Հովհաննես Քաջազնունի. ՀՅԴ-ն, բոլշևիկները և Մուսավաթը Բաքվում 1918-ին

2136

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ 1923թ. ապրիլին Հ. Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին ներկայացրած զեկուցագրից

Արդյունաբերական Բաքուն իր բազմահազար բանվորությունով ու բանվորական ուժեղ կազմակերպություններով ամենից ավելի նպաստավոր պայմաններ էր ներկայացնում. բոլշևիզմի զարգացման համար սա միակ վայրն էր Անդրկովկասում, ուր բոլշևիկները, հեղափոխության առաջին իսկ օրերից, հաստատուն ապաստան ու հենակետ էին գտել:

Ձևականորեն, Բաքուն չէր բացառում Անդրկովկասյան Կոմիսարիատի իշխանությունը, նույնիսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, բայց, փաստորեն, գործերը վարում էին երկու տեղական հաստատություններ՝ Հասարակական հիմնարկությունների խորհուրդը և Բանվորական պատվիրակների խորհուրդը:

Առաջինում գերիշխում էր հակաբոլշևիկյան հոսանքը, երկրորդում՝ բոլշևիկյանը:

Մեր կուսակցությունը ուներ իր ներկայացուցիչները թե առաջինի և թե երկրորդի մեջ:

Այս երկու միմյանցից անկախ ու տարբեր բնույթ ունեցող մարմինները բացահայտ մրցման մեջ էին իշխանության տիրապետելու համար: Առաջին շրջանում ուժը Հասարակական հիմնարկությունների ձեռքին էր (այստեղ չափավոր սոցիալիստները լռելյայն բլոկ էին կազմել լիբերալ բուրժուազիայի հետ՝ բոլշևիկների դեմ), բայց բանվորական խորհուրդը զորեղանում էր օր օրի վրա և 1918թ. հունվարին դրության տերն էր արդեն:

Խորհրդին ուղղություն տվողը բոլշևիկյան հատվածն էր:

Մեծ ուժ չէին ներկայացնում այն ժամանակ բոլշևիկները, նրանց հաջողությունը հիմնված էր գլխավորապես այն փոխադարձ անվստահության վրա, որ տիրում էր հակառակ բանակի ներսում:

Բոլշևիկներին իրական ուժ կարող էին հակադրել երկու կուսակցություն միայն. թաթարական Մուսավաթն ու հայկական Դաշնակցությունը: Բայց հակադրելու և հաջողություն ունենալու համար պետք էր, որ սրանք անվերապահորեն միանային, մի բան, որ անկարելի էր, որովհետև չկար փոխադարձ հավատ ու վստահություն: Դաշնակցությունը հասկանում էր, որ Մուսավաթին հարկավոր է իր բարեկամությունը այնչափ միայն, որչափ գոյություն ունի բոլշևիկյան սպառնալիքն ու վտանգը: Բոլշևիկներին չեզոքացնելուց հետո Մուսավաթը, երկրորդ հերթին, ասպարեզից վերացնելու էր նաև Դաշնակցությանը: Կասկած չկար, որ նույնը անելու են և բոլշևիկները, երբ Դաշնակցության զինված խմբերի օգնությամբ խորտակեն Մուսավաթը: Բայց Բաքվի հայ ազգաբնակչության ապահովության տեսակետից բոլշևիկյան դիկտատուրան շատ ավելի ընդունելի էր (կամ պակաս անընդունելի), քան Մուսավաթինը:

Այս էր պատճառը, որ մերոնք Բաքվում ավելի ու ավելի տարվում էին բոլշևիկյան հոսանքով ու մի տեսակ հենարան էին դառնում բոլշևիկների համար:

Ինչպես Թիֆլիսում մենք ակամայից ընկել էինք վրացի մենշևիկների հեգեմոնիայի տակ, ճիշտ այնպես էլ Բաքվում ընկել էինք ռուս բոլշևիկների հեգեմոնիայի տակ: Երկու դեպքում էլ մեզ կաշկանդողը թուրք-թաթարական սպառնալիքն էր:

Մեզ վրա հենված, բոլշևիկները Բաքվում խորտակեցին Մուսավաթի ուժը 1918 թվականի մարտին, իսկ մենք՝ հենված բոլշևիկների և առհասարակ ռուս տարրի վրա և սրանց հետ միասին, կարողացանք Բաքուն պաշտպանել թուրք-թաթարական հարձակումներից:

Ապա, արդեն մեր նախաձեռնությամբև հակառակ բոլշևիկների կամքի, անգլիական զորքեր բերինք Պարսկաստանից (դա վերջին ժամին էր, երբ բոլշևիկները պատրաստվում էին փախչել Ռուսաստան ու արդեն նստել էին նավերը):

Եթե անգլիացիները լրջորեն ամրանային Բաքվում, հավանական է, որ անցքերը մի քիչ տարբեր ընթացք ունենային: Բայց անգլիական փոքրաթիվ զորքերը շուտով լքեցին քաղաքը, նստեցին նավերն ու վերադարձան Պարսկաստան:

Մենք մնացինք մենակ և ուրիշ բան չէինք կարող անել, քան հետևել անգլիացիների օրինակին՝ փախչել Պարսկաստան:

Ադրբեջանի կառավարությունը, որ մինչ այդ նստած էր Գանձակում, թուրքական բանակի ու զինված խուժանի հետ միասին մտավ Բաքու: Տեղի ունեցավ հայ բնակչության անխնա ջարդը (ինչպես մարտ ամսին՝ բոլշևիկ-մուսավաթական կռվի ժամանակ տեղի էր ունեցել, պակաս չափերով, թուրք ազգաբնակչության ջարդը):

Այս դեպքերը կատարվում էին Հայաստանից դուրս՝ թաթարական մի հեռավոր վայրում, բայց անմիջապես անդրադառնում էին մեր քաղաքական կացության վրա, բարդացնում և դժվարացնում այն:

Թաթարները շարունակ թուրքերին գրգռում էին մեր դեմ, շտապեցնում էին նրանց առաջխաղացումը՝ Բաքուն օր առաջ ազատելու համար և վարպետորեն շահագործում էին մարտ ամսվա կոտորածները՝ վերագրելով այն բացառապես հայերին: Վրացիները, բնականորեն, չէին հավանում մեր գործակցությանը բոլշևիկների հետ, ծուռ աչքով էին նայում մեզ, կասկածելով, թե հարմար առիթիի ենք սպասում, որպեսզի բաց անենք Անդրկովկասի դռները ռուս բոլշևիկների առջև: Ապա բերել անգլիական զորքերը այն ժամանակ, երբ Թիֆլիսում նստած էին գերմանացիները, որոնց հետ վրացիները սիրային ֆլիրտի մեջ էին, սա նկատվում էր դավաճանություն վրաց-գերման, թուրք-թաթարական քաղաքականության:

Բաքվում բռնած մեր դիրքը անվստահելի դաշնակից էր դարձրել մեզ մեր կասկածոտ հարևանների աչքում և ենթակա՝ սրանից բխող բոլոր դժվարությունների:

Իսկ Բաքվի մեր ընկերները շարունակում էին տանել իրենց սեփական քաղաքական գիծը նաև այն հաշվով, թե, ամրանալով Բաքվում ու իրենց վրա քաշելով թուրք-թաթարական ուժերը, ազատած կլինեն Հայաստանի մնացորդը թուրքական արշավանքից:

Հ. Գ. Այս գրության վերնագիրը ԱՆԻ-ինն է: