Հայաստանում խոզի մսի պահանջարկը բավարարվում է ներկրվող մսի հսկայական ծավալներով: Արտերկրից ներկրվող խոզի միսը զգալիորեն էժան է տեղականից, սակայն իր որակական և համային հատկանիշներով էապես զիջում է: Հայաստան խոզի միս ներկրում է իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, օլիգարխ և Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Սամ-Սեր» ընկերությունը: Խոզի միսը հիմնականում ներկրվում է Բրազիլիայից՝ 2.5 դոլար մաքսային արժեքով, վաճառվում է մեկ կիլոգրամը մինչև 2.000 դրամով: Բրազիլական խոզի մսի ներկրման ծավալները վերջին տարիներին առնվազն կրկնապատկվել են:
Նման պայմաններում շուկայից տեղական միսը դուրս է մղվում, ինչի հետևանքով տեղական խոզաբուծությունը ոչ միայն չի զարգանում, այլ կրճատվում է: Ավելին, Տավուշի մարզի գյուղացիների մոտ կա համոզմունք, որ Աֆրիկյան ժանտախտ կոչվող հիվանդությունը տարածում է հենց այն ընկերությունը, որը ներմուծում է բրազիլական էժան և ոչ բարձր որակի միս: Որքանով է համապատասխանում դա իրականությանը, էական չէ, քանի որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները համոզված են, որ խոզերին վարակում են հիվանդություններով, և մարդիկ այլևս չեն համարձակվում զբաղվել դրանով՝ երկյուղելով, որ նույնը կկրկնվի:
2007-2008 թվականներին Աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը, որը պաշտոնապես համարվեց խոզերի՝ անտառներում արածելու հետևանք, անդառնալի հարված հասցրեց Տավուշի մարզի խոզաբուծությանը: Հազարավոր գլուխ անասուններ անկում ապրեցին: Հարյուրավոր գյուղացիական փոքր տնտեսությունների համար խոզաբուծությունը ապրուստի հիմնական միջոցն էր, որն ապահովում էր լավ եկամուտ:
Հայաստանի ներքին շուկան ունի տեղական խոզի մսի կարիք, հատկապես անտառներում պահված խոզերի, քանի որ այն զգալիորեն տարբերվում է արդյունաբերական տիպի խոզաբուծական համալիրներում և տնտեսություններում բուծվող խոզի մսից: Տավուշի մարզի սահմանամերձ հատվածի անտառներում հնարավորություն կա եռապատկել և տանապատկել խոզերի քանակը: Բացի այն, որ անտառներում պահված խոզի միսը համեղ է, գնի առումով այն դառնում է մրցունակ, քանի որ տարվա մեծ մասը անասունները կերակրվում են անտառներում՝ հաճարով, կաղինով, տարբեր հատապտուղներով: Խոզերի լեռնանտառային պահվածքը էականորեն նվազեցնում է ինքնարժեքը:
Համաձայն Գյուղնախարարության տվյալների, Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 10 հազար տոննա խոզի միս մաքուր զանգվածով (17-18 հազար տոննա կենդանի զանգվածով): Այսպիսով, Հայաստանում արտադրվող և ներմուծվող խոզի մսի սպառումը մոտենում է 50-50 համամասնության: Սակայն եթե այսպես շարունակվի, ապա առաջիկայում Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը միայնակ ավելի շատ խոզի միս կներկրի, քան կարտադրեն տեղական հազարավոր փոքր ընտանեկան տնտեսությունները և մի քանի միջին խոզաբուծական (Արմավիրի և Արարատի մարզերում) ֆերմաները միասին վերցրած:
Ընդհանրապես, տեղական խոզի մսի սպառումը կարող է էապես ազդել անասնապահության այս ճյուղի զարգացման վրա: Սակայն մենաշնորհները իրենց սև գործն են անում՝ հարստացնելով իշխանությունների կողմից հովանավորվող մեկ մարդու և աղքատացնելով հազարավոր գյուղացիների: Ավելին, ներկրվող խոզի միսը մաքսային արժեքով այնքան էժան է, որ ցանկության դեպքում կարելի է կտրուկ նվազեցնել վաճառքի գինը այն շրջանում, երբ շուկա է հասնում գյուղացիների կողմից մթերվող խոզի միսը (դեկտեմբեր), և գյուղացիներին կանգնեցնել դժվարության առաջ:
Պարբերաբար լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, թե իբր տեղական խոզի միսը վարակված է հիվանդությամբ կամ մայրաքաղաքի որևէ շուկայում վաճառվել է սատկած խոզի միս: Տարածված կարծիք կա, որ սա նույնպես արվում է միս ներկրող օլիգարխի եկամուտները մեծացնելու և տեղական, որակով խոզի միսը շուկայից դուրս մղելու նպատակով:
Նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/09/12/tavush-bee-part-6/
Այս տարվա փետրվարին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պատրաստել է 50 էջանոց համապարփակ զեկույց Տավուշի մարզի մասին, որը կարող եք կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/