Երուանդ Փամպուքեանի Եւ Խորէն Արքեպիսկոպոս Տողրամաճեանի Հետ՝ Շիրակում

1814

 

Խորէն սրբազանը՝ Հարիճավանքում

Բոլորովին այլ է զգացողութիւնը, երբ Հայաստանի պատմամշակութային յուշարձաններ ես այցելում հայոց պատմութեան ամէն անցքին մանրամասնօրէն տեղեակ պատմաբանի հետ: Կամ էլ հոգեւորականի հետ: Իսկ երբ այցելում ես պատմաբանի ու հոգեւորականի հետ միասին, զգացողութիւնը դառնում է առաւել ամբողջական:

Պատմաբան Երուանդ Փամպուքեանի եւ Հայ առաքելական եկեղեցու Յունաստանի թեմի առաջնորդ Խորէն արքեպիսկոպոս Տողրամաճեանի հետ օգոստոսի 6-ի ամբողջ օրն անց կացրինք Շիրակի մարզում` այցելելով նաեւ Մարմաշէն ու Հառիճավանք:

Մարմաշէնը արժանի է աւելի շատ ուխտաւորների ու զբօսաշրջիկների: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է վերանորոգել երկուսուկէս քիլոմեթրանոց քանդուած ճանապարհը: Վանական համալիրը, որից կանգուն են երկու եկեղեցիներ, գտնւում է Ախուրեան գետի ձախ ափին` Գիւմրիից շուրջ 20 քիլոմեթր հեռաւորութեան վրայ:

Առաջին բանը, որ տպաւորում է այցելուներին, գլխաւոր` Կաթողիկէ եկեղեցու հիւսիսային պատի վրայ թողնուած եւ մինչեւ այսօր պարզ ընթեռնելի ընդարձակ արձանագրութիւնն է, որում ասւում է նաեւ` Վահրամ Պահլաւունի իշխանի նախաձեռնութեամբ Կաթողիկէն կառուցուել է 988-1029 թուականներին: Մարմաշէնում այցելուների ուշադրութիւնը գրաւում է նաեւ զուարթնոցատիպ տաճարի մնացորդները: Ճիշդ է, այն իր չափերով անհամեմատելի է Զուարթնոցի ու Գագկաշէնի (Անիի աւերակներում) հետ:

Մարմաշէնը, որի անունը ստուգաբանւում է Մարիամի` Աստուածածնի շինութիւն, Բագրատունիների թագաւորութեան շրջանում (885-1045) կառուցուած բազմաթիւ եկեղեցիներից ու վանական համալիրներից մէկն է, որը բաւականին լաւ է պահպանուել:

Մեր այցելութեան ժամանակ Մարմաշէնը ունէր նաեւ օտար այցելուներ` երկու երիտասարդ աղջիկներ Փարիզից: Մի կողմից հպարտանալու առիթ է, երբ հայկական ճարտարապետական արժէքները գրաւում են օտարներին, միւս կողմից` ցաւալի, երբ անցնում ես տասնամեակներ շարունակ քարուքանդ ճանապարհները: Ֆրանսուհիները Մարմաշէնից մեկնում էին Հառիճավանք, որը նաեւ մեր մէկօրեայ ծրագրի մաս էր կազմում, բայց` երեկոյեան:

Մենք Երեւանից դուրս էինք եկել առաւօտեան` ընտրելով Արմաւիր-Գիւմրի ճանապարհը, որի մի հատուածը անցնում է Ախուրեան գետի` հէնց Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով: Պարոն Փամպուքեանն ու Խորէն սրբազանը շատ անգամ են եղել Հայաստանում, սակայն նրանք առաջին անգամ էին անցնում այս ճանապարհով:

Երեւանից Գիւմրի հասնելու երեք ճանապարհ կայ: Ես նախընտրում եմ այս մէկը մի քանի պատճառներով` աւտոմեքենաները քիչ են, արագաչափեր չկան, ոստիկաններ չկան: Ողորմի քեզ, Գըրգ Գըրգորեան: Հէնց նրա գումարներով վերանորոգուեց այս ճանապարհը, որը Երեւան-Գիւմրի գլխաւոր մայրուղուց մի քանի տասնեակ քիլոմեթր երկար է, բայց հաճելի ճանապարհ է:

Մենք յոյս ունէինք, որ Գիւմրի չհասած, ճանապարհից կը թեքուենք դէպի ձախ եւ կը մօտենանք ու հնարաւորինս մօտ տարածութիւնից կը տեսնենք Անիի աւերակները: Դրա համար, սակայն, պէտք է նախապէս թոյլտուութիւն ունենայինք հայ-ռուսական սահմանապահ զօրքերից ծառայութիւնից, ինչը չունէինք: Մօտ տասը քիլոմեթր հեռաւորութիւնից երեւացին Անիի պարիսպները: Մենք աւելի մօտենալ չէինք կարող: Անին աւելի մօտիկից տեսնելու փափաքը թողեցինք յաջորդ անգամուան, իսկ ես պարոն Փամպուքեանին խոստացայ, որ նրա Հայաստան յաջորդ այցին միասին կը գնանք առնուազն Կարս եւ Անի, իսկ գուցէ նաեւ` մինչեւ Վան:

Նախքան ճաշը մենք արդէն վերադարձել էինք Գիւմրի, քայլել քաղաքի կենդրոնական փողոցներով, հիացել 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի պահպանուած ճարտարապետութեամբ` երկյարկանի սեւ շէնքերով: Ես ցոյց տուեցի նաեւ այն շէնքը, որի ճարտարապետը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունին: Մենք անցանք այն շինութեան կողքով, որտեղ 1920-ին Կարաբեքիր փաշան պարտադրել է Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագիրը: Անշուշտ, այցելեցինք քաղաքի եկեղեցիները:

Մենք ճաշեցինք «Նանէ» հիւրանոցում: Գիւմրիում լաւագոյն այս հիւրանոցը պատկանում է Խաչատուրեան եղբայրներին Պէյրութից: Հիւրանոցի տարածքում կառուցուել է «ԳՈՀԱՐ» երաժշտական դպրոցը: Ես լսել էի Խաչատուրեան եղբայրների մասին, բայց միայն նոր իմացայ նրանց տարիներ շարունակուող գործունէութեան ու բարեգործութեան մասին: «ԳՈՀԱՐ» նուագախումբը եւ երգչախումբը, շուրջ 150 երաժիշտներ, արդէն քանի տարի, հովանաւորւում է Խաչատուրեանների կողմից: Հոկտեմբերի վերջերին «ԳՈՀԱՐ» համերգ է տալու Պէյրութում: Ճաշից յետոյ մենք ներկայ եղանք նուագախմբի հերթական փորձին` ունկնդրելով ազգագրական երաժշտութիւն: «ԳՈՀԱՐ» երգչախումբը, «Նանէ» հիւրանոցն ու հիւրանոցի տարածքում գործող ճաշարանները ապահովում են շուրջ 250 աշխատատեղ, ինչը, բաւականին մեծ թիւ է: Խաչատուրեանները գործարարութեան եւ բարեգործութեան ճշգրիտ վայր են ընտրել:

Երեկոյեան կողմ այցելեցինք Հառիճավանք` միջնադարեան Հայաստանի մէկ այլ նշանաւոր համալիր: Օգոստոսեան տապին` երեկոյեան, Արագածի հիւսիսային լանջերին կանգնած Հառիճավանքում անկրկնելի զով էր, օդը` մաքուր: Ցաւօք, ոչ միայն սփիւռքահայերի, այլ հէնց հայաստանցիների մեծամասնութիւնը չի այցելել, գուցէ անգամ չի լսել Հառիճավանքի մասին:

Շիրակի լեռնային` Արագածի փէշերին ծուարած գիւղերում անասունները` կրծքերը լի կաթով, վերադառնում էին իրենց տէրերին: Ծանօթ տեսարան է, չէ՞, երբ քո մեքենան յայտնւում է կովերի մէջ: Մենք Երեւան էինք վերադառնում Գիւմրի-Արթիկ-Ապարան ճանապարհով` շրջանցելով Արագածը` Հայաստանի ամենաբարձր լեռը: Գիւմրիից Երեւան հասնելու սա ամենաերկար, բայց ամրանը յատկապէս, ամենահաճելի ճանապարհն է:

Մենք ծրագրել էինք կանգառ տալ նաեւ Բաշ Ապարանի հերոսամարտի յուշահամալիրում եւ այցելել Դրոյի գերեզմանին: Մութը, սակայն, վրայ էր տալիս, եւ Դրոյին  մօտենալու մեր փափաքը եւս թողեցինք յաջորդ այցելութեանը: Ապարանից դուրս գալուց յետոյ յորդառատ անձրեւ տեղաց: Երկինքը պատուել էր սեւ ամպով եւ միայն աջ կողմում` Արագածի գագաթներից այն կողմ, երեւում էին մայր մտնող արեւի դեղնակարմրաւուն գոյները:

Հայաստանը միայն Երեւանը չէ: Հայաստանը, ինչպէս դիպուկ կերպով նկատել է հայ գրողներից Վանօ Սիրադեղեանը` մանրամասնօրէն սիրելու երկիր է: Ես, պատմաբան Փամպուքեանն ու Խորէն սրբազանը, օգոստոսի 6-ի ամբողջ օրը, եւս մէկ անգամ սիրեցինք ու զգացինք Հայաստանը:

Սիրեցինք ու զգացինք մանրամասնօրէն:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 10 օգոստոս, 2015թ.