Պարոն Սփյուռքը խիստ նեղվել է

5438

Իմ գրությունը՝ “Նարինջ ուտող սփյուռքահայը” (տես՝ https://www.aniarc.am/2015/08/04/orange-diaspora-armenian-panarmenian-games-gyumri-tatul-hakobyan/), ոչ միանշանակ է ընդունվել Սփյուռքում ու նաև՝ Հայաստանում: Դա ինձ համար անակնկալ չէր, քանի որ, թվում է՝ Սփյուռքը վատ չեմ ճանաչում: Հարյուրավոր մարդիկ հավանել են իմ գրությունը, այդ թվում՝ բազմաթիվ սփյուռքահայեր: Որոշ մասը, գուցե նույնպես հարյուրավորներ, չեն հավանել, բայց նաև՝ չեն արձագանքել: Մի քանի տասնյակը դատապարտել է իմ գրությունը, և դրա իրավունքը ունի: Մի քանի տասնյակը անպարկեշտ բառապաշար է օգտագործել իմ հասցեին, և նրանք էլ դրա իրավունքը ունեն:

“Նարինջ ուտող սփյուռքահայ” ասելով նկատի եմ ունեցել Լոս Անջելեսում նստած այն հային (գուցե Հայաստանից հեռացած), ով հայրենասիրական քարոզներ է կարդում, խոսում Արևմտյան Հայաստանի ազատագրության մասին, սակայն ծպտուն չի հանում, երբ իր սիրելի նախագահի աղետալի քաղաքականության հետևանքով բնակչությունից դատարկվում է Արևելյան Հայաստանի կամ Հայաստանի Հանրապետության այս մի կտոր հողը:

“Նարինջ ուտող սփյուռքահայ” ասելով նկատի եմ ունեցել Փարիզում նստած այն հային (գուցե Հայաստանից հեռացած), ով խոսում է Արցախի ու ազատագրված տարածքների մասին, հպարտանում Հայկական բանակով, բայց չի ուզում անգամ լսել, որ իր որդին, հենց ի՛ր որդին պետք է լինի այդ բանակում ծառայողը (ինչպես ես եմ ծառայել ու իմ որդիներն են ծառայելու):

“Նարինջ ուտող սփյուռքահայ” ասելով նկատի եմ ունեցել Սիդնեյում նստած այն հային (գուցե Հայաստանից հեռացած), ով ցավում է աղքատ մարզերի ու գյուղերի մասին, սակայն տեղն եկած ժամանակ ոչինչ չի անում:

“Նարինջ ուտող սփյուռքահայ” ասելով նկատի եմ ունեցել Տորոնտոյում նստած այն հային (գուցե Հայաստանից հեռացած), ով պրոպագանդում է հայրենադարձությունը, սակայն ոչ երբեք ի՛ր վերադարձը (ինչպե՞ս թողնի իր բարեկեցիկ կյանքը, գործը):

Եվ այլն:

Ես տասնյակ, հարյուրավոր հոդվածներ եմ գրել և շարունակելու եմ գրել սփյուռքահայ այն կազմակերպությունների ու անհատների մասին, ովքեր վերամբարձ ճառեր չեն ասում, հայրենասիրական քարոզներ չեն կարդում, կենացներ չեն ասում Հայաստանից մնացած այս մի կտոր հողի փրկության մասին, սակայն համեստ ու անխոս օգնում են այս Հայաստանին:

Միայն անցյալ ամիս մի քանի հոդվածներ ու ռեպորտաժներ եմ պատրաստել Ալեքքո Բեզիկյանի և նրա ընտանիքի մասին, ում առատաձեռն նվիրատվությամբ Լիբանանում և Հայաստանում հսկայական աշխատանքներ են կատարվում: Վաղը ես մեկնում եմ Գյումրի և այցելելու եմ նաև այն կենտրոն, որը արդեն քանի տարի գործում է Բեզիկյաննների նվիրատվության շնորհիվ:

Ես բազմաթիվ հոդվածներ եմ գրել Լիբանանի ԱՐԻ ներդրումային ընկերության և ԱՐՑԱԽ հիմնադրամի մասին, որոնք տարիներ ի վեր, առանց ճառեր ասելու, գործ են անում Արցախում, այդ թվում՝ ազատագրված տարածքներում:

Ես բազմաթիվ հոդվածներ եմ գրել Թուֆենկյանի, Չեմբերջյանի, “Հայաստան” համահայկական հիմնարամի, Քըրք Քրքորյանի ու բազմաթիվ սփյուռքահայերի ու կազմակերպությունների մասին, ովքեր ապրում են (էին) Հայաստանով, ովքեր անում են ավելին այս Հայաստանին օգնելու, փրկելու, ոտքի կանգնեցնելու համար:

Ես գիտեմ, թե ովքեր են խիստ նեղվել իմ հոդվածից:

Դրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստան գալով երազում են Սերժ Սարգսյանի հետ նկարվել: Կարճաժամկետ այցը հաջողված է, երբ կա նկարը: Պատմական:

Դրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստան գալով երազում էին Ռոբերտ Քոչարյանի հետ նկարվել:

Դրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստան գալով երազում էին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նկարվել:

Դրանք այն մարդիկ են, ովքեր պապանձվել են Մարտի 1-ին:

Դրանք այն մարդիկ են, ովքեր ձայն չեն հանել և չեն հանելու, երբ ամեն օր Հայաստանում ոտնահարվում (էին) են մարդու իրավունքները, սահմանափակվում քաղաքական ազատությունները, խոսքի իրավունքը, ապրելու իրավունքը, սնվելու իրավունքը:

Այդ մարդիկ չեն վիրավորվում, երբ Հայաստանի մասին տարբեր միջազգային կազմակերպություններ հրապարակում են ոչ շահեկան զեկույցներ:

Եվ վերջում ամենից կարևորը. Սփյուռքում և նաև Հայաստանում կան բազմաթիվ տաբուներ ու (իբր) զգայացունց թեմաներ: Դրանք շոշափելն անգամ ցասում է առաջ բերում: Դրանք պետք է ջարդել:

Հակառակ դեպքում՝ անպատասխանատու հայրենասերների ձայնը չի նղավելու:

Նախագահների հետ նկարվելու փափագը՝ նույնպես:

Թաթուլ Հակոբյան