Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագրական սխալը

7119

1995-ի հուլիսի այս օրերին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ տվեց Հայաստանի հետագայի համար ճակատագրական սխալը:

Ազգային ժողովի առաջին գումարման ընտրություններից և Սահմանադրության հանրաքվեից հետո (ժողովրդի և Հայաստանի պատմության մեջ սրանք մնացել են «կեղծված առաջին ընտրություններ» պիտակով) օրինական ճանապարհով ընտրված առաջին և վերջին նախագահը վարչապետի պաշտոնում վերանշանակեց Հրանտ Բագրատյանին:

Բայց աղետալին սա չէր:

Երեք գործիչ, որոնք ասոցացվում էին կամ են կեղծված և կեղծվելիք ընտրությունների, բռնությունների ու «մեր դեմ խաղ չկա» ամենաթողության հետ, վերստացան նախարարական պորտֆելներ՝ մի քանի տարի անց վճռելով նաև Տեր-Պետրոսյանի ճակատագիրը՝ հրաժարականը:

Հայաստանի քաղաքական լեքսիկոնում սկսեց գործածվել “սուպերնախարար” բառը: Դա ոչ միայն բառ էր, այլ բռնության հոմանիշ:

Տեր-Պետրոսյանը ժողովրդավարության փոխարեն ընտրեց կառավարման “սուպերնախարարական” մոդելը՝ հենվելով իր իսկ կողմից ապագայում “հայտնի ուժեր” հորջորջված խմբավորումների վրա:

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը 1995-ի հուլիսի 27-ի համարում գրեց, որ «նախագահ Տեր-Պետրոսյանի հրամանագրով Սերժիկ Սարգսյանը նշանակվել է ազգային անվտանգության, Վանո Սիրադեղյանը՝ ներքին գործերի, Վազգեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարար»:

Ռոբերտ Քոչարյանի Հայաստան տեղափոխվելուց հետո հատկապես՝ Վանո Սիրադեղյանի գործոնը դարձավ երրորդական:

Հայաստանում հարց լուծողներ էին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, և մասամբ՝ Սերժ Սարգսյանը:

1999-ի հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանը 7 այլ պաշտոնյաների հետ, որոնց թվում՝ Կարեն Դեմիրճյանը, սպանվեց Ազգային ժողովի դահլիճում:

2000-ից Հայաստանում հարց լուծողը Ռոբերտ Քոչարյանն էր:

2008-ից ի վեր հարց լուծողը Սերժ Սարգսյանն է:

Այսպես կարող է շարունակվել տասնամյակներ:

Թաթուլ Հակոբյան