Դէպի Հալէպ եւ Տաւուշ. Հեռուստամարաթոն 2015

845

Սեպտեմբերի այս օրերին, երբ նշում ենք վերամուտը, մեր երեխաներին դպրոց ու մանկապարտէզ ուղարկում, վայելում Երեւանի հրաշալի եղանակն ու բաց սրճարանները, Հայաստան-Ազրպէյճան սահմանի Տաւուշի հատուածում կրկին կրակում են: Հայկական շուրջ 20 գիւղերի երեխաներ դպրոց են յաճախում հակառակորդի ամէն պահ սպասելի գնդակոծութեան պայմաններում, նրանց ծնողները չեն կարողանում, բառիս բուն իմաստով չեն կարողանում հաւաքել դաշտերում մնացած բերքը, քանի որ մշակելի հողերի մեծագոյն մասը հակառակորդի ուղղակի թիրախի տակ է:

Բայց տեղի ունեցաւ ամէնից ողբերգականը: Հայրենի սահմանները պաշտպանելու համար այս օրերին ընկան երեք հայորդիներ, որոնցից մէկը հինգ երեխաների հայր էր: Նրանք երեքն էլ պայմանագրային զինծառայողներ էին: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» այս իրավիճակը, որ ձգւում է աւելի քան երկու տասնամեակ` 1994-ի մայիսից (իսկ 1991-1994 թուականներին պատերազմ էր), Հայաստան-Ազրպէյճան սահմանի Տաւուշի հատուածի շուրջ երկու տասնեակ հայկական գիւղերի համար աւելի մօտ է պատերազմին:

Ի՞նչ կը լինի, եթէ «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարուայ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակուած ողջ գումարը կիսուի հայկական աշխարհի ամէնից ծանր պայմաններում գոյատեւող հայերի համար` ՀԱԼԷՊ եւ ՏԱՒՈՒՇ:

Երբ 1992-ին Հայաստանի ղեկավարութիւնը սփիւռքեան առաջատար կազմակերպութիւնների եւ կառոյցների հետ գործակցաբար ստեղծում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը, հիմնական նպատակ էր հետապնդում օգնել ու նեցուկ կանգնել հայութեան այն հատուածներին, որոնք նիւթական օգնութեան խիստ կարիքը ունեն:

Անկասկած, հիմնադրամը անցնող 22 տարիներին անգնահատելի գործ է կատարել: Առաջին հերթին, եւ դա արդար է, ուշադրութեան կենտրոնում եղել է Արցախը: Եթէ այսօր երկրորդ հայկական հանրապետութիւնում պատերազմի բացայայտ հետքերը չեն երեւում, ապա դրանում իր մեծագոյն ներդրումը ունեն հիմնադրամն ու այն խոշոր բարերարները, առաջին հերթին` աւանդական սփիւռքից, իսկ վերջին տարիներին` նաեւ Հայաստանից ու Ռուսաստանից, ովքեր ամէն տարի իրենց մասնակցութիւնն են բերում եւ հեռուստամարաթոնների ընթացքում մի քանի հարիւր հազարից մինչեւ մի քանի հարիւր միլիոն տոլար նուիրաբերում:

Այսօր Արցախը, բարեբախտաբար, լաւ վիճակում է: Այո՛, նրա սահմանների երկայնքով կանգնած են ազրպէյճանական բանակները, որոնք պատրաստ են ամէն յարմար պահի նոր պատերազմ սանձազերծել: Իրադրութիւնը Արցախ-Ազրպէյճան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարուած, դիպուկահարների զոհ են դառնում մեր առաջնային դիրքապահները, սակայն միւս կողմից` սահմանի այդ հատուածում չկան բնակավայրեր, որտեղ քաղաքացիական բնակչութիւնը ամէնօրեայ վտանգի տակ է գոյատեւում:

Իսկ ահա Տաւուշում կան այդպիսի երկու տասնեակ բնակավայրեր: Ընդհանրապէս, Տաւուշի մարզը եւ առաջին հերթին Բերդի տարածաշրջանը, ներդրումների ու նոր ենթակառուցուածքների խիստ կարիք ունի: Արդար կը լինի, եթէ մէկ անգամ, գոնէ մէկ անգամ, համայն հայութեան հանգանակած գումարների մի մասը ուղղուեն դէպի Հայաստան-Ազրպէյճան սահմանի Տաւուշի հատուած: Դա լուրջ ներդրում կը լինի. կը ստեղծուեն նոր աշխատատեղեր, արտագաղթ չի լինի, իսկ ամէնից կարեւորը` այդ շրջանի բնակիչները կը համոզուեն, որ պետութիւնն ու համայն հայութիւնը իրենց կողքին է:

Արցախի իշխանութիւններն ու ժողովուրդը, վստահաբար, ըմբռնումով կը մօտենան, երբ յայտարարուի, որ հանգանակուած գումարները ուղղուում են դէպի ՀԱԼԷՊ ու ՏԱՒՈՒՇ: Աւելի՛ն. հէնց Արցախի իշխանութիւնները պէտք է լինեն ջատագովները: Եւ պէտք չէ հեռուստամարաթոնի օրակարգը փոխել: Թո՛ղ Արցախի նախագահը, վարչապետը կամ Ազգային ժողովի նախագահը,  ընկերակցութեամբ Արցախի թեմի առաջնորդի, ինչպէս լինում է աւանդաբար, մեկնեն Լոս-Անճելըս, բայց այս անգամ համայն հայութեանը բացատրեն եւ ուղերձ յղեն առ այն, թէ որքան կարեւոր է այսօ՛ր, ա՛յս տարի օգնել ոչ թէ Արցախին, այլ` հայութեան այն հատուածներին, որոնք համայն հայութեան կարիքն ունեն առաջին հերթին: Դա նաեւ խորհրդանշական կը լինի: Եւ ցանկալի կը լինի, որ Հալէպի ու Տաւուշի դրամահաւաքին ամէնաաշխուժ մասնակցութիւն ունենան Արցախի քաղաքացիները նաեւ:

Հայութեան, հետեւաբար նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուշադրութեան կենտրոնում պէտք է լինի նաեւ Հալէպը: Հալէպում հայութեանը ամէն կերպ պահելու, Հալէպից հայութեանը ամէն կերպ դուրս բերելու մասին հայկական լրատուամիջոցներում շարունակուող քննարկումները էական չեն: Այդ քննարկումները ինչ-որ իմաստով նաեւ արհեստական են: Պէտք է ընդունել այն իրավիճակը, որ այսօր կայ այնտեղ: Իսկ իրավիճակը հետեւեալն է. Հալէպում ունենք հազարաւոր հայեր, ունենք համայնքային կառոյցներ, որոնք շարունակուող պատերազմի պայմաններում փորձում են յարմարուել իրավիճակին: Ճիշդ այնպէս, ինչպէս Տաւուշի մարզի երկու տասնեակ գիւղերի բնակիչներ արդէն աւելի քան 20 տարի ապրում են եւ փորձում գոյատեւել «Ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» պայմաններում:

Անշուշտ մէկ էական տարբերութիւն կայ: Տաւուշը Հայաստան է, հայրենիք, յաւէրժ, իսկ Հալէպը Հայաստան չէ: Բայց նոյն Հալէպն ու հալէպահայութիւնը մեծագոյն ներդրումն են ունեցել ինչպէս Հայաստանին նիւթապէս օգնելու հարցում, այնպէս էլ տասնամեակներ շարունակ սփիւռքին տուել է որակեալ ուսուցիչներ, բժիշկներ, պատմաբաններ, ճարտարապետներ: Մենք պէտք է հասկանանք նաեւ, որ երբ խօսում ենք Հալէպի մասին, ապա նկատի ունենք հայերի, որոնք զանազան պատճառներով, անգամ այս արիւնահեղ պատերազմը աչքի առաջ ունենալով, կառչած են մնում իրենց տներին, համայնքային կառոյցներին, շարունակում են դպրոց ու եկեղեցի պահել, իրենց երեխաներին ուղարկել դպրոց: Մենք նկատի ունենք որոշակի հայերի` հալէպահայերի, որոնք այսօր ունեն համայն հայութեան նիւթական ու բարոյական աջակցութիւնը:

Եւ ուրեմն, դէպի ՀԱԼԷՊ եւ ՏԱՒՈՒՇ:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ