Նարինջ ուտող սփյուռքահայը

3739

«Նարինջ ուտող սփյուռքահայ» ձևակերպումը առաջին անգամ օգտագործել է Լևոն Տեր-Պետրոյանը 1990-ականների սկզբին՝ ալեկոծելով սփյուռքահայ և հայաստանյան շրջանակներ:

Ժամանակին ես էլ եմ քննադատել Տեր-Պետրոսյանին` գրելով, որ չի կարելի նման բնորոշում տալ, անգամ եթե այն վերաբերում է մեր բարեկամ, մեր եղբայր, մեզ ու Հայաստանին և Արցախին օգնող, մեր կողքին կանգնած Սփյուռքի նեղ շրջանակի:

Այսօր ես ինքս եմ գրում, որ, այո՛, կա նարինջ ուտող սփյուռքահայ:

Դա վիրավորական չէ: Դա մեղադրանք չէ: Դրանք կոնկրետ մարդիկ են, ովքեր հայերասիրությունը դարձրել են դրոշակ: Սրանք այն մարդիկ են, սրանք այն նարինջ ուտողներն են, ովքեր նեղ պահին հայրենիքին չեն օգնում:

Առաջին անգամ Համահայկական խաղերը Երևանից բացի անց են կացվում նաև Հայաստանի այլ քաղաքներում: Օգոստոսի 2-ից 7-ը Գյումրիում անց են կացվում ֆուտբոլի և ֆուտզալի մրցումներ: Մասնակից 9 թիմերից միայն երեքը՝ Թեհրանը, Մոսկվան և Կիևն են ցանկություն հայտնել այդ օրերին մնալ, գիշերել Գյումրիում:

Իսկ ահա Ավստրալիայի, Արգենտինայի, Թուրքիայի, Լիբանանի և Գերմանիայի քաղաքների հայկական թիմերը հրաժարվել են գիշերել Հայաստանի երկրորդ քաղաքում: Նրանք մասնակցելու են խաղին և անմիջապես վերադառնալու Երևան, հավանաբար՝ կենտրոն, հավանաբար՝ փոքր կենտրոն, հավանաբար՝ Հյուսիսային պողոտա:

Ահա սրանք են նարինջ ուտողները՝ անկախ կուսակցական, հարանվանական և միութենական պատկանելությունից:

Ի՞նչու չեք ուզում մնալ մեր չքանղ Գյումրիում, որտեղ պահպանվել է 19-րդ դարավերջի ճարտարապետությունը՝ կլասիցիզմի ոճը:

Ի՞նչու չեք ուզում տեղում իմանալ և զգալ այս քաղաքը, որը 1918-1921 թվականներին երկու անգամ գրավվել է թուրքերի կողմից:

Սա հայկական միակ քաղաքն է այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում, որ տեսել է թուրքական կոտորածներ:

Սա այն քաղաքն է, որտեղ գործել է Հայոց ցեղասպանության որբերի ամենամեծ որբանոցը:

Սա այն քաղաքն է, որ տվել է Մհեր Մկրտչյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Շիրազ ու բազմաթիվ նշանավոր անուններ:

Սա թանգարանների ու մշակույթի քաղաք է:

Ձեզ չի հետաքրքրո՞ւմ Հայաստանի երկրորդ քաղաքը, որ 100 տարի առաջ ուներ ավելի շատ բանկչություն, քան Երևանը: Ձեզ չի հետաքրքրո՞ւմ գյումրեցին:

Դուք ճիշտ նման եք այն նարինջ ուտող հայրենադարձ մյուս սփյուռքահային և հայաստանցի հային, որը բառերով ցավում է Հայկական բանակի համար, բայց իր որդուն չի ուղարկում բանակ:

Դուք ճիշտ նման եք այն հային, որը բառերով ցավում է Հայաստանի աղքատ քաղաքների և գյուղերի համար, սակայն հնարավորության դեպքում չի օգնում այդ քաղաքին ու գյուղին:

Գնայիք հինգ-վեց գիշեր Երևանի փոխարեն Գյումրիի հյուրանոցներում փող թողնեիք: Երևանի կենտրոնի, փոքր կենտրոնի, Հյուսիսային պողոտայի սրճարանների ու ճաշարանների փոխարեն օգտվեիք Գյումրիի սրճարաններից ու ռեստորաններից:

Ձեր գիշերելով, ձեր ուտելով` օգնեիք այս սիրուն քաղաքին:

Անշուշտ, Դուք իրավունք ունեք հրաժարվել գիշերելու Գյումրիում: Մենք էլ իրավունք ունենք Ձեզ կոչել նարինջ ուտող սփյուռքահայ:

Թաթուլ Հակոբյան

Այս հրապարակումը նախապես տեղադրվել է ՍԻՎԻԼՆԵԹ կայքում՝ http://civilnet.am/2015/08/04/tatul-hakobyan-voices-diaspora-armenians-orange/#.VcCdvPOqqko