Հովհաննես Քաջազնունի. Սևրից՝ Home, ապա՝ Լոզան ու Սիբիր

1774

Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ 1923 թվականին ՀՅԴ  խորհրդաժողովին հղած զեկուցագրից:

 

Փարիզի [Սևրի] հուշագիրը շատ ոգևորեց խակ մտքերը, մանավանդ՝ գաղութներում: Այնպիսի մի մտայնություն էր ստեղծվել, որ կարծես գծելով թղթի վրա պետության սահմանները, արդեն տեր ենք դառել այդ սահմաններին կամ, առնվազն, անխուսափելի իրավունքներ ենք ձեռք բերել: Այնուհետև, ամեն մի կասկած հաջողելու մասին թարգմանվում է իբրև փոքրոգություն, չափավոր լինելու ամեն մի տրամադրություն՝ իբրև դավաճանություն և ամեն մի հակառակություն դրսից՝ իբրև թշնամություն հանդեպ մեր դատի և իրավունքների:

Անիմաստ պահանջներին ու չափազանցված պահանջներին բնականորեն պիտի հետևեր դառն հիասթափություն:

Սևրի դաշնագիրը, որ չէր հիշատակում ոչ Կիլիկիա, ոչ Խարբերդ, ոչ Սվազ (բայց նախատեսվում էր այնպիսի լայն սահմաններ, որոնք թերևս վեր էին մեր կարողություններից), արդեն այդ իսկ դաշնագիրը առաջ բերեց հիասթափում ու սովորական գանգատներ: Ասում էինք՝ պետությունները անարդար եղան, չգնահատեցին ու չվարձատրեցին մեզ ըստ մեր արժանիքների, կրճատեցին մեր անվիճելի իրավունքները, զրկեցին…

Մի քիչ անցած՝ նոր ու շատ մեծ հիասթափում. Հյուսիս-Ամերիկյան Միացյալ Նահանգների Սենատը մերժեց այն իսկ մանդատը, որի վրա այնքա՜ն հույսեր էինք դրել մենք:

Նախագահ Վիլսոնի ծրագրած Հայաստանի սահմանները նույնպես չբավարարեցին մեզ, նոր գանգատների տեղիք տվ[եց]ին: Ասում էինք. նախագահ Վիլսոնը կարող էր ավելի լրիվ օգտագործել Սևրի դաշնագիրը ու ավելի մեծ հողեր հատկացնել մեզ:

Բայց և այդ նեղ համարված սահմանները՝ մի տեսակ կապույտ թռչուն եղավ մեզ համար, անշոշափելի ու անհասանելի:

Թուրքերը չէին ուզում ճանաչել ո՛չ Վիլսոնի վճիռը, ո՛չ մեր գանգատները, ո՛չ իսկ Սևրի դաշնագիրը: Փոխանակ, դատարկելու հայկական հողերը, նրանք եռանդորեն զինվում էին ու ամրացնում դիրքերը, իսկ դաշնակից պետությունները ոչ մի տրամադրություն չէին ցույց տալիս՝ զենքի ուժով կարգի հրավիրելու անհնազանդ անկարացիներին: Դեռ հակառակը՝ սիրախաղ էին սկսել միլլիականների հետ… դաշնակիցները մոռանում էին, կարծես, որ մենք մնացել ենք անբավարարված ու իրենց սեփական գործերն էին կարգադրում:

(Հաճախ ասում եմ՝ «մենք», «մեզ», առանց ճշտելու դերանունը, որովհետև շատ դեպքերում՝ չեմ տարբերում կուսակցությունը ժողովրդական զանգվածներից. նույն հոգեբանությունը, նույն անհեռատեսությունը, իրականության նույն անգիտակցությունը, քաղաքական նույն տհասությունը):

1922 թվականին սկսվեց թուրքահայ դատի հոգեվարքը:

Լոնդոնի խորհրդաժողովում առաջին անգամ, պաշտոնապես արտասանվեց ու արձանագրվեց Home բառը: Սևրի դաշնագիրը մոռացվել էր հիմնովին: Այլևս խոսքը անկախ հայ պետության մասին չէր, ոչ իսկ ինքնավար նահանգների, այլ ինչ որ ազգային Home-ի՝ մի կասկածելի օջախի ուրիշի տան մեջ:

Բայց, ասում էին, սա վերջին զիջումն է, որ արվում է համառող Անկարային՝ խաղաղության սիրույն համար: Home-ի պահանջը պարտադիր պիտի լինի Թուրքիայի համար ոի ինքը՝ Home-ը՝ անկախ թուրք[ական] իշխանությունից:

Այսպես էր տրված հարցը մարտ ամսին:

Տարվա վերջում՝ Լոզանում, գործը մի քիչ տարբեր ընթացք առավ. Home-ը չառաջադրվեց իբրև պահանջ, այլ ներկայացվեց թուրքերի բարեհաճություն՝ իբրև բարեկամական խորհուրդ ու խոնարհ խնդիր: Տեղի ունեցավ մի օպերետային երկխոսություն: Թուրքերը՝ միշտ քաղաքավարի ու սիրալիր, շատ ցավեցին, որ պիտի մերժեն բարեկամական խորհուրդը ու առավել ևս, որ հարկադրված են չհարգելու խնդիրը: Դաշնակից մեծ պետությունները մի հուսահատական ժեստ ար[եց]ին. մենք սպառեցինք մեր բոլոր միջոցները, աս[աց]ին, ար[եց]ինք ամեն հնարինն ու անհնարինը, այլևս ոչինչ չենք կարող անել խեղճ հայերի համար… ու անցան կուպոնների խնդրին:

Բայց այստեղ հանդես եկավ ընկեր Չիչերինը ու Խորհրդային Ռուսաստանի անունից մեծահոոգաբար առաջարկեց տեղ տալ թուրքահայության մնացորդներին Ղրիմում, Վոլգայի ափերին ու Սիբիրում:

Պետությունը վերածվեց Home-ի, Home-ը վերածվեց գաղութների… Սիբիրում: Սարը մուկ ծնեց, ո՛չ, սարը երկնեց անասելի տանջանքների մեջ, ցնցվեց հիմքերից, պատառ պատառ եղավ արյան հեղեղներ հոսեցրեց արգանդից ու ծնեց ոչինչ, ոչ իսկ մուկ: