Տավուշ՝ պատմական Ուտիք. հայ-թաթարական բախումների պատմությունից

5161

Վերջին օրերին կրկին սրվել է հայ-ադրբեջանական առճակատումը Տավուշի մարզի հատվածում: Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պարբերաբար՝ ամեն օր, մեկ հրապարակումով անդրադառնում է մարզի ռազմավարական նշանակությանը և աշխարհագրական դիրքին, սահմանի այդ հատվածում հայ-թաթարական/ադրբեջանական բախումների պատմությանը, ենթակառուցվածքներին, առկա դժվարություններին ու մարտահրավերներին, առանձին-առանձին մարզի այն երկու տասնյակ գյուղերին, որոնք արդեն 25 տարի ապրում են ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ իրավիճակում, որ ավելի ճիշտ է՝ ապրում են հակառակորդի կրակի տակ, կառավարության քայլերին, մարզի բիզնես հնարավորություններին: Մեր հրապարակումներով կփորձենք մեր համեստ նպաստը բերել ՏԱՎՈՒՇԸ հայկական աշխարհի ուշադրության կենտրոնում պահելու գործում: Թերևս ժամանակն է, որպեսզի ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ իր տարեկան հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված ամբողջ գումարը ուղղի հենց ՏԱՎՈՒՇ-ին: Մեր հրապարակումներով կփորձենք հիմնավորել և ցույց տալ, որ ռազմավարական իմաստով ՏԱՎՈՒՇԸ Հայաստանի, ներառյալ Արցախը, ամենից կարևոր հատվածն է: Այսօր ներկայացնում ենք Տավուշի մասին պատմական տեղեկություններ, ինչպես նաև՝ ուշագրավ անցքեր հայ-թաթարական/ադրբեջանական բախումների պատմությունից:

Տավուշի մարզի այսօրվա տարածքը հիմնականում համապատասխանում է պատմական Ուտիքին: Այն մաս է կազմել Արտաշեսյան, Արշակունյաց և Բագրատունյաց (Լոռվա թագավորություն) Հայաստանի: Վրաստանի Թբիլիսի (Թիֆլիս) կենտրոնը գրեթե միշտ եղել է ամենակարևոր քաղաքը տավուշցիների համար առաջին հերթին մոտիկության պատճառով: Երբ Բագրատունյաց Հայաստանը անկում ապրեց, Տավուշը Զաքարյան Հայաստանի կազմում ավելի մոտեցավ Թիֆլիսին: Պատմության հարյուրամյակների ընթացքում Հայաստանի այս հատվածը չի կրել թուրքական լուծը: 1555 և 1639 թվականների թուրք-պարսկական բաժանումների արդյունքում Տավուշի այսօրվա տարածքը անցել է Սեֆյան Իրանի տիրապետության տակ:

Zaqaryanneri ishxan 13-14

Տավուշը, որ 19-րդ դարի սկզբում Ելիզավետպոլի նահանգի կազմում էր, ռուս-պարսկական պատերազմի արդյունքում անցավ Ռուսական կայսրության տիրապետության տակ: 1828-1840 թթ.  Ռոմանովների կայսրության կազմում ստեղծվեց Հայկական մարզը: 19-րդ դարի սկզբից Ռուսական կայսրության մաս կազմող Անդրկովկասը բազմաթիվ անգամ ենթարկվել է վարչական վերաբաժանումների: Տավուշի մարզի այսօրվա տարածքը մինչև 1868 թվականը մաս էր կազմում Վրաց-իմերեթական, ապա Թիֆլիսի նահանգի, իսկ մինչև 1918 թվականը՝ Ելիզավետպոլի նահանգի: Եվ քանի որ Ադրբեջանը 1918-ին ձևավորվեց Բաքվի և մասամբ Ելիզավետպոլի նահանգների տարածքների վրա, մուսավաթական ղեկավարությունը պահանջում էր նաև Տավուշի շրջանը: 1920-1921 թթ., երբ Հայաստանը խորհրդայնացվեց, այս շրջանի հայկական գյուղերը մաս կազմեցին Խորհրդային Հայաստանի, իսկ ադրբեջանական գյուղերը՝ Խորհրդային Ադրբեջանի:

 

10604043_1418075025165214_1202966546306134479_o-347x233

Հայերն ու մուսուլմանները (թաթարները, որոնք հետագայում՝ 1939թ. ԽՍՀՄ մարդահամարից հետո, անվանվեցին ադրբեջանցիներ) միմյանց հետ ինչպես համակեցության, այնպես էլ բախումների և պատերազմների անցյալ ունեն: 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումները չեն շրջանցել նաև այսօրվա Տավուշի շրջանը: Հայերն ու մուսուլմանները, որոնց տավուշցիները միշտ կոչել են թուրքեր, պատերազմել են նաև 1918-1920 թթ., երբ կարճ ժամանակով գոյատևեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Մուսավաթական Ադրբեջանը:

Հենց որ փլուզվեց ԽՍՀՄ-ը, հայերն ու ադրբեջանցիները կրկին ներքաշվեցին պատերազմի մեջ Արցախում և Հայաստան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով: Ավելին, դեռ չէր բռնկվել Արցախյան շարժումը, երբ 1984-ի աշնանը խոշոր միջադեպ գրանցվեց հայ-ադրբեջանական սահմանի Դովեղ-Քեմեռլի հատվածում: Խորհրդային մամուլը շրջանցեց այդ բախումները. ազգամիջյան խնդիրների մասին գրելը տաբու էր:

Vladimir Movsisyan

Դովեղին պատկանող շուրջ 1800 հեկտար անտառը իրականում օգտագործում էին ադրբեջանցիները: Դովեղի անտառների աղբյուրներից ջուր տանելու նպատակով ադրբեջանցիները ջրատար էին կառուցել։ Դա այնպիսի լարվածություն էր առաջ բերել, որ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը Մոսկվայում հանդիպել էր Ադրբեջանի առաջնորդ Քյամրան Բաղիրովի հետ և պայմանավորվել, որ ջրատարի հարցը տեղում ուսումնասիրվի: Հայկական և ադրբեջանական կողմերից պատասխանատուներ էին նշականվել երկու հանրապետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալները:

27.04.12-6898դովեղ

Հարցը կարգավորելու նպատակով Վլադիմիր Մովսիսյանը և նրա ադրբեջանցի գործընկերը հանդիպում են Իջևանում, ապա Նոյեմբերյանով հասնում Դովեղի անտառներ: Նրանց ուղեկցում էին նաև տեղական պաշտոնյաները: Ադրբեջանցիները հարձակվեցին հայերի վրա՝ մարմնական վնասվածքներ հասցնելով Մովսիսյանին ու նրան ուղեկցող մյուս հայերին: Նրանց տեղափոխեցին Քեմեռլի և փորձեցին ստիպեցել թուղթ ստորագրել տալ, որով կհրաժարվեին անտառներից: Իրադրության հանդարտեցումից հետո Մովսիսյանին և նրան ուղեկցող մյուս հայերին թույլ տվեցին հեռանալ: Այդ ընթացքում Դովեղում և ամբողջ Նոյեմբերյանում լուր տարածվեց, որ «թուրքերը Մովսիսյանին ու մյուս հայերին սպանում են»: Գյուղացիները վերցրեցին իրենց որսորդական զենքերը և շարժվեցին դեպի Քեմեռլի: Արյունալի թվացող բախումը կանխվեց:

dcc880fede43f51cca3a32ed2187e46e

Այս միջադեպի արձագանքը հասավ մինչև Մոսկվա: Խորհրդային Միության առաջնորդներից Եգոր Լիգաչովը Մովսիսյանին հրավիրեց Մոսկվա` մանրամասների մասին տեղեկանալու նպատակով:

Դովեղում արձանագրված միջադեպից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվում է վարչական սահմանների հստակեցում՝ Նոյեմբերյանից մինչև Մեղրի: Ընդունվում է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Հաստատվում է, որ Դովեղի անտառները, արոտավայրեր Սիսիանում, Բերդի շրջանի Թաղիլար գյուղի տարածքը, 7-րդ դարի Ոսկեպարի եկեղեցին և այլ տարածքներ, ընդհանուր առմամբ` գրեթե 15 հազար հեկտար, պատկանում են Խորհրդային Հայաստանին:

IMG_9893

Այսպիսով, նախքան 1988-ի Արցախյան շարժումը, հայ-ադրբեջանական թշնամություն կար Նոյեմբերյան-Ղազախ հատվածում: Ավելին, Արցախյան պատերազմը դեռ չէր սկսվել, երբ 1990-ի գարնանն ու ամռանը տասնյակ զոհերով ու վիրավորներով հայ-ադրբեջանական բախումներ արձանագրվեցին Նոյեմբերյան-Ղազախ հատվածում: Հայերը նվաճեցին Ղազախի շրջանի յոթ ադրբեջանական գյուղեր (Յուխարը Ասկիպարա, Աշաղը Ասկիպարա, Բարխուդարլի, Սոֆուլու, Բաղանիս-Այրում, Խեյրիմլի, Գըզըլհաջիլի), որոնք սեպի նման խրվել էին Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների մեջ:

noemberyan_8

Խորհրդային տարիներին հանրապետությունների քարտեզը այնպես էր գծվել, որ մեկը մյուսում, կղզյակների ձևով, ունեին տարածքներ: Այսպես, Ղազախի շրջանը Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում ուներ երեք այդպիսի կղզյակներ, որտեղ և գտնվում էին այդ գյուղերից մի քանիսը: Ավելին, Երևան-Թբիլիսի մայրուղու Իջևան-Նոյեմբերյան հատվածի մի մասն անցնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքով կամ նրան մոտ տեղանքով:

kerk_krkoryan_article

Այսօր արդեն ճանապարհն անցնում է վարչականորեն Հայաստանին պատկանող տարածքներով, ճիշտ է, որոշ հատվածներում այնպիսի տեղանքով, որը հակառակորդը կարող է գնդակոծել: Մինչև 2000-ական թվականների կեսերը ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի տրամադրած միջոցներով կառուցվեց մոտ 8 կիլոմետրանոց նոր ճանապարհ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս  հատվածում: Նախկին ավելի կարճ՝ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս երեք կիլոմետրանոց հատվածն անցնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքով:

 

Լուսանկարներ

Դովեղ գյուղը

Զաքարյանների իշխանությունը 13-րդ դարում և 14-րդ դարի սկզբին

Տավուշի մարզի տարածքը Վրաց-իմերեթական, ապա Թիֆլիսի նահանգի կազմում

Վլադիմիր Մովսիսյանը

Դովեղ գյուղը՝ նկարված անտառների կողմից

Լիգաչովը և Գորբաչովը

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Տեսարան Նոյեմբերյանից

Քըրք Քրքորյանը

Նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/09/05/kazakh-agstafa-tovush-regions/

Այս տարվա փետրվարին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պատրաստել է 50 էջանոց համապարփակ զեկույց Տավուշի մարզի մասին, որը կարող եք կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/