Ջելալ բեյ – 100 Lives. Կոնիայի այս նահանգապետը փրկել է հայերի

1504

«Կոնիայում մի մարդու վիճակում էի, որը գետի ափին նստած՝ դրա երախից մարդկանց փրկելու որեւէ ճար չուներ։ Գետն ի վար արյուն էր հոսում՝ անգոյության տանելով հազարավոր անմեղ երեխաների ու ծերերի, անօգնական կանանց եւ ուժեղ երիտասարդ տղամարդկանց։ Ում կարող էի փրկել իմ մերկ ձեռքերով՝ փրկեցի, իսկ մյուսներն ընթացան գետի հոսանքով վար եւ այլեւս հետ չդարձան». 1918 թ. «Վաքիթ» օրաթերթում տպագրված իր հուշերում այդ տարիներն այսպես է նկարագրում Կոնիայի նահանգապետ Ջելալը, որը հետո պիտի դառնար Հայոց ցեղասպանության ընթացքում տրված պաշտոնական հրամանների դեմ ըմբոստացման խորհրդանիշ։

Զգալի թվով մարդկանց է փրկել Ջելալն իր «մերկ ձեռքերով»։ Կոնիան տեղահանության տարանցիկ կետերից մեկն էր, որտեղ մինչեւ Սիրիայի անապատներ մահվան ուղարկվելը հավաքում էին Օսմանյան կայսրության արեւմտյան հատվածի բնակավայրերի հայ բնակիչներին։ Իր քառամսյա պաշտոնավարության ընթացքում Ջելալին հաջողվեց տեղահանությունից փրկել հազարավոր հայերի։

Լինելով ֆինանսների նախարարության պաշտոնյաներից մեկի որդին՝ նա նաեւ Սուլթան Աբդուլ Համիդի դուստրերից մեկի թոռն էր։ Ավարտել էր Մյուլքիեի նշանավոր քոլեջներից մեկը, աշխատել որպես ուսուցիչ եւ պաշտոններ զբաղեցրել Կրթության նախարարությունում։ Նշանակվել է Էրզրումի, իսկ ապա՝ Էդիրնեի (Ադրիանուպոլիս) եւ Իզմիրի նահանգապետ։ 1911թ. դեկտեմբերից մինչեւ 1912թ. հուլիսը եղել է ներքին գործերի նախարար, իսկ 1913թ. հունվար-հունիս ամիսներին՝ գյուղատնտեսության նախարար։

Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկին Ջելալը Հալեպի նահանգապետն էր։ Երբ սկիզբ առան հայերի տեղահանությունները, Ջելալը կարծեց, թե դրանք պատերազմական դրությամբ թելադրված ժամանակավոր միջոցառումներ են։ Իր հուշերում գրում է. «Ես երբեւէ չէի պատկերացնի, որ որեւէ կառավարություն կարող է սանձազերծել սեփական քաղաքացիների այսօրինակ բնաջնջում՝ կործանելով երկրի մեծագույն հարստությունը՝ մարդկային կապիտալը»։ Չըմբռնելով տրված հրահանգների իրական բնույթը՝ նա անգամ հեռագրով դիմեց կառավարությանը՝ խնդրելով «միջոցներ հատկացնել հայերին տեղավորելու նպատակով տներ կառուցելու համար»։

ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ՋԵԼԱԼԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԵՐԻ ԲՆԱՋՆՋՈՒՄՆ Է:

Նա սոսկ չէր «մեղմացնում» դաժան հրահանգները, այլ պատրաստ էր զգալի վտանգների գնալ կոտորածը կասեցնելու համար։ Նա հրաժարվում է տեղահանել Անտիոքի հայությանը եւ փորձում փրկել իր մոտ ընկերներից շատերին։ Ջելալը կարողանում է կազմակերպել, որ խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապն ու Վարդգես Սերենգուլյանը, որոնք ուղարկվել էին Դիարբեքիրի ռազմական դատարան, ապաստանեն Հալեպում։ «Ես չէի կարող իմ իսկ ձեռքով նրանց ուղարկել ստույգ մահվան… Ես գրեցի Ստամբուլ՝ խնդրելով թույլ տալ նրանց մնալ Հալեպում։ Պատասխան չստանալով՝ նրանց անձամբ խոստացա, որ քանի դեռ Հալեպում եմ, նրանց հեռացումը թույլ չեմ տա։ Եվ պահեցի խոստումս»,- գրում է Ջելալն իր հուշերում։ Նրա պաշտոնանկությունից շատ չանցած, սակայն, Զոհրապին ու Վարդգեսին կրկին ձերբակալում են եւ սպանում՝ նախքան նրանք կհասնեին նպատակակետին։

Ջելալն «անձնական ու գաղտնի» նամակ է ուղարկում ներքին գործերի նախարար Թալեաթին, որում գրում է. «Հայերի բնաջնջումը մեր երկրին այնպիսի կորուստ կպատճառի, որը դարերով չենք կարողանա լրացնել։ Եթե մեր բոլոր թշնամիները միանային ու ամիսներով փորձեին գտնել մեզ վնասելու լավագույն տարբերակը, ավելի մեծ չարագործություն չէին հնարի»:

Իր այս տեսակետն անձամբ հայտնելու համար նա նույնիսկ հասավ Ստամբուլ, սակայն լսող չկար։ Հայերի ճակատագրի եւ արձակված հրամանների բնույթի վերաբերյալ իր մտավախությունները Ջելալը հայտնեց նաեւ Հալեպի ամերիկյան ու իտալական հյուպատոսներին, որոնց հետ մտերիմ էր: Նա այս դիվանագետներին խնդրեց հարցի կարեւորությունը հասցնել սեփական կառավարություններին եւ Բարձր Դռան վրա ճնշում բանեցնել կոտորածը կանխելու համար։ Համանման խնդրանքով նա դիմեց նաեւ Հալեպի գերմանական հյուպատոսին։

Միեւնույն ժամանակ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության տեղական մասնաճյուղը փորձում էր ամեն ինչ անել Ջելալին հեռացնելու համար։ Նրան նույնիսկ լրջագույն՝ «հայրենիքի դավաճանության» մեղադրանք ներկայացվեց։ Հետաքննությունը ցույց տվեց, որ այդ մեղադրանքներն անհիմն էին եւ կեղծ։ Այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց Ջելալին հեռացնում են Հալեպի նահանգից։

Նրան նախ տեղափոխում են Անկարայի նահանգ, իսկ շատ չանցած՝ Կոնիա։ Նա խնդրում է պատասխանատու անձանց իրեն փոխարինել մեկ ուրիշով, եթե «Կոնիայի հայերին տեղահանելու նպատակ եւս կա»։ Նրան հավաստիացնում են, որ նման բան չի լինելու, սակայն նախքան Կոնիա հասնելը նա արդեն հասկանում է, որ իրեն խաբել են։

Ամեն օր գնացքները հազարավոր հայերի էին տանում Կոնիա. հրահանգ կար արագացնելու նրանց տեղափոխումը Դեր Զոր։

Սկզբում Ջելալը փորձում է հետաձգել շարժակազմերի մեկնումը՝ պատճառաբանելով, թե այդքան մարդկանց թվին համապատասխան վագոններ չկան։ Բայց նա սոսկ պատրվակների հետեւում չէր թաքնվում։

ՆԱ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ «ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՄԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄԻ, ՈՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ»։

«Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեն սպառնում էր հեռացնել նրան պաշտոնից՝ պահանջելով, որ «զոհաբերի սեփական կարծիքը» հանուն «ազգային իդեալի»։ Նա պատասխանում է. «Նման ոճիրն ազգային իդեալ անվանելը մեծագույն անարգանք ու զրպարտություն է ազգի համար»։ Ջելալը շարունակում է դիմագրավել ճնշումներին եւ հաջողության հասնում ՝ «ամեն առիթ օգտագործելով» շուրջ 30 հազար հայի Կոնիայում պահելու համար։

1915 թ. հոկտեմբերի 3-ին նրան հեռացնում են զբաղեցրած պաշտոնից: Դա նաեւ հայերի՝ Կոնիայում գտնվելու վերջն էր։ Ջելալի պաշտոնանկությունից անմիջապես հետո տեղական իշխանությունները զեկուցում են Ներքին գործերի նախարարություն, որ երեք օրվա ընթացքում Կոնիայից բռնի տեղահանվել է 10 հազար հայ։

Հեռացնելուց հետո Ջելալին որեւէ նոր պաշտոնի չեն նշանակում։ Նրա ընտանիքը մի քանի տարի տնտեսական լուրջ դժվարություններ է կրում։ Սակայն պատերազմի ավարտը Ջելալի համար նոր շրջանի սկիզբ է դառնում. մեծապես պահանջված էին «անմեղ» պաշտոնյաները, որոնք ներգրավված չէին եղել մարդկության դեմ կատարված հանցագործություններում։ 1919 թ. նոյեմբերին Ջելալը նահանգապետ է նշանակվում Ադանայում, որն այդ ժամանակ ֆրանսիական զորքերի վերահսկողության տակ էր։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ քաղաքի հայ եւ թուրք բնակչությունն ուրախությամբ է ընդունում այս նշանակումը։

Դեմ լինելով օսմանյան տարածքների գրավմանը եւ դրանով հավաստելով իր հավատարմությունը Մուստաֆա Քեմալի գլխավորած «Ներկայացուցիչների խորհրդին»՝ Ջելալը միաժամանակ վախենում էր, որ Դաշնակիցների դեմ մարտերում հայերին թիրախ կդարձնեն։ Մուստաֆա Քեմալին ուղղված գաղտնի նամակում նա մտահոգություն է հայտնում այս առթիվ՝ խնդրելով «Կիլիկիայի հայությանը զերծ պահել հարձակումներից»։

Ադանայի նահանգապետ լինելուց հետո Ջելալը նշանակվում է Ստամբուլի քաղաքապետ՝ այդ պաշտոնում ծառայելով 1921 թ. հուլիսից մինչեւ 1922 թ. մարտը։ Մահանում է 1926 թ. փետրվարին։ Նրան հիշում են իբրեւ պաշտոնյայի, որը երկրի համար մղձավանջային շրջանում հավատարիմ մնաց իր խղճին ու պատվին։ Հարյուր տարի առաջ ասված նրա խոսքերը հնչում են նաեւ այսօրվա ժխտողների համար. «Հնարավոր չէ ժխտել կամ աղավաղել հարցը։ Նպատակը բնաջնջումն էր, եւ նրանք բնաջնջվեցին»։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից

https://100lives.com/hy/stories/detail/regular/8082/-

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2015/05/25/celal-bay-halep-konya-save-armenians-1915/

https://www.aniarc.am/2015/08/05/celal-bey-100-lives-the-turkish-official-who-saved-thousands-of-armenian-lives/