«Քավարանի հայերի պատմությունը». Վերջիհան Զիֆլիօղլուի գիրքը

1423

Թուրքական ամենամեծ հրատարակչությունը՝ Իլեթիշիմը, ընթերցողներին է ներկայացրել Թուրքիայի հայազգի լրագրող և հեղինակ Վերջիհան Զիֆլիօղլուի՝ ծպտյալ (կրիպտո) հայերի մասին պատմող «Քավարանի հայերի պատմությունը» գիրքը թուրքերենով՝ “Araftaki Ermenilerin Hikayesi “Ne Hz. Isa’ya Ne de Hz. Muhammede yaranabildik”:

Ըստ թուրքական demokrathaber.com կայքի՝ գրքում հեղինակը անդրադառնում է իրենց ազգային ինքնությունը հարկադրաբար քողարկող և արդեն ուղիղ հարյուր տարի մուսուլման հասարակության մեջ ապրող ծպտյալ հայերին բաժին ընկած դժվարություններին ու պայքարին, գրում է Ermenihaber.am-ը:

«1915թ. սկսված ցեղասպանության ընթացքում իր ժողովրդի մեծ մասին գաղթի ճանապարհին կորցրած այս ազգի նախահայրերի մի մասն իր կյանքը շարունակեց «կրիպտո» կամ մուսուլմանաց(վ)ած կարգավիճակով» ,- գրում է աղբյուրը:

verjihan

Իր գրքում Զիֆլիօղլուն ներկայացնում է Անատոլիայի հայերի համար ամենանշանակալից իրադարձությունների ժամանակագրությունը, այդ թվում՝ 2007թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունը, Ֆեթհիյե Չեթինի՝ իր ընտանիքի պատմության հիման վրա գրի առած «Մեծ մայրս» գիրքը, իրենց ընտանիքները փնտրողների՝ «Ակոս» թերթում հրապարակած հայտարարությունները, Վանի, Կեսարիայի, Դիարբեքիրի (Տիգրանակերտ) հին հայկական եկեղեցիների վերանորոգումն ու վերաբացումը և այլն:

Հեղինակը, ընդգծելով, որ «քավարանի հայերի» մղած պայքարում ամենամեծ դժվարությունը հենց հայ համայնքի հետ հարաբերություններում էր, անդրադառնում է նաև ստամբուլաբնակ և անատոլիաբնակ հայերի միջև սպիտակ հայ- սև հայ հասկացությունների՝ տարանջատման երևույթին և դրա ծագմանը:

verjihan 1

Զիֆլիօղլուն հիշատակում է նաև ցեղասպանությունից հետո հայ կանանց առևանգման փաստը: Ընդգծելով, որ նախկինում մեծ մասամբ հայերով բնակեցված տարածքներում ներկայումս քուրդ բնակչությունն է գերակշռում, Զիֆլիօղլուն գրում է. «Արևելյան և հարավ-արևելյան Անատոլիայում մեր հանդիպած մարդկանց հինգից չորսը հայ տատիկ ուներ»: