«Մեր Կարսը» խորհրդաժողովը՝ հոկտեմբերի 30-ին

875

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նախապատրաստում է մեկօրյա խորհրդաժողով և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Յովսեփյանի (1943–1952) «Կյանքիս ամենադժբախտ օրը և երջանկությանս րոպեն» hուշագրության վերահրատարակություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության քաղաքներից Կարսի անկման 95-ամյակին, որ լրանում է հոկտեմբերի 30-ին:

Խորհրդաժողովը կկայանա հոկտեմբերի 30-ին Գյումրիում կամ Երևանում: Անցկացման վայրի և մյուս մանրամասների մասին կտեղեկացնենք հավելյալ:

Նրանք, ովքեր կցանկանան լինել զեկուցաբեր այդ խորհրդաժողովում, ցանկալի է, որ մինչև հոկտեմբերի 15-ը ներկայացնեն իրենց զեկուցման թեման՝ գրելով հետևյալ հասցեներին՝ aniarcf@gmail.com կամ info@aniarc.am: Զեկուցումները կարող են լինել գրավոր կամ բանավոր՝ 20 րոպեի շրջանակներում:

Բոլոր զեկուցաբերները կարող են խորհրդաժողովի օրը ներկայացնել կամ վաճառքի հանել իրենց հեղինակած գրքերը:

Ձեր զեկուցումները կարող են վերաբերել Կարսի և մարզի պատմությանը, քաղաքի ունեցած դերին հայոց պատմության մեջ, ճարտարապետությանը, աշխարհագրությանը, ժողովրդագրությանը, ազգագրությանը, ֆոլկլորին, Եղիշե Չարենցին ու Կարսին, Գեորգի Գյուրջիևին ու Կարսին, քաղաքի ու մարզի անկման պատճառներին, 1945-1946 թվականների Ստալինի “պահանջատիրությանը” և այլ թեմաների, որոնք պատշաճ կերպով ուշադրության չեն արժանացել:

Անհասկանալի, բայց ոչ արդարացված պատճառներով Հայաստանում և Սփյուռքում երբեք չի նշվում և հիշատակվում հոկտեմբերի 30-ը: Կարսի անկումը հայոց պատմության խոշորագույն աղետներից է: 1920-ի հոկտեմբերին քեմալականները Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությումբ գրավեցինք քաղաքն ու բերդը՝ չհանդիպելով ո՛չ հայկական բանակի, ո՛չ ֆիդայական խմբերի և ո՛չ էլ ժողովրդի որևէ դիմադրության: Գերի ընկան հարյուրավոր հայեր, այդ թվում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան զինվորականներ ու  նախարարներ:

Մեկօրյա այս խորհրդաժողովը կազմակերպվում է «ժողովրդական հանգանակության» շրջանակներում, և բոլոր անհատներն ու կազմակերպությունները, ովքեր ցանկանում են իրենց համեստ կամ առատաձեռն նպաստը բերել, կարող են դա անել ԱՆԻ կենտրոնի բանկային հաշիվներին փոխանցում կատարելով: Բոլոր անհատների և կազմակերպությունների անունները պատշաճ կերպով հիշատակվելու են ինչպես գիտաժողովի ընթացքում և նյութերում, այնպես էլ՝ ԱՆԻ կենտրոնի կայքում:

ConverseBank-ում ԱՆԻ-ի բանկային հաշիվներն են.

Դրամով՝ 19300  52522110100

Եվրոյով՝ 19300  52522110104

Դոլարով՝ 19300  52522110101

Բոլոր նրանք, ովքեր մտադիր են կատարել հանգանակություն, խնդրվում է այդ մասին ԱՆԻ կենտրոնին տեղեկացնել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ aniarcf@gmail.cominfo@aniarc.am, t.hakobyan@aniarc.am:

 

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ տեսարան Կարսից, 2007թ., հեղինակ՝ Թաթուլ Հակոբյան