«Զօրավար Անդրանիկը»՝ Թեհրանում

1381

Նախաձեռնությամբ Թեհրանի Հ. Մ. Մ. “Րաֆֆի” համալիրի, Իրանահայ ազգային և մշակութային միության, Աշխարհատեսների հայկական կենտրոնի և “Արաքս” շաբաթաթերթի՝ չորեքշաբթի օրը, սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամը 7-ին, Թեհրանի Հ. Բ. Ը. Մ. կենտրոնատեղիում տեղի կունենա Եղիշէ Քաջունու “Զօրավար Անդրանիկ. հայկական առանձին հարուածող զօրամասը” գրքի շնորհանդեսը, որը կներկայացնի Սիվիլիթասի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Այս հատորը վերահրատարակվել է վերջերս և հետաքրքրություն առաջ բերել ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ սփյուռքյան շրջանակներում: Գիրքը, որ պատմում է զորավար Անդրանիկի հայաստանյան գործունեության մեկ տարին՝ 1918-ի ապրիլից մինչև 1919-ի ապրիլ, 1921 թվականի առաջին հրատարակությունից վերահրատարակել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

Նախքան Թեհրան “մեկնելը”, “Զօրավար Անդրանիկը” շնորհանդեսների ձևով հանդիպումներ է ունեցել Գյումրիում, Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում:

Շնորհանդեսի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել նաև Թաթուլ Հակոբյանի “Արցախյան օրագիր” ու “Հայերը և թուրքերը” գրքերը, ինչպես նաև՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի “Անկախության ճանապարհով” հուշագրությունը: Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան նաև հարցեր ուղղել լրագրող, կովկասյան հակամարտությունների և հայ-թուրքական հարաբերությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանին: