Մայր Աթոռում՝ Մյուռոնօրհնեք

3735

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և մասնակցությամբ 12 եպիսկոպոսների՝ հայ եկեղեցու տարբեր թեմերից, տեղի կունենա Մյուռոնօրհնեքի արարողություն, որը ուղիղ և առցանց կհեռարձակեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և «Շողակաթ» հեռուստաընկերությունը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համատեղ:

 

Մյուռոնի օրհնությունը, որ ավանդաբար տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ, այս տարի համընկնում է Վարագա սուրբ խաչի տոնին՝ սեպտեմբերի 27-ին:

 

Մյուռոնօրհնության արարողության ժամանակացույցը

Սեպտեմբերի 26
20:30 – Էկումենիկ աղոթք (Ս. Էջմիածնի Մայր Տաճար)
Սեպտեմբերի 27
10:30 – Սուրբ Պատարագ (Ս. Էջմիածնի Մայր Տաճար)
17:00 – Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողություն (Մայր Աթոռի Ս. Տրդատ բաց Խորան)
Սեպտեմբերի 28
10:00 – Բարեխոսական կարգ և շրջայց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (Ծիծեռնակաբերդի հուշահամալիր)
12:00 – Աղոթք վասն հոգվույն երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի (Երջանկահիշատակ Հայրապետի շիրիմի առջև)
12:30 – Գարեգին Ա կրթական կենտրոնի բացում (Մայր Տաճարի շրջափակ)
13:30 – Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված Խաչքարերի օրհնություն և օծում(Մայր Տաճարի շրջափակ)
18:00 – Հայոց Եկեղեցին լուսանկարների ցուցահանդես (Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի նախասրահ):

 

Սրբալույս Մյուռոն

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը խորհրդավոր սրբազան արարողություն է, որն ավանդաբար կատարվում է 5-7 տարին մեկ: Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Մյուռոնօրհնությունից 40 օրեր առաջ մաքուր ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկվելով նրբահյուս շղարշով: Նշված օրերին երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հատուկ արարողություն` իբրև նախապատրաստություն առաջիկա Մյուռոնօրհնության:

Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի օրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով այն օրհնում է մեր եկեղեցու ավանդական երեք սրբություններով` Տիրոջ խաչափայտի մասունքով Կենաց Խաչով, աստվածամուխ Ս. Գեղարդով և Ս. Գր. Լուսավորչի Աջով:

Հայոց Եկեղեցում Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային ավանդության` Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը: Հետագայում Ս. Գրիգորին երևացած տեսիլքի միջոցով Հայոց առաջին Հայրապետը գտնում է Ս. Թադեոսի թաղած սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին: Ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր Մյուռոն է օրհնում, Լուսավորչավանդ հին Մյուռոնը խառնում է նորին, որպեսզի հնի մեջ պահպանվող Շնորհը փոխանցվի նոր Մյուռոնին:

Մեր եկեղեցում Մյուռոնով է կատարվում Ս. Դրոշմի խորհուրդը, քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները: Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. Խորանը և նրա վրայի Հիսուս մանկան հետ Տիրամոր նկարը, եկեղեցու սյուները և պատերը: Ամեն տարի` հունվարի 6-ին, Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուս վրա Ս. Հոգու էջքի:

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում և այժմ էլ այս խորհրդով և հոգևոր բարձր գիտակցությամբ է առաջնորդվել և ապրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մշտաբաշխ օրհնության ներքո: Ս. Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ:

http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=30423&pid=29930&lng=hy