Յիշել, Յիշեցնել, Պահանջել, Բայց Նաեւ` Յաղթահարել 1915-ը

1094

 

19622764919_31ff64dbd8_o

19639718239_9043ef41d8_o

 

 

 

 

 

 

 

Արամ Ա. «Ո՜վ Աստուած, այս միւռոնով բժշկի  անմիւռոն մնացած եւ մեր կեանքից հեռացած մեր հազարաւոր մանուկները»

Բազմութեան մէջ լսուեցին հառաչանքի եւ լացի ձայներ, երբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն` շրջապատուած Մայր Աթոռի, Անթիլիասի կաթողիկոսութիւնների ու Պոլսոյ հայոց պատրիարքութեան եպիսկոպոսներով, հայեացքն ուղղելով դէպի Պիքֆայայի Սուրբ Աստուածածին վանքի Նահատակների յուշարձանը եւ առաջն ունենալով օրհնուած սուրբ միւռոնը, աղօթք յղեց առ Աստուած` ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան մանուկների, ովքեր ընկան 1915-ի մահուան ճանապարհին:

«Ո՜վ Աստուած, քո ներկայութեամբ օրհնիր այս միւռոնը, որպէսզի այս միւռոնը մեր ժողովրդի համար դառնայ բալասան վէրքերի, առողջութիւն շնորհիր հիւանդներին, լուսաւորի ճամբաները մեր խաւար կեանքի, յաջողութիւն պարգեւի մեր բարի գործերին: «Ո՜վ Աստուած, այնպէս արա, որ մեր զաւակները, մեր մանուկները, որոնք 1915-ին առանց միւռոն տեսնելու խեղդամահ եղան Եփրատի ջրերի մէջ, մահացան Տէր Զօրի աւազների վրայ, ո՜վ  Աստուած, այս միւռոնով բժշկի  անմիւռոն մնացած եւ մեր կեանքից հեռացած մեր հազարաւոր մանուկները»,- Պիքֆայայի վերանորոգուած Նահատակների հրապարակում հաւաքուած բազմութեանը դիմեց Արամ Ա.-ն:

Նոյն օրը` յուլիսի 18-ի առաւօտեան, Միջերկրականին նայող «Թռչնոց բոյն» անունը կրող նախկին որբանոցի տարածքում Արամ Ա.-ն բացումն էր կատարել Հայոց ցեղասպանութեան որբերի թանգարանի: Դա այն շէնքերից մէկն էր, որտեղ ապաստան էին գտել հայ որբերը:

Տառապանքի, Բայց Նաեւ Վերապրումի Պատմութիւնը`
Հայոց Ցեղասպանութեան Որբերի Թանգարանում

«Այս թանգարանը մի ողջ ժողովրդի սպանութեան մասին յիշեցում է, բայց նաեւ հայ ժողովրդի վերապրումի ու վերածնունդի յիշեցում է», դիմելով ներկաներին, որոնց թւում` Արեւելեան ուղղափառ  եւ Կաթոլիկ եկեղեցիների պատրիարքներ, Յոյն եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Լիբանանի եւ Հայաստանի նախարարներ ու պատգամաւորներ, աշխարհի բազմաթիւ երկրներից ժամանած հարիւրաւոր հայեր ու լիբանանահայեր, ասաց Արամ Ա. վեհափառը:

19772445416_8d9ea4b221_o

Աւելի քան տասը տարի առաջ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի մօտ միտք յղացաւ Լիբանանի ծովեզերեայ Ժիպէյլ քաղաքի «Թռչնոց բոյն» որբանոցի շէնքերից մէկը` ամենահինը, վերածել Հայոց ցեղասպանութեան որբերի թանգարանի: Այսօր` 2015-ի յուլիսի 18-ին, կատարուեց թանգարանի բացումը: Այդ միջոցառումը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի բազմաթիւ ձեռնարկների շարքում կ՛ունենայ իւրայատուկ իմաստ ու նշանակութիւն եւ իւրայատուկ ուղերձ կը լինի համաշխարհային հանրութեանը:

«Սա սովորական թանգարան չէ այդ բառի ընդունուած իմաստով: Այս թանգարանը յիշեցում է, որ սպաննուել են մէկուկէս միլիոն հայեր: Այս թանգարանը կենդանի յիշեցում է, որ Հայոց ցեղասպանութեան հազարաւոր որբեր հասել են այս հողը, այստեղ գուրգուրուել, կերակրուել ու կրթութիւն ստացել օտար` դանիացի, ամերիկացի, զուիցերիացի միսիոնարների կողմից», ասաց Արամ Ա.-ն:

«Թռչնոց բոյն»-ը սպաննուեց Արեւմտեան Հայաստանում, հայերը «Թռչնոց բոյն» կառուցեցին Լիբանանի հողում», շարունակեց վեհափառը, ապա հայեացքն ուղղելով բազմութեան առաջին շարքերին` կրօնական ու աշխարհիկ առաջնորդների, շեշտեց. «Ձեր նահատակները մեր նահատակներն են, իսկ մեր նահատակները` ձեր նահատակները»:

Իր հակիրճ, ազդու, բայց սուր ու համոզիչ ոճով Արամ Ա. կաթողիկոսը երեք բառով բնորոշեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցն ու համայն հայութեան հետագայ քայլերը` յիշել, յիշեցնել եւ արդարութիւն պահանջել:

«Թռչնոց բոյն»-ի տարածքում գտնուող որբանոցի շէնքերից ամենահինը վերածուեց Հայոց ցեղասպանութեան որբերի թանգարանի: Այս աշխատանքի ֆինանսական մասը ստանձնել են Ալեքքօ եւ Անի Պեզիկեան ամուսինները: Ալեքքոյի հայրը` Արամը, Հայոց ցեղասպանութեան հազարաւոր այլ որբերի պէս, տարիներ է անց կացրել «Թռչնոց բոյն»-ում: Թանգարանը կրում է հէնց նրա անունը:

Բարերար Ալեքքօ Պեզիքեանը յիշեցրեց ներկաներին, որ իր հայրը 1915-ի արհաւիրքից ճողոպրած հայ որբ էր, ով իր տունը գտաւ «Թռչնոց բոյն»-ում, հետեւաբար իր համար բարոյական պարտաւորութիւն էր այս թանգարանի կերտումը:

Վերապրումի Սիմֆոնիա. «Հրաժեշտ Մարիային»

Այս որբանոցը տուել է համաշխարհային նշանակութեան հայի` Լոնտոնում բնակուող յօրինող Վարդան Մելքոնեանին: 2014-ին նա Թագաւորական ֆիլհարմոնիկ նուագախմբի կատարմամբ ձայնագրեց «Հրաժեշտ Մարիային» սիմֆոնիք ստեղծագործութիւնը, որի վրայ յօրինողը աշխատել էր երկար տարիներ:  Իր կեանքի առաջին քառորդ դարը մանկատներում ու Պէյրութի փողոցներում անցկացրած յօրինողի սիմֆոնիան նուիրուել էր հազարաւոր հայ որբերի մօրը` դանիացի միսիոնարուհի Մարիա Ճէյքըպսընին, սակայն իրականութեան մէջ դա իր եւ «Թռչնոց բոյն»-ում վերապրած բազմաթիւ հայերի հաւաքական կեանքի պատմութիւնն է:

Հայոց ցեղասպանութիւնից յետոյ այսօրուայ Լիբանանը դարձաւ փրկութեան ափ հազարաւոր հայ որբերի համար: Դանիական, զուիցերիական, ամերիկեան եւ շուէտական մարդասիրական կազմակերպութիւնները  հիմնեցին որբանոցներ ու օգնութեան կենտրոններ:

«Թռչնոց բոյն»-ը ամենամեծ որբանոցներից էր, որը հիմնադրել էին դանիացի միսիոնարները: Այնտեղ է հազարաւոր հայ որբերի կերակրել, գուրգուրել ու մեծացրել «Մամա»-ն` դանիուհի Մարիա Ճէյքըպսընը, որի շիրիմը նաեւ ուխտավայր է Ժիպէյլում եւ Հայոց ցեղասպանութիւնը խորհրդանշող վկայութիւններից մէկը:

Հայոց ցեղասպանութեան որբերի թանգարանի մուտքին Մարիա Ճէյքըպսընի դամբարանն է: Դու կարող ես կանգնել դանիացի այս կնոջ գերեզմանի դիմաց, անդադար նայել նրա նկարին, բայց վերջիվերջոյ չհասկանալ ու չըմբռնել, թէ ի՛նչն է ստիպել այդ մարդուն թողնել իր երկիրը, տունը, ծնողներին ու օգնութեան շտապել հայ որբերին:

19772309906_624cfc033c_o

Թանգարանը ունի երեք բաժին` նուիրուած Հայոց ցեղասպանութեանը, որբերի կեանքին եւ հայ ժողովրդի վերածննդին:

Թանգարանում զետեղուել են նկարներ, տեղեկութիւններ եւ իրեր:

Սա աշխարհի այն թանգարաններից է, որի ներսը` պատերը, բառերով դժուար է նկարագրել:

Սա աննկարագրելի թանգարան է, ուրեմն` զգալու եւ 1915-ն ու հետագայ տարիները մտովի անցնելու համար պէտք է այցելել:

Սա այն թանգարանն է, որտեղից մարդ հեռանում է տարօրինակ զգացումով:

Սա Հայոց ցեղասպանութեան որբերի թանգարանն է:

Բացման ելոյթում «Թռչնոց բոյն»-ի խնամակալութեան ատենապետ Սեդա Խտըշեանը ասաց, որ այս թանգարանում ամփոփուած է տառապանքի, բայց նաեւ վերապրումի ու վերածնունդի պատմութիւնը:

«Այս թանգարանը նաեւ հարցադրում է աշխարհին առ այն, որ Թուրքիան շարունակում է անպատիժ մնալ: Այս թանգարանը նաեւ պատասխանելու է հարցին, թէ ինչպէս հայերը վերապրեցին»,- ասաց Խտըշեանը:

Ելոյթներ ունեցան նաեւ թանգարանի աշխատանքների ֆինանսաւորումը ստանձնած Ալեքքօ Պեզիքեանը, Հայաստանի Սփիւռքի նախարարը, Ժիպէյլի քաղաքապետը, Լիբանանի մշակոյթի նախարարն ու մարոնի Պշարա Ռայի պատրիարք:

«Նման թանգարանի կառուցումը ապացոյցն է հայութեան զարթօնքին եւ ցեղասպանութիւնից աւելի հզօր լինելուն: Աշխարհի համար փաստ է, որ հայ ժողովուրդը ցեղասպանութիւնից ուժեղ է, քանի որ Հայոց ցեղասպանութիւնից ճողոպրածներով հայ ազգը կարողացաւ կերտել եկեղեցի ու պետութիւն», ասաց Ռայի պատրիարքը:

Արամ Ա. «Այս Յուշարձանը Մեզ Համար
Անլռելի Զանգակատուն Է»

Հայոց ցեղասպանութեան որբերի թանգարանի բացումից յետոյ, երեկոյեան, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին վանքի շրջափակից ներս, նորոգուած եւ ընդարձակուած Նահատակների հրապարակում հայ հոգեւորականները Արամ Ա. վեհափառի նախագահութեամբ կատարեցին սրբալոյս միւռոնի օրհնութեան արարողութիւն` նուիրուած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին, նրանց շարքում այն մանուկների, ովքեր ընկան մահուան ճանապարհին:

«Սովորական պահ չէ այս պահը,- դիմելով բազմութեանը ասաց Արամ Ա.-ն.- այս յուշարձանը մեզ համար անլռելի զանգակատուն է: Մեր ժողովրդի զաւակները ուր որ էլ գտնուեն, միշտ պէտք է պահանջեն մեր ազգային իրաւունքները»:

19621308410_3a81c02dd2_o

Արարողութիւնը ընթացաւ Արամ Ա.-ի ու մասնակից եպիսկոպոսների` Ատուածաշնչի ու աղօթքների ընթերցումներով, որով հայ հոգեւորականները աղերսում էին աստուածային օրհնութիւնն ու Սուրբ Հոգու ներգործութիւնը: Բացուեց  սրբալոյս միւռոնի կաթսայի կափարիչը եւ արարողապետ Թորգոմ վրդ. Տօնոյեանի հրաւէրով եպիսկոպոսները վեհափառ հայրապետին մատուցեցին անուշաբոյր վարդի իւղն ու բալասանը, որ յատուկ աղօթքների  ընթերցումով նորին սրբութիւնը խառնեց նոր միւռոնին: Ապա Արամ Ա.-ն միւռոնին խառնեց Սուրբ Էջմիածնի մէջ օրհնուած միւռոնը` ի նշան հայ եկեղեցու անքակտելի միութեան: Եւ վերջապէս, միւռոնաթափ աղաւնուց վեհափառը հեղեց հին միւռոնը` ապահովելով Թադէոս առաքեալի` Հայաստան բերած բժշկարար իւղի եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի կողմից օրհնուած միւռոնի  շարունակականութիւնը:

Արամ Ա.-ն միւռոնն օրհնեց Սուրբ Լուսաւորչի աջով` իր շուրջն ունենալով 12 եպիսկոպոսների: Մայր Աթոռի միաբաններից Վարդան եպս. Նաւասարդեանը կարդաց Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի գիրը` եղբայրական սէրը առ Արամ Ա:

Աղօթք Ու Երգ 1915-ի Զոհերի Յիշատակին

Միւռոնօրհնէքի յաջորդ օրը` յուլիսի 19-ի առաւօտեան, Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարում, նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետի, մատուցուեց սուրբ եւ անմահ պատարագ, որի աւարտին նոր օրհնուած սրբալոյս միւռոնով կատարուեց ջրօրհնէքի արարողութիւն: Ապա աշխարհի տարբեր անկիւններից Անթիլիաս ժամանած եկեղեցիների հոգեւոր պետերի ու եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ միջ-եկեղեցական աղօթք` ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան զոհերի:

Նոյն օրը երեկոյեան հոգեւոր պետերը, պաշտօնեաներ ու բազմաթիւ լիբանանահայեր կրկին բարձրացան Պիքֆայա, բաց երկնքի տակ լսելու հայ ժողովրդի ձայնը:

19842154032_444122656c_o

Սոփրանօ Յասմիկ Պապեանի եւ պաս Բարսեղ Թումանեանի հոգեթով ձայնը լիբանանահայ երաժշտասէր հասարակութեանը ստիպեց երկարատեւ ծափահարութիւններ ու «պրաւօ»-ներ: Յաճախ չէ լիբանանահայ համայնքը հնարաւորութիւն ունենում կենդանի ունկնդրել համաշխարհային բեմեր նուաճած նման բարձրակարգ երգիչների կատարումներ:

Երաժշտական երեկոն` նուիրուած Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին, ներառել էր ամենատարբեր կատարումներ` Կոմիտասից, Սայաթ Նովայից, Էդգար Յովհաննիսեանից, Առնօ Բաբաջանեանից, Տիգրան Չուխաջեանից եւ Արամ Խաչատրեանից:

Երգացանկում ներառուել էին «Հայրենիքիս հետ», «Երեւան-էրեբունի» (զուգերգ), ինչպէս նաեւ մեներգներ` «Իմ չքնաղ հայրենիք», «Ես կը ցանկամ», «Իմ հայրենիք», «Սարդարապատ» (Բարսեղ Թումանեան), «Քելէ քելէ, հոյ նազան», «Ես քո ղիմեթն», «Հայաստան», «Կիլիկիա» (Յասմիկ Պապեան):

Վերջին երգը Պապեանը կատարեց երեկոյին ներկայ հանդիսատեսների մի մասի ընկերակցութեամբ, որոնց թւում` Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.-ն:

Համերգը կայացաւ Պիքֆայայի Սուրբ Աստուածածին վանքի պատերից ներս` բաց երկնքի տակ, մասնակցութեամբ Պէյրութի սիմֆոնիկ նուագախմբի եւ գեղարուեստական ղեկավար, խմբավար Յարութ Ֆազլեանի:

Երաժշտական երեկոյի աւարտին Արամ Ա.-ն գնահատանքի խօսքեր ուղղեց համաշխարհային մակարդակի երգիչներ Յասմիկ Պապեանին ու Բարսեղ Թումանեանին, նոր բեմեր նուաճող Յարութ Ֆազլեանին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երկարատեւ տարիների բարերարներ Պէզիկեան ընտանիքի անդամներին, Հայոց ցեղասպանութեան Նահատակի հրապարակի եւ «Թռչնոց բոյն»-ի Հայոց ցեղասպանութեան որբերի թանգարանի ճարտարապետներին:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի տարելիցին Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցան յիշատակի բազմաթիւ ձեռնարկներ ու արարողութիւններ: Շատ բան կարող է եւ չյիշուել:

Ժիպէյլի Հայոց ցեղասպանութեան որբերի թանգարանը լինելու է հայ ժողովրդի տառապանքի ու վերապրումի տունը, հետեւաբար այն յաւերժ է:

Հարիւրամեակի միւռոնօրհնութիւնն ու միջեկեղեցական աղօթքը մնալու է մեր եկեղեցու եւ պատմութեան մէջ` հաւատացեալ հայ ժողովրդի յիշողութեան մէջ:

Մենք յիշելու ենք նաեւ Յասմիկ Պապեանի ու Բարսեղ Թումանեանի ձայնը: Դա հայ ժողովրդի` սրտի խորքից ժայթքող ձայնն է:

Յիշելու ենք այն մարդկանց, ովքեր առատաձեռն բարեգործութեամբ կանգնած են Հայ եկեղեցու եւ նրա ձեռնարկների կողքին:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 23 Յուլիս, 2015թ.

http://www.aztagdaily.com/archives/250520