«Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն». առաջին կոչը, 1890-ի գարուն

1882

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հիմնուեցաւ 1890ի ամառուան վերջերը: Անոր կազմութենէն քանի մը ամիս առաջ, 1890ի գարնան, լոյս տեսած է կոչ մը “Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն” ստորագրութեամբ:

Այս կոչէն ոչ մէկ օրինակ մնացած էր, երբ 1917 Փետրուարեան ռուս յեղափոխութենէն ետք, Ռոստոմ Ս. Փեթրսպուրկի ոստիկանական բաժանմունքին մէջ գտաւ օրինակ մը այդ կոչէն որ ի պահ կը մնայ Հ. Յ. Դ. թանգարանը: Ռոստոմ իր ձեռագրով հետեւեալ ծանօթութիւնը ձգած է կոչին տակ. “Դաշնակցութեան առաջին մանիֆեստն է, 1890 թ. գարնանը հրատարակուած: Ոչ մի տեղ չէր ճարւում. գտնուած է Պետրագրատ, գաղտնի բաժանմունքի թղթերի մէջ, ուրիշ կարեւոր հազուագիւտ տոկումնէնտների հետ: Որքան յիշում եմ այս կոչը խմբագրել է Քրիստափորը: Ռ.”:

Գաբրիէլ Լազեան, “Հայաստան եւ Հայ դատը հայևռուս յարաբերութիւններու լոյսին տակ”, էջ 65-67 

Հայեր,

Այսօր հայոց հարցը նոր շրջանի մէջ է մտնում: Դարերից ի վեր ստրուկ Թիւրքահայաստանը ազատութիւն է պահանջում:

Հայը, որ դեռ երէկ շլինքը ծռած Եւրոպայից օգնութիւն էր աղերսում, այսօր համոզուելով, որ օտարի վրայ դրած յոյսը ցնորք է, վճռել իր ձեռքով պաշտպանել իր իրաւունքը, իր կայքը, պատիւը, ընտանիքը…

Դարերով ճնշուել է հայ ժողովուրդը թիւրք բռնապետների լծի տակ: Դարերի ընթացքում ցանել է, բայց պտուղը երբեք չի վայելել. աւազակ տիրողը յափշտակել է:

Դարերի ընթացքում անարգել են նրա սրբութիւնները, բայց հայը կրել է այս բոլորը, կրել է համբերութեամբ, շարունակելով ողողել հայրենի հողը իր քրտինքով…Դարերի ընթացքում հայը կարծէք թէ կամեցաւ ապացուցանել մարդկութեան, թէ կարելի է ազատութիւն ձեռք բերել կուլտուրական ճանապարհով: Քաղաքակիրթ Եւրոպան խոստացաւ վերջ տալ թուրքերի բարբարոսութիւններին Հայասանում:

Սակայն, անցան տարիները տարիների յետեւից եւ հայերի դրութիւնը իրենց հայրենիքում ոչ թէ միայն չլաւացաւ, այլ աւելի ծանրացաւ եւ այժմ միանգամայն անտանելի, դժոխային է դարձել: Հայի պէս համբերող ազգն անգամ անկարող է շարունակել իր գոյութիւնը այդպիսի երկրում:

Բայց համբերութիւնն էլ ունի իր սահմանը: Գագաթնակէտին հասցրած հալածանքները վերջապէս սթափեցրին հային. այսօր նա վճռել է կամ մեռնել կամ ազատուել: Եւ ահա Էրզրումը եւ ապա Կ. Պոլիսը աներկիւղ բողոքում են անիրաւութիւնների դէմ. հայը այլեւս չէ խնդրում, այլ պահանջում է զէնքը ձեռքին:

Սուլթանը սարսափահար է. թուրք կառավարութիւնը գլուխը կորցրել է:

Այսօր Եւրոպան իր առաջ տեսնում է մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ ազգ, որ սկսել է պաշտպանել իր մարդկային իրաւունքները:

Այդ ժողովուրդը հասկացել է, որ իր ոյժը իր մէջ է. երէկուայ ստրուկ, համբերող հայաստանցին այսօր յեղափոխական է դարձել:

Հայոց հարցի յետաձգելը այլեւս անկարելի է: Այսպիսի մի պատմական ճգնաժամի միջոցին, առաջին հարցը, որ պէտք է զբաղեցնի ամեն մի լուրջ հայրենասէրի, այդ յեղափոխական ուժերի միութեան եւ դաշնակցութեան հարցն է:

Հայ յեղափոխական գաղափարի դրօշակիրն է “Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւնը”, որ սորանով դիմում է բոլոր հայերին եւ հրաւիրում է կանգնել մի դրօշակի տակ:

“Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւնը” թէեւ նոր է հանդէս գալիս իբրեւ կազմակերպութիւն, բայց նա վաղուց գործող խմբերի միութիւնն է. խմբերի, որոնք նոյն իսկ հայ ժողովրդի ձգտումների ծնունդն են: “Դաշնակցութիւնը” ձգտելու է միացնել բոլոր ուժերը, կապելով իր հետ բոլոր կենտրոնները: Նպատակ դնելով Թուրքաց-Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ազատութիւնը. “Դաշնակցութիւնը” մտել է այն կռուի մեջ, որ սկսել է ինքը ժողովուրդը տաճկաց կառավարութեան դէմ, ուխտելով մինչեւ արեան վերջին կաթիլը կռուել հայրենիքի ազատութեան համար:

Միանանք ամէնքս ժողովրդի հետ, որ բարձրացրել է ազատութեան դրօշակը. նա ով երես կը դարձնի ժողովրդից եւ չի հետեւիլ նրան, նա այդ ժողովրդի հակառակորդն է, նրա թշնամին է…

Ուրեմն, եղբայրներ, միանանք յանուն սուրբ գործի ընդհանուր թշնամու դէմ:

Եւ դուք, երիտասարդներ, միշտ և ամէն տեղ վսեմ գաղափարների պաշտպաններ, միացէք ժողովրդի հետ:

Եւ դուք, ալեզարդ ծերունիներ, ոգեւորեցէք ձեր որդոց եւ օգնեցէք նոցա ձեր բազմամեայ փորձառութեամբ:

Եւ դուք, հարուստներ, բաց արէք ձեր քսակները, զէնք հայթայթելու ժողովրդին, որ նա կարող լինի պաշտպանել իր կուրծքը, որ բաց է արել թշնամու դէմ:

Եւ դու, հայ կին, ոգի ներշնչիր գործի մէջ:

Եւ դու, հայ հոգեւորական, օրհնիր ազատութեան զինուորներին…

Սպասելու ժամանակ չէ…

Համախումբենք, հայեր, եւ քաջութեամբ առաջ տանենք հայրենիքի ազատութեան սուրբ գործը:

“ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ”