպես ինքն է ասում, չի ճանաչում հայ բոլշևիկներին, չունի անձնական ծանոթություններ, հեռվից էլ հնարավորություն չունենալով հետևելու նրանց գործունեությանը՝ չգիտի նրանց մեջ իշխող մտայնությունը: Բայց այս ամենը չի արգելում նրան ասելու. «Սրտի խորքում մի համառ հավատ ունեմ, որ նրանք էլ ինձ պես ու իմ չափ հայ մարդիկ են»:

Որտեղի՞ց է գալիս այս «համառ հավատը», Քաջազնունու պես թերահավատ ու կասկածամիտ մի մարդու մեջ, հարցնում էք դուք ապշած: Եվ այս հարցին դուք այլ պատասխան չեք գտնի, քան այն, թե… «Կոմունիզմը՝ ինքնըստինքյան, արգելք չէ հայերեն զգալու ու հայերեն մտածելու համար»: Թե ռուս կոմունիստներն էլ «իսկական ռուս մարդիկ են» և… այլևս ոչինչ:

Ինչո՞ւ այսպես երկու չափ, երկու կշիռ Դաշնակցության և հայ բոլշևիկների գնահատության խնդրում:

Որովհետև, պատասխանում եմ ես, այդ է պահանջում Դաշնակցության արժեքը ըստ ամենայնի նսեմացնելու և հայ բոլշևիկների արժեքն ըստ ամենայնի վեր հանելու գլխավոր ձգտումը, որ Քաջազնունու գրքույկի հիմնաքարն է կազմում:

Թո՛ղ ներվի ինձ մի երրորդ օրինակ ևս բերել այստեղ:

Քաջազնունին այն կարծիքին է, որ «Քաղաքական (ու մանավանդ հեղափոխական) կուսակցությունները չեն կարող կերպարանափոխվել անվերջ, ամեն օրվա պահանջի համեմատ: Նրանք ծագում են որոշ շրջաններում՝ որոշ գործ որոշ միջոցներով կատարելու համար. երբ դրությունը փոխվում է հիմնովին, պետք է փոխվեն և քաղաքական խմբումները»:

Այս հիմնական մտքից ելնելով՝ նա մերժելով մերժում է ամեն մի միտք, թե Դաշնակցությունը ապագայում կարող է հարմարվել հայ ժողովրդի համար ստեղծված նոր պայմաններին, իր ընթացքի մեջ որոշ փոփոխություններ մտցնել և պետք գալ հայ ժողովրդին:

«Նոր գինին չի կարելի լցնել հին տիկերի մեջ… Անցյալում Հ. Յ. Դաշնակցությունը պետք էր Հայաստանին ու հայ ժողովրդին. ապագայում նա պետք չի լինելու այլևս» բացականչում է նա մի տեղ: Իբրև կուսակցություն մենք չենք կարող «հարմարվել նոր պայմաններին ու փոխել հին մեթոդները», վրա է բերում նա մի այլ տեղ: Եթե ապագայում պայմանները փոխվեն և հարկ լինի խոսել թուրքերի կամ հակաբոլշևիկ ռուսների հետ՝ «այդ դէպքում էլ Դաշնակցությունը անկարող պիտի լինի ներկայացնել Հայաստանը ու փրկել դրությունը» հայտարարում է նա մի երրորդ տեղ և այսպես շարունակ:

Կարծում եք, թե մտքի հետևողականությա՞մբ պետք է բացատրել, որ Քաջազնունին այսքան համառությամբ պնդում է, թե Դաշնակցությունը չի կարող ապագայում նոր գործելակերպ որդեգրել: Կարծո՞ւմ եք, թե նա այս խնդրում իր այն հիմնական տեսակետն աչքի առաջ ունի, ըստ որի «Քաղաքական կուսակցությունները չեն կարող կերպարանափոխվել… ամեն օրվա պահանջի համեմատ»:

Եթե այդպես եք կարծում՝ բաց արեք խնդրեմ նրա գրքույկի 92-րդ էջը: Այդ էջում Քաջազնունին վիճում է այն մարդկանց դեմ, որոնք ենթադրում են, թե մի օր Մերձավոր Արևելքում պայմանները կարող են այնպես փոխվել, որ Դաշնակցության առաջադրած քաղաքական նպատակների իրագործմանը և, մասնավորոպես, Հայաստանի երկու հատվածների միացման հնարավորություն կստեղծվի, և այդ օրերի համար անհրաժեշտ են համարում Դաշնակցության պահպանումը:

Քաջազնունին եթե ոչ մոտիկ, գեթ հեռավոր ապագայի համար անհնարին չի համարում այդ դրությունը: «Բայց,- ավելացնում է նա,- ինչո՞ւ չենթադրել միաժամանակ, թե փոփոխված քաղաքական պայմաններում բոլշևիկներն էլ կփոխեն իրենց այսօրվա ընթացքը ու պահանջում են ոչ միայն «միացյալ», այլ նաև՝ «ծովից -ծով» Հայաստան»:

Ինչպե՞ս թե կփոխվեն: Չէ՞ որ «քաղաքական կուսակցությունները չեն կարող կերպարանափոխվել… ամեն օրվա պահանջի համեմատ: Չէ՞ որ բոլշևիկյան հին տիկի համար միանգամայն նոր, անտանելիության աստիճանի նոր գինի է ո՛չ միայն «ծովից- ծովի», այլև մի համեստ «միացյալի» պահանջը:

Զո՜ւր հարցեր: Զուր փորձ տրամաբանություն որոնել այնտեղ, ուր միտումն է իշխում. միտումը՝ ամեն գնով հերքել Դաշնակցության ներկա և ապագա գոյության իմաստը և միևնույն ժամանակ ամեն գնով վեր հանել բոլշևիկների գոյության անհրաժեշտությունը համաձայն այն երկու հիմնական մտքերի, որոնք, ինչպես տեսանք այս գլխի սկզբում, բևեռված են Քաջազնունու ուղեղում:

Չեմ երկարացնում այս օրինակների շարքը, որովհետև, ինչպես վերևն ասացի, իմ ուսումնասիրության ընթացքում այսպիսի օրինակներ շատ պիտի երևան գան:

Չեմ էլ ուզում երկար կանգ առնել այն արտահայտությունների վրա, որ Քաջազնունին, մղված իր հիմնական միտումից a tout prix սպանելու Դաշնակցությունը, անում է իր նախկին ընկերների հասցեին, նրանց գիտակցության շեմքից վար տեսնելով այսպիսի վատ տրամադրություններ, որոնք գոյություն չունեն իրականության մեջ: «Հայաստանն ու հայ ժողովուրդը հում նյութ չեն Հ. Յ. Դաշնակցությունը ապրեցնելու համար»: «Դուք… գործիքը (իմա՝ կուսակցությունը- Ա. Ջ.) սիրում եք ավելի, քան գործը»: Դուք Դաշնակցությունը կազմալուծելու առաջարկը չեք ընդունել Վիեննայում, որովհետև լռելյայն ու թերևս անգիտակցորեն հարց եք տվել ձեր հոգիների խորքերում՝ «հապա մենք ինչ անենք»: