Արշակ Ջամալյան vs Հովհաննես Քաջազնունի

2324

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը այսօրվանից սկսում է մաս-մաս ներկայացնել երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունը: Հինգ մասերից կազմված այս հոդվածաշարը տպագրվել է Բոստոսնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի 1924 թվականի համարներում (հունվար, Բ տարի, թիվ 3, էջ 48-60, փետրվար, Բ տարի, թիվ 4, էջ 117-130, մարտ, Բ տարի, թիվ 5, էջ 120-132, հունիս, Բ տարի, թիվ 8, էջ 65-82, հուլիս, Բ տարի, թիվ 9, էջ 70-79) և պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի՝ նախ ուղղված ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին, ապա և տպագրված առանձին գրքով Բուխարեստում 1923-ին: Մինչև տարեվերջ, ԱՆԻ-ն մեկ հատորում ընթերցողի սեղանին կդնի ինչպես վերոնշյալ երկու գործերը, այնպես էլ նույն թեմայով Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ աշխատությունը:

——-

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հ. Քաջազնունին, իբրև դաշնակցական անհատ, ներկայացրել էր մի զեկուցում մեր կուսակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին, որ տեղի ունեցավ Վիեննայում մի քանի ամիս առաջ: Իր զեկուցման մեջ Քաջազնունին այն միտքն էր արտահայտում, թե Հ. Յ.  Դաշնակցությունը պետք է ինքնակազմալուծման որոշում կայացնի, որովհետև այլևս նրա համար անելիք չի մնացել հայ կյանքում:

Թեև վերոհիշյալ խորհրդաժողովում կային քաղաքական տեսակետից տարբեր հայացքներ ներկայացնող հոսանքներ ու անհատներ, բայց և այնպես Քաջազնունու առաջարկը մերժվեց միաձայնությամբ: Ավելին կասեմ: Խորհրդաժողովի անդամներն այդ առաջարկը այնքան անլուրջ մի բան համարեցին, որ մինչև անգամ ավելորդ նկատեցին նրա քննությունը ըստ էության:

Խորհրդաժողովի իրադարձություններին տեղեկանալով՝ Քաջազնունին  ներկայացրել է իր հրաժարականը Դաշնակցությունից և միաժամանակ հրատարակության տվել իր զեկուցումը մի բրոշյուրով, որ լույս է տեսել Վիեննայում մոտ երկու ամիս սրանց առաջ, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» վերնագրով:

Ես մեկն էի այն անձնավորութիւններից, որոնք խորհրդաժողովում պնդում էին, թե պետք է լայնասիրտ հոգով մոտենալ Քաջազնունու զեկուցմանը և միանգամայն սառը, առարկայորեն, առանց կողմնակի մեկնությունների, քննել նրանց առաջարկները: Այժմ էլ, ուշադրությամբ կարդալով այս բրոշյուրը, գալիս եմ այն եզրակացության, որ պետք է միայն ուրախ լինել, որ նա լույս է տեսել: Եթե այս բրոշյուրը լույս չտեսներ՝ Քաջազնունու զեկուցման ու առաջարկների մասին առասպելներ պիտի կազմվեին հասարակության մեջ՝ հազար ու մի ենթադրությունների ու տարակույսների տեղիք տալով: Մինչդեռ այժմ նրա կարծիքները Դաշնակցության մասին հրապարակի վրա են և ամեն ոք կարող է տեսնել, թե ինչ արժեք են ներկայացնում նրանք:

Ես հավատացած եմ, որ Քաջազնունու զեկուցումը կամ լույս տեսած այս գրքույկը, չնայած իր երևութապես առարկայական կառուցվածքին, չի կարող և չպիտի կարողանա խախտել ոչ մի գիտակից դաշնակցականի համոզումնները: Ավելին կասեմ: Հասարակական երևույթներն ըմբռնելու և քննելու մեթոդներին ծանոթ որևէ ընկերաբան, անգամ մեր կուսակցության հակառակորդ շարքերից, պետք է միայն զարմանքով ուսերը շարժի՝ ծանոթանալով այն գնահատությանը, որ տալիս է Քաջազնունին հեղափոխական կյանքի երևույթներին, և ա՛յն պատճառաբանությանը, որ առաջ է քաշում նա՝ Դաշնակցության գոյության raison d’etre (գոյության իրավունքը) ի չիք հայտարարելու համար:

Իհարկե, մեր կուսակցության տղայամիտ հակառակորդները, թե՛ աջից, թե՛ ձախից, հրճվանքի օրեր են ապրում այս գրքույկի առթիվ և բոլոր հողմերի ուղղությամբ թմբկահարում, թե Դաշնակցության վախճանը արդեն հասել է, թե նա կազմալուծվում է ներսից, թե խղճի տեր դաշնակցականներն այլևս անհնարին են համարում մնալ այդ կուսակցության մեջ և այլն, և այլն: Բայց ի՞նչ արժեք ունեն մեզ համար այս թմբկահարությունները: Ե՞րբ չեն մեր հակառակորդները այդպես վարվել: Ե՞րբ են նրանք որևէ առիթ փախցրել՝ Դաշնակցության մահը գուշակելու համար:

«Դաշնակցությունը մեռավ», երբ «Միհրանականները» 1906-1907 թվին սկսեցին աղմկել հրապարակը: «Դաշնակցությունը մեռավ», երբ բժիշկ Լ. Աթաբեկյանը, մի քանի զույգ «անջատականներ « հետևը ձգած, հեռացավ մեր կուսակցությունից: «Դաշնակցությունը մեռավ», երբ Անդրանիկը թողեց մեր շարքերը: «Դաշնակցությունը մեռավ»…

Բայց ո՞ր մեկը թվեմ. տարին տասներկու ամիս մեր կուսակցությունը «մեռնում է», մեռնում է մեր հակառակորդների երևակայությամբ, բայց իրականում տեսնում ես , որ նա, հաստարմատ կաղնու պես, կանգուն է իր տեղը: Այժմ էլ «Դաշնակցությունը մեռնում է», որովհետև Քաջազնունին է անջատվում նրանից…:

Այսպես է մեր հակառակորդների հոգեկան վիճակը. Իրականությունը նրանք չեն տեսնում, կամ չտեսնելու են դնում և, իրենց ներքին ցանկությունն իբրև իրականություն ներկայացնելով, Դաշնակցությունը մահացած կամ մահամերձ  հայտարարում…

Թողնենք մեր այդ անխելահաս հակառակորդներին, որ իրենց խրախճանքը շարունակեն Դաշնակցության «անշնչացած դիակի» շուրջը և դառնանք Քաջազնունու զեկուցմանը: Որովհետև այս զեկուցումը գրված ու տպագրված է ոչ թե Դաշնակցության հակառակորդներին սիրաշահելու մտադրությամբ, այլ միանգամայն տարբեր հոգեբանական շարժառիթներով:

Նախքան այս գրքույկի քննությանն անցնելը անհրաժեշտ եմ համարում մի քանի տեղեկություններ տալ հեղինակի մասին:

Իհարկե, անարժան բան է, որ ոմանք «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» գրքույկի հրատարակությանը ad hominem մեկնություններ են տալիս: Անձամբ ճանաչում եմ Հովհաննես Քաջազնունուն և երբե՛ք չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, թե նա կարող էր զանազան ճղճիմ հաշիվներով ղեկավարվել այս գործում: Եվ եթե ես ինձ ստիպված եմ զգում մի քանի խոսք ասել նրա անձնավորության մասին, դրա պատճառն այն է, որ Քաջազնունու կուսակցական անցյալի և նրա բնավորության հետ կապված մի քանի խնդիրներ կան, որոնց պարզաբանությունը մեծապես կնպաստեր հասկանալու նրա այս գործն իր ամբողջության մեջ:

Առաջին խնդիրն այն է, որ Քաջազնունին, թեև շարունակ խոսում է Դաշնակցության մասին իբրև իր կուսակցության մասին, երբեք, բառիս բուն իմաստով, դաշնակցական չի եղել, դաշնակցական մտածողություն չի ունեցել: Դաշնակցությունը նրա համար արժեք է ունեցել միայն այն չափով, ինչ չափով նա մարտնչել է հայ ժողովրդի քաղաքական ազատագրման համար»: «Հ. Յ. Դաշնակցությունը,- Քաջազնունու խորին համոզումով,- միշտ եղել է ու միշտ մնացել հայ քաղաքական ազատագրման մարտիկը». նրա «էությունը, գոյության իմաստը, պատմական կոչումը, ույժն ու արժեքը ա՛յդ է եղել, ու միայն այդ»:

Այսպես է ըմբռնում Քաջազնունին Դաշնակցության դերն ու իմաստը հայ կյանքում: Եվ այս ըմբռնողությամբ, նա կարող է, իհարկե, Դաշնակցության սահմաններն ընդարձակել մինչև այն աստճան, որ այսօր դաշնակցական կարող են համարվել ոչ միայն «շատունցվա և աննուղղելի կոմունիստ» Քաջազնունին, այլև Ռամկավար Ազատականները, Հնչակյանները, հայ ժողովրդի քաղաքական ազատագրությունն իրենց սրտին մոտ ընդունող անկուսակցականները, Կրապոտկինյան տիպի անիշխանականները և մինչև անգամ հայ բոլշևիկները:

Սակայն, ակնհայտ իրողություն է, որ հայ ժողովրդի քաղաքական ազատագրությունը իբրև նպատակ ընդունելով հանդերձ, այսօր հնչակյանները առանձին կուսակցություն են կազմում, ռամկավարները՝ առանձին, և բոլշևիկները՝ առանձին: Ակնհայտ իրողություն է նաև, որ անկուսակցականները, չնայած որ երբեմն շա՜տ բուռն ցանկություն  ունեն տեսնելու հայ ժողովուրդը քաքաղաքականապես ազատագրված, չեն մտնում ոչ մի կուսակցության մեջ, իսկ դաշնակցական կոմիտեների մեջ կամ նրանց շուրջը համախմբվում են միայն դաշնակցականները և ոչ թե բոլոր հայ հայրենասերները:

Ի՞նչ է ասում մեզ այս իրողությունը: Այն, որ կուսակցությունները բնորոշվում են ոչ այնքան իրենց նպատակով, որքան իրենց աշխարհայացքով, իրենց մեջ մտած ընկերային խավերով, իրենց կազմակերպությամբ, պայքարի մեթոդներով, անձնազոհության պատրաստակամությամբ, կարգապահական ոգով, ավանդություններով և այլ այսպիսի մի շարք առանձնահատկություններով, որոնք իրենց ամբողջության մեջ, կուսակցությունից կուսակցություն տարբեր են: Սրանով է բացատրվում, օրինակ, որ ընկերվարական կուսակցությունները հաճախ բուռն պայքարի են դուրս գալիս իրար դեմ, թեև ամենքն էլ մի ընդհանուր նպատակ են հետապնդում: Նույն երևույթը  նկատում ենք մենք նաև բուրժուական կուսակցությունների և անիշխանական կազմակերպությունների մեջ:

Այս ամենից հետևում է, որ Դաշնակցությունը բոլորովին այլ բան է, քան Քաջազնունու ըմբռնածը: Եվ նա միանգամայն իրավացի է, երբ ասում է. «Ես կուսակցական մարդ չեմ (բառի նեղ իմաստով) ու երբեք էլ չեմ եղել. և այդ է պատճառը, որ այդքան տարի մեկուսի եմ մնացել կուսակցության մեջ»:

Իմ այս առաջին տեղեկությունից բխում է, որ մեր առաջ գտնված գրքույկից խոսողը մի դաշնակցական չէ, այլ մի հայ մարդ, կամ, եթե կուզեք, մի հայ հայրենասեր, որ իր կարծիքով՝ իրավամբ, բայց ընդհանուրի կարծիքով՝ թյուրիմացությամբ, մուտք է գտել Դաշնակցության մեջ:

Այս այսպես լինելով պարզ է, որ մեր առաջ դրված գրքույկը պետք է դիտվի բոլորովին այլ մակարդակի վրա, քան թե նա դիտվում է մեր հակառակորդների և ընկերներից շատերի կողմից: Նա պետք է դասվի ի շարս այն գրքերի, որոնք զանազան ժամանակներում լույս են տեսել Դաշնակցության դեմ, ինչպես Լ. Աթաբեկյանի «Ինչո՞ւ ենք անջատվում Դաշնակցությունից», Բ. Իշխանյանի «Դաշնակցության ինքնաքայքայումը», Ռ. Խանազատի՝ համապատասխան բովանդակությամբ մի գրքույկը, որի անունը մոռացել եմ, և այլն, և այլն:

Կարող է պատահել, որ Քաջազնունիի գրքույկը իր բոլոր նախորդներից բարձր լինի և՛ անկեղծությամբ, և՛ տրամաբանական պատճառաբանության ուժով, և՛ ուրիշ հատկություններով: Ես առայժմ դրա դեմ չեմ վիճում: Ինձ համար կարևորն այն է, որ, ըստ էության, այս գրքույկը քննադատություն է ոչ թե Դաշնակցության ներսից, այլ դրսից:

Այս տեղեկությունն ու եզրակացությունը ես անհրաժեշտ համարեցի առաջ բերել մանավանդ ա՛յն  պատճառով, որ Քաջազնունու գրքույկը ընկերներից մի քանիսի վրա ճնշող տպավորություն է թողնում ոչ թե նրա համար, որ մի անգամ ևս, և քանի՜երորդ անգամն է սա, պատգամախոսվում է Դաշնակցության մահվան մասին, այլ որ այս անգամ պատգամախոսողը դաշնակցականի, և այն էլ՝ հեղինակավոր դաշնակցականի համարում ունի նրանց աչքում: