Հատված Հովհաննես Քաջազնունու՝ 1923թ. ապրիլին Հ. Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին ներկայացրած զեկուցագրից
Թուրքական զորքերը, խրախուսված ռուս[ական] բանակի քայքայումով, արագորեն վերակազմվում էին, կարգի բերվում և աստիճանաբար վերագրավում կորցրած վայրերը: Միաժամանակ, թուրք[ական] հրամանատարությունը (Վեհիպ փաշան) նախաձեռնություն ունեցավ զինադադար ու խաղաղության բանակցություններ առաջարկելու:
Սեյմը որոշեց վերջ դնել պատերազմին ու խաղաղության դաշն կապել թուրքերի հետ:
Առաջին բանակցությունները տեղի ունեցան Տրապիզոնում՝ 1918թ. մարտ ամսին:
Դաշնակցական ֆրակցիային հաջողվեց Սեյմի պահանջների մեջ մտցնել մի առանձին կետ (մեկը չորս հիմնական կետերից). ճանաչել տալ թուրքահայերի ինքնորոշման իրավունքը Օսմանյան պետության շրջանակում:
Այս պահանջին (որ խմբագրված էր շատ անորոշ ու լայն ասպարեզ էր տալիս ամեն կարգի կոմպրոմիսների) թուրքերը անմիջապես տվին մի շատ կարճ ու չոր պատասխան. սա Թուրքիայի ներքին խնդիր է, որի մեջ ոչ ոք իրավունք չպիտի ունենա միջամտելու, եթե մեկ անգամ էլ կրկնվի, թուրքերը վերջ կդնեն ամեն բանակցության:
Ու անդրկովկասցիք այլևս չկրկնեցին:
Չկրկնեցին շատ պարզ պատճառով. Սեյմի որոշումը արդեն իսկ ձևական զիջում էր հայերի պահանջին, երևույթը փրկելու մի միջոց, առանց լրջորեն հետապնդելու դիտավորության: Վրացիները տրամադրություն չունեին (ոչ էլ կարիք) թուրքահայերի սիրույն համար իրենց մի ավելորդ գլխացավանք պատճառելու, իսկ ադրբեջանցիների սրտին շատ ավելի մոտ էին, իհարկե, Թուրքիայի պետական շահերը, քան հայերի վիճակը կամ նույնիսկ Անդրկովկասյան Հանրապետության ապագան: Եվ պատվիրակության հայ անդամները չէին, որ պիտի կարողանային թելադրել իրենց կամքը թաթարներին ու վրացիներին:
Արդար լինելու համար պետք է ավելացնել, որ եթե այն օրվա մեր դաշնակիցները (վրացիներն ու թաթարները) նույնիսկ լրջորեն, անկեղծորեն ցանկանային պաշտպանել հայկական պահանջը, դարձյալ հաջողություն չպիտի ունենային: Ուժերի փոխհարաբերությունը արդեն այնպիսին էր, որ թուրքերը ոչ մի պատճառ չունեին զիջող լինելու: Այդ հասկանում էինք և մենք՝ հայ պատվիրակներս:
Բանակցությունների ու երկարատև վիճաբանությունների առարկան սահմանային խնդիրն էր:
Թուրքերը կանգնած էին այն տեսակետի վրա, որ Անդրկովկասի և Թուրքիայ միջև սահմանները գծված են արդեն Բրեստ-Լիտովսկում՝ ռուս բոլշևիկների հետ կնքված դաշնագրով և որ նրանք եկել են Տրապիզոն ոչ թե մեկ անգամ լուծված խնդիրը նոր վերաքննության առնելու համար, այլ պարզապես բարիդարացիակն կապեր հատատելու իրենց նոր հարևան Անդրկովկասյան Հանրապետության հետ: Իսկ անդրկովկասցիք չէին ուզում ճանաչել Բրեստ-Լիտովսկի դաշնագրի օրինավորությունը և կանգնած էին այն տեսակետի վրա, որ Թուրքիային հողային զիջումներ անելու իրավունքը պատկանում է միմիայն տեղական (անդրկովկասյան) ժողովուրդներին , նրանց Սեյմին ու կառավարությանը: Այլ խոսքով՝ անդրկովկասյան պատվիրակությունը չէր ուզում ճանաչել սովետական իշխանության իրավասությունը նախ այն պատճառով, որ այդ կառավարությունը Ռուսաստանի համար էլ օրինական չէ, երկրորդ՝ համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, որը հռչակվեց մեծ պատերազմի ընթացքում, Անդրկովկասի տերը անդրկովկասյան ժողովուրդներն են և ոչ ռուսական կառավարությունը, եթե նույնիսկ օրինավոր կառավարություն լիներ այն:
Այս տեսակետը շատ դժվար էր պաշտպանել ոչ միայն այն պատճառով, որ սա մի նոր ու վիճելի տեսակետ էր միջազգային իրավունքում, այլ գլխավորապես այն պատճառով, որ թուրքական բանակը զորեղանում էր օրը օրի վրա, իսկ անդրկովկասյանը՝ քայքայվում: Նորություն չէ՝ միջազգային վեճերում իրավունքը պատկանում է նրան, որի բանակը ավելի զորեղ է:
Շատ դժվար էր նաև այն պատճառով, որ անդրկովկասյան պատվիրակության ներսում էլ չկար համաձայնություն և ցանկությունների նույնություն:
Վրացիները առանձնապես շահագրգռված էին Բաթումի և Աջարիայի խնդրով և այս շրջանը (ամբողջովին կամ գեթ մասամբ) փրկելու համար պատրաստ էին Ղարսն ու Արդահանը զիջելու թուրքերին: Դրան հակառակ, հայերին պետք էր Ղարսը և այստեղ մի բան շահելու համար մենք պատրաստ էինք շատ մեծ զիջումներ անելու Աջարիայում: Իսկ ադրբեջանցիների ցանկությունն էր, որ Աջարիան կազմի մի առանձին Հարավ-Արևմտյան մուսուլմանական հանրապետություն, իբրև չորրորդ (կամ հինգերորդ, եթե հաշվի առնենք նաև Դաղստանը) անդամ Անդրկովկասյան Դաշնակցության: Հակառակ դեպքում, կգերադասեին, որ Աջարիան կցվի Թուրքիային ու համենայն դեպս համաձայն չէին Վրաստանին տալու: Ինչ վերաբերում է Ղարսին ու Արդահանին, ադրբեջանցիները անվերապահորեն կանգնած էին թուրքական տեսակետի վրա՝ սրանք թուրքական հողեր են ու պետք է հանձնվեն Թուրքիային:
Թուրքերը շատ լավ տեղյակ էին այս ներքին անհամաձայնությունների մասին և պինդ կանգնած էին իրենց պահանջների վրա:
Կար և մի ուրիշ պահանջ, որ երկար վիճաբանությունների առարկա եղավ: Թուրքերը պնդում էին, որ Անդրկովկասը պիտի հայտարարի իր անջատումը Ռուսաստանից, որպեսզի կարելի լինի դաշն կնքել նրա հետ:
Անդրկովկասցիները առաջկում էին, թե Անդրկովկասը փաստորեն անջատված է արդեն ու փաստորեն անկախ է… բայց թուրքերը իրավացիորեն պատասխանում էին, թե միջազգային դաշինք ստորագրելու համար բավական չէ փաստացի կացությունը, հարկավոր է նաև իրավական դրություն, որ ձեռք է բերվում միայն որոշ ձևականություններ կատարելուց հետո:
Անպտուղ բանակցությունները շարունակվեցին մի ամբողջ ամիս:
Թուրքերի համար անձեռնտու չէր այս ձգձգումը (հակառակ պարագայում նրանք ամեն հնարավորություն ունեին շատ կարճ կտրելու): Ժամանակն անցնում էր, մեր ռազմական ուժն ու դիմադրական կարողությունը շարունակ պակասում էր, թուրքերինը՝ ավելանում:
Իրողությունն այն էր, որ մինչ Տրապիզոնում պատվիրակությունները նիստերի էին հավաքվում ու անվերջ թղթեր գրում իրար, թուրքական բանակը անարգել շարունակում էր իր առաջխաղացումը: Մարտի վերջերին գրավված էր արդեն Էրզրումը, իսկ ապրիլի առաջին օրերին՝ Բաթումը:
Բայց և այնպես, Սեյմը դեռ չէր ուզում ճանաչել իր պարտությունը, չէր վճռում անձնատուր լինել: Երբ պարզվեց վերջնականապես, որ թուրքերը մտադրություն չունեն ոչ մի զիջում անելու Բրեստ-Լիտովսկի դաշնագրի պայմաններից, Սեյմը ետ կանչեց իր պատվիրակությունը, Տրապիզոնի բանակցությունները խզվեցին (երևույթները փրկելու համար պատվիրակությունները այդ խզումը ժամանակավոր ընդհատում անվանեցին):
Հ. Գ. Այս գրության վերնագիրը ԱՆԻ-ինն է: