Թուրքիայի Եւ Ազրպէյճանի Հետ Փակ Սահման. Ի՞նչ Է Նշանակում Բաց Սահման

1504

Հայաստանը ունի անմիջական չորս հարեւաններ, որոնցից երկուսի` Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ` փակ սահմաններ: Հայաստանի սահմանների շուրջ 80 տոկոսը շրջափակման տակ է: Հիւսիսում Հայաստանը Վրաստանի հետ ունի շուրջ 200 քիլոմեթր ընդհանուր սահման եւ երեք անցակէտեր` Բաւրա-ժդանովական Գիւմրիի հատուածում (Շիրակի մարզ), որը տանում է դէպի հայկական Ջաւախք, Գոգաւան-Գուգուտի Տաշիրի հատուածում (Լոռու մարզ) եւ Բագրատաշէն-Սադախլոյ Նոյեմբերեանի հատուածում (Տաւուշի մարզ):

Հարաւային հարեւանի` Իրանի հետ սահմանը ընդամէնը 40 քիլոմեթր է Արաքս գետի երկայանքով, որտեղ գործում է Կարճեւան-Նորտուզ անցակէտը (Սիւնիքի մարզ): Իրականում, հայ-իրանական սահմանը աւելի երկար է, քանի որ Արցախեան պատերազմի արդիւնքում հաստատուել է նոր սթաթուս-քօ. հայ զինուորը, սահմանապահը, կանգնած է Հորադիզում եւ Արաքս գետի երկայնքով Հորադիզից մինչեւ Միջնաւան` աւելի քան 100 քիլոմետթհի որեւէ երկիր, չի ճանաչել Արցախի անկախութիւնը, հետեւաբար Արցախ-Իրան սահմանի վրայ, որ ամբողջութեամբ անցնում է Արաքսի երկայնքով, չկայ անցակէտ:

Թուրքիա-Հայաստանի Հանրապետութիւն սահմանը աւելի քան 300 քիլոմեթր է, որը շրջափակման տակ է 1993-ի ապրիլից: Ի նշան համերաշխութիւն Ազրպէյճանի հետ, Անգարան շրջափակում իրականացնելով փորձում է տնտեսապէս ծնկի բերել եւ քաղաքականապէս մեկուսացնել Հայաստանին: Թուրք-հայկական սահմանի մեծագոյն մասն անցնում է Արաքս եւ Ախուրեան գետերի երկայնքով եւ փոքր հատուած` Ամասիայի լեռներով Շիրակի մարզում: Թուրքիա-Հայաստան հատուածում, երբ Հայաստանը մաս էր կազմում Խորհրդային Միութեան, գործել է երկու սահմանային անցակէտ` Ալիճան-Մարգարա Արաքսի վրայ (այսօրուայ Արմաւիրի մարզ) եւ Դողուքափը-Ախուրիկ Շիրակի հատուածում, որտեղով անցնում է դեռ ցարական ժամանակներում կառուցուած եւ այսօր պարապուրտի մատնուած Կարս-Գիւմրի երկաթուղագիծը:

Ենթադրելի է, որ եթէ Անգարան վերջ տա շրջափակմանը եւ Երեւանի հետ հաստատի դիւանագիտական յարաբերութիւններ, ինչը առաջիկայ տարիներին քիչ հաւանական է, ապա Հայաստանից այսօրուայ Թուրքիա եւ հակառակ ուղղութեամբ հնարաւոր կը լինի անցնել Ալիճան-Մարգարա եւ Դողուքափը-Ախուրիկ անցակէտերով:

Անշուշտ, անկախ նրանից, թէ ով է հարեւանդ, աւելի լաւ է ունենալ բաց սահման, քան` փակ: Բայց միւս կողմից, պէտք չէ յոյսեր տածել, թէ թուրք-հայկական սահմանի բացումով մեր խնդիրները կը լուծուեն: Ո՛չ, չեն լուծուի, քանի որ Հայաստանի խնդիրները Հայաստանի ներսում են: Իմ պոլսեցի բարեկամներից մէկի խօսքերն եմ յիշում ամէն անգամ, երբ խօսք է բացւում փակ սահմանի մասին: Նա ասում է, որ ընդհանուր սահմանը եւ լաւ բաների համար է, եւ վատ բաների: Եթէ դու կարողանում ես սահմանը օգտագործել լաւ բաների համար, ապա դա ի շահ երկրի է, իսկ եթէ չես կարողանում, ապա ի վնաս է:

Թուրքիայի հետ բաց սահման ունենալու դէպքում, ենթադրելի է, որ Վրաստանը ստիպուած կը լինի իջեցնել տարանցման գները: Այսօր Հայաստան մտնող եւ դուրս եկող ապրանքաշրջանառութեան 70 տոկոսը իրականացւում է Վրաստանի տարածքով` գերազանցապէս վրացական երկաթուղագծերով ու Փոթիի եւ Պաթումի նաւահանգիստներով: Եթէ Թուրքիայի հետ սահմանը բաց լինի, ապա տարանցման գները այլեւս չեն լինի մենաշնորհային, իսկ հայկական ապրանքները Եւրոպա եւ հակառակ ուղղութեամբ կը գնան նաեւ Թուրքիայի տարածքով, թուրքական նաւահանգիստներով ու երկաթուղիներով:

Կարելի է բերել բազմաթիւ այլ օրինակներ եւ ցոյց տալ, թէ որքան լաւ է բաց սահման ունենալը: Կարելի է բերել նաեւ բազմաթիւ օրինակներ եւ ցոյց տալ, թէ որքան վատ է բաց սահման ունենալը Թուրքիայի հետ` թուրքական ապրանքների եւ դրամագլխի ներխուժում եւ այլն: Բայց այստեղ կարեւոր է մէկ այլ իրողութիւն, որի մասին մենք քիչ ենք խօսում: Այսպէս, հայերս յաճախ բողոքում ենք, որ վրացիները, հաշուի առնելով հայ-թուրքական փակ սահմանը, Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքը, տարանցման համար բարձր գներ են սահմանում: Գուցէ սա արդարացի բողոք է, բայց ինչո՞ւ ենք լռում, երբ հայկական երկաթուղին, որը հաւատարմագրային կառավարման է տրուած ռուսներին, նոյնպէս բարձր գներ է սահմանել: Կամ` հայ-վրացական բաց սահմաններով Հայաստան ապրանքներ են ներկրում հիմնականում  այն սակաւապետները, որոնք  վայելում են երկրի իշխանութիւնների հովանաւորութիւնը: Կասկած չկայ, որ թուրք-հայկական բաց սահմանի դէպքում էլ առաջին հերթին նոյն այդ սակաւապետներն են օգտուելու եւ ոչ սովորական քաղաքացիները: Այսպիսով, խնդիրները նախ եւ առաջ երկրի ներսում են` իշխանամերձ սակաւապետ, տնտեսական մենաշնորհներ, ընկերային անարդարութիւն, արհեստական բարձր գներ եւ այլն:

Հայաստան-Ազրպէյճան սահմանը փաստացի փակ է 1989-ից, երբ երկու երկրները դեռ մաս էին կազմում Խորհրդային Միութեան: Ես յաճախ եմ լինում սահմանամերձ գիւղերում եւ զրուցում մարդկանց հետ: Նրանցից շատերն ասում են, որ լաւ կը լինի Արցախեան հարցին լուծում գտնուի, որպէսզի սահմանները բացուեն: Նրանց թւում է, որ եթէ հարցը լուծուի (ի դէպ, մեծ մասը չի էլ հաւատում, որ առաջիկայ տասնամեակներում հնարաւոր է լուծում), ապա հայ-ազրպէյճանական սահմանները լինելու են այնպիսին, ինչպիսին էին Խորհրդային Միութեան տարիներին, երբ չկային երեւացող սահմաններ եւ ամէն մի հայ գիւղացի կարող էր առանց որեւէ փաստաթղթի օրուայ ցանկացած ժամի անցնել հարեւան ազրպէյճանական գիւղ եւ նոյնը կարող էր անել ամէն մի ազրպէյճանցի` անցնելով Խորհրդային Հայաստան:

Այդպէս չի լինելու: Հայաստան-Ազրպէյճան սահմանին կը լինեն երկու-երեք սահմանադռներ, ինչպէս հայ-վրացական սահմանին: Այդ սահմանադռներից առաջին հերթին կ՛օգտուեն իշխանամերձ սակաւապետները:

Կրկնենք, որ բաց սահմանները աւելի լաւ են, քան փակ սահմանները: Բայց պէտք չէ բացարձականացնել: Այո՛, Ազրպէյճանը սպառնալիք է: Այո՛, Թուրքիան, ոչ այն չափի, ինչպէս Ազրպէյճանը, բայց եւս սպառնալիք է Հայաստանի համար: Ցանկալի կը լինէր, որ նրանց հետ ունենայինք բաց սահմաններ եւ բնականոն յարաբերութիւններ: Աշխարհագրութիւնը ընտրութեան հնարաւորութիւն չի տալիս, ուզենք-չուզենք` թուրքերն ու ազրպէյճանցիները մեր հարեւաններն են ու լինելու են: Բայց մեր դժուարութիւնները, մեր խնդիրները առաջին հերթին պէտք է գտնենք եւ լուծենք մեր տան ներսում:

Հայաստանը արիւնաքամ անող արտագաղթը, փտտածութիւնը, քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները, իշխող Հանրապետական կուսակցութեան ամբողջատիրական հակումները, ընկերային անարդարութիւնները, դատարանների կախուածութիւնը իշխանութիւններից եւ Հայաստանում առկայ բազմաթիւ խնդիրներն ու դժուարութիւնները չպէտք է պայմանաւորել աշխարագրական դիրքով, վատ հարեւաններով ու փակ սահմաններով:

Թաթուլ Յակոբեան